Սահմանադրական դատարանի հեղինակությունը միշտ Քոչարյանն է ոտքի տակ տվել ու անցել առաջ․ Սեդա Սաֆարյան

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ ՍԴ որոշումն, այսպես ասած, «ինքն իր համար» որոշում էր։

Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ Քոչարյանի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց հակասահմանադրական եւ անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: Որոշման եզրափակիչ մասը կարդաց ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորներ Արման Դիլանյանն ու ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հատուկ կարծիք են հայտնել։

Այս որոշումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդում էր, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անհապաղ պետք է վերացվի եւ որ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը, իսկ նրանց ընդդիմախոս փաստաբանները պարզաբանում էին, որ այս որոշումը առնչություն չունի Քոչարյանի եւ նրա կալանավորման հիմքերի հետ։

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ն չի կարող Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը այդ ձեւաչափով՝ Սահմանադրության 61, 63, 27 հոդվածների  իմաստով հակասահմանադրական եւ անվավեր ճանաչել, որովհետեւ 35 հոդվածում չկա մի այնպիսի հիմք, որը վերաբերելի լինի Ռոբերտ Քոչարյանին: Նշենք, որ Սահմանադրության սույն հոդվածները սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունք:

«Ես ուղղակի կուզենամ, որ ՍԴ որոշումը ստացված լիներ, եւ մենք կարողանայինք հասկանալ, թե այս 35-րդ հոդվածի եւ անձի դատարան դիմելու իրավունքի միջեւ ինչ խախտում կա, ինչ է նշանակում, քանի որ 35-րդ հոդվածում կարգավիճակին վերաբերող դրույթ չկա, թե խախտվել է նրա դատարան դիմելու իրավունքը»,- ասաց Սաֆարյանը՝ շարունակելով, որ Քոչարյանն այս ամբողջ ընթացքում օգտվել է բացարձակապես անսպառ դատարան դիմելու, անսպառ կայացված որոշումները բողոքարկելու, Եվրոպական դատարան դիմելու իրավունքից, եւ չի էլ ասել, որ իր՝ այդ իրավունքների խախտում կա:

«Այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ անհամադրելի է սահմանադրական նորմերի եւ քրեական դատավարության համապատասխան նորմի միջեւ առկա հակասության արձանագրումը: Եվ շատ եմ ուզում, որ նույն անձի անձեռնմխելիության տեսանկյունից, անձնական ազատության տեսանկյունից վերլուծություն կատարվի, որովհետեւ, ըստ իս, նորություն ասած չեմ լինի, որ հիմնավոր կասկածի առկայության պայմաններում անձի նկատմամբ, այսինքն՝ նույն Քոչարյանի նկատմամբ, ընտրվել է խափանման միջոց, ինչը նորմալ, իրավաչափ սահմանափակում է նրա ազատությունը։ Նրան չեն տարել՝ ոստիկանությունում օրերով պահել, որ ասենք՝ գիտեք, թույլ է տրվել անձնական ազատության սահմանափակում»,- մեկնաբանեց Սեդա Սաֆարյանը։

Նա ասաց, որ հինգ փաստաբանով հավաքվել, քննարկել են, ոչ մեկը չի կարողացել պարզաբանել, թե այդ 35-րդ հոդվածը, որը նախատեսում է հանցակազմի, հանցադեպի բացակայություն, վաղեմության կիրառում, վաղեմության ժամկետի լրացման հետեւանքով քրեական հետապնդումը բացառող հանգամանքի արձանագրում եւ այլն, ի՞նչ կապ ունի Քոչարյանի հաստատված, հիմնավորված մեղադրանքի հետ. «Առավել եւս անձեռնմխելիության գործառույթի վերաբերյալ, կարծում եմ, մեր Սահմանադրությունը 56.1 հոդվածում հստակ սահմանել է, որ իր կարգավիճակից չբխող գործողությունների համար անձը պատասխանատվություն կրում է: Եվ Վճռաբեկ դատարանն էլ արձանագրել է, որ անձեռնմխելիության ինստիտուտը կոնկրետ Քոչարյանի նկատմամբ կիրառելի չէ»:

Սաֆարյանի խոսքով՝ այն, ինչ արեց ՍԴ-ն, տպավորություն է ստեղծում, որ ՍԴ որոշ անդամներ որոշել են Քոչարյանին ինչով հնարավոր է՝ օգնել, ինչքան հնարավոր է՝ օգնել, ու այս որոշումը այդ «ինչքան հնարավոր է՝  օգնելու» մի դետալն է, որի որոշ նախադասություններ հետո արդեն կդառնան պաշտպանական կողմի համար շահարկումների հիմք:

«Կոնկրետ Սահմանադրական դատարանի եւ նրա խափանման միջոցի, արարքի որակման եւ այլնի հետ կապված որեւիցե կապ չկա, էլ չեմ՝ ասում, որ եթե Սահմանադրական դատարանը գտնում էր, որ 35 հոդվածում ինչ-որ բաց կա, որը որեւէ խավի իրավունքի սահմանափակում է, պայմանականորեն, անգամ եթե ինքը դա ճիշտ չի գտնում, համենայն դեպս գտնում է, որ պետք է 35 հոդվածում տարանջատված լինի հատուկ կարգավիճակով անձը եւ սովորական անձը, ապա պիտի դիմեր ՍԴ եւ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկ աներ»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն Սահմանադրությունն արդեն մի հոդվածով հստակեցրել է պաշտոնատար անձի անձեռնմխելիության հարցը, եւ այլեւս Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում դրա կարիքը չկա՞, Սաֆարյանը պատասխանեց, որ իհարկե, կարիքը չկա, բայց եթե պայմանականորեն ընդունենք, որ Դատարանը գտնում էր, որ պետք է լինի կամ պիտի դառնա քննարկման առարկա, պետք է շատ լուրջ հիմք ներկայացներ:

«Օրինակ, եթե պաշտպանները դիմեին դատարան կամ վարույթն իրականացնող մարմնին եւ ասեին՝ խնդրում եմ կարճեք մեղադրանքը,  որովհետեւ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կան բազմաթիվ նորմեր, որոնք կիրառելի են իր գործով, սակայն վարույթն իրականացնող մարմինն իրենց մերժած լիներ, քանի որ 35-րդ հոդվածում հատուկ կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ նշում չկա, այդ հիմքով մերժում են, ես սա կարող էի հասկանալ, ասել տեսեք՝ իրավապահ մարմինները այդ բացը կարեւորել են եւ երեւի թե այդ բացը ուղղելու խնդիր կա: Բայց նրանք երբեւէ նման հիմքով մերժումներ չեն ունեցել եւ, ընդհանրապես, երեւի թե դա բացարձակապես կարեւոր էլ չէ, որովհետեւ 35-րդ հոդվածն ինքը նախատեսում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, ինչը Քոչարյանի գործով բացակայում է»:

Մեր դիտարկմանը, որ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ՍԴ որոշման հրապարակումից հետո փորձում էր ցույց տալ Քրդատ օրենսգրքի 35-րդ եւ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածների (այս հոդվածը ՍԴ-ն ճանաչել էր սահմանադրական) կապը եւ բացատրել, որ խախտվել է Քոչարյանի անձնական ազատության իրավունքը, Սեդա Սաֆարյանն արձագանքեց.

«Ես չգիտեմ՝ ինքն ընդհանրապես ոնց է կապը տեսնում, կապը տեսնողը պիտի այդ կապը սահմանի: Ես սահմանում չտեսա: Իրենք 35-ից խոսում են, ոչ մի հիմքից չեն խոսում, հետո անցնում են սահմանադրական նորմերին: Բոլորս էլ գիտենք, որ կան անձի ազատության, դատական պաշտպանության սկզբունքներ, բայց դրանք ի՞նչ կապ ունեն Քոչարյանի գործի հետ, Քոչարյանի գործով կիրառելիության հետ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Քոչարյանն օգտվում է Սահմանադրությամբ նախատեսված Դատական պաշտպանության իրավունքից, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքից եւ արդար դատաքննության իրավունքից։ Այս տեսանկյունից՝ մեր զրուցակիցը սահմանադրական նորմերի հետ 35-րդ հոդվածի հակասահմանադրականության կապը չի տեսնում. «Ցանկալի է, որ ՍԴ որոշումը ստանանք, տեսնենք՝ ինչպես են ապահովել այդ կապը, ինչպես են շարադրել, ինչպես են վերլուծել, եթե շատ խելոք վերլուծություն կլինի, կողջունենք, եթե խելոք վերլուծություն չլինի՝ կդատապարտենք»:

Անդրադառնալով Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի այն պնդմանը, թե բոլորը պարտավոր են կատարել ՍԴ-ի որոշումը եւ, ըստ իրեն, կալանքից ազատել Քոչարյանին, Սեդա Սաֆարյանն ասաց, որ դատարանը պարտք չունի անդրադառնալ ՍԴ-ի որոշմանը. «Թող դիմեն ԱԺ, ԱԺ-ում օրենսդրական փոփոխություններ անեն, դա չի կարող խափանման միջոցի հետ կապված որեւէ ազդեցություն ունենա։ Ես նայել եմ իրենց փաստաբանների ելույթները եւ կարծում եմ, որ իրենք էլ են ինձ հետ համակարծիք։ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ 2004-ին վստահության հանրաքվեի վերաբերյալ որոշումը չէր կատարում եւ համառորեն չկատարեց։ Թող ՍԴ-ն դրա մասին մտածի, որ իր հեղինակությունը միշտ Քոչարյանն է ոտքի տակ տվել ու անցել առաջ»։

Ինչ վերաբերում է ՍԴ երկու անդամների՝ Արման Դիլանյանի եւ Ֆելիքս Թոխյանի՝ ՍԴ որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներին՝ Սեդա Սաֆարյանն ասաց, որ ընդամենը կարող է ենթադրել, որ երկու դատավորները կարող են անհամաձայնություն ունենալ 35-րդ հոդվածի կապակցությամբ արված մեկնաբանության հետ. «Այդպես եմ մտածում, որովհետեւ առողջ իրավաբանները չեն կարող այդպիսի կապը տեսնել: Ես շատ եմ ուզում, որ առողջացման գնան ՍԴ անդամների գործառույթները, եւ իրենք կարողանան առողջ մտածել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին աշխատում է իր հատուկ կարծիքի վրա, իսկ մինչ դրա հրապարակումը ձեռնպահ կմնա ՍԴ՝ նախօրեին կայացրած որոշման վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալուց։

Դիլանյանն ասաց, որ իր հատուկ կարծիքը կհրապարակի նախատեսված տասը օրից ավելի շուտ։ Դատավորը պարզաբանեց, որ դատավորի հատուկ կարծիքը երկու տեսակի է լինում՝ համընկնող, երբ դատավորը համաձայն է որոշման եզրափակիչ մասի հետ, սակայն դրա պատճառաբանական մասի հետ՝ ոչ, եւ չհամընկնող, երբ դատավորը համաձայն չէ ամբողջ որոշման հետ։ Թե իր հատուկ կարծիքն ինչպիսին է՝ Դիլանյանը չպատասխանեց՝ նշելով, որ իր ցանկացած կարծիք ուղղակիորեն կապ ունի որոշման հետ, դրա համար ձեռնպահ կմնա որեւէ մեկնաբանությունից՝ առաջնորդվելով ՍԴ մասին օրենքով սահմանված՝ դատավորների վարքագծի կանոններով։

Դատավորից հետաքրքրվեցինք՝ նախկինում եղե՞լ է դեպք, երբ Դատարանը խնդիր է տեսել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ: Ի պատասխան՝ Դիլանյանն ասաց, որ, ըստ էության, նման որոշում պրակտիկայում չի եղել։

Դատավորի խոսքով՝ որոշման մեկնաբանության եւ մնացյալ հարցերի վերաբերյալ պատասխանները կլինեն առաջիկայում հրապարակվելիք իր հատուկ կարծիքում։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող եւ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական դատարանին խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին:

Տպել
3847 դիտում

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն