Су-30СМ-ների հրամայականը. պատերազմող Հայաստանը գործում է առանց կործանիչ ավիացիայի

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությունը վերջին շաբաթներին լուրջ փորձության է ենթարկվում: Ադրբեջանը տեւական փնտրտուքից հետո կարծես գտել է Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգերին ռազմա-քարոզչական պատասխանը:

Հունիսի 11-ին Ադրբեջանում, նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցած հրթիռային նոր զորամասի բացման արարողության ժամանակ, առաջին անգամ ցուցադրվեցին բելառուսական «Պոլոնեզ» եւ իսրայելական LORA հրթիռային համալիրները: Իսկ երկու օր առաջ ադրբեջանական երկնքում հայտնվեցին ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ, որոնք հունիսի 26-ին մասնակցել են Բաքվում կայանալիք զորահանդեսին: Վերջերս մերձկրեմլյան լրատվական աղբյուրները հայտնեցին, որ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչներ, որոնք այժմ ՌԴ օդատիեզերական ուժերը լայնորեն կիրառում են սիրիական պատերազմում:

Կենացները ԼՂ հակամարտության թատերաբեմում գնալով «քաղցրանում» են, խաղաղության սասանման խաղադրույքները՝ կտրուկ բարձրանում: Այժմ դեռ պարզ չէ, թե որ պետությունն է Ադրբեջանին մատակարարել տվյալ ուղղաթիռները. ԱՄՆ-ն անմիջականորեն չի կարող զենք տրամադրել Բաքվին, քանի որ գոյություն ունի Ազատության աջակցության ակտի 907 բանաձեւը, որով արգելվում է հակամարտության կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերել:

Այնուամենայնիվ, ամերիկյան տեխնոլոգիաներով արտադրված զենքերը հայտնվում են Ադրբեջանում այլ ուղիներով, որոնցից, թերեւս երկուսը կարելի է նշել՝ Իսրայել եւ Թուրքիա: ԱՄՆ-ն այդ տեխնոլոգիաները փոխանցում է Իսրայելին, իսկ նրանք Ադրբեջանի հետ մեծ ծավալի զենքի գործարքներ են իրականացնում, նշում են ռազմական փորձագետները:

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանն անմիջականորեն է զենք վաճառում Հայաստանին ու Ադրբեջանին, ապա ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, արցախյան հակամարտության մասով ունի դիրքորոշման երկու երես: Առաջինը պաշտոնականն է, որ Վաշինգտոնը զենք չի մատակարարում հակամարտող կողմերին: Երկրորդը ոչ պաշտոնականն է, որ ամերիկյան արտադրության ռազմական տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայտնվում են Ադրբեջանում: Դատելով այն հանգամանքից, թե ինչ խստությամբ է ԱՄՆ-ն վերահսկում սեփական արտադրության՝ անգամ մի քանի սերունդ հին ռազմական տեխնոլոգիաների տեղաշարժը շուկայում, դժվար է պատկերացնել, որ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներն առանց Վաշինգտոնի լուռ համաձայնության Իսրայելի կամ Թուրքիայի միջոցով հայտնվեն Ադրբեջանում:

Հայաստանի ժամանակակից քաղաքական բառապաշարով ասած՝ Իսրայելն ու Թուրքիան «դուխ» չեն անի առանց ԱՄՆ-ի համաձայնության նման հանդուգն քայլի դիմել: Ամերիկյան ուղղաթիռների հայտնվելը Բաքվում, Ռուսաստանյան ռազմական եւ քաղաքական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով՝ ապացուցում է մեկ պարզ իրողություն, այն է՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն իրեն որեւէ պարտավորությամբ չի կաշկանդի եւ կանի այն, ինչն իսկապես Վաշինգտոնի շահերից է բխում: «Իրականում դժվար է ասել, թե ինչ նշանակություն կարող են ունենալ այդ ուղղաթիռները, բայց որ ԱՄՆ-ն իրեն որեւէ պարտավորությամբ չի կաշկանդի, սա պարզ է»,- ընդգծում է նա:

Փորձագետները նաեւ վստահ են, որ այժմ բավականին արդյունավետ են աշխատում ԱՄՆ-ում Ադրբեջանի վարձած լոբբիստները: Թերեւս, սրա ցուցիչներից մեկն այն է, որ Թրամփը մայիս-հունիս ամիսների ընթացքում 4 անգամ տարբեր առիթներով շնորհավորեց Իլհամ Ալիեւին՝ սկսած Անկախության տոնից, Ռամազանից մինչեւ գազի եւ նավթի ցուցահանդես:

Այս ուղղությամբ մեծ աշխատանք ունեն անելու նաեւ հայկական լոբբիստական կառույցները, որոնք մինչեւ օրս ավելի շատ կենտրոնացած են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վրա:

Առաջիկայում Բաքվում սպասվում է մեծ զորահանդես: Պարզ է, որ այն Ադրբեջանի համար լուրջ քարոզչական ու հոգեբանական նշանակություն ունի: Ուստի, Բաքուն ցուցադրելու է այն, ինչ ունի իր զինանոցում՝ բելառուսական «Պոլոնեզ» եւ իսրայելական LORA հրթիռային համալիրները, ինչպես նաեւ ամերիկյան Bell 412 ուղղաթիռներ եւ այլն: Թե որքանով են զուտ տակտիկական ու ստրատեգիական առումով տարբեր երկրների արտադրության հրթիռային համալիրները միմյանց հետ համադրելի եւ որքանով արդյունավետ կաշխատեն ռազմական գործողությունների թատերաբեմում, դժվար է ասել, բայց որ մեծ քարոզչական արդյունք կապահովեն՝ հայտնվելով Բաքվի կենտրոնական փողոցներում, կասկածից վեր է:

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը վստահ է, որ Բաքվին ռազմական նշանակության գնումները ոչ միայն եւ ոչ այնքան քարոզչական արդյունքի ապահովման նպատակով են արվում: «Ադրբեջանը պատրաստվում է արցախյան ուղղությամբ հարձակողական ռազմական գործողությունների եւ սա նորություն չէ: Դժվար է պատկերացնել, որ հսկայական ռազմական ծախսերն արվում են զուտ թատերական ներկայացումների համար»,- նշում է փորձագետն ու հավելում, որ ձեռք բերվող սպառազինության տեսակները եւս դրա մասին են խոսում:

ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, նշում է մեր զրուցակիցն ու հավելում, որ Բաքուն չի հաշտվել «20 տոկոս տարածքի կորստի հետ»:

Այնուամենայնիվ, նա չկարողացավ հստակ գնահատել՝ արդյո՞ք ուժերի հարաբերակցությունը ԼՂ հակամարտության գորտում խախտված է: «Սա դժվար է գնահատել: Այն չի գնահատվում զուտ սպառազինության տեսակների ձեռք բերմամբ: Այստեղ շատ այլ գործոններ կան: Եթե միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ծավալները հաշվի առնենք, ապա, իհարկե, կշեռքի նժարը կթեքվի դեպի Ադրբեջանի կողմը, անգամ եթե Հայաստանում տեղակայված են «Իսկանդեր» համակարգերը»,- նշում է Խրամչիխինը: Սակայն, նրա գնահատմամբ, դժվար է ասել՝ արդյո՞ք սա բավարար է՝ տեւական հարձակողական պատերազմ վարելու համար:

Նրա խոսքով, ռազմական հավասարակշռության պահպանման եւս մեկ գործոն կա տարածաշրջանում, որի անունը Ռուսաստան է: «Այժմ հաշվի առնելով, որ կողմերը պատրաստ չեն խաղաղ կարգավորման, Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանի շահերից է բխում ստատուս-քվոյի պահպանումը, թույլ չտալ պատերազմ, պահել հավասարակշռությունը՝ զենք ու զինատեսակներ վաճառելով կոնֆլիկտի կողմերին»,- նշում է փորձագետը:

Նա անդրադարձավ նաեւ վերջերս ակտիվորեն շրջանառվող լուրերին առ այն, որ Հայաստանը պատրաստվում է ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերել: Ի դեպ, դրանցից մեկի մեջ Էրեբունի ավիաբազայում լուսանկարվել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրառելով «աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»: Նույն սոցիալական ցանցում կիսվելով վարչապետի գրառմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Լավ կլինի, որ մնան Հայաստանում»:

«Այդ կործանիչները լայնորեն կիրառվում են Սիրիայում: Դրանք շատ արդյունավետ կարելի է կիրառել ամենատարբեր ռազմական թատերաբեմերում: Եթե դրանք հայտնվեն Հայաստանում, ապա իսկապես լրջորեն կփոխեն ուժերի հավասարակշռությունը՝ հօգուտ հայկական կողմի, եթե անգամ դրանցից ՀՀ-ում լինի միայն տասը կամ տասներկու հատ»,- վստահ է մեր զրուցակիցը: Թեպետ տվյալ կործանիչները խոցելի են Ադրբեջանում եւ Հայաստանում տեղակայված ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգերի համար, սակայն Խրամչիխինը կարեւորում է դրանց հնարավոր ձեռք բերումը:

«Գիտեք՝ ՀՕՊ համակարգերի համար անխոցելի ռազմական ինքնաթիռներ չեն լինում գրեթե: Հարցն այն է, թե որքանով են խոցելի եւ ինչ համակարգերի համար: Այո, Ս-300 ՀՕՊ համակարգերը կարող են խոցել գրեթե ցանկացած ռազմական ինքնաթիռ, սակայն մյուս կողմից, Սու-30 կործանիչները կարող են հաղթահարել ցանկացած ՀՕՊ համակարգ: Սա կախված է շատ գործոններից»,- ասաց նա ու հավելեց, որ հայկական կողմը շատ վաղուց պետք է ձեռք բերեր Սու-30-ի նման կործանիչներ: «Հայաստանը պատերազմող պետություն է եւ գործում է առանց կործանիչ ավիացիայի: Սա տարօրինակ է»,- եզրափակեց նա:

Տպել
5760 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ