Մատաղ սերնդի կորուստը մարսելիք չէ, ու նրանց արյունը զուր չպիտի կորչի․ Բաբկեն Չոբանյան

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մշակութային կյանքի, հետպատերազմյան հոգեվիճակի, հասարակության կյանքում մշակույթի գործիչների դերի եւ այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակը» զրույցել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանի հետ․

Բաբկեն, պատերազմը մեզ անդառնալի կորուստներ պատճառեց, եւ կարծես թե առաջինը մշակույթի գործիչները փորձեցին ուշքի գալ այդ ծանր հարվածից՝ ջանալով գույներ բերել մեր կյանք։ Այս պատերազմում դուք դիտորդի դերում չէիք. հենց սկզբից կամավորագրվել ու միացել էիք հայրենիքը պաշտպանող մարտիկներին։ Հաջողվո՞ւմ է հաղթահարել կատարվածն ու վերադառնալ մշակութային ձեր գործունեությանը։

- Ուրիշ բան չի էլ մնում անելու։ Կյանքը շարունակվում է: Ճիշտ է, սկզբում դժվար էր, բայց արդեն վերադարձել ենք։ Փորձում ենք կամաց-կամաց անցնել մեր գործերին։ Բնականաբար, ոչինչ առաջվա նման չէ, բայց պատերազմող երկրի համար, կարծում եմ, օրինաչափ վիճակ է։ Երբ գործն է դառնում ապաստարան, օազիս, մնում է ամեն ինչ անել՝ տանջող մտքերից մի փոքր շեղվելու համար, որովհետեւ պետք է շատ աշխատենք։ Բայց ամեն ինչ դեռ փորձերի մակարդակի է։ Երբ ներկայացումներ սկսենք, արդեն ավելի պարզ կերեւա։ Կստացվի։ Պիտի ստացվի, այլ տարբերակ չունենք։ Բոլորս ենք փոխվել՝ պատերազմից առաջ ու հետո։

Մոտակա ժամանակներում ո՞ր ֆիլմում ու ի՞նչ ներկայացման մեջ հանրությունը կտեսնի ձեզ։ Կա՞ արդեն սկսված աշխատանք, եւ ի՞նչ փուլում է այն։

- Դեռ նորություն չունեմ։ Թատրոնում նոր ներկայացում է պատրաստվում, բայց ենթադրում եմ՝ կմնա հաջորդ տարվան։ Ֆիլմեր եւս դեռ չկան, այս պահին որեւէ նորություն չկա։ Դադարի նման մի բան է։

- Դադարը համավարակով ու հետպատերազմական իրավիճակո՞վ է պայմանավորված, թե՞ հաճախ եք որոշ ժամանակ դադար վերցնում, եւ սա պարզապես համընկում էր։

- Ե՛վ պատերազմը, ե՛ւ կորոնավիրուսը հաստատ իրենց ազդեցությունն ունեն, բայց հստակ չեմ կարող հիմա ասել։ Փաստն այն է, որ դադար է։ Երկրի մակարդակով ամեն ինչ առաջվանը չէ, հոգսերն ու խնդիրները շատ-շատ են։ Իհարկե, կապում եմ նաեւ ձեր բերած պատճառները։ Անձերի մակարդակով կարող եմ ասել, որ գուցե ստեղծագործողի վրա էմոցիոնալ առումով իրավիճակն ուրիշ կերպ է անդրադառնում։ Բայց հիմա ամբողջ ազգն է բարդ հոգեվիճակում, մեկի մոտ՝ մի քիչ շատ, մյուսի մոտ՝ մի քիչ քիչ․ ընդհանուր առմամբ զգացողություն է, որը կարդացածիդ, տեսածիդ ու լսածիդ հետ չես համեմատի, քանի որ կատարվածը մաշկիդ վրա ես զգում։ Յուրաքանչյուր ընտանիք այդ ցավի զգացողությունն ունի, ու դրանից ոչ մեկս անմասն չենք։ Բոլորիս վրա էլ ազդել է՝ թե՛ ստեղծագործողների, թե՛ տարբեր ոլորտի, մասնագիտության, տարբեր տարիքի ու սեռի մարդկանց։ Մտածում եմ նաեւ, որ շատ բաներ մենք հիմա չենք զգա, որոշ ժամանակ կանցնի, ու նոր սրա հետեւանքները կզգանք՝ հոգեբանական, վարքագծի, մտածողության մեջ փոփոխությունների ու արժեքների վերագնահատման առումով։ Շատ բան է փոխվել։ Բայց մի շատ կարեւոր բան կա․ հիմա յուրաքանչյուրը պիտի կրկնակի, եռակի ջանքով իր գործն անի ու լավ պիտի անի, որովհետեւ հազար ու մի խնդիր ունենք, որոնք լուծել է պետք։

- Ինչ եք կարծում՝ գոնե հիմա այդ գիտակցությանը եկե՞լ են մարդիկ։ Ինքներդ դա նկատո՞ւմ եք, թեկուզ հանրության որոշակի շերտի մոտ։

- Տեսեք, գլոբալ առումով էդպիսի ցուցիչ չկա, որ կարողանամ, ըստ դրա, կողմնորոշվել։ Ընկերներիս, իմ շրջապատի մարդկանց հետ շփումից ելնելով՝ կարող եմ ասել, որ կա, բայց պիտի շատանա։ Մեծ մասամբ հիմա երկրում անցումային վիճակ է. ե՛ւ ներքաղաքական իրավիճակը, ե՛ւ մեր անվտանգության հարցերը, ամեն ինչ քաոտիկ է։ Այդ ամենը ժամանակի հետ ավելի կկոնկրետանա, ու գուցե ավելի պարզ երեւա, թե ինչ քայլեր են պետք անել։ Ամեն դեպքում, այդ գիտակցությունն այն մակարդակի չէ, ինչը, որ պետք է, բայց ենթադրում եմ՝ ժամանակի հարց է։ Եթե հարցնելու լինեն՝ շո՞ւտ է, թե՞ չէ այդ գիտակցմանը գալու համար, ես կասեմ՝ նույնիսկ ուշ է։ Մենք ամեն օր, ամեն ժամ ուշանում ենք։ Սթափվել ու մեծ թափով գործել է պետք հենց հիմա՝ այս պահից։ Երեկ, առաջին օրը, 10 օր առաջ․․․ արդեն պիտի սկսած լինեինք․ ուշանում ենք՝ ճիշտն ասած։

- Վերադառնանալով մշակութային կյանքին այստե՞ղ էլ ենք ուշացել։ Ըստ ձեզ՝ որոնք են ոլորտի ակնհայտ բացերն ու այն խոչընդոտները, որոնց պատճառով արվեստագետին (ոլորտի մասնագետին) դժվարությամբ է տրվում նոր բան անել կամ արածը միջազգայնորեն հանրայնացնել։

- Խոչընդոտ չեմ կարող բնորոշել։ Փոքր երկիր ենք, իսկ փոքր երկիրն ունի իր մեծ խնդիրները։ Մասնագետների խնդիր ունենք, կոմունիկացիաների, պետական աջակցության, վերաբերմունքի։ Սրանք խնդիրներ են, որոնց տակ խորքային հարցեր են թաքնված, եւ կոնկրետ անհատներով չեն պայմանավորված։ Կարող եմ խոսել մինչեւ պատերազմը եղած վիճակի մասին․ կինոարտադրության մեջ ու թատերատական ոլորտում կարծես թե ամեն ինչ այնքան էլ վատ չէր․ մարդիկ ֆիլմեր էին նկարում, կային այնպիսիք, ովքեր կանգնում էին կինոարտադրողների կողքին, ֆինանսապես աջակցում եւ այլն։ Գոնե այդ բնագավառում ինչ-որ բաներ տեղի էին ունենում։ Ուրիշ հարց է, թե որքանով է մեր պետությունը վերանայել մշակութային քաղաքականությունը, որը պարտավոր է անել, որովհետեւ ժամանակներն ուրիշ են։ Հիմա ինձնից մոդել չհարցնեք, ես չգիտեմ՝ որն է այդ մոդելը։ Այն մոդելը, որով այսօր կառավարվում է մշակութային ոլորտը, վաղուց արդեն սպառել է իրեն։ Մշակույթի նախարարությունը պետք է լինի մշակույթին աջակցող մարմին, գրասենյակ, ոչ թե թելադրի ճաշակ ու որակ։ Այն պետք է օգնի մշակույթի զարգացմանը։ Ձեւերը չգիտեմ, ես այդ մասնագետը չեմ։ Բայց կարելի է, չէ՞, համաշխարհային փորձն ուսումնասիրել, առաջնահերթությունները ճշտել։ Պետությունը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն, առաջնահերթություններ ու դրանց վրա կառուցի բոլոր ուղղությունների զարգացումը։ Մշակույթը բոլոր դեպքերում պետք է լինի առաջնահերթությունների մեջ։ Որ երկիրը չունեցավ մշակույթը որպես առաջնահերթություն, այդ երկիրը դատապարտված է կործանման կամ տասնամյակներով աշխարհից հետ մնալուն։ Դա կլինի ազգի կորուստը բոլոր իմաստներով՝ աշխարհում կշիռ ունենալու, իր ձայնը լսելի դարձնելու, խաղացող լինելու եւ բոլոր առումներով։

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանության եկած որոշ գործիչներ կարծես թե փորձում էին ոլորտում փոփոխութուններ անել։ Մշակույթի նախարարության կառուցվածքային փոփոխություններ եղան, նախարարներ փոխվեցին մի քանի անգամ եւ այլն։ Անցնող գրեթե 3 տարիների ընթացքում ի՞նչ է փովել։ Ըստ ձեզ՝ կարողացե՞լ են ոլորտի բարեփոխման հիմքեր դնել։

- Ո՛չ։ Եղան փոփոխություններ, բայց դրանք անհաջող էին՝ մշակույթի նախարարությունը ԿԳՄՍՆ սարքեցին, եսիմ ինչ արեցին, թե ինչ էին ուզում անել, ես չհասկացա։ Որեւէ դրական փոփոխություն չեմ նկատել։ Դա ինձ համար ցավոտ թեմա է, որի մասին միայն զայրացած եմ խոսում։ Որեւէ լավ բան չեմ տեսել․ ազգայինի նկատմամբ կասկածելի վերաբերմունք եւ այլն, եւ այլն։ Ավելի լավ է՝ ոչ մի բանի ձեռք չտային։ Եթե էսպես պիտի աշխատեին, ապա ավելի լավ էր ոչինչ չփոխեին․ ոչ կոմպետենտ մարդկանցով, այսրոպեական պոպուլիստական որոշումներով․․․ մի խոսքով, ավելի լավ է չխոսեմ․․․

- Հայ հանրության մոտ կա ձեւավորված պատկերացում, որ երբ երկրում լարված իրավիճակ է (կապ չունի ներքաղաքական խնդիրներով է պայմանավորված, թե այլ), մշակութային գործիչներն ու հանրային ճանաչում վայելող անձինք պիտի պահի թելադրանքով որեւէ տեսակետ հայտնեն։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ առումով, եւ, ըստ ձեզ, ի՞նչ պետք է անեն արվեստագետները նման իրավիճակներում։

- Ճիշտն ասած՝ այդ հարցն ինձ միշտ հուզել է, եւ պատասխանը չեմ էլ գտնում գոնե ինձ համար։ Կարծում եմ՝ ամեն մարդ իր գործը պիտի անի՝ մտավորականն էլ, ոչ մտավորականն էլ։ Գուցե արդարացված են հանրության սպասելիքները, հատկապես հեղինակություն վայելող ու որոշակի ճանապարհ անցած մարդկանց կարծիքը լսելու առումով, բայց չարժե դրան նայել որպես թելադրանք, կամ սուր ակնկալիքներ ունենալ։ Ստիպել էլ պետք չէ մարդկանց, եթե խոսում են՝ լավ, եթե չէ՝ չէ, բայց նաեւ հասկանում եմ, որ այդ խոսքի կարիքն իսկապես կա․ մեզ լիդերներ են պետք, որոնց հետեւից մարդիկ կգնան, որոնց կարծիքն իսկապես կարեւոր է։ Օրինակ՝ ինքս ժամանակ առ ժամանակ կարիք եմ ունենում հեղինակավոր մարդկանց կարծիքը լսելու, թե հետո ինչպես կվարվեմ այդ կարծիքի հետ, ես գիտեմ, բայց կարիքը կա լսելու, անպայման կա։ Եթե չեն խոսում, մեղադրելու իրավունք չունենք, ուրեմն մարդը չի կարող կամ հարմար չի գտնում։ Այդ հարցին միանշանակ պատասխան, գոնե ինձ համար, այսօր չկա։ Ավելի կարեւոր է, որ մարդիկ շարունակեն իրենց գործով զբաղվել։ Ամեն դեպքում, ավելի ազդեցիկ է մարդու արածը, քան խոսափողով ասածը, կամ հրապարակային հայտարարությունն ու որեւէ հոդվածը, որովհետեւ մարդու արածը եւս վարք է, ասելիք է, կողմնորոշվելու առիթ է։ Դա ես ավելի շատ եմ կարեւորում։

- Իսկ ունե՞նք անհատներ, որոնց հետեւից մարդիկ կգնան։ Ձեր ասած լիդերները կա՞ն։

- Հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ ավելի շատ կոնկրետ մասնագիտական լիդերների կարիք ունենք՝ ռազմական ոլորտում, քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ, հարցեր, որոնք գլոբալ առումով երկրին այսօր շատ են պետք, ու մարդիկ, որոնք ունակ են այդ խնդիրները լուծելու։ Ես գոնե այդ մարդկանց անունը չգիտեմ, տեղը չգիտեմ, որ ասեմ՝ բա ո՞ւր է այդ մարդը, ինչո՞ւ չի գալիս, բերե՛ք այդ մարդուն։ Եթե լիդերը խոսում է, բնականաբար, վեր չեն կենում ու ամեն ինչ իր ասածով անում, բայց եթե նա ճանապարհ անցած մարդ է, ապա նրան լսողը, գոնե իր համար, որոշակի հետեւություններ է անում տվյալ իրավիճակում։ Իհարկե, այսօր նման մարդիկ ավելի քիչ ունենք, քան տասնամյակներ առաջ, կամ գուցե ունենք, բայց նրանց տեղը չգիտենք, չնայած հազիվ թե (հիմա այնպիսի ժամանակներ են, որ բոլորի տեղն էլ շատ հեշտ է իմանալ):

- Համատարած հիասթափություն ու լարվածություն է հիմա հանրության շրջանում։ Ըստ ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է անել դրանք թոթափելու համար։ Եվ մոտ ապագայում դա հնարավո՞ր է։

- Հիմա դժվար ժամանակներ են, կանխատեսում չեմ կարող անել, բայց, ամեն դեպքում, հույսս չեմ կորցրել, ու լավ կլինի, որ ոչ ոք հույսը չկորցնի։ Դժվար ժամանակներ են, բայց մենք ավելի դժվար ժամանակներ ենք ունեցել։ Ամեն դեպքում, հիասթափվելու ու թեւաթափ լինելու իրավունք պարզապես չունենք։ Գուցե դժվար լինի, երկար ջանքեր պահանջվեն, բայց մենք տարբերակ չունենք. այստեղ մեր գոյության խնդիրն է։ Պետք է այնպես անենք, որ այն խնդիրները, որոնք ունենք, լուծենք։ Ես լավատես եմ։ Մենք հրաշալի երիտասարդություն ունենք, որոնք պարզապես չեն հանձնվելու։ Մատաղ սերնդի կորուստը մարսելիք չէ, ու մենք պարտք ունենք այդ սերնդի առաջ։ Մեր ընկած տղեքի արյունը զուր չպիտի կորչի։

Տպել
2813 դիտում

Զինծառայության առանձին պարտականություններից հրաժարվելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ․ մանրամասներ Կիրանցի ակցիայից

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ