Ամենասոսկալին տնակային հոգեբանությունն է. Գյումրին արհեստական շնչառության կարիք ունի

Եվ երկիրը շարժվեց

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Երկիրը ցնցվեց Հայաստանի (ԽՍՀՄ) հյուսիսարևմտյան մասում։ Երկրաշարժի ուժգնությունը 6,8-7,2 մագնիտուդ էր, իսկ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը՝ X`արտասովոր կործանարար։

Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասավ մինչև 9-10 բալ (ըստ MSK-64 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումները զգալի էին Երևանում և Թբիլիսիում։

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40%-ը, լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ, մասամբ ավերվեցին Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայրեր։

Զոհվեց ավելի քան 25 հազար մարդ‚ այդ թվում 17 հազարը՝ Գյումրիում, 4 հազարը՝ Սպիտակում, 1.2 հազարը՝ Վանաձորում, 500-ը՝ Ախուրյանում և 125-ը`Ստեփանավանում: Փլատակներից դուրս բերվեց 45 հազար մարդ, հոսպիտալացվեց՝ 12.5 հազար մարդ։ Աղետի գոտուց տարահանվեց մոտ 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ): Ուղիղ նյութական կորուստների արժեքը հաշվվեց 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Գյումրին՝ տնակներով                                

Փլատակների մաքրումից հետո Գյումրի վերադարձավ բնակչության մի մասը միայն. շարունակեցին ապրել իրենց տներում ու վթարային դարձած շենքերում, անօթևան մնացածները մետաղե վագոններում՝ տնակներում: Նախկին ԽՍՀՄ-ը, հետո՝ անկախ Հայաստանի ղեկավարները խոստացան հնարավորինս արագ կառուցել շենքեր, թաղամասեր և մարդկանց ապահովել կորցրած բնակարանների նման բնակարաններով: Գործարկվեցին մի շարք ծրագրեր, որոնցով կառուցվեց մոտ 20 հազար բնակարան, բայց այսօր՝ 31 տարի անց Գյումրիի քաղաքապետարանի տվյալներով՝ Գյումրիում առկա է 2818 տնակ:

Տարիների ընթացքում անօթևան մնացածներից շատերն արտագաղթել են, ոմանք՝ մահացել, շատերն էլ՝ ամուսնացել, երեխաներ ունեցել, եւ նրանք էլ հիմա ամուսնացել են և ունեն երեխաներ: Պետությունը խճճվել էր հաշվարկներում, և մոտ մեկ տարի առաջ որոշեց հանձնաժողովների միջոցով ճշտել խնդրի իրական ծավալը, որպեսզի մեկնարկեն համակարգված աշխատանքներ՝ հանուն «Գյումրին առանց տնակների» գաղափարի:

Գյումրիի քաղաքապետարանի խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում խոսեց այս ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքի մասին: Քաղաքապետարանը սեփականաշնորհում է այն քարաշեն տնակները, որ մարդիկ իրենց համար կառուցել են (եթե այդ կառույցները համապատասխանում են բոլոր նորմատիվներին, որոնք սահմանված են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով): Քարաշեն կառույցի վերածված տնակների անհատույց սեփականաշնորհման որոշումների գործընթացի շրջանակում 135 որոշում է տրամադրվել 2018-ին, 10-ը՝ այս տարի:

Սոցիալական բնակարանների կառուցման ծրագիր է գործում ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Համայնքի միջոցներով են նաև բնակարան գնում ու տալիս բնակիչներին: Այս ծրագրով 2017 թվականին շահագործման է հանձնվել 11 բնակարան, 2018 թվականին՝ 12-ը, 2019-ին շահագործման կհանձնվի 18 սոցիալական բնակարան: Միայն համայնքի միջոցներով անցած տարի 9 բնակարան է գնվել և տրամադրվել բնակիչներին, 4-ն էլ՝ այս տարի: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և «Ազնավուր» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 20 ընտանիք տեղափոխվել է բնակարան, որոնք ընտրվել են այդ ընտանիքների հետ համատեղ քննարկումների ու բանակցությունների արդյունքում։

 

Որ կեղծ գործարքով փողը վերցրեց, կերավ, էլի մնաց սոված ու անտուն, ի՞նչ ես ասելու՝ պարտքս կատարե՞լ եմ

«Այսքան տնակներ, անօթևաններ ունենք, մինչդեռ երկրորդ համաշխարհային պատերազմից 30 տարի անց ամբողջ Եվրոպայում պատերազմի հետքերն այլևս չէիր տեսնի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: «Նիկոլ Փաշինյանի մոտ հանդիպումների ժամանակ նկատել եմ նրա՝ մանրուքները հասկանալու ցանկությունը, բայց ընդհանուր առմամբ, իշխանությունները խնդրի բարդությունն ամբողջովին չեն ընկալում, չեն պատկերացնում: Եկել է կառավարողների մի սերունդ, որ ոչ երկրաշարժն է տեսել, ոչ՝ ծայրահեղ աղքատությունը, ոչ էլ՝ տնակները… իրենք էլ չեն ընկալում այդ պրոբլեմը: Հասկանալի է, որ այս իրավիճակը ժառանգություն է. երկրաշարժից հետո ալան-թալան էր: Եթե ընդունված է, որ Հայաստանում Լևոնի ժամանակ քիչ են թալանել, Քոչարյանի ժամանակ շատ են թալանել, Սերժի ժամանակ շատ-շատ են թալանել, ապա աղետի գոտում ընդհակառակն է. Լևոնի ժամանակ շատ են թալանել, հետո ինչ որ մնացել էր, էդ են թալանել, հետո էլ բան չէր մնացել, էկածն են թալանել»,- ասաց Թումասյանը:

Նա վստահ է, որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառը նաև անտաղանդ կազմակերպումն է եղել: Ընդգծեց, որ հարկ է անօթևանի կարգավիճակ տալ նաև տասնյակ շենքերի բնակիչների. «Աստված մի արասցե, որ մի 4-5 բալանոց երկրաշարժ լինի, մոտ 90 շենք իրենց բնակիչներով կիջնի: Այդ շենքերը խոստացել էին վերականգնել երկրաշարժից հետո, բայց տարիների ընթացքում դրանք չեն վերականգնվել, չեն ամրացվել, բնակիչներին խոստացել էին վերաբաշխել, դե բնակիչներն էլ ոչինչ չեն արել էդ տներում, ու դրանք ավելի են քայքայվել: Տնակները գոնե չեն փլվի, իսկ սրանք…»:

Թումասյանը համաձայն չէ նաև պաշտոնական թվերի հետ: Տնակներն, ըստ նրա, ավելի շատ են: «Մի ողջ տարի՝ հսկայական գիտահետազոտական աշխատանք կատարեցին կառավարության որոշմամբ կազմված երկու հանձնաժողովները, որոնց կազմում ընդգրկված էի նաև ես: Հիմա աղետի գոտում հաշվված տնակներն ու գումարած վթարային շենքերը մի հսկայական խնդիր է, ու երբ խնդիրն այդպես մեծ է լինում, միշտ էլ իշխանությունը մտածում է՝ սա հնարավոր չի լուծել, գնանք, ուրիշ խնդիրներով զբաղվենք»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր ընտրված ռազմավարությունն արդյունավետ չի կարող լինել: Նա հիշեցնում է, որ նախկինում էլ բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) տրամադրելով՝ պետությունն իր պարտքը կատարած էր համարում: Իսկ վկայագիր ստացած, բազմաթիվ պարտքեր կուտակած շուրջ 800 մարդ այդ վկայագրերով կեղծ գործարքի են գնացել, առձեռն գումար ստացել, պարտք փակել, կերել ու կրկին անտուն մնացել:

Վահան Թումասյանը խնդրի լուծումը տեսնում է գնման ենթակա բնակարանները պետության կողմից ձեռքբերելու համակարգ ներդնելու միջոցով. «Եթե մենք կրկնում ենք նույնը, մտածում ենք Սերժի կամ Քոչարյանի պես, ասում ենք՝ է, իրեն ով էր ասում, տուն չառներ, մնար փլած շենքի մեջ: Հիմա որ փողը հանեց, կերավ, մնաց շենքի մեջ, հո չես կարող գնալ՝ երեխեքով, բանով, դուրս գցես փողոց, թե քանդում եմ»: Գյումրիի և կից գյուղերի անապահով ու անտուն մարդկանց հետ աշխատանքի բազմամյա փորձ ունեցող Թումասյանը վստահ է. «Եթե տեղական իշխանություններն ասեն, որ 50-60 տոկոսով արդյունավետ աշխատել է ԲԳՎ-ների ծրագիրը, ուրեմն կեղծ գործարքների վրա աչք են փակել»:

Լուրջ խնդիր է նաև այն, որ տներն ավելի թանկ են, և ԲԳՎ-ով տրվող գումարը տարրական կենցաղային պայմաններով բնակարանի համար բավարար չէ: Սոնա Առաքելյանի խոսքով՝ բնակարանները Գյումրու «Մուշ» թաղամասում գրեթե երկու անգամ թանկացել են: Թումասյանը նշեց, որ գյուղերում ԲԳՎ-ներով նախատեսված պայմաններով տներ ընդհանրապես չկան՝ մոտ երեք անգամ ավելի թանկ առանձնատներ են միայն, իսկ «քննադատված «Գլենդել Հիլզը» երազանք է դարձել. դե պատկերացրեք, մնացածն ինչ վիճակում է: Դրանց ո՞վ փող կտա, կառնի՝ անբարեկարգ, անջուր, անգազ»

 

Տնակային հոգեբանություն՝ խեղճ, անգործ ու համակերպերված

Ինչո՞ւ է «Շիրակում» գործազրկության նման բարձր մակարդակ, գործարարական մթնոլորտ չի՞ ստեղծվում. հարցը Թումասյանն ամենածանրն է որակում: «Փոխվարչապետն ասում է՝ բիզնեսին առավելություն տանք՝ գնա, էս տնակների տեղը մարդկանց տուն տա, ինքն էլ տնակների տեղում բիզնես դնի: Կարծում է՝ Երևանի փոքր կենտրոնի մասին է խոսում: Էդպես լիներ, էս 30 տարին կգային, բիզնես կդնեին: Ամբողջ տարին իշխանությունն ուշադրություն շեղեց Գյումրիի բուն խնդիրներից՝ տուրիզմի մասին խոսելով. ամենաշատ տուրիստ բերող ընկերությունը «Շիրակ» կենտրոնն է, որ կառուցել է հին քարերով մի լավ շենք, որտեղ էլ հարյուրավոր տուրիստներ՝ գործընկերներ, բարերարներ, գալիս են, մնում: Բայց չի կարող հսկա քաղաքը դրանով ապրել: Տուրիստը ներդրում չի. մեծ մասը գալիս, մի քանի ժամ քաղաքի կենտրոնով ման է գալիս, անմիջապես հետ է գնում»,- ասաց նա:

Խնդիրներին ճիշտ մոտենալուն, ըստ նրա, խանգարում է հետհեղափոխական ոգևորությունը և տեղական իշխանությունների չեզոքությունը. «Չեն ուզում հակադրվել վարչապետին: Ասում են՝ շառից հեռու, տեսնենք՝ վարչապետն ինչ է ուզում ասենք, կասենք: Սա էլ խանգարում է կառավարությանը լրիվ իրապես պատկերացնել: Գյումրիում 280 հազար բնակչից մնացել է 110 հազարը, ավելի քան 20 հազար բնակարան կառուցվել է, բայց հիմա 5-6 հազար անօթևան ընտանիք ունենք՝ ներառյալ վթարային շենքերի բնակիչները: Նման ծավալի խնդիրների հետ գործ ունենալիս այդ ծավալները պիտի լավ պատկերացնենք, սա քաղաքական խնդիր չէ, քաղաքացիական սեմինար-թրեյնինգով չի լուծվի: Սա կոնկրետ գործողություններ է պահանջում՝ մարդուն բնակարան տալ, տեղափոխել, տնակը քանդել, տարածքը հանձնել պետությանը: Սա է լուծումը: «Շիրակ» կենտրոնը 15 տարի փորձարկել է բոլոր մյուս մեթոդները, սխալները հաշվել, հաշվի առել»:

Ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ հնարամիտ գյումրեցիները նախաձեռնողականություն չեն ցուցաբերում. այս հարցը եւս ցավոտ է: Պատճառն, ըստ մեր զրուցակցի, տասնյակ տարիների կիսագրագետ ու թշվառ կենցաղի դրոշմն է. «Ընտանիքները քայքայված են, կրթությունից հետ ընկած, երկարաժամկետ ծրագրերի կարիք կա: Դա մեծ ներդրումների կարիք ունի, որ պիտի լինի արհեստական շնչառության նման: Դա ֆինանսական կորուստ է ներդրողի համար, բայց դա պետք է անել հանուն քաղաքի վերածննդի: Խոսում ենք 2800 տնակի մասին. դրանց մեծ մասում աշխատուժ չկա. միայնակ մայրեր են, հաշմանդամներ, թոշակառուներ՝ կրթական ցածր ցենզով: Հնարավոր չէ այստեղ բնականոն, շուկայական տնտեսության կանոններով զարգացում ապահովել: Գործազրկությունը, ցավոք, դարձել է բնական: Եվրոպայում, եթե մարդն աշխատանքը կորցնում է, անմիջապես սկսում է նորը փնտրել, այստեղ գործազրկության հետ համակերպվել են: Այս վիճակից միայն արհեստական շնչառությունը կփրկի»:

Հիվանդություն է, որ ժամանակին չի բուժվել, խորացել, բարդություններ է տվել՝ հոգեբանական, ֆիզիկական, կրթական: «Օրինակ, աղքատներին փայտով ապահովելու ծրագրով գնում ենք գյուղ. մի 20-25 երիտասարդ գյուղամիջում կանգնած են, հանգիստ դեմքերով՝ կմտածես թմրադեղի ազդեցության տակ, նայում են: Նայում են՝ էս ապուշներն ինչ են վազվզում մեր գյուղի մեջ: Մարդիկ սովորել են էդ լոդր վիճակին: Կրկնակի աշխատանք է պետք այդ հոգեբանությունը հաղթահարելու համար: Մենք ամբողջ տարի աշխատել ենք՝ առանց մի պահ դադար տալու, փայտ ենք հավաքել իրենց համար, իսկ էս մարդն ինքն իր համար մի տարում մի պարկ չի հավաքել: Սա ամենադժվար խնդիրն է՝ տնակային հոգեբանությունը: Մարդը, տնակում ապրելով, համակերպվում է այդ միջավայրին: Դա ամենասոսկալին է: Բոլորին պետք է հանել, տանել նոր բնակարաններ. նման իրավիճակում մարդն անմիջապես փոխվում է, լրիվ ուրիշ մարդ է դառնում. մեր փորձից եմ ասում, 15 տարի է այդ ամենն եմ տեսնում»,- ասաց Թումասյանը:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
4436 դիտում

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը