Երկրի հակառակ կողմը (2008-08-02)

04/10/2010 schedule10:38

Սկիզբը` նախորդ համարներում 53. երազանքների բարի փերի Յուրաքանչյուր ոք գոնե մի անգամ պետք է իրեն մենակ զգա` օվկիանոսի վրա։ Դա օգնում է, օգնում է ամենակարեւորում, որ մարդը նկատի ամենագլխավորը, հիմնականը։ Մենք այնքա~ն շատ բան չենք նկատում ու նկատելիս զարմանում։ Իսկ այն, ինչ օվկիանոսը պարտադրում է գիտակցել, առօրյա կյանքում չես էլ նկատի։ Օվկիանոսում էլ հեշտ չէ դա նկատել. պետք է մենակ զգաս քեզ եւ հեռու բոլորից` ազատ լինես կեղծելու որեւէ շարժառիթից, եւ օվկիանոսը քեզ կասի... Չէ, ոչինչ էլ չի ասի, դու ինքդ կնայես օվկիանոսին եւ կհասկանաս. - Չնչի~ն, չնչի~ն արարած, որքա~ն աննշան ես դու եւ որքա~ն ծիծաղելի։ Եւ գիտե՞ս ինչն է ծիծաղելի դարձնում քեզ։ - Չգիտեմ։ - Չգիտակցվածությունը։ - Այսի՞նքն։ - Այսինքն` այն, որ դու չես գիտակցում սեփական ոչնչությունդ։ Դա այնքան ծիծաղելի է... - Իսկ եթե գիտակցո՞ւմ եմ... - Այդքան արա՞գ։ - Ենթադրենք։ - Ուրեմն ի՞նչ ես զգում դու։ Ի՞նչ եմ զգում ես։ Ինչպիսի՞ն է սեփական ոչնչության գիտակցումը. երանելի, երանելի զգացողություն, որից ուզում ես պինդ կառչել, որ այն չլքի քեզ, մշտապես մնա քեզ հետ։ Որքան հեշտ է ապրելը, որքան քաղցր է Ազատությունը։ Ազատությունը հենց սեփական ոչնչության գիտակցումն է։ Ինչպե՞ս են մարդուն ստրուկ դարձնում, դարձնում ստորաքարշ ու եղկելի։ Մեզ ուղղակի սպառնում են, սպառնում են վնասել, խոշտանգել, վարկաբեկել, վերացնել ի վերջո։ Եւ դա մեզ մտահոգում է, որովհետեւ մենք չենք գիտակցում սեփական ոչնչությունը։ Մեզ թվում է, թե ահա` երկրագունդը պտտվում է մեր շուրջ, որ աստղերը փայլում են մեզ համար, եւ որ նրանք կմարեն մեզ հետ միասին։ Եւ մենք կռանում ենք սեփական անձի կարեւորության զգացման բեռի տակ, հետո քայլում չորեքթաթ ու հետո դառնում սողուն։ Սեփական անձի ոչնչության գիտակցումը թեթեւացնում է, ահա այնքան թեթեւ ես, որ ուր որ է կթռչես, եւ զեփյուռը քեզ կծածանի օվկիանոսի վրա, որպես դրոշակ, որպես Ազատության դրոշակ, ու դու կծածանվես բարձր, ավելի ու ավելի բարձր, աննկարագրելիորեն բարձր. - Օվկիանո~ս, Օվկիանո~ս, ես այնքան պատրաստ եմ տառապանքի եւ մահվան... - Ուրեմն դու պատրաստ ես խիզախումի... - Իսկ ի՞նչ է խիզախումը, Օվկիանո~ս։ - Հավատարիմ մնալ ծագմանդ եւ ճակատագրիդ։ - Իսկ ո՞րն է ծագումը, Օվկիանո~ս... - Աստված քեզ Ազատ ստեղծեց... - Իսկ ո՞րն է ճակատագիրը, Օվկիանո~ս... - Ծագումն է ճակատագիրը... - Ես այնքա~ն պատրաստ եմ տառապանքի եւ մահվան... - Ուրեմն դու պատրաստ ես ապրելու, ուրեմն դու պատրաստ ես հաղթելու... - Ես ոչնչություն եմ, Օվկիանո~ս... - Ուրեմն Ազատ ես դու... *** Ֆրեդին դիմել էի եւս մեկ խնդրանքով. երբ հեռու կլինեմ Փարիզից, մի որեւէ պատահական ինտերնետ-ակումբում բացել իմ էլեկտրոնային փոստը եւ այնտեղ եղած վերջին նամակները վերցնել եւ ուղարկել ինձ` նոր հասցեով։ Հին հասցեն ինքս չէի կարող բացել, որովհետեւ դա ինձ հետապնդողներին հնարավորություն կտար որոշել իմ գտնվելու կոնկրետ վայրը։ Իսկ երբ Ֆրեդը բացեր իմ հասցեն, դա արդեն կլիներ Ֆրեդի գտնվելու վայրը։ Նա կատարել էր իմ խնդրանքը, եւ ես նրանից նամակներ ստացա։ Իր կողմից Ֆրեդը տեղեկացնում էր, որ «Սորոսը գումարը փոխանցել է»։ Ապա գալիս էր մի նամակ, որի հեղինակը դուստրս էր` Մարիամը։ Նամակը հետեւյալն էր. «Պապ ջան, բարեւ։ Գիտե՞ս, երկու հատ կրիա ունենք, մի հատ էլ շուն։ Շանը Իջեւանի բակում ենք պահում։ Այդ շանը մեզ տվել է մի տղա։ Այդ տղան շանը գրկած ման էր գալիս, ես ասացի` այս ինչ լավ շուն ա։ Նա ասաց` տանում եմ կորցնեմ, ես նորը ունեմ, եթե ուզում ես, վերցրու, եւ ես վերցրեցի նրան։ Նա ձագ է։ Երբ տատը իմացավ, ասաց` տար նրան, եւ ես քիչ էր մնում լացեի։ Ես նրան տարա։ Մյուս օրը գնացի նրան տեսնելու։ Պապիկը հարցրեց` այդ ո՞ւր ես գնում։ Ես ասացի` շանը տեսնելու։ Նա ասաց` ի՞նչ շուն, բեր տեսնեմ։ Շունը փողոցում էր, եւ ես նրան բարձրացրեցի, որ պապիկը տեսնի։ Նա ասաց` ինչո՞ւ ես փողոց գցել, բեր այստեղ պահի։ Ես ասացի` բայց տատը չի թողնում։ Նա ասաց` տատի թողնելով չի, եւ ինքն ու տատը կռվեցին, եւ շունը հիմա` հենց հիմա, չուլանում քնած է։ Պապ, կարող է քեզ դուր չգա, բայց իմ ուրախությանը չափ չկա։ Ունեմ երկու կենդանի, ունեմ պապա, մամա, տատիկներ եւ պապիկ»։ Ահա այսպիսի նամակ էր։ Զգացմունքները ալեկոծում էին ինձ. մեկ արցունքները ծածկում էին աչքերս, մեկ ծիծաղը փառավորում էր հոգիս։ Ու ես սկսեցի մտածել, մտածել իմ զավակների մասին։ Նախ մտածեցի Մարիամի մասին, մտածեցի ու էլի մտածեցի. ու այս մտածումները երջանկացրին ինձ։ Հետո մտածեցի Աշոտի մասին, երկար մտածեցի Աշոտի մասին։ Հետո մտածեցի փոքրիկ Շուշանի մասին, որը փաստացի ծնվել է Ազատության հրապարակում եւ որը դեռ չի ճանաչում ինձ։ Հետո մտածեցի այն որդուս մասին, որը դեռ չի ծնվել, որը դեռ պետք է ծնվի, որի անունը դեռ տարիներ առաջ եմ որոշել։ Հետո մտածեցի Դավիթի մասին։ Հետո մտածեցի Սիփանի մասին, որը իշխանական մի միջոցառման փաստաթղթերի արանքները հանրահավաքի թռուցիկներ էր թաքուն խցկել, ու երբ իշխանավորները բացել էին իրենց թղթապանակները, այնտեղ նախ տեսել էին թռուցիկներ։ Հետո մտածեցի ընկերներիս զավակների մասին. նախ մտածեցի Ղեւոնդի մասին ու նրա քրոջ` Հերմինեի մասին, որը դպրոցական լինելով` արդեն հասցրել էր բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք` եղբոր` Թեւոսի հետ։ Թեւոսի մասին չմտածեցի, որովհետեւ Թեւոսը մեծ է արդեն։ Հետո մտածեցի Ռոբերտի մասին։ Հետո մտածեցի Աբուլի մասին։ Հետո մտածեցի բանտում գտնվող իմ մյուս եղբայրների երեխաների մասին, որոնց կա՛մ չեմ ճանաչում, կա՛մ անունները չեմ հիշում։ Հետո մտածեցի Ծովինարի մասին, որին չեմ ճանաչում, բայց որի բանաստեղծությունը կարդացել եմ «Առավոտ» թերթում եւ անունն էլ հիշում եմ այստեղից։ Հետո մտածեցի Պետոյի մասին, որը բոլորիս լացացրեց իր ելույթով։ Հետո մտածեցի Մարիամի ու Վագուսի մասին։ Հետո մտածեցի Լեւոնի, Հրաչի, Արեգի ու Նարեի մասին։ Հետո մտածեցի Շողերի մասին, որը մի օր «կորել» էր. ես կյանքում չեմ մոռանա Մհերի դեմքը այդ պահին։ Հետո մտածեցի Հրայրի, Տաթեւի ու Նարեկի մասին։ Հետո մտածեցի Ասպրամի մասին։ Հետո մտածեցի Շուշանի մասին։ Հետո մտածեցի Լեւոնի, Հակոբի եւ Լուսինեի մասին։ Հետո մտածեցի Բենոյի մասին, Հայկուհու ու Անահիտի մասին։ Հետո մտածեցի Մերիի, Աշոտի ու Վալոդիկի մասին։ Հետո մտածեցի Նարեկի ու Սարինեի մասին։ Հետո մտածեցի Նվերի մասին։ Հետո մտածեցի Ռաիսի մասին, որի նվիրած խաչը այս պահին էլ հետս է։ Հետո մտածեցի Լիանչիկի մասին։ Հետո մտածեցի Հրաչի ու Վահեի մասին։ Հետո մտածեցի Միլենայի մասին։ Հետո մտածեցի Վահագի ու Հեբոյի մասին։ Հետո մտածեցի Նարեկի ու Միսուլի մասին, որոնց պապիկը հինգ ամիս անցկացրեց բանտում։ Հետո մտածեցի Արամի, Աննայի ու Գոռի մասին։ Հետո մտածեցի Արաքսի մասին։ Հետո մտածեցի Աբգարի ու Արմենակի մասին։ Հետո մտածեցի Լյովիկի մասին։ Հետո մտածեցի Վահագի ու Կիմուշի մասին։ Հետո մտածեցի Գուգուլի մասին։ Հետո մտածեցի Լյուբիկի ու Արաքսի մասին։ Հետո մտածեցի Թամարիկի, Միլենայի ու Ալեսիայի մասին։ Հետո մտածեցի Սոֆիի մասին։ Հետո մտածեցի Գրիգորի մասին։ Հետո մտածեցի Սենոյի եւ Աղունիկի մասին։ Հետո մտածեցի Սեւադայի ու Անահիտի մասին։ Հետո մտածեցի Վիկայի ու Անիի մասին։ Հետո մտածեցի Ռաֆայելի մասին։ Հետո մտածեցի Էդիլի մասին։ Հետո մտածեցի Գրիշիկի մասին։ Հետո մտածեցի Գոհարիկի ու Աստղիկի մասին։ Հետո մտածեցի Ռոբերտի մասին։ Հետո մտածեցի, թե որքան քիչ ծանոթ ունեմ երեխաների մեջ։ Հետո հիշեցի «Արեւիկ» խմբի երեխեքի մասին, որոնց երգը տասն օր շարունակ հնչում էր Ազատության հրապարակում։ Հետո հիշեցի, որ ծնվել եմ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը. մտածեցի երեխաների մասին։ - Նրանք ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում,- ինքս ինձ խոստացա ես։ 54. երազախաբություն` բաց աչքերով Պառկել էի մի տապճակի ու փորձում էի հաղթահարել ներվայնությունս։ Իսկ ներվային էի ֆուտբոլի, ավելի ճիշտ` ֆուտբոլային անհեթեթության պատճառով, որ մատուցում էին Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Ռայմոն Դոմենեկը եւ Իտալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Դոնադոնին։ Քիչ առաջ դիտել էի Ֆրանսիա-Իտալիա խաղը, որ ավարտվել էր վերջինիս հաղթանակով ու նրա կողմից մեկ քառորդի ուղեգրի նվաճումով։ Բայց էն գլխից էլ հասկանալի էր, որ Իտալիան էլ է հետեւելու Ֆրանսիայի օրինակին ու երկար չի ձգի Եվրոպայի առաջնությունում։ Բայց խնդիրը սա չէր, ոչ էլ հավաքականների ցույց տված անհեթեթ խաղը այս եւ նախորդ հանդիպումների ժամանակ։ Իտալիայի հավաքականի ջերմեռանդ երկրպագու չեմ, ոչ էլ Ֆրանսիայի։ Պարզապես այս հավաքականների մարզիչները անհավանական մարմնավորումն են խորհրդային մի հին անեկդոտի։ Կոմկուսի առաջնորդ Բրեժնեւի բարեկամը գնում է նրա մոտ ու խնդրում իրեն մի հեշտ գործի նշանակել։ Բրեժնեւը հարցնում է նրան, թե ինչ գործ է ուզում, ինչ նկատի ունի` հեշտ գործ ասելով։ Բարեկամն էլ մտածում, մտածում է ու ասում. «Դե, էն, որ նվագախմբի առաջ կանգնում, ձեռքերը թափ են տալիս»։ Հիմա` Դոմենեկին ու Դոնադոնիին հեշտ գործ են գտել։ Բայց քարը իրենց գլուխը, վիրավորականը սա չէ, այլ այն, որ այնպիսի հայացքով են նայում խաղադաշտին, կարծես հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սա ուղղակի վիրավորական է ֆուտբոլասերի համար։ Ես նախասթրեսային վիճակում էի, բայց այդ ժամանակ դեռ չգիտեի, որ սթրեսս ավելի է խորանալու մեկ-երկու շաբաթից, երբ պարզվի, որ Իտալիայի հավաքականի տապալումից հետո Դոնադոնին չի ցանկանում հրաժարական տալ։ Սա դեռ ոչինչ, գրեթե ինֆարկտ էի ստանում, երբ կարդացի, թե Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է Դոմենեկին թողնել իր պաշտոնին։ Այդ ժամանակ մտածում էի մի նամակ գրել Իզաբելին, գրել` Իզաբել ջան, քո ցավը տանեմ, Նիկոլյայիդ կյանքին մեռնեմ, ուտեմ Մեմեի սիրտը, մի արեք էդ բանը, տշեք էդ Դոմենեկին, դա ինֆարկտի ճանապարհով ցեղասպանություն կառաջացնի ֆուտբոլի երկրպագուների շրջանում։ Իզաբել ջան, աշխարհասփյուռ ֆուտբոլային հանրության անունից խնդրի Մեմեին, թող նա էլ համոզի Նիկոլյային` ռադ արեք էդ Դոմենեկին։ Բայց մինչ մտածում էի` գրեմ, թե չգրեմ, ստացվեց գույժը` Դոմենեկին հաստատել են Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ես ակնապիշ հետեւում էի լուրերի թողարկումներին` հույս ունենալով, որ այս որոշումը Փարիզում զանգվածային անկարգություններ կհարուցի։ Բայց, երեւում է, խեղճ ֆրանսիացի ֆուտբոլասերները դեպրեսիայի մեջ են, ու ոչ ոք չի կարողացել փողոց դուրս գալ` բարձր ճնշման պատճառով։ Բայց սա հետո էր, այդ ժամանակ ես Ռուսաստանում էի։ Իսկ նավի վրա առանց այդ էլ ներվայնությունը փոթորկում էր հոգիս։ Գոնե մեկը լիներ` այս թեմայով բանավիճեինք, կռվեինք` լիցքաթափվեինք։ Բայց նավի վրա հնարավոր չէ բանավիճել Դոմենեկի կամ Դոնադոնիի մասին, որովհետեւ այս թեմայով ցանկացած բանավեճ տեւում է ամենաշատը 20 վայրկյան, եւ բանավիճող կողմերը արձանագրում են, որ լիովին համամիտ են եւ բառացիորեն նույն բանն են մտածում Դոմենեկի եւ Դոնադոնիի մասին։ Եւ ահա, նավի ուղեւոր ֆուտբոլասերները ամենքը մի տեղ կուչ են եկել ու կրծում են իրենք իրենց։ Բա էդ Լուկա Տոնին. ես զարմանում եմ, ինչպես է այդ տղան եղել Իտալիայի առաջնության ռմբարկու, հետո էլ Բունդեսլիգայի ռմբարկու. ախր նա գոլի տեղը չգիտի, ախր նա միայն ծուռ խփելու եւ խաղից դուրս հայտնվելու մասնագետ է։ Ահա այսպիսի ծանր մտածումներից հետո աչքերս փակել, փորձում էի հանգստանալ, երբ լսեցի կանացի մի ձայն. - Փորձում եք օրիգինա՞լ երեւալ,- հարցնում էր ձայնը։ Ես զարմացա, որովհետեւ եթե փորձեի օրիգինալ երեւալ, պիտի չներվայնանայի Դոմենեկի եւ Դոնադոնիի վրա, այլ պիտի փորձեի արդարացնել նրանց։ Բայց ձայնը դա նկատի չուներ. նրա ուշադրությունը գրավել էի, քանի որ չէի տրվել Պաուլային սիրահետելու համընդհանուր հոգեխանգարմունքին։ Ձայնը հենց Պաուլայինն էր։ Բացեցի աչքերս, նա կանգնած էր իմ դիմաց։ Սեւ մազերը ջրվեժի նման ալիքվում էին ուսերի վրայով, մուգ ակնոցները անթափանց էին դարձնում նրա հայացքը։ Հագին մետաքսե սպիտակ լողազգեստ էր, եթե «զգեստ» արմատը տվյալ դեպքում պատեհ կարող է համարվել։ Զգեստը, ընդհանրապես, մերկությունը ծածկելու համար է, իսկ այս լողազգեստը ընդգծում էր մերկությունը։ Լողազգեստի կրծկալը, որ, ավանդույթի համաձայն, ծածկում էր նրա կրծքերի գագաթները միայն, ցանցավոր էր եւ ցուցանում էր իր տակ եղած ամեն ինչ։ Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել մի քանի գանգուրներ, որոնք ասես հարցնում էին` կռահիր, թե ինչ կա այստեղ։ Պաուլան ցուցադրում էր թեւերի տակ աճած հատուկ չափի կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էին։ «Սա երեւի նոր մոդա է»,- մտածեցի ես։ Նրա ձեռքին մի բաժակ կար. ինչ-որ կոկտեյլ էր խմում։ - Փորձում եք օրիգինա՞լ երեւալ. դա որոշակիորեն ստացվում է,- ասաց նա։ Ես արդեն հաղթահարել էի նախնական շփոթվածությունս ու պատասխանեցի. - Ամեն մարդ օրիգինալ երեւալու իր մեթոդն ունի։ Պաուլան հասկացավ, որ իրեն եմ ակնարկում. - Ուրեմն` սարը սարին չի հանդիպի,- ասաց նա ու շրջվեց։ Հեռանում էր, եւ ամեն քայլի հետ նրա հետույքը ցնցվում էր դոնդողի նման։ - Պաուլա, ի՞նչ եք խմում,- ըստ ամենայնի ինքնատիրապետումս կորցնելով` հարցրեցի ես ու վեր կացա։ Նա կանգ առավ ու շրջվեց. - Անունս գիտեք. նշանակում է` այնքան էլ օրիգինալ չեք, որքան փորձում եք երեւալ։ Մարգարիտա, կոկտեյլի անունը Մարգարիտա է։ - Դեմ չե՞ք, եթե ձեզ ընկերակցեմ։ - Դեմ չեմ,- ասաց նա։ - Կաբալիեռո~, ունո Մարգարիտա, պոռ ֆավոռ,- պատվիրեցի ես, ու մենք կողք կողքի նստեցինք մոտակա տապճակներին։ Ավելի ճիշտ` պառկեցինք` թիկնակները պարզապես բարձր պահելով. այդպես հարմար է զրույցի համար։ Պաուլան նրբորեն վերցրեց իմ ձախ ձեռքը եւ ուշադիր սկսեց զննել ամուսնական մատանիս. - Ես մի քանի վարկածներ եմ քննել, բայց դրանցից ոչ մեկը արժանահավատ չեն թվում։ - Վարկածնե՞ր։ Ինչի՞ մասին,- հարցրի ես` ձեռքս ետ բերելով։ - Ձեր մասին` մի պահ մտածեցի գեյ եք. բայց ոչ ոքի չսիրահետեցիք։ Հետո ինձ թվաց, թե իմպոտենտ եք, բայց մի տեղ կարդացել եմ, որ իմպոտենտները ավելի ագրեսիվ են սիրահետում։ Եթե այդպես չէ, ինչո՞ւ պիտի իմպոտենտը հայտնվեր այս միջավայրում. դա նրա համար նվաստացուցիչ պիտի լիներ։ Հետո մտածեցի, թե փախել եք ընտանեկան ահավոր սկանդալից եւ փորձում եք կամաց-կամաց ուշքի գալ. բայց ինչ-որ երկար է տեւում ձեր վերակենդանացման պրոցեսը։ Դուք ատո՞ւմ եք կանանց. չնայած, այն, որ գիտեք իմ անունը, եւ այն, որ ինձ հրավիրեցիք զրույցի, նշանակում է` որոշ հետաքրքրություն, այնուամենայնիվ, ունեք։ - Այո, ինձ հետաքրքրում է ձեր խաղը, ես հետեւում եմ դրան ֆուտբոլային երկրպագուի մոլուցքով։ Ուղղակի վատն այն է, որ չգիտեմ հաշիվը,- ասացի ես։ - Ինչի՞ հաշիվը։ - Ձեր խաղի։ - Իմ խաղի՞. ի՞նչ նկատի ունեք։ - Նկատի ունեմ, թե ձեր բորբոքած սիրահետման մարաթոնի մեջ քանի հոգի են հաջողության հասել,- մեղմ ժպիտով հարցրեցի ես։ - Ահա թե ինչ. տղա, չլինի՞ խանդում ես։ «Գրողը տանի, չլինի՞ իսկապես խանդում եմ»,- ինքս ինձ հարցրի ես։ Բայց հարկավոր էր արագ արձագանքել. - Ինչպիսի անհեթեթություն, դա ինձ հուզում է զուտ սպորտային հետաքրքրության տեսանկյունից։ - Իսկ գուցե մտածում եք` բոլոր կանայք բոզ են ու քա՞ծ։ - Պատահում են նաեւ այդպիսիք,- ասացի ու զգացի, որ հիմար բաներ եմ խոսում։ - Մեկը։ - Ի՞նչ։ - Մեկն է հաջողության հասել, եւ ես ձեզ իրավունք եմ տալիս երեք փորձից կռահել, թե ով է նա։ Ես սկսեցի մտածել. - Կարլոսը,- ասացի ես։ - Չկռահեցիք։ - Էն մեկը, որի անունը չգիտեմ` կրծքին դաջվածք ունի,- փնտրտուքը շարունակում էի ես։ - Ինչքան հասկացա, չեք կռահի։ - Լավ հանձնվում եմ։ - Ես, ես եմ այդ մեկը։ - Կներե՞ք... - Դուք հարցնում էիք, թե քանի հոգի են այս սիրահետման մեջ հաջողության հասել, ես ասում եմ` ես։ Էլ ո՞վ կարող էր։ Չլինի՞ մտածում եք, թե սեքսը տղամարդու հաջողությունն է եւ կնոջ անհաջողությունը։ Ես կատարյալ շփոթության մեջ էի եւ հասկացա, որ բավարար խելք պետք է ունենայի` այս պատմությունից խուսափելու համար։ Իհարկե, խոսակցությունը շատ հետաքրքիր էր, բայց զգում էի, որ կարող եմ արժանի զրուցակից չդառնալ։ Կաշկանդվել էի երեխայի պես, բայց հո չէի կարող դա ընդունել։ - Ուղղակի ինձ հետաքրքրեց ձեր խաղը, եւ պետք է խոստովանել, դուք լավ եք խաղում։ Հարցն այն է, թե ինչքան կշարունակեք այդպես,- ուժերս հավաքելով` ասացի ես։ - Իսկ մյուսները չե՞ն խաղում, իսկ բոլորը չե՞ն խաղում, իսկ դուք չե՞ք խաղում։ - Ինչո՞ւ եք մտածում, որ խաղում եմ. գուցե փորձում եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնց հավատում եմ։ - Գուցե ես էլ եմ փորձում հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնց հավատում եմ։ - Բայց ինչ-որ մի ժամանակ ձեր գեղեցկությունը կնահանջի. մինչեւ ե՞րբ եք խաղալու այդ խաղը։ - Մինչեւ հայտնվի իմ արքայազնը` Սպիտակ ձիու վրա։ - Դուք խոսում եք սիրո մասի՞ն։ - Կռահեցիք։ - Իսկ չե՞ք մտածել ձեր էքսկլյուզիվությունը Սպիտակ ձիավոր արքայազնի համար պահպանելու մասին,- խոսակցությունը շարունակեցի ես։ - Դուք հո մոլոկան չե~ք,- զարմացավ Պաուլան։ Ես էլ զարմացա. - Որտեղի՞ց գիտեք մոլոկանների մասին,- հարցրի ես։ - Արգենտինայում նրանք քիչ չեն։ - Եւ ի՞նչ եք մտածում էքսկլյուզիվության մասին,- շարունակեցի ես։ - Վատ գաղափար չէ. բայց դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ արքայազնը երբեւէ կգա։ Գիտե՞ք ինչքան ինձ նման սիրունիկներ են պառաված օրիորդ դարձել` սպասելով իրենց արքայազնին, որը ճանապարհին մոլորվել է ինձ նման մեկի գրկում։ Եւ հետո, վերջ տվեք, կուսությունը արժեք ունի, եթե դու ունես այն կորցնելու վճռականություն։ Ձեր ասածից ստացվում է, որ այս աշխարհում կույս տղաները պետք է պսակվեն կույս աղջիկների հետ եւ ապրեն հավերժական իդիլիայի մեջ։ Այսպիսի կապերի մեծ մասը կրախով է ավարտվում` սեռական հիասթափության կրախով։ Ես զգացի, որ տանուլ եմ տալիս, անխուսափելիորեն տանուլ եմ տալիս այս խոսակցությունը եւ չգիտեի ինչ անել։ Պաուլան շարունակեց. - Չնայած, ես գժվում եմ կույս տղաների համար։ Նախ երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ողջ կյանքում քեզ չեն մոռանա։ Եւ հետո, նրանք դողում են վախկոտ նապաստակի նման եւ որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից։ Պաուլան այս ասելով շրթունքը կծեց, ազդրերը դանդաղորեն սեղմեց իրար, ապա եւ ոտքերով հյուս արեց ու մի տեսակ աննշան ու նկատելի կծկվեց։ Քրտինք հայտնվեց ինձ վրա, ես խուճապի մատնվեցի, մի այնպիսի շարժում արեցի, կարծես ուզում եմ ավելի հարմար նստել ու ձեռքս դիպավ Մարգարիտայի բաժակին, որի մեջ մի կտոր կիտրոն էր մնացել. բաժակը զարկվեց գետնին ու փշրվեց։ Ես սթափվեցի, բայց արդեն ուշ էր. Պաուլան ոտքի մեծ մատով, որի եղունգի վրա զմրուխտե ծաղիկներ էին նկարված, շոշափում էր վարտիքս։ Ես ձգվեցի, բայց չգիտեի ինչ անել. - Ձեր արժեքները անպաշտպան են, բարեկամս, եւ դուք հավատարիմ եք ձեր բնազդներին,- առանց հեգնանքի, բայց մի տեսակ հաղթական ասաց նա։ Ես չգիտեի` նա ուզում է ինձ տանել իր նավախո՞ւց, թե՞ փորձում է հասցնել բաց աչքերով երազախաբության, բայց ակնհայտ էր, որ պետք է վերջ տալ այս ամենին։ - Պաուլա, դուք ճանաչո՞ւմ եք Մարթային,- վերջին ուժերս հավաքելով` հարցրի ես։ Սա մի տեսակ վախեցրեց նրան։ - Մարթա, Մարթա. հա, կա մի այդպիսի աղջիկ,- ասաց նա ու վեր կացավ, ապա դիմեց ինձ,- չե՞ք ուզում լողալ։ - Ոչ, չեմ ուզում,- ասացի ես։ - Իսկ ես ուզում եմ,- ասաց նա ու գնաց դեպի իր լողավազանը։ Ես ուզում էի հովանալ, բայց նախընտրեցի մյուս լողավազանը։ *** Նավապետ Ռիկարդոն ինչ-որ բան բաց էր թողել եւ արյունահեղություն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ։ Նավի անձնակազմի մի անդամ` Բոբ անունով, տիրացել էր մի 15-ամյա տղայի` Ֆելիպե անունով։ Վերջինս, տեղի ունեցածից հետո ուշքի գալով, հենց Բոբի նավախցի ազդանշանային ատրճանակով ցխել էր նրա ուղեղը։ Երբ այս լուրը տարածվեց, բացօթյա բեմի վրա արգենտինական տանգո էր։ Տանգոն նվագում էին երկու ակորդեոնահար, մեկ կիթառահար եւ մեկ ֆլեյտահար։ Իսկ պարում էին երկու երիտասարդներ` նավաստիական հագուստով. պարզվում է` արգենտինական տանգոն ի սկզբանե եղել է տղամարդկանց պար, նավաստիների զուգապար։ Պաուլան նստած էր ինձնից մի քանի սեղան այնկողմ. այս երեկո առաջին անգամ նրան տեսա առանց որեւէ մեկի ուղեկցության։ (շարունակելի)

Տպել
1340 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը