Նույնիսկ նրանք, որ քննադատում են կառավարությանը, ՀՀԿ-ին չեն ընտրելու․ որ ուժերը կանցնեն խորհրդարան. քաղաքագետ

Մի քանի օրից մեկնարկելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք, 9 կուսակցություն։ Սպասվող ընտրությունների, քաղաքական ուժերի՝ խորհրդարան անցնելու հնարավորությունների ու քարոզարշավի մասին զրուցել ենք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։

- Պարոն Վարդանյան, խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ, որոնցից առնվազն մի քանիսը նոր չեն, ակտիվ գործել են նախորդ իշխանության օրոք։ Ի՞նչ եք կարծում, քաղաքական բազմազանություն, այնուամենայնիվ, ապահովված կլինի՞։

- Ընտրողները պետք է որոշեն՝ ովքեր են հայտնվելու խորհրդարանում։ Եւ ընտրողներն այսօր ունեն ընտրություն։ Թեկնածուների ցուցակում կան քաղաքական ուժեր, որոնք նոր են ձեւավորվել, եւ, ինչպես նշեցիք, կան քաղաքական ուժեր, որոնք նախկին ռեժիմի շրջանակներում են ձեւավորվել ու գործել։ Քաղաքացիներն, ամեն դեպքում, այսօր ունեն ընտրություն, եւ եթե նրանք ցանկանում են նոր քաղաքական ուժերին ձայն տալ, ապա, ըստ էության, ըստ իրենց քաղաքական գաղափարախոսական նախընտրությունների՝ հնարավորություն ունեն ընտրել, որովհետեւ նոր քաղաքական ուժերից շատերը նախ հեղափոխությանը չեն հակադրվել ու ներկայացնում են տարբեր գաղափարախոսական ուղղություններ։ Այսինքն՝ մի կողմից ընտրողները, որոնք ունեն դեմոկրատական գիտակցություն, ցանկություն ունեն ձեւավորել դեմոկրատական խորհրդարան եւ ցանկանում են իրենց գաղափարական նախընտրությամբ ընտրել որեւէ քաղաքական ուժի, ունեն դա անելու հստակ հնարավորություն։ Ընդգրկված են ե՛ւ ձախ, ե՛ւ աջ գաղափարախոսությունները։ Այլ բան, որ հին քաղաքական ուժերից շատերը իրենց անցյալով ու կադրային ներուժով չեն համապատասխանում ներկայիս քաղաքական իրավիճակին։

- Իսկ Ձեր կարծիքով՝ մասնավորապես ո՞ր ուժերն առավել հնարավորություն ունեն խորհրդարան անցնելու։

- Մի քանի հանգամանքներ կան, որոնք կարող են այս կամ այն քաղաքական ուժի շանսերը մեծացնել։ Նախ՝ որքանով է այդ քաղաքական ուժն ընկալվում որպես ժողովրդական ուժ, որպես ուժ, որն առաջնորդել ու ակտիվ մասնակցել է հեղափոխական գործընթացներին։ Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքն այս առումով մրցակցությունից դուրս է, որովհետեւ նախ դրա առաջին համար Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, համակարգել է Թավշյա հեղափոխությունը, եւ այն թիմը, որն առկա է «Իմ քայլ»-ի ներսում, նրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք եղել են հեղափոխության առաջին գծում։ Երկրորդ հանգամանքն այն արդյունքն է, որը գրանցվել է ավագանու ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այն քաղաքական ուժերը, որոնք բարձր արդյունքներ են գրանցել այդ ընտրությունների ժամանակ, հիմա էլ շանսեր ունեն։ Եւ մյուսը՝ շատ լուրջ ազդեցություն է ունենալու գրագետ, էֆեկտիվ, նաեւ կարելի է ասել դրական առումով ագրեսիվ քարոզարշավը․ սա եւս գործոններից մեկն է լինելու։ Իհարկե, մեծ դեր ունեն նաեւ ցուցակների առաջին դեմքերը, թե որքանով է հանրությունը վստահում նրանց, հատկապես ցուցակը գլխավորողներին։ Եթե կոնկրետացնենք, թե որ ուժերն ունեն շանսեր, ապա, բացի «Իմ քայլից», որն այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ է, ԲՀԿ-ն է, հետո այլեւս գոյությունում չունեցող «Լույս» դաշինքի մաս «Լուսավոր Հայաստանն» ու նորաստեղծ «Մենք» դաշինքը, նաեւ որոշակի շանսեր ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Բայց առանձնահատուկ կուզենայի նշել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը՝ որպես կուսակցություն, որը կարող է այս առումով անակնկալ մատուցել։ Ինչու, որովհետեւ, այսպես ասեմ, այս կուսակցությունն «Իմ քայլ»-ից հետո կամ նույնիսկ դրան հավասար այն քաղաքական ուժն է, որը հեղափոխությանը մասնակցած բազմաթիվ ակտիվիստների է ներգրավել ու բաղկացած է քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող եւ հեղափոխության հաջողությանը մեծ նպաստ ունեցած մարդկանցից։ Եւ դա լուրջ գործոն կարող է լինել՝ կրկին կախված նրանից, թե ինչպիսի քարոզարշավ կիրականացնեն։

- ՀՀԿ-ի՞ շանսերը որքան են։

- Հանրապետականի շանսերն այս պահին շատ փոքր եմ գնահատում։ Կարծում եմ, որ նրանք շատ լուրջ խնդիրներ ունեն լուծելու, որոնց լուծումն, ըստ էության, անհնարին է։ Եւ որպեսզի հայտնվեն խորհրդարանում, շատ լուրջ խնդիրներ պետք է կարողանան լուծել։

- Մասնավորապես՝ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

- Նրանք պետք է փորձեն ցույց տալ եւ փորձում են ցույց տալ, որ դաշտում կա երկու բեւեռ՝ «Իմ քայլը» եւ իրենք։ Փորձում են ցույց տալ, որ չկա որեւէ այլ քաղաքական ուժ, դաշտում միայն իրենք են։ Իրենց մարտավարական խնդիրը դա է, որ պետք է լուծեն։ Բայց դա չափազանց դժվար է, եթե ոչ անհնարին։ Որովհետեւ նախ ֆիզիկապես կան բազմաթիվ քաղաքական ուժեր եւ ամեն մեկը կարող է որոշակի տոկոսներ ստանալ, եւ երկրորդ հանգամանքը՝ հանրության կողմից ՀՀԿ-ն չի ընկալվում որպես ընդդիմություն։ Հանրության բացարձակ մեծամասնությունը Հանրապետականը դիտարկում է որպես ռեւանշիստական-ռեակցիոն քաղաքական խմբավորում, որը փորձում է ապագայի համար ինչ-որ գործողություններ իրականացնել, որոնք կամրագրեն իրենց մասնակցությունը հետագա քաղաքական գործընթացներին։ Եւ հանրությունն այդ խաղը տեսնում է։ Նույնիսկ նրանք, որոնք քննադատում են կամ որոշակիորեն հիասթափված են կառավարությունից, նրանք էլ հակված չեն լինելու ընտրել ՀՀԿ-ին, որովհետեւ նրան չեն դիտարկում այլընտրանք։

- Պարոն Վարդանյան, եթե հանրությունը ՀՀԿ-ին չի ընկալում որպես ընդդիմություն, ապա քաղաքական դաշտում կա՞ ընդդիմություն, եւ եթե չկա, ո՞ր քաղաքական ուժը կարող է լինել, ինչպես ասում են, իրական ընդդիմություն կամ այլընտրանք։

- Մի քանի քաղաքական ուժ կարող է լինել իրական ընդդիմություն, էնպես չէ, որ ընդամենը մեկին կարող ենք առանձնացնել այդ առումով։ Տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ ունեն, իրենց քննադատություններն ունեն՝ կապված նաեւ Նիկոլ Փաշինյանի ու նոր կառավարության հետ։ Եւ այս առումով վերջ ի վերջո իսկապես պետք է ժողովուրդը որոշի, թե ում է տեսնում ընդդիմություն։ Էստեղ իհարկե լուրջ խնդիր կա այն առումով, որ ընտրողները պետք է մոտիվացվեն այլ քաղաքական ուժերի քվեարկելու առումով։ Այսինքն՝ «Իմ քայլ»-ից բացի այլ քաղաքական ուժերը պետք է գտնեն լուրջ փաստարկներ, որպեսզի համոզեն ընտրողներին հենց իրենց քվեարկել եւ ոչ «Իմ քայլ»-ին։ Մանավանդ, դա շատ դժվար է լինելու այն առումով, որ իրենք ասում են՝ մենք փաստացի չենք կարող առաջին տեղում լինել եւ պայքարում ենք երկրորդ կամ երրորդ տեղի համար։ Այս առումով կարծում եմ՝ ընտրողները պակաս մոտիվացված են լինելու այլ քաղաքական ուժի ձայն տալու համար։ Դրա համար քաղաքական ուժերը շատ համոզիչ պետք է լինեն, շատ լուրջ, ծանրակշիռ փաստարկներ բերեն ընտրողներին՝ իրենց օգտին քվեարկելու համար։ Այդ փաստարկներից մեկը կարող է լինել այն, որ, այսպես թե այնպես, «Իմ քայլ»-ը շատ բարձր արդյունք է գրանցելու, որովհետեւ շատերն են քվեարկելու նրա օգտին, եւ եթե մենք չենք ուզում, որ խորհրդարանում հայտնվեն ռեակցիոն-ռեւանշիստական ինչ-որ խմբեր՝ նախկին քաղաքական ռեժիմի շրջանակներում ձեւավորված ու գործած, եթե չենք ուզում, որ այդպես լինի, ուրեմն ճիշտ կլինի, որ քաղաքացիների մի մասը քվեարկի մեզ, քանի որ մենք ենք առողջ ուժ։ Այ սա կարող է մարդկանց որոշակիորեն մոտիվացնել։ Մարդիկ կարող են ասել հետեւյալը՝ լավ, իսկ ինչ երաշխիք կա, որ ենթադրենք ես գնամ քվեարկեմ այլ առողջ քաղաքական ուժի, ենթադրենք՝ «Քաղաքացու որոշմանը», մյուս մասը կգնա կքվեարկի «Իմ քայլին»։ Այսինքն, քաղաքական ուժերը պետք է բացատրեն, համոզեն մարդկանց, որ եթե ինչ-որ հարցերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հետ ունեք որոշակի անհամաձայնություն, ճիշտ է, որ գնաք քվեարկեք առողջ քաղաքական ուժերին, ոչ թե ռեւանշիստական։ Որովհետեւ, միեւնույն է, մեծամասնությունը որեւէ էական դժգոհություն չունի Փաշինյանի քաղաքական թիմից եւ կքվեարկի «Իմ քայլին»։ Միգուցե, օրինակ, այդ քաղաքական ուժերը դիմեն մարդկանց, ասեն՝ այ, որպեսզի խորհրդարանը բաղկացած լինի հեղափոխական առողջ քաղաքական ուժերից, լավ կլինի, որ ընտանիքից ենթադրենք մեկը քվեարկի ոչ թե «Իմ քայլ»-ին, այլ ուրիշ քաղաքական ուժի։ Էս դեպքում կստանանք ցանկալի արդյունք։

- Եթե կանխատեսումները թողնենք եւ ըստ անհրաժեշտության դիտարկենք, ապա ո՞ր ուժերը պետք է անցնեն Ազգային ժողով, որպեսզի ունենանք հնարավորինս լավ խորհրդարան։

- Կարծում եմ՝ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը», «Մենքը», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ միգուցե նաեւ «Սասնա ծռերը»։

- Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ քարոզարշավ կընթանա։

- Իհարկե, կլինի բուռն մրցակցություն, չնայած պետք է հաշվի առնել այն, որ, օրինակ, Ծառուկյանի եւ Փաշինյանի միջեւ հուշագիր է ստորագրված, որի համաձայն իրենք մեկը մյուսի նկատմամբ պետք է կոռեկտ քարոզչություն վարեն։ Դա կարտացոլվի քարոզարշավի ժամանակ։ Ու, ի տարբերություն ավագանու ընտրությունների, երբ ԲՀԿ-ն ակնհայտ մանիպուլատիվ ու ագրեսիվ քարոզարշավ էր վարում, այս անգամ, իմ կարծիքով, համաձայնագրին համապատասխան քարոզարշավ կանեն։ Բայց դա, իհարկե, որեւէ կերպ չի ազդելու քարոզարշավի թեժության վրա, այսինքն՝ այն բուռն կլինի։ Կան բազմաթիվ խնդիրներ, չլուծված հարցեր, որոնց վերաբերյալ քննադատություններ կհնչեն, մյուս կողմից մասնակցելու է ՀՀԿ-ն, կհնչեն նաեւ նախկին ռեժիմին ուղղված խիստ քննադատություններ, դատապարտումներ եւ այլն։ Առիթը բաց չեն թողնելու հիշեցնելու նախկին քաղաքական ռեժիմի հակասահմանադրական, հակապետական քաղաքականության մասին եւ առանձին քաղաքական գործիչների ու օլիգարխների մասին։ Մի խոսքով՝ արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների մասին կհնչեն տարբեր տեսակետներ, բայց էստեղ իհարկե կա մի խնդիր, որն արդեն հետագա ընտրությունների ժամանակ կարող է լուծվել։ Այսպես ասեմ՝ դեռեւս ձեւավորված չէ մեկնիչների կամ մեկնաբանողների ինստիտուտը։ Խոսքն այն մասին է, որ անհրաժեշտ է փորձագետների ոչ ֆորմալ ինստիտուտ, որը կարողանա փորձագիտական մակարդակով քննել քաղաքական ուժերի ծրագրերն ու հայտարարությունները եւ մատչելի լեզվով ներկայացնի հանրությանն ու նրան ցույց տա, թե որոնք են առավելությունները, թերություններն ու բացթողումները տարբեր քաղաքական ուժերի մոտ։ Առանց դրա բնակչության բացարձակ մեծամասնությունը դժվար է կողմնորոշվելու, որովհետեւ շատ հարցերի վերաբերյալ անհրաժեշտ է մասնագիտական վերլուծություն, գնահատական եւ այլն։ Առանց այդ մեկնությունների քաղաքական բանավեճերի որակն էլ է ընկնում, որովհետեւ լինում է երկու տեսակետ, բանավեճ, բայց արդեն փորձագիտական մասը, երրորդ կողմը չի լինում քաղաքացիներին ներկայացված։ Դրա համար հանրությանը դեռեւս բարդ է լինելու կողմնորոշվել։

Տպել
1440 դիտում

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞

Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ)

Որ ընկերություններին եւ որ հանքերեւակումների համար է լիցենզիաներ տրամադրել Արամ Հարությունյանը

Գեղակերտ համայնքի ընտրված ղեկավարը մի քանի ամիս է՝ չի ստանձնում պաշտոնը․ պարտված գյուղապետը չի ուզում հեռանալ

Միացյալ Թագավորության կառավարությունն ակնկալում է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ. Ալան Դանքն

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը