Ազգային կինոկենտրոնի կիսատ մնացած ծրագրերն ու ֆինանսական պահանջները. ինչ է անելու Մակունցը

Մայիսի 8-ին մեկնարկող Կաննի փառատոնին Հայաստանի մասնակցության մասին ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը տեղեկացել էր միայն ապրիլի կեսերին: Վերջինս հայտարարել էր, որ ամենեւին տեղյակ չի եղել, որ մշակույթի նախարարությունը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Կանն, այն էլ՝ մեծ թվով: Կաննի փառատոնին մեր պատվիրակության մասնակցության եւ մշակույթի նոր նախարարի հետ կինոկենտրոնի հետագա ծրագրերի շուրջ զրուցել ենք Շուշանիկ Միրզախանյանի հետ:

- Տիկին Միրզախանյան, հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Կաննի փառատոնի վերաբերյալ մշակույթի նախարարության կողմից տրված փաստաթղթում հանդիպում էր նախանշված եղել, բայց հստակեցված չէր, թե ինչ հանդիպում է եւ ինչ ժամանակացույցով: Մեր պատվիրակության հետ որեւէ հանդիպում տեղի ունեցե՞լ էր:

- Պատկերն այսպիսին է եղել. նախ ասեմ, որ Կաննի կինոշուկա մեկնելու համար պարտադիր է ունենալ հստակ բովանդակային ծրագիր եւ նախապատրաստական աշխատանքների հստակ ժամանակացույց։ Կաննի կինոշուկան պահանջում է առաջին հերթին նախնական պայմանավորվածություններ կինոյով զբաղվող ընկերությունների եւ մասնագիտական կառույցների հետ, հակառակ պարագայում այնտեղ գտնվելը զուր գործ է։ Միանգամից ասեմ, որ մեր պարագայում բացակայում էր գործնական հանդիպումների եւ պայմանավորվածությունների ժամանակացույցը, իսկ առանց դրա Կաննի կինոշուկա մեկնելը դառնում էր անիմաստ եւ չհիմնավորված, ասենք ինչպես մշակութային տուրիզմ։ Եվ հենց այս պատճառով էլ, ես մերժել եմ Արսեն Բաղդասարյանի ներկայացրած փաթեթը։

Ըստ փաթեթի, Կանն պետք է մեկնեին 9 հոգի, որոնց բոլորի ծախսերը միասին վերցրած հատում էր 16 մլն դրամի։ Ես չէի կարող թույլ տալ, որ կինոշուկա մեկնելու անբովանդակ ծրագրի համար փոշիացվեին պետական առանց այն էլ սուղ միջոցները։ Ավելին, ասեմ նաեւ, որ ՀՀ մշակույթի նախարարությունում կազմակերպված մրցույթի (Կաննի կինոշուկայում ներկայացվելիք կինոնախագծերի) մասին ես, որպես Ազգային կինոկենտրոնի տնօրեն, տեղեկացել եմ նախարարության ֆեյսբուքյան էջից։ Կարծում եմ, սա որեւէ դիտավորություն չէր ենթադրում, պարզապես իրենք ի սկզբանե գիտեին իմ դիրքորոշումը, որ ես չեմ խրախուսում մրցույթի անցկացման իրենց տարբերակը, թերեւս, այդ կերպ էին որոշել աշխատել։

- Քանի՞ հոգի էին ի վերջո մեկնել:

- Այսպես․ 2018 թ․ մայիսի 8-17-ը Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության 07․04․ 2018 թ․ հրամանով հայտարարվել էր կինոնախագծերի մրցույթ, ստեղծվել մասնագիտական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին Արսեն Բաղդասարյանը (նախագահ), Գուժ Թադեւոսյանը, Կարեն Ղազարյանը, Արմեն Գրիգորյանը, Հայկ Սահակյանցը եւ Իննա Սահակյանը։ Արդյունքում,  ներկայացված 6 կինոնախագծից ժյուրիի որոշմամբ հաղթող էին ճանաչվել Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկի», Ելենա Արշակյանի «Հարճը» եւ Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները» նախագծերը։  Եվ ելնելով այս իրավիճակից, ես որոշում կայացրեցի եւ մշակույթի նախարարությանն առաջարկեցի, որ կինոշուկա մեկնեն մրցույթում հաղթած երեք կինոնախագծերի պրոդյուսերները՝ համաձայն նախարարության կողմից մրցույթի հաստատված կարգի՝ ապահովելով նրանց կինոշուկայի հավատարմագրերով, ավիատոմսերով եւ ուղեւորափոխադրումներով (ծախսը կրճատվեց մի քանի անգամ՝ կազմելով 2 միլիոն 800 հազար դրամ)։ Ասեմ, որ եւ՛ մեկնելուց առաջ, եւ՛ վերադարձից հետո ես հանդիպել եմ նրանց։ Մեկնած պրոդյուսերները արդեն ներկայացրել են իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունը, ըստ որոնց ունեցել են արդյունավետ պայմանավորվածություններ եւ գործնական առաջարկներ՝ իրենց նախագծերի համար։

- Տիկին Միրզախանյան, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ բազմաթիվ նոր ծրագրեր ու անելիքներ ունեիք, հիմա ի՞նչ է լինելու, նոր նախարարի հետ հասցրե՞լ եք քննարկել, թե դեռ ոչ:

- Այո, տարեսկզբին հայկական կինոյի համար պետական նշանակության երկու կարեւորագույն ծրագրեր եմ ներկայացրել պարոն Ամիրյանին, որոնցից մեկը՝ «Հայ կինոյի դասականները» վերաբերում է մեր կինոժառանգության «Ոսկե ֆոնդի» վերականգնմանը, թվայնացմանն ու տարածմանը, իսկ մյուսը՝ EURASIADOC վավերագրական ֆիլմերի նախագծերի զարգացման կրթական ծրագիրն է։ Սակայն դրանք կիսատ մնացին՝ երկրում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի հետեւանքով։ Բայց, արդեն հանդիպել եմ նոր նախարար Լիլիթ Մանկունցին, ներկայացրել եմ այդ երկու ծրագրերի կարեւորությունը հայկական կինոյի զարգացման համատեքստում։ Ավաղ, քննարկումների արդյունքում որոշվեց, որ այս պահին EURASIADOC ծրագրի հետ համագործակցությունը դադարեցվում է, ոչ նախարարության մեղքով, այլ իրավիճակի հետեւանքով․Հայաստանը այս կառույցի հետ համագործակցում է դեռեւս 2011 թվականից եւ անվճար։

Ցավոք, 2018 թվականի սկզբին EURASIADOC ծրագրի պատասխանատուները հայտնել էին, որ այս տարվանից Հայաստանը եւս պետք է ֆինանսական ներդրում ունենա՝  անդամավճարի տեսքով (3000 եվրո)։ Եվ քանի որ մեզանում հաջորդ տարվա ծրագրերի ֆինանսավորման նախահաշիվները նախապես են ներկայացվում կառավարություն, իսկ մենք անդամավճարի մասին իմացել ենք ընդամենը 2018 թվականի սկզբին, նախարարությունը այս պահին ստիպված դադարեցրեց համագործակցությունը (գոնե մինչեւ ֆինանսական նոր հնարավորություններ գտնելը)։ Ծրագրի շնորհիվ 29 հայ ռեժիսորներ ստացել են նախագծերի զարգացման աջակցություն։ Նրանցից 22-ը մասնակցել են համատեղ արտադրության գործնական հանդիպումներին եւ աշխատանքներին։ Վերջին 6 տարիների ընթացում կազմակերպվել են 6 սեմինար եւ 6 համատեղ արտադրության աշխատանքային հանդիպումներ։ Ռեժիսոր Արթուր Սուքիասյանի «Մեր Ատլանտիդան» ֆիլմը նկարվել է հենց այս ծրագրով։

Այն գրանցել է հաջողություններ, մրցանակներ բերվել տարբեր միջազգային փառատոններից։ Ռեժիսոր Գոհար Սարգսյանի «Վրեժի դաջվածքներ» նախագիծը ավարտման փուլում է, իսկ 2 նախագիծ՝ «Ականազերծողները» (հեղինակ-ռեժիսոր Սիլվա Խնկանոսյան) եւ «Կանանց գյուղը» (հեղինակ-ռեժիսոր Թամարա Ստեփանյան) ֆինանսավորում են ստացել ֆրանսիական CNC-ից եւ ունեն վաճառքի պայմանագիր ARTE TV հեռուստաընկերության հետ։ Մնացած 7 նախագծերը գտնվում են տարբեր արտադրական փուլերում: Հուսանք, որ մեր նախարարությունը առաջիկայում կգտնի ծրագիրը շարունակելու ելքերը։ Ինչ վերաբերում է «Հայ կինոյի դասականները» ծրագրին, որով նախատեսվում է հայկական կինոֆոնդի վերականգնումն ու տարածումը, ապա նոր նախարարը տվել է իր համաձայնությունը։ Այն արդեն ընթացքի մեջ է։ Ավելին, այս հարցով օրերս Երեւան ժամանած անգլիացի պրոդյուսեր Դանիել Բըրդը եւս հանդիպեց նախարար Լիլիթ Մակունցի հետ։ Այս պահին պետք է պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ֆիլմի ժապավենը Վարշավա տանելու համար։

Եթե ամեն ինչ հաջող ընթանա, արդեն սեպտեմբերին կունենանք վերականգնված ու թվայնացված Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10 րոպեանոց կարճամետրաժը։ 2006 թվականին ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է «Հայֆիլմի» իրավահաջորդը, իրականացնում է կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականությունը, շարունակում է հայկական կինոյի ավանդույթները, պահպանում, տարածում եւ զարգացնում է հայկական կինոարվեստը Հայաստանում եւ արտերկրում։ Այս խնդրով արդեն գրություն ենք ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, հայկական ֆիլմերի գույքային իրավունքները Հայաստանի ազգային կինոկենտրոնին հանձնելու մասին, ինչը մեծապես կօգնի ծրագրի իրականացմանը։

- Անավարտ ֆիլմերին, որոնց պետք է գումար տրամադրվեր, տրամադրվելո՞ւ է, թե՞ ոչ:

- Անավարտ ֆիլմերի ճակատագիրը քննարկվել էր դեռեւս 2017 թվականին հրավիրված Գեղարվեստական խորհրդի նիստում։ Քննարկումներից հետո կազմված փորձագիտական եզրակացության հիման վրա որոշվեց վերաֆինանսավորել երկու անավարտ ֆիլմեր՝ Արամ Շահբազյանի «Չնչիկը» եւ Միքայել Դովլաթյանի «Սողանքը»։ Նախատեսված էր 2018 թվականին վերաֆինանսավորել երկու ֆիլմերը։ Այդ աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են։ Ինչ վերաբերում է Հովհաննես Գալստյանի «Մետամորֆոզները» ֆիլմին (նույն ֆիլմի այլ անվանումները՝ «Լուսավոր շրջան», «Գաբրիել եւ Մարի», «Սրբագրողը», «Թողություն»), ապա այն 2010 թվականից ստացել է սցենարի զարգացման գումար, իսկ արդեն 2011 թվականին մտել արտադրություն։ Սակայն ամբողջական ֆիլմի փոխարեն գեղխորհրդին էր ներկայացվել ընդամենը 9 րոպե տեւողությամբ նկարահանված հում նյութ, այն դեպքում, երբ դրա համար ստացել էր 93 միլիոն պետական աջակցություն։

Այս ֆիլմի հետ կապված ես բավական ժամանակ է՝ ինչ աշխատում եմ «Պարալլելզ ֆիլմզի» ղեկավարի հետ։ Նրանից պահանջել եմ ֆիլմին վերաբերվող նյութեր, նամակներ, ֆինանսական ու բովանդակային փաստաթղթեր՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ 2010 թվականից 3 տարի շարունակ ֆինանսավորված ֆիլմը մինչեւ օրս անավարտ է։ Այս ընթացքում հավաքել եմ մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնք էլ կներկայացնեմ առաջիկայում հրավիրվելիք Գեղարվեստական խորհրդի քննարկմանը։

- Իսկ բացի դրանցից, ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

- Ընդհանրապես, կարելի է նշել, որ այս տարին առատ էր կինոմշակութային միջոցառումներով ու ծրագրերով, որոնցից հատկապես ուզում եմ հիշատակել Եվրիմաժի 150-րդ նիստը, որն այս անգամ անցկացվեց Երեւանում։ Ըստ իս, այն շատ կարեւոր էր, առաջին հերթին ճանաչողական առումով, քանի որ 65-հոգանոց անդամ երկրների ներկայացուցիչներից շատերը չէին ճանաչում մեր երկիրը։ Սա լավ առիթ էր, որ Հայաստանի մասին խոսվեր ու տիրաժավորվեր՝ օտարների կողմից։ Հուսանք, որ առաջիկայում կունենանք նոր հաջողություններ։ Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին, երբ աշխատանքային այցով Ֆրանսիայում էի, CNC-ից առաջարկ ստացա, որ իրենց երկու աշխատակիցները՝ միջազգային ճանաչում ունեցող կինոոլորտի հայտնի փորձագետներ գան Հայաստան եւ տեղում մեր մասնագետների հետ մշակեն Կինոյի մասին օրենքի նախագիծը։ Այս առաջարկի մասին ասել եմ դեռ այն ժամանակվա նախարարին, սակայն այդպես էլ ընթացք չտրվեց այդ ծրագրին։ Այժմ արդեն այս մասին խոսել եւ քննարկել ենք մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցի հետ։

Ծրագիրը շահեկան է Հայաստանի համար՝ օրենքի նախագծի վրա կաշխատեն միջազգային ճանաչում ունեցող օրենսգիրներ, եւ լավ է նաեւ, որ հայկական կողմը ֆինանսական պարտավորվածություններ չի ունենալու այս գործում։ Դեռ անցյալ տարվանից աշխատում ենք նաեւ ֆրանսիական CNC-ի հետ համատեղ արտադրության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, որը հրաշալի հնարավորություն կդառնա մեր երկրի կինոարտադրության զարգացման համար։ Այս պահին աշխատանքները շարունակվում են, եւ եթե ամեն ինչ հարթ գնա, գուցե աշնանը Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում այդ պայմանագիրն էլ ստորագրվի։ Այս պահին իրականացնում ենք մի շարք ծրագրեր, այդ թվում՝  Հայ կինոյի 95-ամյակին նվիրված բացօթյա կինոցուցադրումները մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում։ Շարունակվում են մանկական ֆիլմերի եւ մուլտերի բարեգործական ցուցադրումները։ Իսկ ամենակարեւորն ու առաջնայինը այսօր հայկական ֆիլմերի վերականգնման, պահպանման ու տարածման ծրագիրն է։

Տպել
5078 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին