Լուսանկարում՝ ՀԱՊԿ քարտուղար Յու. Խաչատուրովի եւ ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովի հանդիպումը, 12.09.17

Հետհեղափոխական Հայաստանում շարժ սկսվեց մի շարք կարծրացած եւ լճացած ոլորտներում: Հայ-ռուսական հարաբերությունները եւս ենթարկվում են «շոկային թերապիայի», թեեւ ապրիլից սկսած շարունակաբար հայտարարվում է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի նախատեսվում: Այդուհանդերձ, դեռեւս հեղափոխության «փողոցային» փուլի ընթացքում, ռուսաստանցի մի շարք փորձագետներ շտապեցին զուգահեռներ տանել ուկրաինական մայդանի եւ հայկական հեղափոխության միջեւ՝ պնդելով, որ գլխավոր նպատակը «Հայաստանը Ռուսաստանից պոկելն է»:

Ի հեճուկս այդ փորձագետների, պաշտոնական Մոսկվան անսպասելի սառնասրտություն եւ հանդուրժողականություն ցուցաբերեց: Ապրիլի 23-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ հայաստանյան իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են: Նույն օրը ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրառում կատարեց ֆեյսբուքում, որտեղ նա հայերին մեծագույն ժողովուրդ անվանեց եւ հավաստիացրեց, որ Ռուսաստանը միշտ մեր հետ է: Հետհեղափոխական շրջանում եւս պաշտոնական Մոսկվայի զսպվածությունը եւ չմիջամտելու քաղաքականությունը ընթանում էր ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից հայաստանյան իրադարձությունները «մայդանիզացնելու» փորձերի ֆոնին:

Այդուհանդերձ, Կրեմլը հասկանում էր, որ Հայաստանը, խոշոր հաշվով, այլ տարբերակ չունի եւ շարունակելու է դաշնակից մնալ Ռուսաստանին, իսկ կտրուկ քայլերը պաշտոնական Մոսկվայի կողմից կարող են ավելի շատ վնաս հասցնել այդ դասավորվածությանը, ուստի որոշել էր զերծ մնալ Ուկրաինայի կամ Վրաստանի սցենարները կրկնելուց: Առավել եւս, որ նոր իշխանությունները բացեիբաց հայտարարում էին հայ-ռուսական եղբայրության մասին: Սակայն, դրա հետ մեկտեղ Կրեմլը, ի վերջո, ուշադրություն չէր դարձրել մեկ այլ նոր իրողության վրա՝ նա այլեւս լեգիտիմության միակ կամ գոնե ամենաազդեցիկ աղբյուրը չէ հայկական իշխանությունների համար:

Հենց այդ բացթողումն էլ բերեց հայկական եւ ռուսական շահերի բախմանը: Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվելուց հետո պաշտոնական Մոսկվան հանդես եկավ կոշտ գնահատականով: Մասնավորապես ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 31-ին տարածած հայտարարության մեջ նշեց, որ Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով:

«Վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խաթարում են դրական տրամադրությունը, հակասում են Հայաստանի նոր իշխանությունների վերջին հայտարարություններին, որ իրենք նպատակ չունեն հետապնդել իրենց նախորդներին քաղաքական դրդապատճառներով», - հայտարարեց Լավրովը:

Հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակի պատճառները մի քանիսն են: Նախ եւ առաջ դա նոր իշխանությունների տարբեր օղակներում առկա անփորձությունն է, անպատրաստությունը՝ գործել որպես միասնական համակարգ՝ առաջին հերթին հենց արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում:

Բացի դրանից, ստեղծված իրավիճակում մեղքի մեծ բաժին ունի Երեւանի եւ Մոսկվայի կողմից իրականության ընկալման տարբերությունը: Ինչպես արդեն նշվեց, Կրեմլը չի նկատել կամ չի ցանկացել նկատել, որ այլեւս լեգիտիմության անհրաժեշտ աղբյուր չի հանդիսանում հայկական իշխանությունների համար: Ուստի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրումը Մոսկվայում դիտարկվում է որպես անձնական վիրավորանք եւ անհնազանդություն Ռուսաստանի արբանյակ համարվող Հայաստանի կողմից:

Հայկական տեսանկյունից մեղադրանք է առաջադրվել ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, այլ 2008 թ. մարտի մեկին Երեւանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցնող անձին: Այդ իսկ պատճառով գործընթացը որակվում է որպես «խիստ ներքին»: Բացի դրանից, այս քայլով նաեւ փորձ է արվում հստակ տարանջատում կատարել արտաքին եւ ներքին քաղաքականության միջեւ:

Սակայն, հանուն արդարության հարկ է նշել նաեւ, որ հայկական եւ ռուսական մոտեցումներում այս թյուրըմբռնումից, թերեւս, հնարավոր կլիներ խուսափել, եթե Խաչատուրովը նախ հետ կանչվեր զբաղեցրած պաշտոնից, ապա նոր ստանար մեղադրյալի կարգավիճակ: Անկախ ամեն ինչից, Խաչատուրովի պաշտոնավարումը Հայաստանի ստանձնած պարտավորությունն է ՀԱՊԿ-ի շրջանակներում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանք առաջադրելը հետհեղափոխական հայ-ռուսական հարաբերություններում աննախադեպ իրադարձությունների շարքից էր: Կտրուկ արձագանքը Փանիկ գյուղի դեպքերին եւ վարչապետի պնդումը, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ եւ թույլ չի տա նոր պատերազմ Արցախում նոր եւ պարտավորեցնող երեւույթներ էին հայ-ռուսական հարաբերություններում: Չի բացառվում, որ Խաչատուրովին ներկայացված մեղադրանքը այս շարքի շարունակությունն էր: Այսինքն, հնարավոր է, որ իշխանություններն այս քայլով, շոշափում էին նոր պայմաններում Ռուսաստանի հետ վարվող քաղաքականության թույլատրելիի սահմանները: Ներքին լեգիտիմությունը դա թույլ էր տալիս այն ժամանակ, իսկ օգոստոսի 17-ի հանրահավաքը ցույց տվեց, որ թույլ է տալիս նաեւ դրանից հետո:

Այդուհանդերձ, Ռուսաստանի պաշտոնական արձագանքը եւս կոշտ էր, ուստի, միգուցե, իշխանություններն արդեն հասել են թույլատրելիի սահմանին եւ ժամանակն է ֆիքսել այդ նշաձողը եւ սկսել նոր որակի հարաբերությունների կառուցումը՝ շարունակելով հնարավորինս տարանջատել արտաքին եւ ներքին քաղաքականությունը:

Տպել
2522 դիտում

ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել. իրանցին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա

Նոր Հայաստանում ոստիկանական զորքերի թիվը շարունակում է գաղտնի պահվել

Բաղրամյան 26-ի դռների առջեւ ծառայություն է իրականցնում Պատվո պահակախումբը (տեսանյութ)

Մեսսին առաջին անգամ «լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկել է Ռոնալդուի օգտին

Հայաստանը ցանկանում է 2 լոգիստիկ կենտրոն ստեղծել Ռուսաստանում. դեսպան

Մխիթարյանը չի ապաքինվել. կարող է բաց թողնել «Արսենալի» խաղը

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ից հեռացած «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Նոր ներկայացում Սունդուկյան թատրոնում, Խորեն Լեւոնյանը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը

Լոռու մարզում կտրուկ աճել է կոռուպցիայի գործով քրեական հետապնդումների ենթարկված անձանց թիվը. դատախազություն

Օսիպյանը սպայական կոչում է շնորհել ՊՊԾ գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջը

Պուտինն այցելում է Ադրբեջան. խորտակվող «Տիտանիկ»-ի մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը

Արա Սաղաթելյանը մասնակցել է ԱԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ. Գարեգին Բ-ն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան»-ում

Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին

Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն Անդրեասյան

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ