Հայերեն. թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում

14/09/2018 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 14-ի համարում

«Հեռուստատեսության եւ Ռադիոյի մասին ՀՀ օրենքը» երաշխավորում է հեռուստառադիոհաղորդումների ազատ  ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը, արգելում գրաքննությունը: Ավելին, ելնելով սպառողի շահերից՝ վերջինիս հնարավորություն է տրվում  օգտվել նաեւ լրացուցիչ աղբյուրներից: Օրինակ` լարային, արբանյակային, վճարովի ու անվճար ցանցերից: Սա, իհարկե, ազատ դաշտ է ստեղծում ոչ միայն սպառողի անձնական ճաշակի ու նախասիրության, այլեւ լեզվի ընտրության առումով: Եվ, այդուհանդերձ, օրենքի պահանջը շատ հստակ է. «Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է»:

Օրենքը, սակայն, նախատեսել է այս դրույթի կիրառման փուլային տարբերակ, ու եթե 2001թ. հեռուստաընկերություններից պահանջվում էր ապահովել 25%-ի չափով հայրենական (հայերեն) արտադրանք` ամբողջ 12 ժամ չթարգմանված ֆիլմեր ցուցադրելու արտոնությամբ, արդեն 2005-ին հեռուստաընկերությունները պիտի բավարարվեին ընդամենը երեք ժամ չթարգմանված ֆիլմ ու մուլտիպլիկացիոն կինոնկար ցուցադրելով` ընդհանուր ծրագրում (12 ժամից ոչ պակաս) հայրենական հաղորդումների ծավալը հասցնելով 65%-ի: Թե որքանով է կատարվում օրենքի այս պահանջը, եւ ՀՌԱՀ-ը ինչ կերպ է վերահսկում հեռուստառադիոընկերություններին, առայժմ անհայտ է: Սակայն ամենակոպիտ հաշվարկի դեպքում անգամ ակնհայտ է, որ բացի Հանրային հեռուստատեսությունից (նկատենք, որ ՀՌԱՀ-ը Հանրայինի դեպքում չի կարող հանդես գալ իբրեւ վերահսկող մարմին, քանի որ այն վերահսկվում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից), որեւէ այլ հեռուստաընկերություն օրենքի այս դրույթը չի պահպանում` նույնիսկ առանձին հաղորդումների կրկնության արդյունքում:

 «Դար-21»-ի ծրագրերի տնօրենն, օրինակ, պնդում էր, թե «նախ` թերթերում հրապարակված ծրագրերի հիման վրա արված մեր հաշվարկը չափազանց կոպիտ հաշվարկ է», եւ հետո, «նկատի ենք առել հիմնականում օգոստոս ամիսը, երբ բազմաթիվ հաղորդավարներ արձակուրդում էին»: Հավանաբար, մարդը ռուսական «Մուզ TV»-ի հաղորդումները նկատի ունի, որովհետեւ հայրենական հաղորդումների առումով`  օգոստոսի եւ մայիս ամսվա միջեւ առանձնապես որեւէ տարբերություն չնկատեցինք: Բայց եթե անգամ այդպես լիներ, միեւնույն է, գործ ունենք օրինախախտության հետ, որովհետեւ, ի տարբերություն հաղորդավարի, օրենքը պետք է որ Կիպրոս ու Անթալիա «չմեկնի»: Ի դեպ, նույն կերպ «օրենքն արձակուրդ էր մեկնել» նաեւ «Հայ TV»-ի եթերից:

Բայց այստեղ գոնե հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը չփորձեց մեզ «հիմարացնել»` անկեղծորեն խոստովանելով, որ իսկապես չեն ապահովել անհրաժեշտ չափով հայրենական հաղորդումներ, եւ որ արդեն ստացել են ՀՌԱՀ-ի ծանուցումը` վիճակը շտկելու պահանջով: Այս պատմության մեջ, սակայն, ամենահետաքրքիրն այն էր, որ մի շարք հեռուստաընկերությունների տնօրեններ, ծրագրերի տնօրեններ ու գլխավոր պրոդյուսերներ առհասարակ տեղյակ չէին օրենքից ու իրենց առաջադրվող պահանջներից: Անտեղյակությունը հասնում էր այնտեղ, որ ոմանք դժվարանում էին անգամ պատասխանել` տասներկո՞ւ, տասնվե՞ց, թե՞ քսանչորս ժամ տեւողությամբ են իրենց ծրագրերը եթեր տալիս:

Իսկ երբ փորձեցինք բացատրել, որ իրենց բիզնեսն էլ հեռուստատեսությունն է, որ այս դեպքում «շրջանառություն» ասվածը եթերաժամն է, որ կարող են տուգանվել կամ վարչական տույժի ենթարկվել ՀՌԱՀ-ի կողմից, ընդ որում` գուցե անտեղի, հետեւաբար, պիտի իրենք էլ իրենց հաշվարկը լավ իմանան անգամ առանց ՀՌԱՀ-ի ծանուցումների, նույն «Դար 21»-ի ղեկավարության նման լսափողը շփոթահար կախեցին` լրացուցիչ տեղեկություններ տալու խոստումով: Ապարդյուն, իհարկե. ոմանք կա՛մ հաշվել չգիտեն, կա՛մ երկար են հաշվում:

Ինչպես երեւում է, դպրոցում մաթեմատիկայից վատ թվանշաններ է ստացել նաեւ «TV 5»-ի տնօրինությունը. այստեղ լիուլի եթեր են հեռարձակում աշխարհի ամենատարբեր հեռուստաընկերությունների սեփական արտադրանքը եւ ամենեւին հոգ չեն տանում այն բանի համար, որպեսզի ամուսնու դավաճանությունից խենթացած կինը, հնարավոր բոյ-ֆրենդի սենյակի մաքրությանը հետեւող կիսամերկ աղջնակը կամ դերասանի ստուդիա ժամանած հյուրը իր վշտերի, երազանքների ու հաջողությունների մասին հայերեն պատմի հայ հեռուստադիտողին: Թարգմանվի, այսինքն, հայրենական հաղորդումի վերածվելով: Իսկ ընդհանրապես, նոր եթերաշրջանի են պատրաստվում բոլորը:

«Ար»-ը, օրինակ, պատրաստվում է բարելավել իր շենքային պայմանները, տեխնիկապես վերազինել բոլոր ստուդիաներն ու մոնտաժային սրահները, բազմաթիվ նոր հաղորդումներ ներկայացնել հեռուստադիտողին: Ուստի, վերջինիս գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը, ով արդեն «ներողամիտ լինելու» խնդրանքով դիմել է «համապատասխան մարմիններին», նույն ներողամտության կոչն ուղղում է թե՛ մեզ, թե՛ հեռուստադիտողին. «Մենք գիտենք, որ հաճախ ծրագրում նշվածի եւ եթեր հեռարձակվածի միջեւ տարբերություններ, անհամապատասխանություններ են լինում, գիտենք նաեւ, որ երբեմն չենք ապահովում հայրենական հաղորդումների անհրաժեշտ քանակը, սակայն 2005թ. ասվածը պիտի որ տարածվի ոչ թե առանձին ամիսների կամ կոնկրետ ամսվա, այլ` ողջ տարվա նկատմամբ:

Այդ պատճառով էլ խնդրում ենք բարեհոգաբար սպասել, եւ կտեսնեք, որ տարվա վերջում պահանջվածից ավելին կանենք»: Բարեհոգաբար սպասում ենք, եւ ոչ միայն «Ար»-ի նոր եթերաշրջանին: Ի վերջո, հարկ է, որ ոչ միայն օրենքը կատարվի, այլ որ հեռուստադիտողն էլ իր հերթին շահի: Թե չէ` վահանակը ձեռքդ առած պտտում-պտտում ես, իսկ իրականում նայելու քիչ բան կա` համատարած անճաշակություն: Թեպետ, սա այլ խնդիր է, իհարկե: Կարեւորն այն է, որ ո՛չ հեռուստառադիոընկերություններն են առանձնապես հակված պահպանել օրենքի այս դրույթը, ո՛չ էլ ՀՌԱՀ-ն է (կարդա` իշխանությունները) նախանձախնդիր վերջիններիս աշխատանքին հետեւելու մեջ:

Չէ՞ որ այդպիսով իշխանությունները «կկորցնեն իրենց կազմակերպված ու պատասխանատու լրատվամիջոցներին» եւ նրանց վրա ազդելու հիմնական լծակները, վերջիններս էլ կզրկվեն քյանդրբազություն անելու հնարավորությունից` ստիպված լինելով իրական մրցակցային դաշտում իրական ներդրումներ անել: Հաշվարկը պարզ է` դուք ապուշացրեք հասարակությանը, մենք ինքնակամ «կհրաժարվենք մեր տեսողությունից»:

Հ.Գ. Ի դեպ, ՀՌԱՀ-ն էլ իր հերթին է բավական դանդաղկոտ, կամ` այստեղ էլ հաշվելու հետ կապված խնդիրներ կան: Այս հանձնաժողովի մեթոդական բաժինը երկու օր առաջ ամբողջ երեսուն րոպե մտածելուց հետո նպատակահարմար գտավ  «Հայկական ժամանակի» հարցերին միայն գրավոր կերպով պատասխանել, այն էլ` հինգ օրվա ընթացքում: Ի՞նչ կա որ` իրենց իրավունքն է, հարցերն անպայման  կուղարկենք ու անհամբերությամբ կսպասենք հանձնաժողովի դիտարկում-փաստարկներին: Էլ ավելի մեծ անհամբերությամբ կսպասենք մեր գործընկերների` «Ինտերնյուզի» մոնիտորինգին, որը, ըստ տնօրենի, կհրապարակվի ոչ ուշ, քան հոկտեմբերի կեսերին:

Գոհար Սիմոնյան

Տպել
396 դիտում

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը