Եթե շարունակենք տուրք տալ նախկին արատավոր եղանակներին, հազիվ թե հեղափոխությունը հաղթանակի այս ասպարեզում. Բոյաջյան

Մշակութային արժեքների ստեղծման գործում մշակույթի նախարարության դերի, այդ կառույցից հասարակարության իրական սպասելիքների եւ վերջին շրջանում պարբերաբար օգտագործվող մշակութային հեղափոխություն եզրույթի մասին իր դիտարկումներն է անում կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը:

- Պարոն Բոյաջյան, բազմաթիվ մտավորականներ մշակույթի նախարարության օպտիմալացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնում:

- Շատերը սարսափով ընդունեցին այդ լուրը, բայց դա ոչ սարսափելի բան է, ոչ էլ առավել եւս ողբերգություն, ընդհակառակը՝  կարելի է առաջընթաց քայլ համարել մշակույթի կառավարման սովետական մեխանիզմներից վերջապես ձերբազատվելու ուղղությամբ: Մեզ մոտ Մշակույթի նախարարությունը դիտարկվում է որպես, կոպիտ ասած, կթու կով, որը պարտավոր է բոլոր դիմողներին ինչ-որ միջոցներ հասցնել, այլապես շատ դժգոհ են մնում: Ոմանք էլ սովոր են, որ անընդհատ ինչ-որ մեկը պիտի իրենց ֆինանսավորի: Բայց երբ փորձում ենք հասկանալ, թե այդ մարդկանց արածն ինչ է եւ ինչ արդյունք է տվել այդքան գումարները ծախսելուց հետո, շատ հաճախ ողբալի պատկեր ենք տեսնում, ակնհայտ է դառնում, որ փողը փոշիացվել է: Այսպիսով, ո՛չ մշակութային արժեքներ են ստեղծվում, ո՛չ էլ տվյալ միջոցառումն է ինչ-որ կերպ նպաստում այս կամ այն խնդրի լուծմանը: Ի վերջո արվեստի եւ մշակույթի մասին մենք դատում ենք ոչ այնքան թափված ջանքերով, որքան վերջնական արդյունքով:

- Որքանո՞վ է նախարարությունը նպաստում մշակութային արժեքների ստեղծմանը:

- Դե, ավանդական Մշակույթի նախարարությանը մենք արդեն ճանապարհում ենք: Մի տեսակ հրաժեշտի խոսք է ստացվում, բայց պիտի ասեմ, որ խնդիրն այստեղ ավելի համապարփակ է: Ըստ էության, անկախությունից ի վեր մեր մշակույթի, արվեստի կառավարման մեխանիզմները շարունակել են գործել խորհրդային տարիների լծակներով: Մենք մի հասարակությունից անցում ենք կատարել մեկ այլ հասարակություն, անկախ երկիր ենք դարձել, եւ կարծես թե պիտի այլեւս քիչ առնչություն ունենայինք խորհրդային ավանդույթների հետ, բայց փաստորեն, մեխանիզմներն ու լծակները մնացել են նույնը: Դեռ այսօր էլ շատերն ակնկալում են, որ մշակույթի նախարարությունը պիտի տնօրինի, ղեկավարի եւ ուղիներ ցույց տա, ինչպես և եղել է սովետական տարիներին: Բայց հազիվ թե հարկ կա, որ Մշակույթի նախարարությունն այդ աստիճանի ինտեգրված լինի մշակութային կյանքին, մանավանդ առաջնորդողի կարգավիճակով: Կարծում եմ՝  նախարարության դերը ավելի շատ պիտի հանգեր պետության համար առաջնահերթ կամ հատուկ կարեւորություն ներկայացնող ծրագրերի աջակցությանը գործող ֆոնդերի միջոցով: Էլ չեմ ասում, որ կան զարգացած երկրներ, որոնք ընդհանրապես Մշակույթի նախարարություն չունեն և դրան փոխարինում են հենց համանման ֆոնդեր կամ հաստատություններ:

Նախքան հեղափոխությունը տարբեր մտավորականների եւ առհասարակ ժողովրդի կողմից շատ էր հնչում այն տեսակետը, թե նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը միտված էր որոշ յուրայինների առաջ տանելուն եւ սեփական քաղաքական շահերին ծառայեցնելուն, ինչն էլ տանում էր մշակույթի ոչնչացմանը:

- Ինչ խոսք, չեմ կարող հերքել, թե նման բան չի եղել, որովհետեւ մենք ավելի շատ անառողջ մթնոլորտում ենք ապրել. դա իսկապես անժխտելի փաստ է: Հաճախ կարելի էր ականատես լինել այն իրողությանը, որ տարբեր ասպարեզներում ինչ-ինչ միջակություններ առաջ էին մղվում, իսկ տաղանդավորները՝ մնում հետին պլանում: Նույնքան հաճախ էլ միջոցները բաշխվել են ոչ թե արդարության սկզբունքով, այլ թիկունք կամ ինչ-ինչ կապեր ունենալու շնորհիվ: Այդ ամենից բնականաբար անհնար է միանգամից ձերբազատվել, որքան էլ որ հեղափոխությունը կատարված փաստ լինի: Ամենադժվարը, ինչպես հայտնի է, գիտակցական փոփոխություններն են. նոր իրավիճակներին ադապտացվելիս մարդիկ առաջին հերթին մտովի, գիտակցաբար հարմարվելու խնդիր են ունենում: Եվ հաճախ մտածում են, որ կարելի է շարունակել ծանոթ-բարեկամ լծակները գործի դնելու ավանդական պրակտիկան: Հայաստանում հեղափոխությունը պիտի նպաստի նաեւ արվեստի եւ մշակույթի ոլորտներում նոր մտածելակերպի, հարաբերությունների, նոր իրողությունների ձեւավորմանը, նոր եւ առողջ մթնոլորտի առողջացմանը: Եթե մենք չկարողանանք մեր հոգեւոր կյանքը բարելավել, մեր մշակույթն ու արվեստը դնել նոր հիմքերի վրա եւ վերարժեւորումների դիմել, եթե շարունակենք տուրք տալ նախկին արատավոր եղանակներին, ապա հազիվ թե հեղափոխությունը հաղթանակի այս ասպարեզում: Ամեն դեպքում նոր ուղիներ են պետք, նոր մեթոդներ եւ առաջին հերթին նոր մտածողություն:

- Հաճախ նոր մոտեցումներն ու փոփոխությունները Հայաստանում այնքան էլ չեն ողջունվում, նույնը կարելի է ասել նաեւ երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք շարունակում են քննադատել միայն այն փաստի համար, որ երիտասարդ են ու անփորձ:

- Ես շատ նորմալ ու հանգիստ եմ վերաբերվում սերնդափոխությանը, բայց Հայաստանում դա միշտ շատ հիվանդագին ընթացք է: Իսկ սերնդափոխությունը շարունակվող կյանքի, առաջընթացի պահանջն է, պետք է անպայման երիտասարդներ գան՝ նոր գաղափարներով, կյանքի եւ արվեստի նկատմամբ ունեցած նոր մոտեցումներով, որպեսզի, ասենք, թատրոններում գեղարվեստական ղեկավարները կամ գլխավոր ռեժիսորները չնստեն մինչեւ իրենց կյանքի ֆիզիկական ավարտը, հետո էլ ղեկավարությունը ժառանգաբար փոխանցվի:

- Քանի որ խոսք բացվեց թատրոնների մասին, թատերական կյանքն է՞լ է կինոարտադրության նման անհույս վիճակում:

- Մեր թատրոնը անասելի հնաոճ է եւ փոշոտ: 20-րդ դարի դրամատուրգիայի կարեւորագույն իրադարձություններն ու թատերական իրողությունները համարյա թե անցել են մեր թատրոնի կողքով, շրջանցել: Կենդանի արվեստը պետք է բաց լինի նորարարության եւ փորձարարության համար, բայց մեր թատրոնում այդ հովերը գրեթե չեն նկատվում: Ամեն ինչ ավանդական իլիկը պտտելու եղանակով  շարունակվում է տասնամյակ առ տասնամյակ: Թատրոնն իր հանդիսատեսին էլ է ներշնչել հին, դարն ապրած մոտեցումները. շատերը հենց այդպես հնավանդ են պատկերացնում թատրոնը. բեմից պիտի անպայման խիստ գրական խոսք հնչի, որքան էլ դա անբնական լինի և ի վնաս հավաստիության, դերակատարները պիտի գոռան-գոչեն, բուռն կրքերով տապակվեն: Մենք աշխարհում կատարվող պրոցեսներից, շարժումներից հեռու ընկած մի անկյուն ենք, իսկ որ ամենից ցավալին է, չենք էլ գիտակցում դա, այլապես գուցե ինչ-որ կարծատիպեր ու քարացած պատկերացումներ փոփոխելու փորձեր անեինք: Այն խնդիրն էլ կա, որ մեր մշակութային կյանքը Երեւանում (մարզերի մասին խոսելն ավելորդ է) թե՛ հյուրախաղերի, թե՛ դրսի հետ ունեցած շփումների առումով շատ աղքատիկ է:

Աշխարհն այսօր այնքան արագ է փոփոխվում, եւ հայկական անթափանցությունն այդ ամենի հանդեպ, սեփական ունեցածով ու եղածով սահմանափակվելու, բավարարվելու հակումը շատ տարօրինակ են եւ առնվազն այն հանգամանքի վկայությունը, որ մենք չենք ուզում կամ հարկ չենք համարում առաջընթաց ապրել: Լավագույն դեպքում դոփում ենք տեղում կամ կառչում հնից՝ համարելով, որ դա մեր ինքնությունը պահպանելու կարեւոր գործոններից մեկն է: Տխուր է, բայց ներկայացում կամ ֆիլմ նայելիս միանգամից հասկանում ես, որ դա Հայաստանում արված բան է, շատ հաճախ հնոտիության, գավառականության, սահմանափակության դրոշմը անմիջապես նկատելի է: Եթե մենք ուզում ենք նկատելի դառնալ այսօրվա աշխարհում, պիտի ժամանակակից լինենք, դե, իհարկե, ոչ մեր ինքնությունը կորցնելու հաշվին, որովհետև շատերը հանիրավի այս երկուսը հակադրում են իրար, մինչդեռ խոսքը ոչ թե հակադրության, այլ սինթեզի մասին է:

- Վերջին շրջանում շատ են օգտագործում մշակութային հեղափոխություն եզրույթը, սա որքանո՞վ է ճիշտ: Նաեւ ասում են, որ երկրում հեղափոխություն է եղել, բայց մշակութային հեղափոխություն չկա: 

- Անկեղծ ասած, մշակութայն հեղափոխություն կոչվածը ականջիս տհաճ զուգորդություն է առաջացնում Չինաստանի տխրահռչակ մշակութային հեղափոխության հետ: Իսկ եթե խնդրին լրջորեն մոտենանք, մշակութային հեղափոխություն անվանենք, թե այլ կերպ, ի վերջո, էական չէ, դա առաջին հերթին կախված է փոփոխվելու մեր պատրաստակամությունից, նոր իրավիճակին սազական մշակութային քաղաքականություն մշակելու գիտակցումից, հենց մեր գիտակցության մեջ նոր մտածելակերպի, նոր ընկալումների համար տեղ բացելու նպատակամիտումից: Սա վերաբերում է բոլորիս. պետք է դիտորդից, հանդիսատեսից վերածվել գործող անձի:

Տպել
19499 դիտում

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել