Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին նախագծերի փաթեթն ԱԺ-ում է. «Ո՞նց են պատվեր կատարողների դեմն առնելու»

Ընդամենը մեկ ամսից սկսվող նոր տարում Հայաստանի Կառավարությունը նպատակ ունի ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: 

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օգոստոսից հանրային քննարկման ներկայացված մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որի նպատակը այդպիսի դատարանի ստեղծումն է:

Հակակոռուպցիոն դատարանն ունենալու է առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը քննելու են ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, առնվազն՝ 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական եւ վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու կարող են դառնալ ոչ բոլորը, կան որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես՝ այդ դատարանների դատավոր չի կարող նշանակվել այն անձը, որը, լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով։ Կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվել է էական կարգապահական խախտման հիմքով կամ որի կայացրած դատական ակտի վերաբերյալ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում՝ Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտ։

Դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող դատավորները, այլ նաեւ դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու գործադիր, օրենսդիր, դատական իշխանության ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, ինչպես նաեւ հասարակական կառույցների անդամներ: Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորների համար համեմատությամբ այլ դատավորների նախատեսվում է ավելի բարձր աշխատավարձ։

Մասնավորապես՝ սահմանվում է, որ եթե գլխավոր դատախազի աշխատավարձի գործակիցը 15.00 է, ապա վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահինը 14.50 է, դատավորինը՝ 14.00:

Միտում ունենալով հակակոռուպցիոն դատարանների կազմում ներգրավել նաեւ փորձառու մասնագետների, այն է՝ գործող դատավորների, նախկին դատավորների, իրավաբան գիտնականների՝ վերջիններիս համար սահմանվել է հավակնորդների ցուցակում ընդգրկվելու պարզեցված կարգ: Մասնավորապես՝ տվյալ անձինք դիմում ներկայացնելու դեպքում հնարավորություն են ունենալու ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում բարեվարքության ստուգում եւ օրենքով սահմանված կարգով հարցազրույց անցնելուց հետո: Հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք ուսումնառություն են անցնելու ՀՀ արդարադատության ակադեմիայում:

Դատական համակարգում բարեվարքության ամրապնդման առումով նախագծով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդների, այլեւ վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձանց նկատմամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաեւ դատախազների թեկնածուների համար, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը եւ բարեվարքության ամրապնդմանը:

Ի վերջո, այս նախագծերի ընդունման հետեւանքով առաջիկա երկու տարվա համար առաջանալու են հետեւյալ ծախսերը. շուրջ 3 մլն 400 հազար դրամ՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսեր, 2 մլն 800 հազար դրամ՝ շենքային պայմանների համար, 198 մլն դրամ՝ դատարանների տեխնիկական հագեցվածության համար, 21 մլն դրամ՝ տրանսպորտային հագեցվածության համար: Այդ ծախսերից 1 մլրդ դրամն արդեն նախատեսված է ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, իսկ մնացյալ ծախսերը նախատեսված են ՀՀ Կառավարության՝ 10.07.2020թ. թիվ 1212-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում՝ որպես 2021-2023թթ. ժամանակահատվածում ռազմավարություններից բխող նոր նախաձեռնություններ:

Ի՞նչն էր խանգարում գործող դատական համակարգի պայմաններում հասնել կոռուպցիոն գործերով արդյունավետ քննության: Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը պարզաբանում է՝ դա լինելու է մասնագիտացված դատարան, որը կոռուպցիոն գործերը քննելու է շատ ավելի արագ, քան հիմա:

«Հիմա եթե դուք ասում եք՝ ինչ կտա այս դատարանների ստեղծումը՝ առնվազն էս մասով, այն դատավորը, որ ունի 1000-1200 գործ, ու խառը գործեր են, այդ թվում՝ նաեւ կոռուպցիոն, ինքը էդ 1200 գործերի մեջ տարանջատում չի անում, դրանք քննում է մուտք եղած հաջորդականությամբ: Դա երկար է տեւում: Մասնագիտացվածի իմաստն այն է, որ այն կքննի կոնկրետ մի բնույթի գործեր: Արդյունքում կոռուպցիոն գործերը շատ ավելի արագ կլինեն եւ շատ ավելի պրոֆեսիոնալ, որովհետեւ գաղտնիք չէ, որ մենք ունենք նաեւ դատավորներ, որոնք էդ կարգի գործերում պրոֆեսիոնալ չեն: Էս պարագայում ենթադրվում է, որ պետք է հավաքվի պրոֆեսիոնալ կազմ, որոնք էդ գործերից հասկանում են»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց փաստաբանը:

Եթե դատարանների ստեղծման վերաբերյալ նրա կարծիքը դրական է, ապա նույնը չէ դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմների հետ կապված: Ասում է՝ բարեվարքության հետ կապված քննադատության ենթարկել է նախարարին, Կառավարությանը:

«Այդ բարեվարքությունը ինձ համար համոզիչ չէ, որովհետեւ եթե դուք ասում եք, որ մենք հեսա գույքի հետ կապված հայտարարագրերը կուսումնասիրենք եւ դրանով կհասնենք մեր նպատակին (մոտավորապես այդպես), ապա ես կարող եմ դրան հակադրել իմ 18-20 տարվա փորձը, որ դա չի ծառայելու իր նպատակին: Դատավորներ կան, որ շատ լավ պատվեր կատարողներ են, բայց դուք նայում եք իր գույքին՝ ամեն ինչ շատ նորմալ է: Ո՞նց են պատվեր կատարողների դեմն առնելու, ո՞նց են կտրելու նախկին կապերը, որ դատավորը ունեցել է: Չեմ կարծում՝ կհասնեն իրենց ցանկալի արդյունքին»,- ասաց Գյոզալյանը:

Ըստ նրա՝ վերջին երկու տարվա ընթացքում ներկա Կառավարությունը բոլոր հնարավորություններն ուներ էդ խնդիրը լուծելու, չլուծեց: Եվ դրա վկայությունը, նրա համոզմամբ, բարձրագույն դատական խորհրդի նախագահի վերջին հայտարարությունն էր վնգստացող դատավորների մասին:

«Երբ որ ժամանակին վարչապետը այդ բառերն օգտագործում էր, այդ նույն մարդը տեքստը կլորացնում էր, ասում էր՝ դե, մեր մեջ գիտենք՝ վարչապետն ում նկատի ունի, դա ամբողջ համակարգին չի վերաբերում, բայց քաղաքական թեթեւակի ցնցում եղավ, ու նա հիշեց այդ վնգստացող դատավորներին եւ ասում էր՝ այ հիմա դուք պիտի ասեք՝ մենք վնգստացո՞ղ ենք, թե՞ չէ: Այս չարությունը մարդը պահել էր իր մեջ, որը շատ ավելի ուշ կիրառեց: Այսինքն՝ սա դրա լավագույն ապացույցն է»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե ի՞նչ տարբերակ էր առաջարկում՝ այդ խնդիրը լուծելու համար, Գյոզալյանը պատասխանեց, որ, իր համոզմամբ, ներկա գործիքակազմը ամբողջովին արդարադատության նախարարին հնարավորություն էր տալիս կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ. «Ոչինչ, թող գնար ԲԴԽ, մերժվեր, այսինքն՝ պետք չէր վախվորած քաղաքականություն տանել, որ կարող է ես վարույթ հարուցեմ, ԲԴԽ-ն մերժի: Պետք էր անհրաժեշտության դեպքում վարույթներ հարուցել, եւ հանրությունն էլ կտեսներ, որ Կառավարությունը գործնական քայլեր է անում իր ուղուց շեղվող դատավորի նկատմամբ: Բայց որ նայում ենք, թե հեղափոխությունից հետո ինչքան քիչ վարույթներ են հարուցվել կամ ինչ թույլ արարքների համար են, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը: Սա ցուցիչն է: Այնպես որ մենք երբեք օրենսդրական խնդիր չենք ունեցել, գործիքակազմը բավարար է եղել, որ դատական համակարգը մաքրվի»,- ընդգծեց նա:

Իսկ ինչո՞վ է հակակոռուպցիոն դատարանի կայացմանը նպաստելու դատավորների աշխատավարձի չափը: «Լավ բան է աշխատավարձի բարձրացումը, բայց դուք չեք կարող կոռուպցիոներին տալ բարձր աշխատավարձ, կամ հին համակարգի մարդու աշխատավարձը բարձրացնելով՝ լուծել ձեր առջեւ դրված խնդիրը: Այլ հարց է, որ ես բարձր աշխատավարձ առաջարկում եմ, որ դրսից էն առողջ ուժը, որ դատական համակարգի հետ չի առնչվել, կամ հենց դատական համակարգում եղած առողջ ուժը ներգրավեմ: Եթե սրա համար է, ապա սա կարեւոր է: Բայց եթե բարձր աշխատավարձ տալու են բոլորին, ապա հարց չեն լուծի, որովհետեւ կաշառակերի ախորժակն է մեծանալու: Եթե դուք իր աշխատավարձը բարձրացնում եք, իր շքեղ մեքենան փոխարինում է ավելի շքեղով, որն ավելի մեծ ծախսեր է պահանջում, եւ կրկին ինչ-որ մի պահի նա նորից դառնում է հին գործին: Մարդու տեսակն էդպիսին է, միշտ ցանկությունները մեծանում են, չունի մի ցանկություն, որի վրա կանգնում է ու չի ուզում ավելին»,- ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ կաշառակերությունը միայն փող վերցնելը չէ:

Կաշառակերություն է նաեւ «ախպոր ախպեր» հասկացությամբ առաջնորդվելը. «Սա իմ բարեկամն է, ուրեմն սրա գործը սենց պետք է անել, մյուսը բարեկամ չէ, թող գնա օրենքով դատվի: Այս պարագայում աշխատավարձը որեւէ լուրջ հարց չի լուծելու»,- նկատեց Գյոզալյանը:

Տպել
3088 դիտում

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել