Երկրի հակառակ կողմը (2008-07-30)

15/02/2011 schedule17:41

Սկիզբը` նախորդ համարներում 47. Սեռական ակտի փոխարժեք Ես շատ արագ հասկացա, որ Կուբայից Ճապոնիա մեկնելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Մարդատար նավեր չեն աշխատում, իսկ Ճապոնիա մեկնող բեռնատարներ կարող են ամիսներով, նույնիսկ տարիներով չհանդիպել։ Ինձ ասում էին, որ եթե բրիտանական եւ ֆրանսիական վիզաներս ուժի մեջ են, իսկ դրանք ուժի մեջ էին դեռ, ամենատրամաբանականն այն է, որ մեկնեմ Մարտինիկա կղզի կամ Մեծ Կայման կղզի, որտեղից Ճապոնիա մեկնելը ավելի հեշտ կլինի։ Բայց անգամ այդ կղզիներ մեկնելը բարդ էր, տրանսպորտային կանոնավոր կապի բացակայության պատճառով, եւ այստեղ էլ պետք էր հույս դնել բեռնանավերի վրա, որոնք էլի հաճախ չէ, որ ելումուտ էին անում Հավանայի նավահանգիստ։ Հասկացաք արդեն, որ Հավանան բավական ձանձրալի տեղ էր. երբ ահագին բարեկարգ կենտրոնից մի փոքր դուրս էիր գալիս, աղքատությունը, խեղճությունը իրեն զգալ էր տալիս, այնպես որ` երկրորդ օրվանից արդեն «Հավանա Ռիվիերայից» դուրս չէի գալիս։ Ընթերցողը նկատեց, թերեւս, որ սա միակ հյուրանոցի անունն է, որ հիշատակում եմ։ Պատճառը պարզ է. եթե դու օտարերկրացի ես եւ եղել ես Հավանայում, երկու տարբերակ ունես` «Հավանա Լիբրե» կամ «Հավանա Ռիվիերա», այնպես որ` սրանից գաղտնիք սարքել չի էլ լինի։ Իսկ մեր հյուրանոցը երեկոյան դառնում էր Հավանայի կենտրոնը. այստեղ հավաքվում էին Կուբայում աշխատող օտարերկրյա գործարարներ, դիվանագետներ` թենիս, բիլիարդ, պոկեր խաղալու, լատինամերիկյան երաժշտություն լսելու, կաշասա խմելու, շփվելու։ Շփման այլ միջավայր այս մարդկանց համար չկար էլ, եւ ես բազմաթիվ նոր ծանոթություններ հաստատեցի, եւ շատ շուտով բոլորը գիտեին, որ ինձ Ճապոնիա մեկնող նավ է պետք։ Եւ ահա, մի օր այն խարտյաշը, որի հետ Սեսիլը իմ հոգում «խանդի զգացողություն» էր առաջացնում, հաճելի նորություն բերեց։ Այդ տղան, պարզվեց, Կուբայում Արգենտինայի դեսպանի որդին է եւ իմացել էր, որ առաջիկա օրերին մի արգենտինական զբոսանավ է ժամանելու Հավանա, որը զբոսաշրջիկների տուր է իրականացնում Կարիբյան ծովով ու Խաղաղ օվկիանոսով եւ որը մտնելու է նաեւ Ճապոնիա։ Սա շատ լավ նորություն էր, որովհետեւ մեծ էր հավանականությունը, որ այդ նավի վրա մի հոգու տեղ կգտնվի, մանավանդ եթե խարտյաշը (նրա անունը Խուլիո էր) ու նրա հայրը ինձ համար միջնորդեն։ Խուլիոն խոստացավ, որ ինձ տեղյակ կպահի, երբ նավը ժամանի, եւ կփորձի լուծել իմ հարցը. եթե անկանխատեսելի հանգամանքներ չլինեն, չի կարծում, թե որեւէ բարդություն կծագի։ Ահա, ուրեմն, ծովափնյա երեկոները Հավանայում գտնվող օտարերկրացիներիս սփոփանքն էր։ Շառլը, սակայն, շատ գոհ էր. նա ասում էր, որ կուբացի կանայք կրակոտ են եւ գիտեն անկողնում իրենց պահել։ Մի երեկո Շառլը իր սիրային քաջագործությունների մասին էր պատմում. սեղանի շուրջ հարմարավետ բազկաթոռներին նստած էին այն մուլատուհին, Ռայմոնն ու Էլիզը, Սեսիլը, Խուլիոն, եւս մի քանի հոգի ու ես։ Շառլը պատմում էր, թե իրենք ինչ անմոռանալի ժամեր են անցկացնում անկողնում, եւ հետաքրքրվում, թե արդյո՞ք ոչ ոք իրենց տառապագին ձայները լսելու բախտին չի արժանացել։ Բացասական պատասխան ստանալով` Շառլը դիմում էր մուլատուհուն. - Մենք պետք է ավելի լավ աշխատենք, փիսիկս,- ինչին հետեւում էր մուլատուհու տափակ հռհռոցը, որը, սակայն, վարակում էր բոլորիս։ Շառլը ցինիկ էր եւ անընդհատ խոսում էր սիրային արկածների, սեքսի մասին ու ինչ-ինչ տեսություններ զարգացնում, ինչպես, օրինակ, իր վաղեմի տեսությունը սեռական ակտի փոխարժեքի մասին։ Երբ նա հայտարարեց, որ պատրաստվում է ներկաներին բացատրել իր այդ տեսությունը, Սեսիլը ջղաձիգ վեր կացավ ու հեռացավ։ Ներկաները գտնվում էին կաշասայի ազդեցության տակ, եւ բոլորն էլ հետաքրքրություն ցուցաբերեցին Շառլի տեսության նկատմամբ։ Իսկ Շառլը բացատրում էր, որ տղամարդիկ, այսպես թե այնպես, վճարում են յուրաքանչյուր սեռական ակտի դիմաց, անկախ նրանից, թե ում հետ են իրականացնում այդ ակտը` սեփական կանանց, սիրուհիների, թե մարմնավաճառների հետ. - Ես հաշվարկել եմ, որ ներկայումս սեռական ակտի միջին փոխարժեքը երկրագնդի վրա մոտ 70 եվրո է։ Այսինքն` ամեն տղամարդ, անկախ նրանից, թե ում հետ է սեռական ակտի մեջ մտնում, մեկ ակտի համար վճարում է միջինը 70 եվրո։ - Այդ ինչպե՞ս,- հետաքրքրվեց Էլիզը։ - Շատ հանգիստ, անուշիկս. հիմա դու, իհարկե, կասես, որ Ռայմոնը քեզ ոչինչ չի վճարում ձեր հարաբերությունների համար։ Բայց եթե ուղղակի չի վճարում, դա դեռ չի նշանակում, թե չի վճարում։ Նա քեզ համար զանազան նվերներ է գնում, քեզ տարբեր տեղեր տանում. Հավանա թռչելու տոմսի համար Ռայմոնն է վճարել, ճի՞շտ է։ Ճիշտ է։ Ահա, ուրեմն, եթե դու այսօրվանից սկսես նշագրումներ անել եւ մեկ ամսից ամփոփես, թե դու եւ Ռայմոնը քանի անգամ եք իրար սիրել, եւ այդ ընթացքում քեզ վրա նա ինչքան փող է ծախսել, երկրորդ թիվը բաժանես առաջինի վրա, կիմանաս, թե ինչ արժե մեկ սեռական ակտը քեզ հետ։ Նույնը վերաբերում է ամուսնացած կանանց. նրանց թվում է, թե իրենց ամուսինները բավարար չափով ուշադիր չեն իրենց նկատմամբ։ Բայց սեռական ակտի փոխարժեքի օրենքը հաշվի չեն առնում. պատահական սիրուհիների համար ստիպված չես մեքենա գնել, նվերներ առնել նրանց հայրերի, մայրերի, եղբայրների, քույրերի համար, այս է պատճառը, որ սիրուհիների համար գնվող նվերները շատ ավելի տեսանելի են։ Բայց եթե հարցը դիտում ենք փոխարժեքի տեսակետից, հասկանալի է դառնում, որ օրինական կանայք ամենաթանկն են նստում։ Զուտ բիզնեսի տեսանկյունից, շահավետության տեսանկյունից, ավելի ձեռնտու են մարմնավաճառները, որովհետեւ նրանք հնարավորություն են տալիս հստակ հաշվարկված բյուջե ունենալ... - Ինչպե՞ս կարելի է օրինական կանանց համեմատել մարմնավաճառների հետ,- վրդովված հարցրեց մի տիկին, որին նախկինում չէի տեսել. մեր սեղանի շուրջ ահագին բազմություն էր հավաքվել։ - Կանայք,- բացատրում էր Շառլը,- տարբերվում են ոչ թե իրենց կարգավիճակով, այլ դասով։ Նրանք մեքենաների նման լինում են տարբեր դասերի եւ տիպերի։ Կան S դասի մեքենաներ, սպորտային մեքենաներ, կաբրիոլետներ, լիմուզիններ, սեդաններ։ Այդպես էլ կանայք` ոմանք «Ռոլս Ռոյս» են, իսկ ոմանք էլ` «Վոլցվագեն-Գոլֆ»։ Մուլատուհին աշխուժացավ. - Իսկ ես ի՞նչ եմ, սիրելիս,- հարցրեց նա։ - Դու, փիսիկս, 1972 թվականի արտադրության «Բյուիք» ես,- հանգիստ ասաց Շառլը։ Սեղանի շուրջ նստածներս քիչ էր մնում խեղդվեինք. մենք գերմարդկային ճիգերով էինք զսպում մեր ծիծաղը։ - Զզվելի,- ասաց մուլատուհին ու տեղից վեր կացավ` իբր վիրավորվեց եւ հեռանում է։ - Բայց, փիսիկս, դու գիտե՞ս, թե հիմա ինչ արժե 1972 թվականի արտադրության «Բյուիքը», եթե քեզ նման գտնվում է լավ մարզավիճակում` խելագար փողեր։ Մուլատուհին ժպտաց. - Ճի՞շտ ես ասում, թանկագինս։ - Այո, իհարկե, չես հավատում` Ռայմոնին հարցրու։ Ռայմոնը գլուխը դրական շարժեց եւ հայացքով հաստատեց Շառլի ասածները։ Մուլատուհին նստեց։ - Հա, ուրեմն,- շարունակեց Շառլը,- կա «Ռոլս Ռոյս», եւ կա «Բյուիք»։ Բայց դու կարող ես ունենալ քո սեփական «Վոլցվագեն-Գոլֆը» կամ էլ այն վերցնել վարձույթից։ Այսինքն` եթե դու մեքենան վարձույթից ես վերցրել, եթե այն «Վոլցվագեն-Գոլֆ» է, չի դադարում «Վոլցվագեն-Գոլֆ» լինելուց։ Նույնը վերաբերում է կանանց. եթե դու տանը «Վոլցվագեն-Գոլֆ» ունես, մի անգամ այն քշելու համար ծախսում ես մոտավորապես նույն գումարը, ինչ եթե այն վերցրած լինեիր վարձույթից։ Իմ կարծիքով, սա հանճարեղ տեսություն է,- ամփոփեց Շառլը` սիգարը փստացնելով, եւ ավելացրեց,- ոմանք շտապում են միանգամից «Ռոլս Ռոյս» ձեռք բերել. բայց շուտով հասկանում են, որ այն բենզին շատ է սպառում, որ պահեստամասերը թանկ են։ Այնպես որ, ավելի լավ է «ՎոլցՎագեն-գոլֆ» ունենալ, իսկ «Ռոլս Ռոյսը» առիթից առիթ վարձույթով վերցնել։ Էլիզը, մուլատուհին ու այն անծանոթ տիկինը սկսեցին հարցեր տալ Շառլին։ Ես վեր կացա, գնացի լողանալու։ Երեկոյան այդ ժամին Մեքսիկական ծոցի ջուրը առանձնապես հաճելի է։ 48. Viva Cuba Սեսիլի հետ իմ շփումները մեծ հաշվով չգերազանցեցին օդանավում կողք կողքի նստած մարդկանց հարաբերություններին։ Ճիշտ է, հայտնի դեպքից հետո մենք բացատրվեցինք, երբեմն իրար հետ սուրճ ու ալկոհոլ էինք խմում եւ, կարելի է ասել, բարեկամացանք։ Բայց մի օր, երբ մենք խմել էինք, ու նա խոստովանեց, թե իմ գլխին ինչ օյին էր ուզում բերել, դրանից հետո մի տեսակ չէր ստացվում խոսելու ընդհանուր նյութ գտնել, նա իր արածի համար էր ամաչում, ես` իմ։ Շառլի հերթական ներկայացման հաջորդ օրը, սակայն, մենք զրուցեցինք այդ մարդու մասին։ Սեսիլին ասացի, որ ինձ թվում է` նա ուղղակի խաղ է անում, այսպես ասած` «կայֆ է բռնում» շրջապատի վրա, նա ուղղակի ուզում է հաղթահարել կյանքի ունայնության, անիմաստության իր զգացողությունը։ - Դու կարծում ես, որ կյանքը անիմա՞ստ է,- զարմացած հարցրեց Սեսիլը։ - Ես ասացի, որ Շառլն է հանգել այդ եզրակացության, ու նրան կարելի է հասկանալ։ Եթե որեւէ մեկին չես սիրում ու չես սիրել ու զգում ես, որ չես էլ սիրելու, կյանքը կդառնա անիմաստ. ակնհայտ է, որ Շառլը հենց այսպիսին է։ Քեզ անկեղծ ասեմ` ինձ թվում է` նա ինքնասպան կլինի։ Ասում ես, որ նա միլիոնատեր է. բայց որքան հասկացա, նա գործերով չի էլ զբաղվում. բացառիկ դեպք միլիոնատիրոջ համար։ Այսինքն` ակնհայտ է, որ մարդը փակուղու մեջ է։ Մեր խոսակցությունը սրանով էլ ավարտվեց։ Շուտով, սակայն, նկատեցի, որ Սեսիլը հետաքրքրություն է ցուցաբերում Շառլի նկատմամբ։ Հաջորդ օրը կեսօրին նրան տեսա Շառլի եւ մուլատուհու հետ սուրճ խմելիս. Սեսիլը ուրախ էր, աշխույժ, ու ինձ թվաց, թե մուլատուհին աչքի առաջ դուրս է մնում պրոցեսից։ Չէ, ակնհայտ էր, որ նա 4-5 օրից ավելի չի ձգի, բայց եթե նրա տեղը զբաղեցնի Սեսիլը, Շառլը թերեւս ստիպված կլինի վերանայել իր ողջ կենսափիլիսոփայությունը։ Սա, թերեւս, կլինի այս ընթացքում իմ տեսած ամենամեծ սենսացիաներից մեկը, առաջին էջին արժանի նյութ։ Իհարկե, համոզված չէի, որ այն, ինչ տեսնում եմ, իրականություն է։ Բայց շուտով համոզվեցի. մուլատուհին ինչպես հանկարծահաս հայտնվել էր, այնպես էլ հանկարծահաս չքվեց։ Դա սպասվող իրադարձություն էր, բայց տրամաբանորեն նրա տեղում պետք է հայտնվեր մի շիկահեր կամ սեւամորթ։ Բայց որեւէ այդպիսի երեւույթ հորիզոնում չէր երեւում։ Արտաքուստ ոչինչ չէր փոխվել` Շառլը շարունակում էր հաճույքով շփվել Սեսիլենց հետ, բայց եթե նրա նախկին շփման մեջ կենտրոնական անձը Ռայմոնն էր` Սեսիլի հայրը, հիմա արդեն Սեսիլն էր։ Սա, իհարկե, նկատելի չէր, եւ առայժմ կարող էր նկատվել միայն ինձ նման պարապ մեկի կողմից, որ Ճապոնիա մեկնող նավի է սպասում։ Բայց այն, որ Սեսիլի եւ Շառլի մտերմությունը տեսանելի չէր, ավելի հավանական էր դարձնում` նրանց հարաբերությունները կզարգանան լուրջ սցենարով։ Ես անկեղծ ուրախացա Շառլի համար. թերեւս իր կյանքում առաջին անգամ նա հանդիպում է որեւէ մեկի, որին շատ երկար ժամանակ չի կարողանա անկողին քարշ տալ եւ ընդհանրապես դա չի կարողանա անել, եթե նրան չստիպի իրեն սիրել։ Սիրահարվա՞ծ էր արդյոք Սեսիլը. այդ ջահել աղջիկը, որ զզվում էր Շառլից այն բոլոր նվաստացումների համար, որ նրա ձեռքից կրում է կին տեսակը, առնվազն սկսել է նրան կարեկցել։ Սեսիլը, թերեւս, հասկացավ, որ նվաստացածը այդ թեթեւամիտ կանայք չեն, որոնք հանդիպել են Շառլին, այլ Շառլն է դժբախտ, որ իր կյանքում չի հանդիպել այն միակին, որ կարող է դառնալ մարդկային կյանքի իմաստ ու բովանդակություն։ Իմ աչքի առաջ զարգանում էր մի շատ հետաքրքիր դրամա, եւ ես ուզում էի, որ Ճապոնիայի նավը ուշանա, մինչեւ տեսնեմ, զգամ հանգուցալուծման որեւէ հեռանկար։ Մի քանի օրից Շառլի ու Սեսիլի մտերմությունը սկսեց ավելի նկատելի դառնալ. նրանք երեկոյան տոնախմբությունների ժամանակ նախընտրում էին զբոսնել ծովափով։ Շառլը, իհարկե, փորձված մարդ էր եւ այնպես էր անում, որ ինքն ու Սեսիլը երեկոյան զբոսանքների ժամանակ միշտ մնան տեսադաշտում. կարծում եմ` նա դա անում էր երկու նպատակով։ Նախ, որ Ռայմոնը նկատի իրենց մտերմությունը, եւ հետո` հասկանա, որ ինքը, այսինքն` Շառլը, չի ձգտում Սեսիլին «մի կողմի վրա տանել»։ Եւ իսկապես, այս պատմության հաջորդ կարեւոր հարցը այն էր, թե ինչպես էր Ռայմոնը վերաբերվելու իր ընկերոջ` հանրահայտ բոզարածի, եւ իր միակ դստեր` համալսարանը նոր ավարտող, գեղեցիկ եւ խելացի Սեսիլի մտերմությանը։ Երեկոները անց էի կացնում Ռայմոնենց շրջապատում. Շառլն ու Սեսիլը հաճախ բացակայում էին, բայց այդտեղ, ինչպես ասացի, շփման շատ մեծ դաշտ կար։ Սակայն ինձ հետաքրքրում էր Ռայմոնը։ Սեսիլի եւ Շառլի մտերմացումը նկատելի դառնալուց հետո Ռայմոնը ակնհայտ մտահոգ էր։ Ճիշտ է, առանց այն էլ նա շփվող չէր, բայց հիմա կարծես փակված լիներ իր մեջ։ Ես անընդհատ սպասում էի ինչ-որ սուր ռեակցիայի. բայց որեւէ այդպիսի բան տեղի չունեցավ։ Ավելին, նկատելի էր, որ մտահոգվածությունը նահանջում է, եւ շուտով նա վերադարձավ նախկին վիճակին։ Անընդհատ մտածում էի, թե որն է նման վերաբերմունքի պատճառը, մի՞թե նա չի կատաղում Շառլի եւ Սեսիլի մտերմությունից։ Ակնհայտ էր, որ չի կատաղում։ Սրա համար կարող էր լինել մի քանի պատճառ. նախ, ինձ թվաց, Ռայմոնը շատ վստահում է իր դստերը եւ համոզված էր, որ նա փալաս չի դառնա։ Ինձ թվաց, թե նա վստահում է նաեւ Շառլին. այնուամենայնիվ, նրանք երկար տարիների ընկերներ էին, եւ Ռայմոնը հավատում էր, որ նա չի անարգի իրենց ընկերությունը։ Ինչեւէ, կարճ անհանգստությունից հետո Ռայմոնը խաղաղվեց։ Բայց նրա հայացքում կարծես թե ինչ-որ հույսեր էին բացվում, եւ ինչպես թվաց` նաեւ սեփական կյանքի կարգավորման հույսեր։ Իսկ մեկը մյուսի հետ շատ ուղղակիորեն են կապված. եթե Շառլի եւ Սեսիլի հարաբերությունները շարունակվեն, իսկ դա հնարավոր է միայն դրանց լրջանալու դեպքում, ամեն ինչ կհանգեցնի ամուսնության` Սեսիլի եւ Շառլի ամուսնության։ Իսկ ի՞նչ վատ փեսացու է Շառլը։ Ճիշտ է, նա բոսյակ է, բայց եթե որոշի ամուսնանալ, եթե նման բան տեղի ունենա, կնշանակի, որ մենք գործ ունենք բոլորովին ուրիշ Շառլի հետ, նոր մարդու։ Սեսիլն էլ այդ մարդու հետ կամուսնանա կամ նրա հետ հարաբերությունները կլրջացնի, միայն եթե համոզված լինի, հաստատ համոզված լինի, որ ինքը չի հայտնվում մուլատուհու կարգավիճակում. այս աղջիկը չափազանց արժանապատիվ է այլ կերպ վարվելու համար։ Եւ ուրեմն, ի՞նչ կապ ունի սա Ռայմոնի հետ։ Կապը կարող է լինել այն, որ այսպիսի զարգացումների դեպքում նա վերջապես հնարավորություն կունենա ազատվել Էլիզից եւ էլիզներից։ Արդեն ասացի, որ Ռայմոնը չէր նմանվում այնպիսի մեկին, որ Էլիզի հետ հարաբերությունը ընկալեր որպես լուրջ կենսակերպ։ Բայց նա իրեն, թերեւս, թույլ չէր տալիս սիրել որեւէ մեկի. մեծ էր հավանականությունը, որ նրան խանգարում էր Սեսիլը, որը չէր կարող մորից հետո որեւէ լուրջ կնոջ հանդուրժել հոր կողքին։ Բայց եթե Սեսիլը արդեն ամբողջությամբ ինքնուրույն կյանք ունենա, Ռայմոնն էլ հնարավորություն կունենա ունենալ իրոք օրինավոր ընտանիք, մի ձգտում, որ թերեւս հատուկ է յուրաքանչյուր նորմալ մարդու համար։ Համենայնդեպս, ես այսպիսի եզրակացության հանգեցի երկարատեւ մտածումներից, ուսումնասիրություններից հետո, եզրակացություն, որ հիմնված է շատ նուրբ փաստերի եւ դիտարկումների վրա. մի հայացք, մի արձագանք, մի ժպիտ ու տրտմություն։ Ցավում էի, որ այս հոգեբանական թնջուկների, իրավիճակի շուրջ չեմ կարող զրուցել այդ մարդկանց հետ եւ հասկանալ` ինչքանով են իրավացի իմ կռահումներն ու վերլուծությունները։ Բայց որ Շառլի ու Սեսիլի հարաբերություններն աճում էին երկրաչափական պրոգրեսիայով, ակնհայտ էր։ Շառլի դեմքի արտահայտությունն անգամ փոխվել էր, մի անգամ, երբ մենք նստած էինք կողք կողքի, ինձ թվաց, թե նրա բուկետից կանացի օծանելիքի բույրը չքացել է. նրա վրայից, սակայն, դեռեւս չէր գալիս Սեսիլի օծանելիքի հոտը։ Ես կլանված էի այս դրամատիկ զարգացումներով, չնայած այդ թեմայով չէի խոսել, չէի կարող խոսել նրա մասնակիցներից որեւէ մեկի հետ։ Թերեւս Սեսիլին կարող էի թեթեւ հարցուփորձ անել, բայց նախ չեմ սիրում մարդկանց զգացմունքների մեջ մտնել, եւ հետո` նա ամբողջ օրը Շառլի հետ էր։ Ի վերջո եկավ Խուլիոն եւ բերեց այդ պահին անպատեհ մի լուր. Ճապոնիա մեկնող արգենտինական նավը ժամանել է. նավապետն ասել էր, որ 4 ազատ նավախուց ունի։ Ես Խուլիոյին տվեցի իմ անձնագիրը, որպեսզի նրանք ստուգեն, թե արդյոք վիզա ունեմ, թե` ոչ։ Փաստաթղթերս հաստատվեցին։ Նավը Հավանայում էր մնալու երկու օր, որոնք շատ արագ անցան։ Հրաժեշտ տվեցի Ռայմոնին, Էլիզին, Շառլին եւ Սեսիլին։ Վերջինս մոտեցավ ու համբուրեց ինձ. «Հիմա Շառլը կհասկանա, թե ինչ է կյանքը»,- Սեսիլի ականջին շշնջացի ես:

Տպել
967 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը