Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում․ ըստ պատգամավորի՝ աշխատում են մի քանի օղակներով

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների հարցերով ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում․ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, միջազգային կառույցների, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների, Եվրոպական դատարանում ՀՀ-ի ներկայացուցչի գրասենյակի եւ առանձին փաստաբանների համատեղ ջանքերով միջոցներ են ձեռնարկվում խնդրին օր առաջ լուծում տալու համար։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը, որը ներգրավված է զինծառայողների ընտանիքների հետ տարվող աշխատանքներում։ «Հավատացեք՝ ես ինքս, վերջին օրերին ներգրավված լինելով այս պրոցեսներում, կարող եմ ասել, որ օր ու գիշեր աշխատում ենք, որ ցանկացած հարց օր առաջ լուծում ստանա, եւ ինչպես վարչապետն ասաց, մենք պետք է գնանք ծնողների մոտ, ոչ թե նրանք գան մեզ մոտ»,- նշեց նա։

Նազելի Բաղդասարյանի հետ զրուցել ենք անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների խնդրի շուրջ․

- Տիկի՛ն Բաղդասարյան, խորհրդակցությունների արդյունքում ճանապարհային ի՞նչ քարտեզ է մշակվել անհետ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ։

- Ինչպես գիտեք, երեք օր առաջ վարչապետի մոտ խորհրդակցություն հրավիրվեց, որին ներկա էին Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ այլ գերատեսչության ղեկավարներ, նաեւ ներկա էին ԱԺ պատգամավորներ։ Մենք միասին փորձում էինք գտնել ամենաօպտիմալ եւ արագ ձեւը անհետ կորած զինծառայողների խնդրին լուծում տալու համար։ Սա շատ ցավոտ եւ նուրբ խնդիր է, որովհետեւ ստեղծված իրավիճակը ամբողջովին մեր դաշտում չէ․ մենք դեռեւս հնարավորություն չունենք մուտք գործել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, եւ այստեղ անելիքներ ունեն Կարմիր Խաչի մեր գործընկերներն ու ռուս խաղաղապահները։

- Ինչու՞ մինչ օրս խաղաղապահների միջոցով հնարավոր չի եղել մուտք գործել այդ տարածքներ։

- Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ․ որոշ տարածքներ խիստ ականապատ են, եւ փաստացիորեն այդ շփման գծի հատվածը անցնելը շատ դժվար է։ Որքանով տեղյակ եմ, այս առիթով Կարմիր Խաչը նոր մարդկանց է կենտրոնացրել, որպեսզի աշխատանքները ավելի օպտիմալ տարվեն։ Դրանով զբաղվում են նաեւ ռուս խաղաղապահները, որպեսզի կարողանանք մուտք ունենալ այդ տարածքներ՝ հիմնականում հարավի հատվածում։ Մյուս կողմից էլ ունենք որոշակի խնդիր ադրբեջանական կողմի հետ։ Երկու օր առաջ աճյունների որոշակի փոխանակում եղել է, բայց ոչ մեծ քանակությամբ, պարզապես ես թվեր հրապարակելու իրավասություն չունեմ։

- Ադրբեջանական կողմի հետ խնդիրը ո՞րն է, եթե եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է հենց գերիներին եւ անհետ կորած զինծառայողներին։

- Երբ մենք ասում ենք, որ ունենք որոշակի թվաքանակով գերիներ, Ադրբեջանը չի հաստատում, որ այդ թվով գերիներ կան իրենց տիրապետության տակ, այսինքն՝ պատասխանատվություն չի վերցնում այն անձանց համար, որոնք դեռեւս իդենտիֆիկացված չեն կամ որոնց մասնակցությամբ որեւէ տեսանյութ, հաղորդագրություն մեր ձեռքի տակ չկա։ Ինչ վերաբերում է դիերին, ինչպես ասացի, մենք հասանելիություն չունենք որոշակի տարածքներ, դրանք մատչելի չեն կոնկրետ գործողություններ իրականացնելու համար, այդ պատճառով էլ Կարմիր Խաչը ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ Գործընթացը պետք է լինի փուլային, բնականաբար․ որոշակի թվով դիեր եւ գերիներ էլ Հայաստանն ունի։

Ունենք նաեւ անհետ կորածներ, որոնց ծնողները չեն համաձայնում իդենտիֆիկացման նմուշառում կատարել եւ արյուն հանձնել, քանի որ կասկածներ ունեն, որ իրենց երեխան գուցե եւ ողջ է։ Սա, իհարկե, հոգեբանական շատ ծանր խնդիր է, եւ դա է պատճառը, որ վարչապետի հանձնարարությամբ հոգեբանների մեծ խումբ է սկսել աշխատել նրանց հետ։ Մենք էլ ենք ուզում հավատով լցվել, բայց այնուամենայնիվ, ԴՆԹ նմուշառումը անհրաժեշտ գործընթաց է, եւ ես հորդորում եմ անհետ կորածների հարազատներին, ՊՆ-ի հետ կապ հաստատելով, իրականացնել դա՝ իրավիճակը զգալիորեն մեղմելու համար։

Գիտեք նաեւ, որ բավականանին ծավալուն աշխատանքներ են իրականացնում ՀՀ ՄԻՊ-ը եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, եւ ուրբաթ օրվա տվյալներով՝ ունենք բավարարված եւս 19 դիմում, որոնցով ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել, առանձին փաստաբաններ նույնպես աշխատում են, որ ապահովվի այդ անձանց կյանքի իրավունքը։

- Դա առավելապես գերիներին է վերաբերում, իսկ անհետ կորածների խնդրով այս փուլում գործնական ի՞նչ աշխատանքներ են տարվում։

- Անհետ կորածների մի մասը եւս կարող է համարվել գերի․ մենք ունենք ֆիքսված գերիներ, բայց այդ թվաքանակը խիստ տատանվող է, որովհետեւ ինչպես ասացի, Կարմիր Խաչի տիրապետության տակ ավելի շատ անձանց ցուցակ կա, քան ադրբեջանական կողմն է հաստատում։ Մի մասին Կարմիր Խաչի մեր գործընկերները Ադրբեջանում հանդիպել են, եւ կան հստակ ժամկետներ, որոնց շրջանակում մենք լիահույս ենք, որ գերիների փոխանակում տեղի կունենա։ Ցավով, պիտի նշեմ նաեւ, որ պատերազմական գործողություններից պարզ է դառնում, որ կարող են լինել որոշ հատվածներ, որտեղից մենք այդպես էլ դիեր չենք ունենա, այսինքն՝ երբ մեծ ականներ, հրթիռներ են ընկել, եւ խրամատի հատվածում հողը ծածկել է, 45 օր անց շատ դժվար է այնտեղից մարմին գտնել։ Բոլորը կհիշեն, որ դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ընթացքում պաշտոնական տվյալներով 4000-ին մոտ անհետ կորածներ ունեինք, այսօր, իհարկե, նման թվերի մասին չէ խոսքը, քառակի, հնգակի անգամ փոքր են թվերը։

- Փոխանակման ի՞նչ ժամկետ է սահմանված․ հայտարարության մեջ դրա մասին խոսք չկար։

- ՄԻԵԴ-ն է սահմանել, որ մինչ նոյեմբերի 27-ը Ադրբեջանը պետք է տեղեկություններ տրամադրի 9 ռազմագերիների, ինչպես նաեւ՝ նրանց փոխանակման ժամկետների վերաբերյալ։ Պահանջել է նաեւ մինչ նոյեմբերի 30 տեղեկություններ տրամադրել եւս 11-ի վերաբերյալ, այսինքն՝ գործընթացները ընթացքի մեջ են։

Գերիների հարցով միջազգային կառույցների հետ նաեւ մենք ենք աշխատում, եւ մեր տիրապետության տակ գտնվող տվյալների, Արցախի եւ Հայաստանի ՄԻՊ-երի զեկույցների հիման վրա խորհրդարանական դիվանագիտության օղակների միջոցով փորձում ենք կապվել պատգամավոր մեր գործընկերների հետ, որոնք տարբեր երկրներից կարող են ազդեցություն ունենալ, որովհետեւ գիտեք, որ շատ դեպքերում մեր զինծառայողներին խոշտանգումների են ենթարկում։ Թեեւ օրերս Ադրբեջանի զինդատախազությունը հայտարարեց, որ քրեական գործեր կհարուցեն եւ մեղավորներին կպատժեն, բայց դա կոնկրետ երկրի մոտեցում է, ինչու՞ ՀՀ-ում նման պատկեր չունենք, ինչու՞ որեւէ մեկը չի ասում, որ ՀՀ-ում եւս խոշտանգում են, որովհետեւ դա է ՀՀ-ի մոտեցումը։ Ցավոք, պետք է փաստեմ, որ ինքս էլ հանդիպել եմ դեպքերի, երբ սիրիական պատերազմից գերիների որոշակի տեսանյութեր հայտնվել են համացանցում եւ ներկայացվել որպես այս պատերազմի դեպքեր, բայց սրան էլ շատ արագ արձագանքել են ԱԱԾ մեր գործընկերները։ Խնդիրը շատ նուրբ է եւ շատ զգայուն, իսկ շատերը այս ամենը փորձում են օգտագործել, որն անթույլատրելի է։

- Իսկ քննարկվե՞լ է երրորդ երկրի միջոցով գերիների փոխանակումը, թե՞ դա պիտի իրականացվի ՀՀ-ի հետ անմիջական կապով։

- Այս պահին օրակարգում նման հարց չկա, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ Կառավարության աշխատանքները շատ հստակ եւ արագ տեմպերի վրա են, մի քանի օղակներով աշխատանքները միտված են հենց նրան, որ օր առաջ ունենանք մեծ թվով արդյունքներ։

- Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գերիների փոխանակումը կիրականացվի դիերի փոխանակումից հետո։ Ձեզ հայտնի՞ է՝ ինչով է պայմանավորված այս հաջորդականությունը։

- Չեմ կարող մեկնաբանել, տվյալներին չեմ տիրապետում։ Գերիների հարցով մեկ գերատեսչություն է պատասխանատու որպես բանակցող մարմին, իսկ անհետ կորածների հարցով այլ ընթացակարգ է, համագործակցություն կա Պաշտպանության, Առողջապահության նախարարությունների հետ, կա նաեւ միջգերատեսչական հանձնաժողով, որում ներգրավված են այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ եւս։

- Տիկի՛ն Բաղդասարյան, անհետ կորածների ընտանիքների հետ հոգեբանական աշխատանքներն ի՞նչ սկզբունքով են իրականացվում։

- ՊՆ-ն ունի այն բոլոր ընտանիքների ցանկը, որոնք դիմել են եւ նշել, որ ունեն անհետ կորած զինծառայողներ, եւ այս դեպքում հոգեբաններն իրենք են կապի դուրս գալիս նրանց հետ։ Առաջիկայում այդ գործընթացը առանձին մակարդակով կիրականա նաեւ մարզերում։ Այսինքն՝ նախաձեռնությունը ոչ թե ծնողների, այլ պետության կողմից է, որովհետեւ պետությունը ունի հստակ պարտավորություններ։

- Իսկ ՌԴ իշխանությունների ներգրավվածությունը անհետ կորածների հարցում ինչպիսի՞ն է։

- ՌԴ իշխանությունների հետ անմիջական կապ ունի վարչապետը, գիտեմ, որ նախորդող օրերին քննարկումներ են եղել նաեւ ՊՆ նախարարների մակարդակով, որպեսզի գործընթացները արագացված լինեն։ Խնդիրը քննարկել ենք նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայացրել է առկա օբյեկտիվ իրավիճակը, այն, թե որ հատվածներից կան հանված դիեր եւ որտեղ են աշխատանքները շարունակվում։ Պետք է ասեմ նաեւ, որ կան տարածքներ, որտեղ ադրբեջանական դիեր կան, սակայն իրենք շահագրգիռ չեն դրանց վերադարձի հարցում։

Տպել
2747 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել