Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի իսպանացի հայտնի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վստահ է, որ ամուր թիմ ունենալու դեպքում հնարավոր է հասնել նպատակներին: Այս մասին նա նշեց այսօր՝ հուլիսի 17-ին, առցանց ասուլիսի ընթացքում: Նա խոսեց Հայաստանի առաջնությունից իր տպավորությունների, հավաքականը համալրելու այդ մրցաշարի ներուժի, հնարավոր նորեկների եւ մի շարք այլ թեմաների մասին:

-Ինչպիսի՞ տպավորություն եք ստացել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունից եւ տեսե՞լ եք արդյոք ֆուտբոլիստների, որոնք արժանի են համալրելու Հայաստանի ազգային հավաքականը:

-Նախեւառաջ ուզում եմ շնորհավորել ֆեդերացիային, բոլոր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մարզիչներին իրենց վարքագծի համար, որը նրանք դրսեւորեցին նման բարդ պայմաններում, ինչպիսին էր այս մրցաշրջանի վերջին հատվածը:

Ես տեսա՝ առաջնության ավարտը շատ մրցակցային էր, ինձ շատ դուր եկավ Գավաթի եզրափակիչը, եւ առաջնության ավարտը, մի խաղով, որն անցավ շատ հավասար պայքարում, եւ որով պետք է վճռվեր չեմպիոնը, ու հաղթեց «Արարատ-Արմենիան», որին շնորհավորում եմ, ինչպես «Նոային», Գավաթը նվաճելու համար: Շատ հանդիպումներ ենք նայել տեղում, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ, մի շարք խաղացողների վերաբերյալ տեսանյութեր ենք պատրաստել, եւ շատ տեղեկություններ ունենք Հայաստանի խաղացողների մասին:

-Շատ է խոսվում Հայաստանի առաջնությունում լեգեոներների սահմանափակման մասին: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

-Կուզենայի, որ շատ ավելի շատ հայեր լինեին, որոնք կկարողանային կրել ազգային հավաքականի մարզաշապիկը: Երեկ երեկոյան տեղեկացա այն կանոնների մասին, որոնք ֆեդերացիան ներմուծել է մյուս մրցաշրջանի համար: Իմ կարծիքով՝ սա հաջողություն է, քանի որ դա կնպաստի, որ ապագայում ավելի մեծ լինի մրցունակ խաղացողների քանակը մեր հավաքականի համար: Որովհետեւ այն, ինչ ինձ շատ զարմացրեց, փաստն էր, որ կային հանդիպումներ (ինչպես նրանք, որոնք խաղադաշտում էինք նայում, այնպես էլ հեռուստատեսությամբ տեսածները), որոնց ընթացքում կային թիմեր, որոնք ընդհանրապես հայ ֆուտբոլիստներ չունեին: Այսպես չի կարող լինել: Սա հանգեցնում է նրան, որ պատանիները, երիտասարդները, որոնք տաղանդ ունեն, շանսեր չստանալու պատճառով այդ տաղանդը կորցնում են:

-Կորոնավիրուսով պայմանավորված այս դադարն ու ճգնաժամն ինչպե՞ս են ազդելու համաշխարհային ֆուտբոլի եւ մասնավորապես հայկական ֆուտբոլի վրա:

-Այսպես կբաժանվի՝ կորոնավիրուսից առաջ ու հետո: Մենք կընդունենք ստեղծված իրավիճակը: Ինձ դուր է գալիս, որ մարզադաշտում երկրպագուներ են լինում, ֆուտբոլը կիրք է, հնարավոր չէ ապրել ֆուտբոլն այնպես, ինչպես հիմա է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ինձ դուր եկավ այն ձեւը, թե ինչպես ավարտվեց, մրցաշրջանն ավարտվեց առանց բարդությունների, կարծում եմ՝ պետք է պահպանել այդ գիծը, բոլոր պետք է պատասխանատու լինեն առանջին հերթին առողջության, հետո ֆուտբոլի հարցում:

-Ունենք Խինես Մելենդեսի կողմից մշակված, սակայն ոչ լիարժեք հանրայնացված մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին ծրագիր, որը կարծես մի քանի ակումբներ արդեն կիրառում են: Արդյոք այդ ծրագրին ծանո՞թ եք, ի՞նչ կտա այն Հայաստանին, որտեղ կարծես համապատասխան կադրերի պակասի արդյունքում այժմ ուշադրություն է դարձվում լեգեոներների նատուրալիզացմանը՝ որպես կարդրային խնդիրների կարճաժամկետ լուծման տարբերակ:

-Խինես Մելենդեսը, ինչպես նաեւ նրա թիմը՝ Անտոնիոն, Ռուբենը, հատկապես՝ Խինեսը, որը շատ տարիներ առաջ իմ ուսուցիչն է եղել, մեծ փորձ ունի ոչ միայն նրանով, ինչ արել է Իսպանիայում, այլեւ ՈՒԵՖԱ-ի, միջազգային մակարդակով: Երկրում՝ տվյալ դեպքում Հայաստանում, ֆուտբոլի զարգացումը սկսվում է մարզիչներ պատրաստելուց: Եթե մարզիչները, որոնք աշխատելու են փոքր երեխաների հետ, համապատասխան գիտելիքներ ունենան, անկասկած այդ երեխաների տաղանդը հետագայում կբացահայտվի: Նման մարզիչներ պատրաստելով, ինչպես նաեւ այն հայ ֆուտբոլիստներին խաղացնելու կանոնով, որը ֆեդերացիան ներդրել է՝ վստահեցում եմ՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում հետաքրքիր խաղացողներ կլինեն հավաքականի եւ տրամաբանորեն նաեւ հայկական ֆուտբոլի համար: Մելենդեսն ու նրա թիմը ոչ միայն մարզիչների կրթության հարցով են զբաղվել, այլեւ ճանապարհ են գծել տակտիկական, տեխնիկական եւ ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ, որպեսզի այդ մարզիչները կարողանան օգտագործել այդ վարժությունները, բայց պնդում են, որ ամենակարեւորը կրթությունն է: Քչերը կան, որ կարող են ավելի լավ կրթել երիտասարդ մարզիչներին, քան Խինեսը, Անտոնիոն եւ Ռուբենը:

-Ի՞նչ կասեք հավաքականի նորեկ Սոլոմոն Իմե Ուդոյի վերաբերյալ: Ի՞նչ եք սպասում, որ նա կկարողանա տալ հավաքականին:

-Հետեւել ենք նրա բոլոր խաղերին: Տեսանյութ ունեինք, երբ Իսպանիայից էինք աշխատում ու չէինք կարողանում գալ այստեղ: Մեր նախագահին հարցրի, թե արդյոք հնարավոր է, որ գա հավաքական, ասաց՝ այո՛: Հարցրեցի՝ արդյոք նա կուզենա գալ ու պաշտպանել Հայաստանի հավաքականի գույները, որովհետեւ սա ավելի կարեւոր է, քան որակները, որ ֆուտբոլիստն ունի՝ հավաքականի մարզաշապիկը կրելու ցանկությունն ու նվիրվածությունը: Այսպիսով ունենք եւս մեկ ֆուտբոլիստ, որը թիմում մրցակցություն կավելացնի:

-Բարձրագույն խմբում կա Հայաստանի առաջնությունում 5 տարի անցկացրած եւս մեկ ֆուտբոլիստ: Խոսքը «Գանձասար-Կապանից» Անգուլո Վբեյմարի մասին է: Արդյո՞ք դիտարկում եք նրան եւս հավաքական հրավիրելու տարբերակը եւ ի՞նչ կարծիք ունեք «Գանձասարի» մեկ այլ ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանի մասին:

-Չէի ցանկանա կենտրոնանալ ֆուտբոլիստների անունների վրա: Եթե հնարավոր է նրան կանչել հավաքական, կգնանք նույն ճանապարհով, ինչ Սոլոմոնի դեպքում: Նույնը մյուս տղայի հետ կապված, հայ խաղացող է, չենք կարող անտեսել ոչ մեկին, ով կարող է համալրել հավաքականը, հետեւելու ենք նրան:

-Հայաստանի հավաքականի ո՞ր խաղացողների հետ եք շփվել եւ ի՞նչ եք քննարկել նրանց հետ:

-Շատերի հետ եմ խոսել: Կարծում եմ՝ 19-20 հոգու հետ խոսել եմ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչի մասին ենք խոսել, այն ինչից մարզիչն ու ֆուտբոլիստները խոսում են, մնում է նրանց միջեւ: Մի հատկանիշ, որ բոլորն ունեն, նրանց նվիրվածությունն է, որն ունեն հավաքականի նկատմամբ: Ինձ զարմացրեց հավաքականի մարզաշապիկը պաշտպանելու բոլորի այդ ցանկությունը:

-Շատ է խոսվել հավաքականի հավանական նորեկների մասին: Ի՞նչ փուլում է Լուկաս Սելարայանի, Խորեն Բայրամյանի, Արշակ Կորյանի, Մաթյո Եզեկյանի, Նաիր Տիկնիզյանի եւ այլ ֆուտբոլիստների հետ բանակցությունները: Եթե հնարավոր է, անդրադարձեք առանձին-առանձին:

-Խաղացողներ են, որոնք կարող են հետաքրքիր լինել, սակայն քանի դեռ հստակ չէ, որ կարող են միանալ, չեմ կարող հրապարակային կարծիք արտահայտել:

-Ֆուտբոլային հանրությունը Ձեզ համարում է տաղանդներ բացահայտող մարզիչ: Արդյո՞ք երիտասարդական հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնց առաջիկայում կտեսնենք ազգային հավաքականում:

-Վստահեցնում եմ, որ կարճաժամկետ հետանկարում՝ այո՛, սակայն հիմնաքարային է, որ նրանք իրենց թիմերում խաղաժամանակ ստանանան: Առաջնության նոր կանոնը կնպաստի, որ այս տղաները խաղալու ավելի շատ հնարավորություններ ունենան: Եթե չխաղան, դժվարությամբ կկարողնան դրսեւորել իրենց տաղանդը: Երիտասարդ տղաներին անհրաժեշտ է խաղալ, նրանց անհրաժեշտ է սխալներ թույլ տալ, որովհետեւ այդպիսով առաջընթաց կապրեն: Եթե չխաղան, կկրոցնեն եղածը ու իրենց պահը բաց կթողնեն: Այդ պատճառով էլ համոզված եմ, որ ֆեդերացիայի այս նոր կանոնի շնորհիվ կարճաժամկետ հեռանկարում այս բոլոր տղաները կխաղան, ու վստահեցնում եմ, որ ոմանք կզարմացնեն, որովհետեւ տարբեր տարիքային հավաքականների՝ մինչեւ 14, մինչեւ 15, մինչեւ 17, մինչեւ 19, մինչեւ 21 տարեկանների մարզիչները լավ աշխատանք են կատարում: Բազմաթիվ տղաներ կան, որոնք մեծ հնարավորություններ ունեն: Այդ պատճառով եմ պնդում, որ միակ բանը, որ պակասում է, այն է, որ չեն խաղում:

-Ինչպիսի՞ դեր ունի հոգեբանությունը ֆուտբոլում եւ ի՞նչ աշխատանքներ են տարվելու Հայաստանի ազգային հավաքականում հոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ:

-Անկասկած հոգեբանական կողմը նույնքան կարեւոր է, որքան տեխնիկական, տակտիկական եւ ռազմավարական կողմը: Եվ առաջինը, ինչ պետք է անել, թիմին ճանաչելն է, որովհետեւ չկա հատուկ բաղադրատոմս, որով կարող եմ ասել, թե ինչ է պետք անել: Կախված նրանից, թե ինչ կտեսնենք թիմում, ըստ դրա՝ կգործենք, բայց ակնհայտ է, որ, եթե թիմը հոգեբանորեն ուժեղ է եւ հավատում է նրան, ինչ անում է, դա բազմապատկում է նրանց տրամադրվածությունը:

-Ի՞նչ սկզբունքով են ընտրված Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների մրցակիցները: Խոսքն Ալբանիայի եւ Քուվեյթի հավաքականների հետ հանդիպումների մասին է:

-Նմանատիպ հանդիպումները մեզ շատ կօգնեն, քանի որ այդ խաղերում իրենց նորամուտը կնշեն խաղացողներ, որոնք հավաքականում չեն եղել, կտեսնենք նրանց խաղը:

-Ազգերի լիգայի նախորդ մրցաշրջանում մեծ խնդիրներ ունեցանք խորը պաշտպանությունից խաղացող թիմերի հետ հանդիպումներում: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել դիրքային գրոհների բարելավման հարցում:

-Առաջին բանը, որ պետք է անենք, թիմ կառուցելն է՝ այդ բառի ողջ իմաստով: Այդ բառի ողջ իմաստով թիմ ստեղծել նշանակում է, որ ողջ թիմը գիտի՝ ինչ անել, երբ գնդակը մրցակցի մոտ է եւ երբ գնդակն իր մոտ է: Փորձելու ենք առավելագույնն ստանալ այն ֆուտբոլիստներից, որոնք լինելու են մեզ հետ հավաքականում, որպեսզի հավասարակշռված թիմ լինենք ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության առումով:

-Ի՞նչ նպատակ է դնում Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում ու ի՞նչ շանսեր ունի, արդո՞ք իրատեսական եք համարում այդ մրցաշարով աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը:

-Պետք է ամբիցիոզ լինենք, պետք է առաջ շարժվենք խաղից խաղ եւ քայլ առ քայլ: Եվ այսպիսով կաճենք: Եթե յուրաքանչյուր խաղում ամբիցիոզ լինենք, վերջում կհասնենք նպատակին, բայց նպատակը սկզբում դնում են, իսկ հետո հասնում դրան: Պետք է համոզված լինենք, որ կարող ենք մրցել ցանկացած թիմի դեմ, եթե մենք թիմի հոգեբանություն ունենք, համերաշխ ենք խաղադաշտում, եւ բոլոր խաղացողների ջանքերի միասնությամբ կարող ենք հասնել նպատակին:

-Որո՞նք են հավաքականի առավել թույլ խաղային օղակները եւ ինչպե՞ս եք պատրաստվում ուժեղացնել դրանք:

-Այդ տեղեկությունը կպահեմ ինձ համար: Խաղալու ենք Մակեդոնիայի դեմ, կարծում եմ՝ հետեւում են ասուլիսին: Եթե ասեմ՝ որ օղակներն են թույլ, առավելություն կտանք նրանց: Պետք է հանգիստ լինենք ու պատրաստվենք: Ոչ մի հարյուրտոկոսանոց թիմ չկա՝ ո՛չ «Բարսան», ո՛չ «Ռեալ Մադրիդը», ո՛չ «Բավարիան», ո՛չ «Մանչեստեր Սիթին»… բոլոր թիմերն էլ թերություններ ունեն: Փորձելու ենք այնպես անել, որ մրցակիցները մեր թերությունները հնարավորինս քիչ տեսնեն:

-Վստահաբար տեսել եք Հայաստանի հավաքականի հանդիպումները: Ո՞ր հանդիպումն է Ձեզ տպավորել ամենաշատը:

-Ինձ դուր եկավ մի խաղ, որում թիմը լավ մրցեց. պարտվեց Իտալիայի դեմ խաղում, որում 10 հոգով էր խաղում, սակայն երեւաց թիմային լավ ոգին, եւ կար պահ, որ հաշիվը կարող էր այլ լինել:

Հ.Գ. Կապառոսը վերջում ավելացրեց.

-Ինձ շատ զարմացրեց այն հիանալի մթնոլորտը, որը կա ֆեդերացիայում: Բոլորը ցանկանում են ինչ-որ ձեւով նպաստել, որ ֆուտբոլը զարգանա: Մենք էլ ցանկանում ենք փոխանցել մեր ոգեւորվածությունը, մեր փորձը, բայց հատկապես հավաքականում ներդրում ունենալու մեր կիրքը:

Տպել
1913 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին