Նոր մեծ սկանդալ օպերային թատրոնում. միլիոններ են փոշիացվել (փաստաթղթեր)

Տարիներ առաջ Օպերային թատրոնին կից ստեղծված «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ը թատրոնի անվան տակ հսկայական գումարներ է ստացել, սակայն Օպերային թատրոնի տնօրինությունը վստահեցնում է՝ իրենք այդ գումարներից տեղյակ չեն եւ չգիտեն, թե իրականում ինչի համար են դրանք օգտագործվել:

2014 թվականից ստեղծված հիմնադրամը, որը վերցրել է Օպերային թատրոնի ամբողջական անվանումը՝ ավելացնելով միայն հիմնադրամ բառը, գրանցված է նույն հասցեում: Ավելին՝ հիմնադրման օրից այն կրում է նույն լոգոն, որից վերջին 3 տարում է հրաժարվել Օպերային թատրոնը: «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ չնայած Օպերային թատրոնն ու հիմնադրամը նույն լոգոն են օգտագործել, այն գրանցված չի եղել նաեւ թատրոնի անունով, իսկ հիմնադրամի տնօրինությունը բացման օրից վերցրել եւ գրանցել է իր անունով: Այդ ժամանակ թատրոնի տնօրենն է եղել Անդրանիկ Արզումանյանը, որը թատրոնի անվամբ լոգոյի նոր տարբերանշանը գրանցել է 2 տարի անց՝ 2016 թվականին:

Թատրոնի աշխատակիցները վստահեցնում են՝ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ի՝ առաջին հայացքից անմեղ նպատակներ հետապնդող տարիների գործունեությունն ու Օպերայի անվան տակ տարբեր կազմակերպություններից ու անհատներից կորզված գումարներն օգտագործվել են բացառապես մասնավոր շահի համար եւ բաժանվել մի քանի յուրայինների միջեւ:

Հիմնադրամի 2017 թվականի հաշվետվությունում նշված է թատրոնի վերանորոգման համար ծախսված խոշոր չափի գումար, սակայն թատրոնի անձնակազմը ոչ միայն հերքում է դա, այլեւ նշում, որ անգամ հիմնադրամի գրասենյակի վերանորոգումն է իրականացվել թատրոնի գումարներով։

Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ թատրոնում չկա որեւէ փաստաթուղթ, որը կվկայի հիմնադրամի դրամական նվիրատվությունների կամ որոշակի փոխանցումների մասին: Կիրակոսյանի հավաստմամբ՝ 2017 թվականից՝ ինչ ինքը զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը՝ թատրոնը հիմնադրամի հետ որեւէ առնչություն չի ունեցել:

Այս տարիներին վերջին անգամ թատրոնում վերանորգում իրականացվել է 2017 թվականին, այն էլ միայն 2-րդ հարկի ճեմասրահը: 5 միլիոն 400 հազար դրամ վերանորոգման գումարը թատրոնին է տրամադրել «Արդշինբանկ»-ը։

Տնօրենի ԺՊ-ից հետաքրքրվեցինք՝ գուցե հիմնադրամի միջոցով է այդ գումարն իրենց փոխանցվել, վերջինս ասաց. «Օպերային թատրոնը հիմնադրամի հետ որեւէ առնչություն չունի, բանկը միանգամից փոխանցել է թատրոնին. 2017 թվականից Արդշինը թատրոնի գլխավոր հովանավորն է: Բացի դրանից, եթե իրենք որեւէ գումար փոխանցեին, դա պարտադիր կերպով պետք է հաշվապահությունում ձեւակերպվեր, քանի որ գույքի արժեքի փոփոխություն է կատարվում եւ այլն, դրանք այդպես օդում արվող գործընթացներ չեն կարող լինել»:

Մինչդեռ հիմնադրամի տարեկան հաշվետվություններում գրեթե ամեն տարի նշված է աջակցություն Օպերային թատրոնի աշխատակիցներին: Կիրակոսյանը նաեւ հայտնեց, որ ՊՈԱԿ-ում գոյություն չունի որեւէ փաստաթուղթ, որը կվկայի հիմնադրամի աջակցությամբ թատրոնի վերանորոգման կամ որեւէ աշխատողի դրամական աջակցության մասին: «Եթե մեր աշխատողին օգնություն է ցուցաբերվում, այդ գումարը պետք է նախ փոխանցվի մեզ, որ մենք տանք: Հաշվապահությունը 2014 թվականից ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը, հիմնադրամի հետ կապված ոչինչ չկա»,-ասաց Կիրակոսյանը:

Ըստ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ի azdarar.am-ում ներկայացրած հաշվետվության՝ պատկերը բոլորովին այլ է: Այստեղ գրեթե ամեն տարի հիշատակվում է օպերային թատրոնի աշխատակիցներին տրված ֆինանսական աջակցության մասին, ընդ որում, բավականին մեծ գումարների մասին է խոսքը:

2014 թվական. 27 միլիոն 700 հազար դրամ՝ օգնություն Օպերային թատրոնի աշխատակիցներին, 19 միլիոն 700 հազար դրամ՝ Դասական համերգների եւ միջոցառումների կազմակերպում: Այդ տարվա նշված ֆինանսական աղբյուրներն են «Կադանս» Կամերային երաժշտության կենտրոն՝ 400 հազար դրամ, ՀՀ Կառավարության աշխատակազմ՝ 100 հազար դրամ, ապա 3 միլիոն 213 հազար դրամ, Բիբլոս բանկ ՓԲԸ՝ 27 միլիոն 700 հազար դրամ, Ղ. Տելեկոմ ՓԲԸ ՝ 24 միլիոն դրամ:

2015 թվական. 2 անգամ օգնություն Օպերային թատրոնի աշխատակիցներին, նախ՝ 24 միլիոն դրամ, ապա 4 միլիոն 725 հազար դրամ, Նիկոլայ Մադոյանի մենահամերգի կազմակերպում՝ 743 հազար 600 դրամ, «Օպերային արվեստը Լեռնային Ղարաբաղում» եւ եւս մի քանի ծրագերի համար՝ 1 միլիոն 364 հազար դրամ: Ֆինանասական միջոցները՝ «Երեւան» հիմնադրամ՝ 3 միլիոն 160 հազար դրամ, Ղ.Տելեկոմ ՓԲԸ՝ 24 միլիոն դրամ, Կարեն Դուրգարյան՝ 4 միլիոն 85 հազար, «Թրավելոն» ՍՊԸ՝ 1 միլիոն 800 հազար, Արտակ Հակոբյան՝ 1  միլիոն 590 հազար, Փոքր նվիրատվություններ 115 հազար 713 դրամ:

2016 թվական. հիմնադրամը 12 միլիոն 251 հազար դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրել Օպերային թատրոնի արտիստներին եւ 917 հազար դրամ՝ օպերային արվեստի նկատմամբ հասարակության հետաքրքրությունն ավելացնելու եւ օպերային արվեստի տարածման միջոցառումների կազմակերպում հիմնավորմամբ: Ֆինանսական աղբյուրներ նշված են՝ Ղ. Տելեկոմ ՓԲԸ եւ «Կոնվերս բանկ»:

2017 թվական. Օպերային թատրոնի նվագախմի փորձասենյակների, մեներգիչների հանդերձարանների, բալետային արտիստների, դահլիճների, թատրոնի Ճեմասրահի, ծառայողական տարածքների եւ Օպերային թատրոնի սանհանգույցների վերանորոգում, որի համար ֆինանսավորել է «Կոնվերս բանկ»-ը՝ 3 միլիոն դրամ:

Հիմնադրամի հետ կապված խնդիրների մասին նախկինում մի քանի անգամ բարձրաձայնվել է, նշվել, որ այնտեղ անհասկանալի բաներ են կատարվում, որտեղ գլխավոր դերակատարություն ունի ստեղծման օրից հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը: Վերջինիս անունը շրջանառվում է որպես Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդ։ Հիմնադրամի հետ անմիջական կապ են ունեցել նաեւ Շմավոն Գրիգորյանի հայրը՝ թատրոնի նախկին փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը եւ նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որը երկար ժամանակ զբաղեցրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը:

Թատրոնի աշխատակիցների խոսքով՝ տարիներ առաջ, երբ թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հրաչ Գրիգորյանը (Կլուբնիկ մականվամբ) նրա որդին՝ Շմավոն Գրիգորյանը եւ նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը թատրոնում լիակատար իշխանություն ստացան։ Իսկ ամենազավեշտալին այն է, որ Հրաչ Գրիգորյանը Օպերային թատրոնում ընդամենը 3 օրվա ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ արդեն սկսել է պայմանագրեր կնքել որդու՝ հիմնադրամի տնօրեն՝ Շմավոն Գրիգորյանի հետ։ Ի դեպ, սույն պայմանագիրը ուժի մեջ էր մինչեւ 2019 թվականի մարտի 20-ը: Հրաչ Գրիգորյանն ընդամենը 2 ամիս զբաղեցնելով Օպերային թատրոնի ԺՊ-ի պաշտոնը՝ հասցրել էր որդու հետ բավականին շահավետ «երկկողմանի» պայմանագիր ստորագրել:

Երաժիշտ Լեւոն Ջավադյանը պատմում է, որ 2014 թվականին, երբ վերոնշյալ հիմնադրամի մեկամսյա, սակայն շատերից գաղտնի գործունեությունից հետո թատրոնում աշխատավարձի բարձրացման խնդիր է առաջացել, այդ ժամանակ պարզվել է, որ «Վիվասել ՄՏՍ»-ը թատրոնին տրամադրել է 40 մլն դրամ: Գումարը նպատակաուղղված է եղել աշխատավարձերի բարձրացմանը։ Աշխատակազմը, սակայն, այդ ամենից անտեղյակ էլ մնացել է։

Ավելի ուշ այդ հարցով առաջացած կոնֆլիկտի հետեւանքով թատրոն է հրավիրվել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Կարեն Դուրգարյանի հորդորներով ժողովի ժամանակ որոշվել է  հովանավորչական գումարները թատրոնին տրամադրել հիմնադրամի միջոցով։ Սակայն թատրոնի տնօրինությունը վստահեցնում է, որ ինչպես 40 մլն դրամը, այնպես էլ վերը նշված միլիոնները անհետացել են անհայտ ուղղություններով կամ բաժանվել մի քանի հոգու միջեւ:

Հատկանշական է նաեւ, որ թատրոնի նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ամեն անգամ տարբեր չափի գումարներ է խնդրել հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանից, սակայն հայտնի չէ, թե այդ գումարները իսկապես ստացել է, թե՝ ոչ: Կամ եթե ստացել է՝ փոխանցե՞լ է արդյոք աշխատակիցներին: Այսինչ աշխատակցին տալ, ասենք, 25 հազար դրամ, կամ 40 եւ ավելի դրամ, որպես աջակցություն: Այդպիսի նամակ-դիմումները հարյուրավոր են: Նշենք, որ մեր ձեռքի տակ հայտնված դիմում խնդրանքները հիմանակնում նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանի անունով են ստորագրված:

Լուսանկարում այն դիմումներն են, որոնցով տարբեր տարիների՝ Օպերային թատրոնի նախկին տնօրենները հիմնադրամի տնօրենից գումար են խնդրել՝ թատրոնի աշխատակիցներին աջակցելու համար

Հիմնադրամի հաշվետվության մեջ էլ է նշվում, որ այսքան գումարները հատկացվել են, սակայն աշխատակիցներից շատերի վստահեցմամբ՝ նման բան չի եղել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում աշխատակիցները պատմեցին, որ երբ թատրոնի այն ժամանակվա տնօրեն Անդրանիկ Արզումանյանը լքեց թատրոնը, Շմավոն Գրիգորյանը հաշվապահությունից, մեղմ ասած, հափշտակեց ֆինանսական օգնություն ստացածների բոլոր ցուցակներն ու անհետացրեց դրանք:

Նրանք նշում են, որ այդ ամենը կատարվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, թատրոնի դիրիժոր Կարեն Դուրգարյանի բարձր հովանու ներքո: Այս առնչությամբ հատկանշանական են նաեւ երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանի խոսքերը, ասված 2015 թվականին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում, մեջբերում ենք. «Թատրոնը համենայնդեպս, երեւի մեկ-երկու տարի նվագախումբը գլխավոր դիրիժորի պաշտոն չի ունենա: Ես չեմ ուզում, որովհետեւ գլխավոր դիրիժորը (Կարեն Դուրգարյան) տիրոջ կարգավիճակ էր ստացել, ու մի ձեւ էին գտել, համարենք դա բարեկամություն, յուրայիններ, բայց մարդկանց այդ մի մասը միշտ ստանում էր ավել փողեր ֆոնդի միջոցով եւ այլ ճանապարհներով: Դա կաշառքի մի միջոց էր, որը կոլեկտիվին բաժանում էր մի քանի մասի ու շատ տգեղ մթնոլորտ էր ձեւավորվում թատրոնում: Խրախուսում, անշուշտ, պետք է լինի, բայց պետք է լինի լավ աշխատանքի համար եւ ո՛չ թե յուրայինների համար: Մարդիկ պետք է հասկանան, որ թատրոնում նման երեւույթներ չեն կարող լինել, որովհետեւ թատրոնը պետք է իր գործով զբաղվի, եւ ո՛չ թե նման խարդախություններով»:

Օպերային թատրոնի երգիչներից մեկը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռ այն ժամանակ է Գեղամ Գրիգորյանը ցանկացել, որ Հրաչ Գրիգորյանն ազատվի փոխտնօրենի պաշտոնից, սակայն չի հասցրել անել, քանի որ հիվանդացել է: Գեղամ Գրիգորյանի գործը շարունակել է Կոնստանտին Օրբելյանը՝ հայտնելով, որ Օպերային թատրոնին 5 փոխտնօրեն անհրաժեշտ չէ, եւ որ դա անիմաստ փողերի վատնում է:

«Շմավոնը չարացած է Օրբելյանի վրա, որովհետեւ հորը պաշտոնից է զրել: Հիմա նա ամեն բան ուզում է անել, որ Կարենին հետ բերեն գլխավոր դիրիժոր, բայց դա խայտառակություն կլինի: Կարենը այնպես էր արել, որ ոչ մի դիրիժոր համերգի ժամանակ չափ չտա, մի քանի մանկլավիկների կոմպանիա էր ստեղծել, եւ միայն նրանք էին երգում: Գեղամին իրենք հիվանդացրին, նա չկարողացավ դիմանալ այդ բանդային»,-ասաց երգիչներից մեկը:

Օպերային թատրոնի աշխատակիցները վստահեցնում են՝ Շմավոն Գրիգորյանի նպատակը տնօրենի պաշտոնին տիրանալն է. «Նրանք թիմով բանդիտներ են, գիտե՞ք քանի ներկայացում են տապալել, դա  անարդար բան է հանդիսատեսի հանդեպ, մշակույթ, թատրոն սիրող մարդը նման բան չի կարող անել: Նրանք ամեն ինչի ընդունակ են, միայն թե ղեկավարեն, բայց ինչը ղեկավարեն, ինչպես ղեկավարեն, դա մեծ հարց է: Այսօրվա երկրում նման մարդիկ իրավունք չունեն ղեկավարելու: 20 տարի Դուրգարյանը ղեկավարել է, ու՞ր հասցերց թատրոնը»:

Հիմնադրամի գումարների, մասնավորապես, 2017 թվականին թատրոնի վերանորոգման համար ծախսված միլիոնների  եւ աշխատակիցների անունով դուրս գրված փաստաթղթերի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցեց հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի հետ:

«Կարինե Կիրակոսյանն ասում է, որ մենք թատրոն ՊՈԱԿ-ին գումար չենք փոխանցել, ճիշտ է ասում, նման բան չկա, մենք թատրոնի հաշվեհամարին գումար չենք փոխանցել: Դա միտումնավոր է արվել, մենք չենք վստահել մեր գումարները ոչ մի պետական կառույցի: Արտիստներին մենք գումար ենք փոխանցել իրենց հաշվեհամարներին»,- ասաց Շմավոն Գրիգորյանը: Սակայն Օպերային թատրոնի երգչուհիներից մի քանիսը մեր զրույցում վստահեցրեցին, որ բազմիցս անվճար երգել են հիմնադրամի կազմակերպած համերգներին եւ գուցե մեկ անգամ որոշակի չնչին գումար ստացած լինեն, բայց ոչ ավելի:

Ինչ վերաբերվում է 2017 թվականին Օպերային թատրոնի շենքի վերանորոգմանը, ապա Շմավոն Գրիգորյանը խոստովանում է, որ դարձյալ որեւէ փաստաթուղթ չունեն, քանի որ հովանավորներից գումարը վերցրել եւ իբր փոխանցել են շինարարական ընկերություններն. «Մենք պատասխան հաշվետվություն չենք ուզել, ուղղակի ուզել ենք ստացական, որ մեր տրամադրված գումարի չափով շինանյութ են ստացել»: Մեր դիտարկմանը, թե օպերային թատրոնից հայտնում են, որ 2017 թվականի շինարարությունը «Արդշինբանկ»-ի հովանավորությամբ է արվել, Շմավոն Գրիգորյանը չբացառեց, սակայն նշեց, որ լինելով թատրոնի արտիստ, երբեւէ այդ բանկի հետ համագործակցության մասին չի լսել:

Տպել
15085 դիտում

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը