Հստակ ակնարկներ՝ ԸՕ-ն փոխելու մասին. ովքեր են գլխավորելու ցուցակները եւ երբ է ավարտվում գործող ԱԺ-ի լիազորության ժամկետը

Գրեթե հստակ է դառնում, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին իշխանությունները գնալու են «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունից հետո:

Այդպիսի ենթադրություն անելու հիմք են տալիս այսօրվա մի շարք հայտարարություններ: Մասնավորապես, նման ակնարկ էր պարունակում նաեւ ՀՀ վարչապետի ու նախագահի հանդիպումից հետո այսօր տարածված հաղորդագրությունը: «Կարեւորվել է ընտրությունների ազատ եւ արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության եւ օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով»,- նշվում էր այդ հաղորդագրությունում:

«Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով ընտրության գնալու ակնարկ կար նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ճեպազրույցում:

««Իմ քայլը» խմբակցությունը հակված է «Ընտրական օրենսգրքում» ամբողջապես համամասնական ընտրակարգին անցում կատարելու փոփոխությունը ընդունելուն եւ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն: Այս պահին քննարկումներ են ընթանում»,- լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց խմբակցության ղեկավարը:

Ավելին՝ Մակունցը ակնարկեց նաեւ, որ քննարկվում է ոչ թե ամբողջ փաթեթն ընդունելու հարց, այլեւ կոնկրետ ռեյտինգային ընտրակարգից հրաժարում եւ ամբողջական համամասնականի անցում: Մյուս փոփոխությունները հավանաբար կընդունվեն ընտրություններից հետո:

«ԸՕ փոփոխությունները բավականին մեծ փոփոխություններ են ենթադրում իրենց մեջ, եւ այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել, որովհետեւ նաեւ իրատեսական պետք է լինեն փոփոխությունները առաջիկա արտահերթ ընտրությունների համար»,- ասաց նա:

Այսինքն՝ հնարավոր է միայն համամասնականի դրո՞ւյթը փոխվի՝ փորձեց ճշտել լրագրողներից մեկը. «Այս պահին վերջնական ոչինչ չասեմ»,- պատասխանեց Մակունցը: 

«Բարգավաճ Հայաստանը» դեմ չէ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությանը: Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության համար, պարզվում է, միեւնույն է, թե որ օրենսգրքով կգնան ընտրությունների: Այսպիսի հայտարարություն էլ ԱԺ-ում արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Մենք իշխանությունների հետ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ բովանդակային քննարկման դաշտ չենք մտնելու։ Այսինքն մեզ համար սկզբունքորեն միեւնույն է հին, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին»,- ասաց նա:

Տոնոյանի խոսքով՝ կարեւորը այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով հերթական անգամ ընտրությունների օրը չտեղափոխվի: Մակունցը վստահեցրեց՝ նման խնդիր չկա:

Գրեթե ամբողջ քաղաքական դաշտում այս պահին միայն «Լուսավոր Հայաստանն» է, որ կտրականապես եւ հետեւողականորեն դեմ է արտահայտվում ընտրություններից առաջ օրենսգրքի փոփոխություններին: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իրենց այդ մոտեցումը:

«Երկու տարի ժամանակ կար Ընտրական օրենսգիրքը փոխելու: 2019 թվականի գարնանը ստեղծվել է հանձնաժողով, որում նաեւ ես եմ ներգրավված եղել»,- մասնավորապես հայտարարեց Գորգիսյանը՝ հավելելով, որ հիմա «Ընտրական օրենսգիրք» փոխելը հղի է լրջագույն խնդիրներով:

Խնդիրների թվում պատգամավորը մատնանշեց նաեւ այն, որ հարցականի տակ է դրվելու ընտրությունների լեգիտիմությունը: «Ցանկացած կուսակցություն, որը հաջողության չհասավ ընտրություններով, կարող է որպես պատճառ բռնել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, եւ տոտալ պրոցեսը կդելիգիտիմացնի»,- մանրամասնեց ԼՀԿ-ական պատգամավորը:

Քննադատության թիրախում հատկապես ամբողջական համամասնական համակարգի անցնելու որոշումն է, ռեյտինգային համակարգից հրաժարումը:

Գորգիսյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ռեյտինգային համակարգով խորհրդարանում հայտնվում են քրեական հեղինակություններ: Որպես օրինակ բերեց այն, որ «Իմ քայլի» 88 պատգամավորից 44-ը ռեյտինգայի համակարգով են ընտրվել, սակայն նրանց մեջ հեղինակություն չկա: Հիշեցրեց նաեւ, որ 2017-ին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ռեյտինգայինով ընտրվել, այլ նաեւ ինքը:

«Ամեն ինչ կախված է ընտրությունները կազմակերպողներից:  Եթե ընտրությունները կազմակերպողները թույլ են տալիս, որ կիրառվի վարչական ռեսուրս, բաժանվի ընտրակաշառք, ներգրավվեն թաղային հեղինակություններ, քրեական տարրեր, ինչ ընտրական կարգով ուզում եք արեք՝ դա լինելու է»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ռեյտինգայինը համեմատում ենք փակ համամասնականի հետ, ռեյտինգայինն ավելի լավն է, որովհետեւ առնվազն մարզային ներկայություն ապահովելու է խորհրդարանում:

Լրագրողները փորձեցին պարզել՝ ի՞նչ նկատի ունի ԼՀԿ-ն խաղի կանոններ ասելով. արդյոք պայմանավորվածություն եղե՞լ է, որ օրենսգիրք չպետք է փոխվի:

Գորգիսյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը «Ընտրական օրենսգրքի» մասով որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերել իշխանությունների հետ, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով են գնում առաջ:

Մինչեւ ընտրություններ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների անհրաժեշտությունը պնդում են նաեւ մասնագիտական ՀԿ-ները:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց. «Այս ընտրությունները փոփոխված «Ընտրական օրենսգրքով» անցկացնելը միակ ճանապարհն է, որը կարող է լուծել քաղաքական ճգնաժամը: Որովհետեւ քաղաքական ճգնաժամի համար մեզ պետք են քաղաքական տրամաբանության մեջ մրցապայքարի ընտրություններ: Եթե ընտրությունները լինեն կրիմինալ, օլիգարխիկ, մեդիա, վարչական ռեսուրսների տրամաբանության մեջ, քաղաքական ճգնաժամի լուծում չենք ունենալու»:

Ըստ Իոաննիսյանի՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայիս դիրքորոշումն ԸՕ-ի վերաբերյալ տարակուսելի է, որովհետեւ Էդմոն Մարուքյանը 2018-ի նոյեմբերի 22-ին մեծ վստահությամբ պնդում էր, որ ժամկետները խնդիր չեն: Այն ժամանակ ընտրություններից 40 օր առաջ կողմ էր, որ «Ընտրական օրենսգիրքը» փոխվեր. «Էդմոն Մարուքյանը մեծ ուրախությամբ ասում էր, որ հիմա վերջապես շանս կա ազատվելու բիզնեսը քաղաքականություն բերող ռեյտինգային ընտրակարգից, պետք է դա անել, ոչինչ, որ օրենսգիրքը փոխվում է ընտրություններից 40 օր առաջ: Ակնհայտ հակասում է հիմա»,- ասաց նա:

Վստահեցնելով, որ ժամկետների հետ կապված խնդիր չկա, ընտրական փորձագետը նշեց՝ Վենետիկի հանձնաժողովն էլ է գտնում, որ ռեյտինգային համակարգը խնդիրներ է ստեղծում:

Վարչապետի 3 թեկնածու

Արդեն հայտնի է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ովքեր են գլխավորելու խորհրդարանական 3 ուժերի նախընտրական ցուցակները: Այս առումով պատկերը նույնն է, ինչ 2018-ի ընտրություններում:

Մասնավորապես, ԱԺ-ում Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ակնհայտ է՝ իրենց ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ցուցակում տեղ գտնող այլ անունների մասին քննարկումներ եւ հրապարակումներ անելը նա վաղ համարեց:

Պատասխանելով հարցին, թե ո՞վ է ընտրություններին գլխավորելու ԲՀԿ ընտրացուցակը՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Մենք քննարկում չենք ունեցել, բայց ես կարող եմ վստահաբար ասել, որ իմ կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ի ընտրացուցակը»։

Շաքե Իսայանն էլ հայտարարությունների ժամին հստակեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որեւէ դաշինքի:

Ով է գլխավորելու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ցուցակը՝ եւս ակնհայտ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնանն ասաց. «Որոշելու հարց չկա, դա շատ պարզ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է»:

Պատգամավորը շեշտեց, որ դեռ մինչեւ արտահերթ ընտրությունների հայտարարումն իրենք առաջարկել էին անցումային կառավարության իրենց թեկնածունին. «Եվ դա Էդմոն Մարուքյանն էր: Որեւէ փոփոխություն չէր էլ կարող լինել»,- հավելեց նա:

Հրաժեշտի տրամադրություն

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում մի պահ հրաժեշտի տպավորություն ստեղծվեց. հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Քանի որ բոլորս որոշել ենք, որ այս խորհրդարանը պետք է ցրվի եւ նոր ընտրություններ անցկացվեն, ուստի մեր խմբակցության անունից առաջարկում եմ նստել եւ ութերորդ գումարման խորհրդարանի համար գործիքակազմեր որոշել»:

Անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ԱԺ նախագահից հետաքրքրվեց. «Հայտարարություն հնչեց, որ որոշել ենք ցրել Ազգային ժողովը: Ուզում եմ իմանալ՝ Ազգային ժողովն այդպիսի որոշում ընդունելու իրավունք ունի՞, եւ երկրորդ, այդպիսի որոշում կա՞, որ մենք որոշել ենք ցրել Ազգային ժողովը»:

Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ հարցը չի վերաբերում նիստերի օրակարգերի հաստատմանը: Նա ենթադրեց, որ Սիսակ Գաբրիելյանի ելույթը վերաբերել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը, որը կայացվել էր խորհրդարանական խմբակցությունների հայտարարության հիման վրա:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 90 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո`երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

Սա նշանակում է, որ մինչեւ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը այս խորհրդարանը դեռ լիարժեք գործելու է: ՀՀ վարչապետն արտահերթ ընտրությունների օր է հայտարարել հունիսի 20-ը: Սահմանադրությամբ, սակայն, Հանրապետության նախագահն է նշանակում խորհրդարանական ընտրություններ: Դա տեղի է ունենում վարչապետի հրաժարականից, 2 անգամ 2 շաբաթ անընդմեջ ԱԺ նիստում վարչապետ չառաջադրվելու եւ ընտրվելու պարագայում: 

Տպել
2423 դիտում

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենցյանը, Աշոտյանը, Միհարն Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել