Պատերազմի ժամանակ եւ խաղաղ պայմաններում միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը. Բակո Սահակյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել էր, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:

Ելույթ է ունեցել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների հարգարժան անդամներ,

Մենք միշտ կարևոր ենք համարել և եղել ենք այն գաղափարի կողմնակիցը, որ անհրաժեշտության դեպքում, իսկ այդպիսի դեպքեր եղել են բազմիցս, համազգային խնդիրները քննարկվեն հայկական երկու հանրապետությունների ղեկավարների կողմից համատեղ: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Եվ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ և ընդունել հիմնավորված որոշումներ: Կարծում եմ, որ նման ձևաչափով քննարկումները կլինեն մշտական և կդառնան մեր ազգային օրակարգում ընդգրկված հարցերի դիտարկման հիմնական հարթակներից մեկը:

Իսկ հիմա կուզենայի անդրադառնալ որոշ հարցերի, որոնք բնութագրում են այն սերտ փոխգործակցության իրական աստիճանը, որ առկա է մեր երկու հայկական հանրապետությունների միջև: Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, մենք միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը: Այսօր էլ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը: Եվ մեր առջև ծառացած կարևորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը: Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել և մնում է Արցախի անվտանգության ապահովումը: Մենք միասին իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է:

Մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովումը, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանք, նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև ռազմաքաղաքական հավասարակշռվածության արդյունավետ պահպանմանը: Անվտանգության հարցերն առանցքային են նաև Արցախի սոցիալտնտեսական զարգացման հայեցակարգում, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները և մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունը:

Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության համար հատուկ կարևորություն ունի մի շարք ոլորտներում անվտանգության բարձր աստիճանի և ինքնաբավության ապահովումը: Այդ գերխնդիրների շարքին է դասվում պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, որտեղ ունենք տեսանելի առաջընթաց: 2019 թվականին արտադրվել է 112 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր ներքին պահանջարկը գերազանցում է 2 անգամ: 2017 թվականից պահպանվում է նաև էներգետիկ ինքնաբավությունը և Արցախը հանդիսանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Սրանք այն առաջնային ոլորտներն են, որտեղ ինքնաբավությունը պետք է լինի բացարձակ՝ առավել ևս ճգնաժամային իրավիճակներում, և դրան մենք հասել ենք միասին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համատեղ ջանքերի շնորհիվ:

Մյուս կարևորագույն խնդիրն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Դուք քաջատեղյակ եք հակամարտության կարգավորման գործընթացին, և դրա շուրջ ծավալվող զարգացումներին, ինչը տարբեր հարթակներում լուրջ քննարկումների և երբեմն նաև շահարկումների առիթ է դառնում: Ինչ-որ տեղ դա բնական է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է Հայոց պետականության և հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, այլ նաև տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ուզում եմ մեկ անգամ ևս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմնակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երևանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք և հասկանում ենք, որ լիարժեք ձևաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է: Հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները: Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ: Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով: Դիվանագիտական ճակատում և բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ և մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը:

Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան:

Հարգելի ներկաներ,

օգտվելով առիթից, կուզենայի նաև հակիրճ անդրադառնալ Արցախի սոցիալտնտեսական իրավիճակին: Ընթացիկ տարում Արցախի տնտեսությունը պահպանել է իր զարգացման դինամիկան: Ըստ կանխատեսումների՝ 2019 թվականին համախառն ներքին արդյունքի աճը կկազմի ավելի քան 9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կլինի մոտ 341 մլրդ դրամ: 2020 թվականին նախատեսվում է, որ ՀՆԱ-ի ծավալը կգերազանցի 375 լրդ դրամը: Ընդհանուր առմամբ, տնտեսության հիմնական ճյուղերում պահպանվել են կայուն զարգացման տեմպերը: Բնական է՝ կան նաև շատ անելիքներ: Նախատեսվում է մի շարք մեծածավալ ծրագրերի իրականացնել բնակարանաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում: Որոշ նախագծեր բավականին հավակնոտ են, բայց հուսով ենք, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի տնտեսական զարգացման կարևորագույն երաշխավորներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, նրա մշտական և գործուն աջակցությունը:

Հարգելի ներկաներ,

կուզենայի նաև անդրադառնալ Արցախի ներկա ներքաղաքական իրավիճակին: Դուք գիտեք, որ 2020 թվականին մեզ մոտ տեղի են ունենալու հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ընտրվելու են Հանրապետության նոր նախագահ և Ազգային ժողով: Այս բոլոր գործընթացների հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի և սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որի համար նա տասնամյակներ շարունակ պայքարում է: Ամեն ինչ կարվի, որպեսզի գալիք ընտրությունները ևս անցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, կայունության և հանդուրժողականության մթնոլորտում, օրենքի տառին ու ոգուն համահունչ:

Ողջունելի է Հայաստանի պատրաստակամությունը գործուն աջակցություն ցուցաբերել այս ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու, տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ ներգրավելու հարցում: Դա լավ առիթ է նաև Արցախը, որպես ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու համար:

Հարգելի ներկաներ,

այսպիսին են այն հարցերը, որոնց վրա անհրաժեշտ եմ համարել հրավիրել այսօրվա նիստի մասնակիցների ուշադրությունը: Դրա հետ մեկտեղ ուզում եմ վստահություն հայտնել, որ մեր սերտ փոխգործակցությունը հանդիսանում է կարևորագույն գործոն առաջադրված բոլոր խնդիրների լուծման համար: Համոզված եմ, որ մենք համատեղ ուժերով կյանքի կկոչենք բոլոր ծրագրերը, կապահովենք մեր հայրենիքի դինամիկ և բնականոն առաջընթացը:

Շնորհակալություն»:

Տպել
2835 դիտում

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն