Մանկապարտեզներում երեխաների թիվը մեծացնելու խնդիրը դեռեւս չի լուծվում. դժգոհող ծնողներն ԱՆ-ում քննարկման են մասնակցել

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ փետրվարի 12-ից նախադպրոցական ուսումնական հաստատություններում որոշ սահմանափակումներ մեղմացվեցին. խմբերում երեխաների թիվը 18-ի փոխարեն սահմանվեց 20-ը, իսկ սոցիալական հեռավորությունը 1.5 մետրի փոխարեն սահմանվեց 1 մետր։ Սակայն ծնողներից շատերը կրկին անհանգստացած են, որովհետեւ անգամ այս մեղմացումների դեպքում մանկապարտեզները երեխաներին չեն կարողանում ընդունել. խմբասենյակները չափսերը թույլ չեն տալիս ապահովել սահմանված հեռավորությունը:

Առողջապահության նախարարության համար առաջնահերթությունը հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումն է, իսկ ծնողների պահանջն այն է, որ խմբերում երեխաների թիվն ավելացվի:

Ծնողներին անհանգստացնող հարցերի շուրջ երեկ քննարկում է եղել առողջապահության նախարարությունում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը եւ Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը:

Հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկի՝ Անուշ Եսայանի խոսքով՝ կայացած քննարկումը անարդյունավետ էր եւ անօգուտ. ծնողների առաջարկները՝ կապված սահմանափակումները հանելու կամ դրանք մեղմացնելու հետ, նախարարությունում չեն պատրաստվում ընդունել:

Անուշ Եսայանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպման նախընթաց օրն են տեղեկացել քննարկման մասին, այդ պատճառով էլ 2 ծնող են միայն մասնակցել դրան: 

«Կարծում եմ՝ ամեն դեպքում անարդյունավետ հանդիպում էր: Տիկին Ռոմելլան հայտնեց, որ կորոնավիրուսային հիվանդության թվերը Հայաստանում վերջին օրերին աճում են, հիվանդանոցները նորից վերապրոֆիլավորում են, մեղմացումների մասին խոսք լինել չի կարող: Ես, սակայն, մնում եմ իմ կարծիքին. մանկապարտեզները եւ դպրոցները այդ թվերի հետ բացարձակ կապ չունեն»,- նշում է ծնողը:

Անուշ Եսայանը դժգոհում է նաեւ վերջին մեղմացումների գործընթացից, որն առավելապես իրականացվեց ծնողների բողոքով ու հորդորով: Նրա խոսքով՝ մի քանի պարտեզներում վերընդունելություն եղավ, այսինքն՝ այն երեխաները, որոնք չէին գնում թվի սահմանափակման պատճառով, սկսեցին հաճախել մանկապարտեզ՝ համալրելով խումբը, սակայն նոր ընդունելություն որպես այդպիսին, իրականում տեղի չունեցավ:

«Իմ բալիկը 2017 թվականին է ծնվել, պետք է սեպտեմբերին գնար մանկապարտեզ, չի գնում, խնամող չունեմ: Այդ պատճառով շատ հաճախ տանում եմ իմ աշխատավայր կամ անհրաժեշտությունից դրդված՝ ժամավճարով պահողի մոտ. ստացվում է՝ ես գործի տեղ կամ մի ուրիշ տեղ եմ վարակ տանում: Ու ես մնում եմ իմ այն պնդմանը, որ դպրոցն ու մանկապարտեզը այս առումով ավելի ապահով են, ու անհիմն եմ համարում այլ պատճառաբանություններ»,-դժգոհեց Անուշ Եսայանը:

Մեր զրուցակիցը գտնում է, որ համաճարակային կանոնները՝ դիմակ, ալկոգել եւ այլն, անհրաժեշտության դեպքում անգամ պետք է խստացվեն, բայց սահմափակումներ չլինեն: Նա նշեց, որ հանդիպման ժամանակ առաջարկվել են նաեւ այլընտրանքային տարբերակներ, որոնց հետ, սակայն, այնքան էլ համաձայն չէ ինքը: Մասնավորապես, խոսքը մի ծնողի այն առաջարկության մասին է, որ նոր երեխաների ընդունելությունը կազմակերպելու համար կարող է գործել մանկապարտեզները հերթափոխով, օրումեջով հաճախելու եղանակը, այսինքն՝ մի օր գնան 2017  թվականի ծնված 20 երեխաները, իսկ մյուս օրը՝ հիմնական խմբի 20 երեխաները. սրանով մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան նոր երեխաներ:

«Ես այդքան էլ հակված չեմ այդ մտքին, որովհետեւ դա իրատեսական չեմ համարում, քանի որ սա լրացուցիչ խնդիրներ կստեղծի մյուս ծնողների  համար, նաեւ սանիտարահիգիենիկ առումով  ճիշտ չէ:  Հնարավոր չէ ամեն օր օրվա վերջում անկողին փոխել. եթե վարակ կա, իսկապես անարդյունավետ է. ամեն օր պետք է կապիտալ սանիտարական ախտահանում իրականացվի, սրբիչները փոխվեն: Բնականաբար, այդ 40 երեխան, թեկուզ օր ու մեջ հաճախելով, նույն տարածքի շփման մեջ են լինելու, որը այդքան էլ ճիշտ չէ»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը սրտնեղած ասաց, որ բացի սոցիալական վիճակից՝ շատ ծնողների մոտ արդեն առաջացել են լարված վիճակ,  նյարդաբանական առողջական խնդիրներ: «Մեկը՝ ես. 20 տարվա աշխատանքս չեմ ուզում կորցնել, ունեմ ստաժ, վաստակ, դրան էլ գումարած՝ ֆինանսական դժվարությունները: Նույնիսկ ընտանիքներում արդեն առաջանում է կոնֆլիկտ»,-անկեղծացավ նա:

Ծնողը նշում է, որ ամեն դեպքում տեսչական մարմնին էլ կհայտնի իր դժգոհությունը, քանի որ, ըստ նրա, նաեւ նրանց անգործության պատճառով համավարակի թվերը մեծացան, ու արդյունքում տուժեցին երեխաները: «Մեզ մոտ թվերը չէին աճի, եթե վերահսկվեին հարսանիքները, ցույցերը, տրանսպորտը»,- ընդգծեց նա:

Հարցին՝  ի վերջո ի՞նչ որոշման եկան քննարկման արդյունքում, նա պատասխանեց.

«Ասացին, որ կմնա նույն ձեւով. եթե թվերը շատանան, միգուցե ավելի խստացված սահմանափակումներ կլինեն: Առաջարկվեց նաեւ, որ թող քաղաքապետարանը այլընտրանք էլ փնտրի, տարածք վարձակալի, կամ այն գումարը, որը պետությունը հատկացնում է պետական մանկապարտեզին ամեն երեխայի համար, հատկացնի մասնավորին, թեպետ  այսօր մասնավոր մանկապարտեզներն էլ են շատ ծանրաբեռնված»:

Զրուցեցինք նաեւ ծնող Սոնա  Խանոյանի հետ, որն ասաց՝ ինքը քննարկմանը չի մասնակցել, բայց այն ծնողներից մեկն է, որ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի հունվարի 11-ից հետո, անկախ նրանից՝ կարանտինը կերկարի թե չէ, լուծվի այս հարցը:  

«Շատ անարդար որոշում է ու խելքին մոտ չէ.  թեկուզ եթե համաձայնենք, որ կորոնավիրուսի թվերը բարձրանում են, իրենք իրավունք չունեն աշխատող ծնողների երեխաներին չընդունել, որովհետեւ այս պարագայում աշխատող ծնողը կորցնում է աշխատանքը՝ չհաշված որ երեխայի իրավունքներն էլ են ոտնահարվում. իմ երեխան արդեն 1 տարի 7 ամիս գրանցված է: Մտածեցի, որ երկու տարեկանում իմ երեխան ավելի շատ խնամքի կարիք ունի, կուղարկեմ վճարովի մանկապարտեզ, բայց հասկացա, որ վարձավճարները շատ թանկ են՝ 70 հազարից մինչեւ 150 հազար  դրամ, իսկ դա շատերի, հատկապես հիպոթեք ունեցող ծնողների համար անհնար  է»,- ասաց նա: 

Սոնա Խանոյանը նշեց, որ իր գրավոր դիմումները,  բանավոր բողոքները՝ ուղղված  տարբեր գերատեսչություններին, անարդյունք են եղել, քանի որ մի գերատեսչությունը մյուսի վրա է գցել գործը,  ժամանակ ձգել: «Քաղաքապետարանն  ասում է, որ ինքը կապ  չունի, որովհետեւ առողջապահության նախարարն է սահմանափակումները դնում, առողջապահության նախարարությունը ասում է՝ ես հանել եմ այդ սահմանափակումը, որ գոնե աշխատող ծնողների երեխաները գնան: Անիմաստ պատճառաբանություններով խնդիրն ըստ էության լուծելը ձգձգվում է. ես ինձ անզոր եմ զգում, այնքան  հիասթափված եմ, այնքան վիրավորված եմ ու չգիտեմ՝ ուր դիմեմ, ինչ անեմ»,- սրտնեղում է նա:

Հարցին՝ որն եք խնդրի լուծում համարում, Սոնա Խանոյանը պատասխանում է.

«Թող հանեն այս 1 մետրի ձեւական սահմանափակումը. 3 տարեկան երեխաների միջեւ սահմանափակումը պարզապես աբսուրդ է: Ո՞վ  կարող է ինձ բացատրել՝ ինչպե՞ս կարող են երեխաները 70 սմ կամ 1 մետր հեռավորություն պահել մանկապարտեզում: Ռոմելա Աբովյանն ասել է՝ ես ավելի շուտ աշխատանքից դուրս կգամ, քան սահմանափակումը կհանեմ:  Բայց մենք նորից քայլեր ենք ձեռնարկելու. այսպես թողնել անհնար է: Ես երեկ խոսել եմ Նունե Սարգսյանի հետ, ասաց, որ փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ, որպեսզի այդ հարցին կոնկրետ լուծում տրվի»:

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ համայնքային ենթակայության մանկապարտեզները կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առաջնորդվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջներով: Եվ նախադպրոցական հաստատություններում երեխաների խնամքի և կրթության գործընթացը բոլոր տարիքների համար կազմակերպվում է բեռնաթափված խմբերով: Մեղմացումների հետեւանքով հաստատությունները վերընդունել են ընդամենը 574, ընդունել՝ 330 երեխա:

Հիշեցնենք, որ մինչեւ հակահամաճարակային սահմանափակումների մեղմացումները նախադպրոցական կրթությունը ընդհատել և մանկապարտեզ չէր հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում էր 12000-ը:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի եւ առողջապահության նախարարության միջեւ քննարկումները դեռ շարունակվում են, քաղաքապետարանը սպասում է առողջապահության նախարարության ցուցումներին: Թե ինչ հարցերի շուրջ են ծավալվում քննարկումները, նա մեզ հորդորեց դիմել Առողջապահության նախարարություն:

Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ քննարկվում է, թե ինչպես կարելի է անել, որ հակահամաճարակային կանոնները չխախտելով ՝ հնարավոր լինի երեխաների թիվն ավելացնել խմբերում:

«Առողջապահության նախարարության կողմից առաջարկ է արվել պատկան մարմիններին՝ մշակել նորմեր, որոնք թույլ կտան, օրինակ, խմբերում 20-ից ավելի երեխա ընդգրկել, բայց միաժամանակ սահմանված հակահամաճարակային կանոները չխախտելով»,-ասում է նա:

Նախարարի մամուլի խոսնակի խոսքով՝ հարցն անտեսված չէ, լսել են նաեւ ծնողների առաջարկները, որպեսզի փոփոխությունները լինեն ավելի թիրախային, սակայն դեռ որոշում չի կայացվել, որոշումը կայացնելուց հետո անպայման կտեղեկացնեն:

Նրա խոսքով, սակայն, եթե կորոնավիրուսային համավարակի աճող այս տեմպը մնա, քննարկվող սցենարներից մեկն էլ գուցե լինեն խստացումները:

«Չենք կարող ասել կհանգեցնի ընդհանո՞ւր, թե՞ մասնակի լոկդաունի, թե դեռ որոշակի սահմանափակումների մասին կլինի խոսքը, կախված է, թե ինչ աճ կլինի: Ամեն դեպքում Առողջապահության նախարարությունը քայլ առաջ ռիսկերը գնահատում է ու դրա համար ահազանգում է բոլոր հայտարարություններում՝ «Կրե'ք դիմակ», «Պահպանե'ք  հակահամաճարակային բոլոր կանոնները»,- նշեց նա:

Մարիամ Գեւորգյան

Տպել
3061 դիտում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի