Լավ ընտանիքից այստեղ չեն ընկնում. անչափահաս կալանավորները հաճախ ՔԿՀ-ում են բացահայտում՝ ինչ լավ բան է դասը

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահաս կալանավորներից մեկը մեծ հաճույքով անգլերեն է սովորում, երբ հարցնում ես՝ ինչու նախկինում չես սովորել, պարզվում է՝ դպրոց չի գնացել: Մեկ ուրիշը կտրականապես հրաժարվել է ՔԿՀ-ում կազմակերպվող դասերին հաճախել, բայց մի քանի պարապմունքից հետո որոշել է դառնալ ծրագրավորող: Մեկ այլ կալանավոր էլ պատմության ուսուցչին է փորձում նմանվել, դառնալ պատմաբան:

«Աբովյան» ՔԿՀ-ում այս պահին անչափահաս դատապարտյալներ չկան, բայց կա 8 կալանավոր. նրանց գործերով վճիռներ դեռ չեն կայացվել: Անչափահաս կալանավորները 2019 թվականի սեպտեմբերից հնարավորություն ունեն կրթություն ստանալ պետական հանրակրթական ծրագրով: Նրանցից մեկը սովորում է ութերորդ դասարանում, երեքը իններորդ դասարանում են, երեքը՝ տասներորդ և մեկը՝ տասնմեկերորդ: ՔԿՀ-ում նախկինում եղել են միայն դեկորատիվ կիրառական արվեստի, անգլերենի, համակարգչային հմտությունների դասընթացներ, և քանի դեռ հանրակրթության ծրագիրը չէր իրականացվում, դասավանդվում էր նաև հայոց լեզու և մաթեմատիկա:

«Դժվար է ասել, թե անչափահասներն այստեղ լավ են սովորում, բայց, օրինակ, անչափահաս ունենք, որ մեծ հաճույքով անգլերեն է սովորում: Նախկինում դպրոց չի գնացել: Ապրել է գիշերօթիկում: Հիմա շատ արագ ոչ միայն անգլերենից է առաջընթաց գրանցում, այլև ընդհանուր զարգացման մակարդակում է փոփոխությունն ակնհայտ»,- ասաց «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական և իրավական բաժնի պետ Նունե Միքայելյանը:

Նա նշեց, որ 2014 թվականից ՔԿՀ-ում կտրուկ նվազել է անչափահաս դատապարտյալների թիվը, քանի որ փոխվել է պետության քաղաքականությունը: Այժմ անչափահասներին տրվում են այնպիսի պատժատեսակներ, որոնք կարող են կրել՝ գտնվելով ազատության մեջ: Օրինակ՝ հանրային աշխատանքներ՝ ձյուն մաքրել, այգեգործություն եւ այլն:

Անչափահասների դատապարտման գերակշռող պատճառներից են գողությունը, ավազակային հարձակումը և սպանությունը՝ դանակահարությամբ։ Խարդախությունը և այլ հանցանքներ անչափահասներին այդքան էլ հատուկ չեն:

Ի՞նչ կարելի է անել, որ անչափահասները ցանկություն չունենան հանցանք գործելու, որ նրանք այստեղ չհասնեն: Միքայելյանը վստահ է, որ դպրոցներում պետք է գումար աշխատելու և այն ճիշտ տնօրինելու տեսական-գործնական մի առարկա լինի. «Անչափահասը դպրոցի վերջին տարիներին պետք է հասկանա, որ ինքը պիտի վաստակի, թե չէ հեշտ գումար գտնելու մասին են մտածում: Պիտի վաստակեն գումար, որ հասկանան դրա արժեքը»: Նա նշեց, որ կին դատապարտյալներն այստեղ վարսահարդարման դասընթաց են անցնում ու աշխատում․ «Խորհուրդ ենք տալիս իրենց հաշվեհամարին գումար ունենալ, քանի որ այստեղ շատ ծախսեր իրենց ուսերին չեն, բայց դուրս գալուն պես իրենք առնչվելու են հոսանքի, ջրի, գազի վարձերի, օրվա հացի խնդրին»:

Ինչպիսի՞ն են ՔԿՀ-ում գտնվող երեխաների հարաբերություններն ընտանիքների հետ։ Հարցի պատասխանը տխուր է. «Անչափահասներին հաճախ ընտանիքի անդամներից ոչ ոք չի այցելում: Զանգահարում ենք, խնդրում, պատճառաբանում են, որ սոցիալապես վատ վիճակում են, չեն կարող ոչինչ բերել: Ասում ենք, որ երեխան որևէ բանի կարիք չունի, բայց ձեր այցը կարևոր է, նա իրեն ավելի լավ կզգա, լքվածության զգացողությունը չի լինի: Սակայն դեպքեր են եղել՝ հեռախոսահամար են փոխել, որ չկարողանանք զանգել: Եղել է նաև դեպք՝ մենք ենք հասկացել, որ ավելի լավ է՝ այդպիսի հարազատների հետ կապը չշարունակվի. անչափահասներից մեկի հոր հետ էինք կապ հաստատել, հայրը չէր էլ ուզում գալ, մենք էլ հասկացանք, որ եթե այդպիսի մարդու հետ կապը պահպանվի, երեխան չի խուսափի կրկին հանցագործության մեջ ներգրավվելուց»:

Եթե գողությունների պարագայում հաճախ խնդիրը սոցիալական է, ապա դանակահարությունների պարագայում, թերևս, ուրիշի կյանքը չարժևորելու խնդրին ենք առերեսվում: Միքայելյանի խոսքով՝ դեպքերը հնարավոր է կանխարգելել, եթե երեխաների մեջ սերմանվի ինքնազսպման ունակությունը. «Անչափահասներն այստեղ փորձում են ձևավորել քրեական մթնոլորտ. «Որոգայթ»-ն ու նմանատիպ ֆիլմերը երեխաների մոտ ձևավորում էին այնպիսի մտածելակերպ, որ դպրոցից արդեն գալիս էին այստեղ քրեական մտածելակերպով: Ոչ թե այստեղ էին նման բաներ տեսնում ու սովորում, այլ բերում էին այդ կենսակերպը: Հիմա դա այդքան էլ շատ չէ»:

Անչափահասի առաջին զգացումը քրեակատարողական հիմնարկում վախն է, լքվածության, միայնակության զգացումը, տագնապը։ Այս մասին նշեց «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական և իրավական բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Շուշան Մաթևոսյանը: «Գաղութ անչափահասների հասնելու հիմնական պատճառներից է սոցիալականը, ընտանիքում պարբերաբար դրսևորվող բռնությունը, և պարտադիր չէ, որ դա դրսևորվի ծեծուջարդով. կարող է լինել հոգեբանական բռնություն»,- նշեց նա:

Հոգեբանի դիտարկմամբ՝ այստեղ գրեթե բոլոր դեպքերում բաժանված ընտանիքների երեխաներ են. երբ մայրը, կարիքները հոգալու համար մի քանի տեղ աշխատելով, չի հասցնում հետևել՝ ինչով է զբաղված երեխան. «Որպես կանոն՝ անչափահասն ընկնում է վատ շրջապատ, որն էլ դրդում է նրան՝ գնա, որոշակի արարքներ անի, բերի, խմբի հետ կիսի»: Նրա բազմամյա փորձը վկայում է, որ դանակահարությունն ընտանիքում առկա բռնության հետեւանքն է:

Ի՞նչ է արվում ՔԿՀ-ում քրեական կյանքից անչափահասներին հեռու պահելու համար: Ըստ հոգեբանի՝ փորձում են տալ նրանց կրթվելու հնարավորություն և ապահովել զբաղվածությունը․ «Այլապես պայմանները, միջավայրն ամբողջովին նրանց դեգրադացիայի են ենթարկում: Այնպես էլ չէ, որ նրանց համար կրթությունը հիմնական արժեք է եղել: Կան, իհարկե, խելոքներ, բայց հիմնական մասը դպրոցից դուրս մնացածներն են: Այստեղ նրանք այդ բացը պիտի լրացնեն: Շատ դժվար է նրանց հասցնել այն գաղափարը, որ կրթությունն արժեք է: Աշխատում ենք՝ համոզելու, խաղացնելու մեթոդներով: Ասում ենք, միևնույնն է, բան չունես անելու, արի դասի, օրդ կանցնի: Նրանք էլ իրենց պահում են բոլոր աշակերտների պես. ունեն սիրելի ուսուցիչներ, ունեն նաև այնպիսի դասեր, որոնցից ուզում են փախչել»:

Այստեղ կարևորում են, որ երեխաներին իրենց ապագան չկապեն այս կյանքի հետ: Հոգեբանի դիտարկմամբ՝ շատ բան փոխվել է ՔԿՀ-ում, և շատ բան էլ կփոխվի: Շուտով դատապարտյալները հնարավորություն կունենան այստեղ նորմալ աշխատել-վաստակել իրենց տարրական պահանջների համար գումարը: «Արթ-լանչ»-ը կամ նման մի ծառայություն նրանց կկերակրի, ու մտավախություն կա՝ հանկարծ երեխաներն այստեղ իրենց հարմարավետ չզգան ավելի, քան ազատության մեջ, որ նորից ու նորից վերադառնան:

Ի՞նչ է պետք անել՝ կանխելու համար անչափահասի այստեղ գալը: Հոգեբանը վստահ է՝ բարեկեցիկ ընտանիք է պետք, և հասարակության մեջ լավ դեր՝ պիտանի մարդու դեր. «Ընտանիքում հաճախ ծնողները սխալ, ոչ առողջ համարձակություն են ներշնչում՝ ես քո կողքին եմ, տեր եմ, արա ցանկացած բան: Բայց միշտ չես կարող կողքին լինել: Մի դեպք չկա, որի մասնակիցներն ապրել են ճիշտ սոցիալական կյանքով... Ասույթ կա, թե ոչ ոք ապահովագրված չէ այստեղ հայտնվելուց: Ես կարող եմ հերքել դա. լավ ընտանիքից մարդն այստեղ չի ընկնի»:

Հասարակական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու Կամո Առաքելյանը համարում է, որ կրթությունն անչափահաս կալանավորներին անհրաժեշտ է, որ նրանք գիտելիքներ ունենան այստեղից դուրս գալուց հետո նորովի ապրելու համար. «Երեխաներից մեկը մի օր ասաց, որ ուզում է ինձ նման սովորել ու ինձ նման պատմաբան դառնալ: Ինձ շատ հպարտ զգացի»: ՔԿՀ-ում, ըստ Առաքելյանի, առաջնային բացը մշակութային միջոցառումների պակասն է. «Երեխաներին պետք է ակտիվ շփում մշակույթի հետ»:

Ինֆորմատիկայի ուսուցիչ Արտաշես Մակարյանի խոսքով՝ այստեղ սկզբում երեխաները չեն ուզում դասի գալ, սակայն մի-երկու պարապմունքի համոզելով բերելուց հետո տեսնում են, որ դասը նրանց շատ է դուր գալիս: «Մի աշակերտ ունեմ, որ բացարձակ չէր ուզում դասերին մասնակցել: Իր հետ մի փոքր անհատապես աշխատանք տարվեց, և հիմա ոչ միայն ոգևորությամբ է դասի գալիս, այլև ուզում է ծրագրավորող դառնալ: Երեխաներից մեկը, որ ուղղակի փայլուն ուղեղ ունի, բայց դա ժամանակին չի օգտագործել ու հայտնվել է այստեղ, կարող է դասի ժամանակ այնպիսի հարց տալ, որ ինձ լուրջ մտածելու տեղիք տա: Եվ դա շատ ուրախալի է: Հենց այսօր ես նրանցից մեկի հետ առաջին դասն արեցի. տղան փայլուն ուղեղ ունի, գրում է շատ արագ, բայց կարդալ չի կարողանում: Քանի որ անընդհատ լատիներենով է համակարգչով գրել, հայերեն տառերը, կարելի է ասել, չգիտի: Այսօր հայերեն տառերն եմ ցույց տվել: Շատ արագ սովորում է ամեն ինչ: Ափսոս է, նման երեխայի հետ չեն աշխատել: Հասկանո՞ւմ եք՝ ամեն երեխայի մի քիչ էլ պետք է ստիպել, որ սովորի»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ այս աշխարհը վատն է դարձնում կրթության բացակայությունը. «Ընտանիքում բռնությունը, ամեն տեսակ հանցանքներ ծնվում են վատ կրթությունից: Ես չեմ տեսել ընտանիք, որտեղ կիրթ են, և կա բռնություն, ծեծ»: Արտաշես Մակարյանը, որ աշխատում է թե՛ անչափահաս և թե՛ չափահաս ազատազրկվածների հետ, հավաստում է, որ անչափահասների հետ աշխատանքն էական առանձնահատկություններ ունի. «Անչափահասները մի քիչ շատ են տրված քրեական ենթամշակույթին. իրենք դա շատ խորն են ընկալում. «Ճիշտը մեկն ա» ու նման բաներ են խոսում լրջորեն»:

Հնարավո՞ր է քրեական ենթամշակույթը լիովին արմատախիլ անել. Մակարյանը ժպտում է. «Մի օր դասի ժամանակ տեսնում եմ երեխան ձեռքին գրիչով նկարում է հայտնի դաջվածքը՝ «փանջը»: Դասս ընդհատեցի ու սկսեցի իր հետ խոսել այն մասին, որ ինքն այստեղից հեռանալիս պիտի ոչինչ չտանի, նո՛ր կյանք պիտի սկսի: Պետք չէ, որ նման մի դաջվածք անընդհատ իր ձեռքին հիշեցնի այս վայրի մասին, իր կյանքի այս շրջանի մասին: Ես իրենց հետ զրույցներում պատմում եմ՝ քրեական մշակույթը որտեղից է ծագել, ինչպես է զարգացել, ինչու, ով է ստեղծել: Նրանք զարմացած՝ այդ պահից սկսած ուրիշ ձևով են մոտենում դրան: Մի պահ առաջ մտածում էին, թե դա ինչ-որ վեհ գաղափար էր, որի կրողը պիտի լինեն, իսկ հիմա հայտնվել է մեկը, ով իրենց բացատրում է, որ դա կեղծ արժեք է, և իրենք սկսում են մտածել»:

Տպել
2734 դիտում

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ