Արցախը նոր նախագահ ունի․ Արայիկ Հարությունյանը պաշտոնը կստանձնի մայիսի 22-ին

Երեկ Արցախում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Թեեւ ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները, սակայն 282 տեղամասերի մեծ մասում իրականացված հաշվարկից հետո ուշ երեկոյան Հարությունյանն ու նրա թիմը հայտարարեցին ընտրություններում նախկին վարչապետի հաղթանակի մասին: Մասնավորապես Հարությունյանի մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում գրեց.

«Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ. նախնական արդյունքները՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»: Այդ գրառումից րոպեներ անց նա արդեն լրագրողներին հրավիրեց «Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ» Արայիկ Հարությունյանի՝ այսօր՝ ժամը 12:00-ին, կայանալիք մամուլի ասուլիսին:

Ապա իր հաղթանակի մասին հայտարարեց նաեւ նորընտիր նախագահը. «2020 թ.-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է: Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը»,- Ֆեյսբուքի իր էջում գրեց նա:

Ուշ երեկոյան Հարությունյանի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ նախագահի աշխատակազմը: Հաղորդագրությունում ընդգծվում էր, որ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Շնորհավորելով Հարությունյանին ԱՀ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել եւ ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ։

Ընդգծենք, որ երեկվա ընտրություններում, ի տարբերություն 14 օր առաջ տեղի ունեցած առաջին փուլի, գրանցվեց ընտրողների բավական ցածր մասնակցություն: ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով՝ Արցախում ընտրելու իրավունք ունեցող 103.637  քաղաքացիներից ընտրություններին մասնակցեց ընդամենը 47.050-ը կամ ընտրողների 44,9 տոկոսը: Հիշեցնենք, որ առաջին փուլում ընտրություններին մասնակցել էր 76.471 ընտրող կամ 72,7 տոկոսը:

Երկրորդ փուլում ցածր մասնակցությունը պայմանավորվեց մի շարք հանգամանքներով, որոնցից առաջինը թերեւս այն էր, որ այս անգամ այդ ընտրությունները տեղի ունեցան մի իրավիճակում, երբ Արցախում արդեն կորոնավիրուսով վարակված 6 անձ կա, եւ երկրում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Ցածր մասնակցության երկրորդ պատճառը, ըստ որոշ գնահատականների, մրցակցության բացակայությունն էր: Առաջին փուլում ընտրողների 26,4 տոկոսի ձայները ստացած գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը դե ֆակտո հրաժարվել էր ընտրություններին մասնակցելուց՝ իր ընտրողներին կոչ անելով «նոր կորոնավիրուսի համավարակի՝ գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը»: Առաջին փուլում 49,3 տոկոս ձայն ստացած Արայիկ Հարությունյանն այս իրավիճակում համարվում էր նախագահի միակ թեկնածուն: Նա այդ պաշտոնը կստանձնի մայիսի 22-ին՝ փոխարինելով 13 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած Բակո Սահակյանին:

Գործող նախագահի ցանկությունը

Երեկ մինչ օրվա ավարտն էլ կանխատեսելի էր, որ ընտրողների մասնակցությունը ցածր է լինելու: Արցախի գործող նախագահը չհամաձայնեց այդ կանխատեսման հետ.

«Ես պիտի հակաճառեմ ձեզ. ընտրատեղամասերը ոչ թե դատարկ են, այլ աշխատանքը կազմակերպվել է այնպես, որ այստեղ կուտակումներ չլինեն: Մենք ենթադրում էինք, որ երկրորդ փուլի մասնակիցներն ավելի քիչ են լինելու, քան առաջին փուլում ունեցել ենք, բայց դա պայմանավորված է անվտանգության կանոնների պահպանմամբ, երկրորդ փուլի առանձնահատկություններով»,- Ստեփանակերտի 1/22 տեղամասում ընտրելուց հետո լրագրողներին ասաց նախագահը:

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում ընտրությունների կազմակերպմանը եւ այդ առիթով հնչող քննադատություններին՝ Սահակյանն ասաց, թե գործել են Սահմանադրությանը համապատասխան, բոլոր ռիսկերը հաշվի են առնվել եւ միջոցներ են ձեռնարկվել:

Հարցին՝ պատրա՞ստ է կրել պատասխանատվություն, եթե ընտրություններից հետո վարակվածների թիվը մեծանա, Սահակյանը պատասխանեց. 

«Մեր գործողությունները փաստում են, որ մենք պատասխանատվությունից չենք խուսափել եւ չենք էլ խուսափելու, տվյալ դեպքում այդ պատասխանատվությունը կրում է նաեւ Արցախի Հանրապետության նախագահը: Եվ եթե անհրաժեշտություն լինի այդ պատասխանատվությունը կրելու, կրելու եմ նաեւ ես»:

Արցախը 13 տարի ղեկավարած Բակո Սահակյանը, որ շատ կարճ ժամանակ անց այլեւս չի լինելու այդ պաշտոնում, հաջորդ նախագահին ցանկացավ պատասխանատվություն:

«Ես ցանկանում եմ, որ Արցախի հաջորդ նախագահն իր առաքելությունն իրականացնի պատասխանատվությամբ: Այդ պատասխանատվությունը կնպաստի, որ նրա գործունեությունը լինի հաջողված, կնպաստի, որ լուծվեն այս պահին չլուծված խնդիրները, եւ բարենպաստ պայմաններ ստեղծվեն հաջորդ նվաճումները արձանագրելու համար»,- հայտարարեց նախագահը:

Արթուր Մկրտչյանի շիրիմին այցով

Արցախի նախագահի պաշտոնի հավակնորդ Արայիկ Հարությունյանը մինչ քվեարկությանը մասնակցելը այցելեց Արցախյան շարժման մասնակից, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: Հատկանշական է, որ Մկրտչյանը սպանվել է հենց ապրիլի 14-ին՝ երկրորդ հայկական պետությունը ղեկավարելով ընդամենը 97 օր:

«Սիրելի՛ Արթուր, քվեարկության գնալուց առաջ որոշեցի նախ այցի գալ շիրմիդ: Մեր նորաստեղծ հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեցիր առաջնորդի ծանրագույն պատասխանատվությունը եւ երիտասարդ կյանքդ զոհաբերեցիր՝ հանուն նվիրական գաղափարների: Միտքդ ու ծրագրերդ կիսատ մնացին, բայց քեզ ծնած ժողովրդի վճռականությունը չպակասեց: Դիպված որակեմ, թե պատահականություն, բայց այս օրը կրկին ճակատագրական է մեր ժողովրդի համար. տասնամյակներ առաջ կորցրինք առաջնորդին, հիմա նորից նախագահ ենք ընտրում: Չեմ վարանի ու կհավաստեմ, որ այս ընթացքում պատվով եմ կրել նաեւ քեզանից ժառանգած նվիրականությունը՝ այն ի սպաս դնելով հայրենիքի շենացման վեհ գործին: Խոնարհվում եմ հիշատակիդ առջեւ եւ, որպես յուրօրինակ երդում, խոստանում՝ ընտրվելուս պարագայում կանեմ առավելագույնը՝ մեր երազանքների Արցախը կերտելու համար»,- Մկրտչյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց հետո Ֆեյսբուքի իր էջում գրեց Հարությունյանը:

Ավելի ուշ՝ քվեարկելուց հետո, նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր եւ գործող իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, որ կորոնավիրուսի շրջանում ընտրությունները չհետաձգվեցին: Հարությունյանն ասաց, որ այդ քննադատություններում շատ է տեսնում արհեստական եւ քաղաքական ենթատեքստ:

«Ախր, ինչպե՞ս պետք էր հետաձգել։ Իսկ եթե նախագահը հայտարարեր արտակարգ դրություն, թեկնածուներից որեւէ մեկը, կամ ժողովրդից որեւէ մեկը Սահմանադրական դատարան դիմեր, ի՞նչ հիմունքներով ենք առանց արտակարգ իրավիճակ հայտարարելու արտակարգ դրություն հայտարարում, եթե այդ արտակարգ դրություն հայտարարելու որեւէ նախապայման չկա։ Ասում են՝ մի երկու հոգի հիվանդ են։ Կարող է շատ ավելի հիվանդներ կան, բայց դեռ պանդեմիայի այդ կանոնները չկան։ Եվ ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այդ իրավիճակը»,- ասաց նախագահի թեկնածուն:

Նա չհամաձայնեց, որ ցածր մասնակցությունն իր լեգիտիմության վրա կազդի՝ նկատելով, որ ընտրությունների 2-րդ փուլն արդեն լեգիտիմության ապացույց է: Անդրադառնալով առաջին փուլի համեմատ ընտրողների պասիվությանը՝ Հարությունյանը նկատեց, թե դա կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով՝ նախ, որ ի տարբերություն առաջին փուլի, այս անգամ թեկնածուները 14-ի փոխարեն 2-ն էին, բացի այդ, առաջին փուլի ժամանակ անցկացվում էին նաեւ խորհրդարանական ընտրություններ:

Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր առաջին քայլերից մեկը լինելու է կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակի եւ մասնավորապես տնտեսական դաշտի կայունացումը: Եթե 4 ամսից աշխարհն անցնի բնականոն տնտեսական վիճակի, ապա, ըստ Հարությունյանի, հեշտ կհաղթահարեն խնդիրները, իսկ եթե երկար տեւի, պետք է ամբողջությամբ վերանայեն տնտեսությունը եւ համախմբվելով Հայաստանի իշխանության շուրջը՝ պատվով դուրս գան:

Հարությունյանը խոսեց նաեւ սպասվող քաղաքական բանակցությունների մասին՝ հնարավոր կոալիցիա ձեւավորելու շուրջ:

«Մի քանի օրից ես սկսելու եմ հանդիպումներս քաղաքական տարբեր ուժերի հետ։ Այս երկրում ես պրոբլեմ չունեմ ո՛չ Մասիս Մայիլյանի, ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ որեւէ մեկի հետ»,- ընդգծեց նա:

Մայիլյանը ընտրություններին կարծեք թե չմասնակցեց, համեյան դեպս, լրագրողներին այդ մասին տեղեկություն չտրամադրվեց, սակայն ընտրատեղամաս եկավ Սամվել Բաբայանը, որը նախագահական ընտրություններում նրան էր սատարում:

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը չբացահայտեց, թե ում է քվեարկել, որքան էլ որ լրագրողները պնդեցին:

Նա ասաց, թե քվեարկել է Արցախի ապագայի ու զարգացման համար: Հարցին, թե ո՞վ է ապահովելու այդ զարգացումը, Բաբայանը պատասխանեց. «Այն թիմը, որ եկել է, պառլամենտական թիմը»:

Լրագրողը փորձեց պարզել՝ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենի՞քը» նկատի ունի, որ ստացել է մեծամասնություն՝ 16 մանդատ:

«Բացի «Ազատ հայրենիք»-ից, 5 կուսակցություն կա: Եթե դուք հաշվեք, մեծամասնությունը 17 ձայն առանձին է: Դաշնակցություն, ԱԺԿ, Վիտալի Բալասանյանը եւ մեր ուժը: Դա առանձին դառնում է 17 ձայն, իսկ դա մեծամասնություն է: Էնպես որ ձեւակերպումը ճիշտ չեք անում: Ընթացքը ցույց կտա»,- ասաց Բաբայանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք նա կոնֆլիկտ ունի՞ Մասիս Մայիլյանի հետ, որին սատարում էր նախագահական ընտրությունների առաջին փուլում, իսկ եթե չկա, ապա այս անգամ նրան սատարո՞ւմ էր:

«Որեւիցե կոնֆլիկտ չկա: Ի՞նչ է նշանակում՝ ես սատարում եմ: Եթե Մասիս Մայիլյանն ընդհանրապես չի մասնակցում, հրաժարվել է, ի՞նչ եմ սատարում»,- նկատեց նա:

Խոսելով կոալիցիա կազմելու հնարավորության մասին՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարն ասաց, որ մեծամասնություն վերցրած ուժը պետք է բանակցի, եթե չգտնի այդ եզրերը, իրենք կբանակցեն:

Համագործակցության եզրեր Բաբայանը բոլորի հետ տեսնում է, միայն թե ծրագրերի համադրման պայմանով եւ ոչ թե պաշտոնի կռվի համար: Այն քաղաքական ուժերը, որոնք պաշտոնի կռիվ են տալիս, ըստ Բաբայանի, պետք է դուրս շպրտել նրանց: Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը համարում է գաղափարի կռիվ:

Իրենց անելիքների մասին խոսեց նաեւ Արցախի գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որի ղեկավարած ուժը նոր խորհրդարանում ընդամենը 2 մանդատ է ունենալու:

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը պետք է պատրաստ լինի աշխատել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր հատվածում: Նախընտրական ժամանակահատվածում մենք նույնպես հանդես ենք եկել նախընտրական ծրագրով: Եթե հնարավորություն լինի իրացնելու այդ նախընտրական ծրագրերը, մենք պատրաստ ենք համագործակցության»,- ասաց Ղուլյանը: Նա չբացառեց ո՛չ իր՝ օրենսդիր համակարգում մնալը, ո՛չ էլ գործադիր կառավարման համակարգում աշխատելը:

Կորոնավիրուսի 3 աղբյուր

Նոր իշխանության ձեւավորման պայմաններում իր ապագա դերակատարման վերաբերյալ դեռեւս տեղեկություն չհրապարակեց նաեւ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ արտակարգ իրավիճակում Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրեց. «Ունենք վարակի երեք աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի են եւ սահմանափակված, մյուսի վրա դեռ շարունակում ենք աշխատել»:

Պետնախարարն ասաց, որ երրորդ վարակակրի մասով մի փոքր դժվարություն կա վարակակիր ընտանիքի շփումների առումով, ինչպես նաեւ այն պատճառով, որ մի քիչ ավելի խոշոր բնակավայրում է ապրում նա, սակայն վստահեցրեց, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է:

Հարցին՝ ռիսկային չէ՞ր այսպիսի պայմաններում ընտրությունների անցկացումը, մանավանդ որ առաջին վարակակիրը Միրիկ համայնքում մասնակցել էր ընտրությունների առաջին փուլին, Մարտիրոսյանը պատասխանեց. 

«Առաջին վարակակիը, այո՛, մասնակցել է ընտրություններին, բայց այդ անձը եղել է ինչպես որ ես՝ բոլոր համապատասխան միջոցներով ապահովված. եղել է ե՛ւ դիմակով, ե՛ւ ձեռնոցներով, եւ այս պահի դրությամբ Միրիկում միայն մեկ դեպք ունենք, որն իր ընտանիքի անդամ է»:

Ինչ վերաբերում է ընտրությունները անցկացնելու որոշմանը՝ չնայած արտակարգ իրավիճակին, պետնախարարը նկատեց. «Ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցի ճիշտ հասցեատերը երեւի ես չեմ, բայց ամեն դեպքում կպատասխանեմ. ինչպես նշել են նախագահը եւ պաշտոնյաները, ընտրությունների անցկացումը որեւէ մեկի ցանկությունը չէ, այլ սահմանադրական պահանջ է, եւ երկրի իշխանությունը, նախագահը տվյալ դեպքում նույնիսկ իրավասու չէր հետաձգել ընտրությունները կամ կիրառել այլ ռեժիմ, բացի նրանից, որ կիրառված է»:

Արցախում համաճարակային իրավիճակին եւ ընտրությունների համար ստեղծված պայմաններին ԿԸՀ մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ նաեւ ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

Որպես ընտրատեղամասերում իրականացված կանխարգելիչ միջոցառումների հավաստում՝ նա հայտարարեց, որ, չնայած իր ծնողները գտնվում են ռիսկային գոտում, բայց մասնակցել են քվերակությանը:

Առաջին արձագանքներ

Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ շատ փոքր էր նաեւ ընտրությունները դիտարկող ՀՀ ԱԺ ներկայացուցիչների, ինչպես նաեւ դիտորդների թիվը: Արցախում Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խմբի ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը օրվա ընթացքում հայտարարեց, որ ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Սիմոնյանը նշեց, որ 6 հոգանոց դիտորդական խումբը հասցրել է լինել Ստեփանակերտի եւ Շուշիի մի շարք ընտրական տեղամասերում։

«Պետք է նշեմ, որ տեղամասերում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ որեւիցե արտառոց դեպք եւս չի գրանցվել»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու Հանրապետության նախագահ, իրենք պատրաստ են համագործակցության:

«Անձերի հետ կապված որեւէ խնդիր չի կարող լինել, քանի որ մենք ունենք մեկ համընդհանուր նպատակ: Բնականաբար, նոր ակնկալիքներով լցված՝ պատրաստ ենք աշխատելու Արցախի նոր իշխանությունների հետ»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ընտրությունների ընթացքին անդրադարձավ նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ նախագահը: Ի տարբերություն ՀՀ ԱԺ պատվիրակության՝ դիտորդները որոշ խնդիրներ արձանագրել էին՝ չնայած այն հանգամանքին, որ դիտորդների մի մասը դիտարկում իրականացնում էր օնլայն ռեժիմով՝ հեռակա: Արցախի մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց.
«Հիմնականում դիտորդությունը անում ենք հեռակա՝ տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով, որովհետեւ, ամեն դեպքում, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեր համար մի քիչ սկզբունքային էր դիտորդների անվտանգությունը, որպեսզի ռիսկի չդիմենք: Հայաստանից եկել է մոտ 10 հոգի, բոլորը կորոնավիրուսի թեստ անցած, բայց այդքանս ենք, մնացածը աշխատում են օնլայն ռեժիմով»,- ասաց Իոաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ առաջին փուլին հետեւում էին 113 դիտորդով, հիմա 65 հոգով են հետեւում, բայց՝ օնլայն:

ՀԿ-ն ժամը 14:00-ի տվյալներով նաեւ հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով տեղամասերում դիտարկման արդյունքները: 48 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումների միջոցով, դիտարկման նախնական արդյունքներով, դիտորդական առաքելությունն արձանագրել էր․ ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի՝ ներկայության 44 դեպք, վկայականը տեսանելի չկրող անձի ներկայության՝ 40 դեպք, ընտրողի քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու՝ 143 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու՝ 6 դեպք, հանձնաժողովի նախագահի լիազորություններն այլ անձի կողմից իր վրա վերցնելու՝ 10 դեպք, քվեասենյակում կուտակումների՝ 14 դեպք։

Տպել
5697 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ