Այսուհետ ավելի զգույշ եւ հետեւողական կլինեն. ինչո՞ւ ռուսները ներողություն խնդրեցին

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները զորավարժանք իրականացրեցին, որի ընթացքում հնչեցին կրակոցներ՝ ինչպես հետագայում պարզվեց անգնդակ փամփուշտներով: Բնակավայրում հնչած կրակոցները հանդիսացան տեղի բնակիչների զայրույթի պատճառը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ գնահատականի արժանացրեց տեղի ունեցածը՝ որակելով «սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»:

Ռուսալեզու տեղեկատվական դաշտում միջադեպին հետեւեցին ակնհայտ սադրիչ լուրեր՝ ընդհուպ մինչեւ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ պատերազմի մասին: Սակայն այդ լուրերը շատ արագ կորցրեցին արդիականությունը՝ նույն դաշտում հայտնված օբյեկտիվ գնահատականների շնորհիվ:

Պաշտոնական մակարդակում ամեն ինչ ավելի սթափ ու սառնասիրտ էր ընթանում: Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ռազմական եւ ռազմաօդային կցորդ Եվգենի Բուլավինցեւին եւ 102-րդ ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովին:

ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Տոնոյանը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ելկանովը նշել է, որ միջոցառումն ընդգրկված է եղել 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պատրաստության ծրագրում, որը նախապես համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ: Այնուամենայնիվ, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել:

Հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարի հետ է հանդիպել ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովը: Նա իր ափսոսանքն է հայտնել միջադեպի կապակցությամբ եւ հավաստել, որ հետայսու նման հարցերում ռուսական ռազմակայանի հրամանատարությունն ավելի զգույշ եւ հետեւողական է լինելու։

Հուլիսի 22-ին էլ ՌԴ 102-րդ ռազմակայանը միջոցառում էր կազմակերպել Փանիկում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն եւ համերգային ծրագիր: Մթնոլորտը բարեկամական էր: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Դավիթ Տոնոյանը: Լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը չի բացառել, որ Փանիկի միջադեպը կարող է խթան հանդիսանալ ռազմակայանին վերաբերվող փաստաթղթերում որոշակի փոփոխություններ կատարելու:

«Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, եւ ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է։ Փանիկի միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների, բայց ես հիմա ձեզ չեմ կարող հաստատ ասել»,- ասել է նախարարը:

Ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էր նշել իր ֆեյսբուքյան էջում՝ խոսքը ոչ թե պայմանագրի վերանայման, այլ «պայմանագրի որոշ կետերի թարմացման մասին է»:

ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին» եւ «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին» պայմանագրերով: Փանիկի դեպքը չի հանդիսանում այս պայմանագրերի խախտում: «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին» պայմանագրի 5-րդ հոդվածում ամրագրված է, որ զորքերի՝ տեղակայման վայրից դուրս գտնվող տեղաշարժերը, վարժանքները եւ մանեւրները իրականացվում են ՀՀ պատկան մարմինների հետ համաձայնեցված նախագծի հիման վրա, ինչն էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, կատարվել է: 

Հետեւաբար, Փանիկի միջադեպից բխող «իրավական փոփոխություններն», ամենայն հավանականությամբ, ենթադրում են որոշակի ընթացակարգային հստակեցումներ: Պայմանագրի վերանայման սպասումը, թերեւս, ավելորդ է: Սակայն, խնդրահարույց են ոչ թե պայմանագրի դրույթները, այլ դրանց չկատարումը:

Այդպես եղավ, օրինակ 1999 թ., երբ երկու զինված ռուս զինծառայող հարբած վիճակում ինքնակամ լքել էին ռազմակայանի տարածքը եւ Գյումրիի կենտրոնական շուկայում անկանոն կրակ բացել անցորդների վրա, ինչի հետեւանքով երկու հոգի զոհվել էր: Զինծառայողների դատավարությունն ընթացավ Հայաստանում, սակայն պատիժը կրելու համար նրանց տեղափոխեցին Ռուսաստան, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի տարի անց վաղաժամ պայմանական ազատ արձակվեցին:

2013 թ. Վահրամաբերդ գյուղի մոտակայքում տեղակայված տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից երկու անչափահասի զոհվելու դեպքով մինչ օրս ոչ ոք չի պատժվել: Դեպքը քննում էին ռուս քննիչները, ինչը պայմանագրի խախտում չէ: Սակայն այն հանգամանքը, որ մեղավորները այդպես էլ չգտնվեցին, թույլ է տալիս ենթադրել, որ գոնե համատեղ հետաքննությունը ավելի արդյունավետ կլիներ:

Իսկ 2015 թ. հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանությանը հետեւած իրադարձությունները խախտում էին պայմանագրերի մի քանի դրույթներ: Նախ՝ կասկածյալին հայտնաբերած ռուս սահմանապահները պետք է հանձնեին նրան ՀՀ պատկան մարմիններին, սակայն, դրա փոխարեն նրան հանձնել են ռուսական ռազմակայանին: Բացի այդ, ինքնին ապօրինի էր կասկածյալին ռուսական ռազմաբազայի տարածքում պահելը, ինչպես նաեւ նրա՝ ռուս զինվորականների կողմից դատարանի դահլիճ ուղեկցվելը, եւ, առհասարակ, դատական նիստի անցկացումը ռուսական ռազմակայանի տարածքում:

Ինչպես երեւում է, խնդիրը ոչ այնքան պայմանագրում նշված դրույթների առկայության կամ բացակայության մեջ է, որքան այդ դրույթները ի կատար ածելու քաղաքական կշիռի եւ կամքի: Հայ-ռուսական երկխոսությանը ոչ հատուկ «ՀՀ ՊՆ-ն պահանջել է» եւ «ռուս հրամանատարը ներողություն է խնդրել» արտահայտությունները հույս են ներշնչում, որ քաղաքական կամք այժմ առկա է: Սակայն կշռի բացակայության պարագայում անգամ այդ կամքի դրսեւորումներն ի զորու չեն բացառել ռուսական ռազմաբազայի հետ կապված հետագա անցանկալի միջադեպերը:

Տպել
3497 դիտում

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ

ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան

Ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ. ԲՀԿ-ի շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. դատախազություն

Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

14:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72 տոկոսը

Ակնոցներդ կջարդեմ. «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

Որոշ մարդիկ միտումնավոր փորձում են ստվեր նետել ընտրությունների օրինականության վրա. Հովակիմյան

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

75 խախտում, 10 միջադեպ. վիճաբանել են ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձիք

Սա պատմական լուսանկար է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի սելֆին

Մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում. Հայկ Մարությանը քվեարկեց

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ

Ընտրությունները չեն արգելում սնվել. «Իմ քայլ»-ի ներկայացուցիչը՝ տեղամասեր պիցցա տանելու մասին

Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնում եմ իմ ընտրությունը կատարելու. Ժաննա Բուտուլյան

Ալիևն ու Քոչարյանի կայքը հայտնում են խախտումների մասին, Սովպաձենիյե՞, նե դումայու. նախարար