Երկրի հակառակ կողմը (2008-07-31)

15/02/2011 schedule19:03

Սկիզբը` նախորդ համարներում 51. Վհուկների որս Ես նավ էի բարձրացել Խուլիոյի տված մի տոմսակով. նա ինձ ասել էր, որ ուղեւորության համար պետք է 1000 եվրո վճարեմ նավապետին եւ դա կարող եմ անել պատեհ մի ժամանակ։ Ահա մի օր որոշեցի մարել հաշիվներս եւ այցի գնացի նավապետին։ Նրա անունը Ռիկարդո էր, մոտ 40 տարեկան բարետես մի մարդ, բայց առանց միրուքի ու ծխամորճի. չնայած սիգար էր ծխում։ Փոքրիկ ծրարով փողը դրեցի նրա սեղանին, նա շնորհակալություն հայտնեց եւ ռոմ ու սուրճ առաջարկեց ինձ. չհրաժարվեցի։ Սուրճն ու ռոմը մեզ մատուցողը, պարզվեց, նավապետի կինն էր, որի ներկայության կապակցությամբ մի լավ զարմացա. - Այսպիսի նավի անձնակազմի կանանց համար հեշտ չէ մեզ գործի ուղարկելը. դուք տեսնում եք, թե որքան գայթակղություններ կան այստեղ։ Մեր կանայք գոնե մխիթարվում են իրենց արձակուրդները մեզ հետ անցկացնելով,- բացատրեց նավապետ Ռիկարդոն եւ տեղեկացրեց, որ անձնակազմից էլի մարդիկ կան, որ այս ուղեւորության համար իրենց հետ վերցրել են կանանց ու երեխաներին։ Նավի սեփականատեր ընկերությունը տարին մեկ անգամ նման հնարավորություն ընձեռում է։ Սուրճի սեղանի շուրջ մենք զրուցեցինք տարբեր բաների մասին։ Նավապետը բացսիրտ մարդ էր երեւում, եւ ես նրան ժպտալով հարցրեցի. - Ձեզ չի՞ անհանգստացնում, որ նավի վրա վհուկներ կան... Նա միանգամից հասկացավ, որ խոսում եմ Մարթայի նավախցում տեղի ունեցած միջադեպի մասին. - Դուք, ինչ է, ինձ առաջարկում եք վհուկների ո՞րս սկսել,- ժպտալով ասաց նա։ - Չէ, ուղղակի Մարթայի հետ կապված պատմությունները ինձ շատ հետաքրքիր են։ Չե՞ք կարծում, որ արժե մի ներքին հետաքննություն անցկացնել` տեղի ունեցածը բացատրելու համար։ - Մի անհանգստացեք, դրանք պարզ կանացի ինտրիգներ են,- հանգիստ ասաց Ռիկարդոն։ - Ի՞նչ եք ասում, չեմ անհանգստանում, դա ուղղակի մասնագիտական հետաքրքրություն է. դուք է՞լ եք կարծում, որ այդ ամենի հեղինակը Մարթայի մարմնավաճառ ընկերուհիներն են։ - Իսկ դուք ի՞նչ մասնագիտություն ունեք։ - Լրագրող եմ։ - Ա~, մեծ պատմություններ` ոչնչից. լրագրողները սիրում են աղմուկ անել։ - Բայց եթե նրանց զգուշացնում են, որ խոսակցությունը «off record» է, նրանք դառնում են քարից էլ լուռ։ Իսկապես, դուք է՞լ եք կարծում, որ այդ պատմությունների հետեւում Մարթայի մարմնավաճառ ընկերուհիներն են։ - Off record? - Off record! - Դուք լսե՞լ եք Պաուլա անունով պչրուհու մասին։ - Այո, իհարկե։ - Նա շատ հետաքրքիր կին է եւ սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ Ուղեւորության սկզբում, սակայն, նրան չի բավարարել իր նկատմամբ եղած հետաքրքրության մակարդակը եւ ի վերջո տեղեկացել է, որ դրա պատճառը Մարթա անունով մի մարմնավաճառ է։ Պաուլան հանդիպել է նրա հետ եւ իր առաջ տեսել մի դժբախտ գյուղացի աղջկա, որը հանգամանքների բերումով հայտնվել է կավատների ձեռքին եւ չի կարողանում դուրս պրծնել այդ ցանցից։ Մարթան միամիտ կին է ու շատ դժբախտ, եւ Պաուլան որոշել է օգնել նրան. հենց Պաուլան եւ Բեբան են եղել այն վհուկները, որ դուրս են եկել Մարթայի լոգարանից։ Հենց նրանք են Մարթայի մոտ գնացածների կանանց հայտնել նրանց ամուսինների դավաճանության մասին։ Ահա եւ ողջ պատմությունը,- ամփոփեց Ռիկարդոն։ - Կներեք, նավապետ, բայց չհասկացա` Պաուլան այդ ամենը իր համա՞ր է արել, թե՞ Մարթային օգնելու նպատակով։ - Երկուսը միասին. համենայնդեպս, ես այդպես եմ կարծում։ - Իսկ Մարթան չի՞ կարող հրաժարվել այդ գործից, եթե չի ուզում դրանով զբաղվել։ - Թրաֆիքինգի մասին լսե՞լ եք. դա այդքան էլ հեշտ չէ։ Այդ Մարթան իսկապես դժբախտ աղջիկ է։ Նա բրազիլացի է, մի աղքատ գյուղական ընտանիքից։ Նրա ընտանիքը ավելի լավ կյանքի հույսով գաղթել է իր բնակավայրից, ու ճանապարհին հայրը թոքախտով հիվանդացել է. բուժման համար վճարելու հնարավորություն չի եղել, եւ այդ աղջիկը ստիպված է եղել կուսությունը վաճառել բժշկին։ Հետո այս պատմությունը հայտնի է դարձել, ու Մարթայի հայրը նրան վռնդել է։ Բժիշկն էլ Մարթային փոխանցել է մեկ ուրիշի, այս ուրիշն էլ` ուրիշի, հետո նա հայտնվել է Արգենտինայում, հետո` այս նավի վրա։ Ենթադրենք` հենց հիմա նրան ազատեցին, ո՞ւր պիտի գնա կամ ինչո՞վ պիտի զբաղվի։ Նա գնալու տեղ չունի, դրա համար էլ ստիպված է մնալ իր գործին, չնայած գիտեմ, որ այս ամենը նրա համար ահավոր տառապանք է, ահավոր ծանր տառապանք։ - Իսկ ինչո՞ւ դուք չեք օգնում նրան,- հարցրի ես։ - Գիտեք, ես ընդամենը նավապետ եմ, այսինքն` վարորդ, եւ քիթս չեմ խոթում այն հարցերում, որ ինձ չի վերաբերում։ Նավի ընթացքից ու անվտանգությունից բացի, մնացած ամեն ինչը այն տուրիստական գործակալության անելիքն է, որ արդեն քանի տարի վարձակալում է այս նավը։ Կամ էլ ինչո՞վ կարող եմ օգնել Մարթային. այդ մարդիկ նրան իրենց սեփականությունն են համարում, եւ եթե ես փորձեմ վիճարկել դա, ինձ ոչ մի լավ բան չի սպասում։ - Իսկ մարմնավաճառների առկայությունը նավի վրա օրինակա՞ն է։ - Ես ասացի, որ քիթս չեմ խոթում այնտեղ, ուր պետք չէ։ Նավի վրա, ինձ համար, կա անձնակազմ, եւ կան ուղեւորներ. Մարթան ու նրա ընկերուհիները ինձ համար ուղեւորներ են։ Այն, ինչ նրանք անում են իրենց նավախցերում, իմ գործը չէ։ - Բայց դուք շատ լավ էլ տեղյակ եք, թե նրանք ինչ են անում իրենց նավախցերում, եւ փաստորեն, որոշ մանրամասներ պարզել եք,- ժպտալով ասացի ես։ - Այստեղ ոչ մի հակասություն չկա. դա նավի անվտանգության հետ է կապվում։ Չզարմանաք, բայց հիմա ձեզ կասեմ, որ երկու ամուսնացած կանայք այս երկու շաբաթվա ընթացքում իրենց համար սիրեկաններ են գտել, եւ ես դրանից տեղյակ եմ եւ իրավիճակը պետք է վերահսկողության տակ պահեմ։ Ես հարցական հայացքով նայեցի նրան. - Չէ, ես բարոյական ոստիկանություն չեմ. ուղղակի ինքներդ եք հասկանում, որ լավ չի լինի, եթե այդ կանանց ամուսինները նավի վրա արյունահեղություն անեն. մեկ-երկու այդպիսի դեպք եւ կարող եմ մնալ առանց աշխատանքի. իմ նավի անունը կհայտնվի լուրերի թողարկման մեջ եւ վատ իմիջ կստանա։ Ու հիմա պարտավոր եմ իրավիճակը վերահսկողության տակ պահել, որպեսզի հնարավոր արյունահեղությունից հինգ րոպե առաջ միջամտելու հնարավորություն ունենամ։ - Այդ դեպքում չե՞ք վախենում, որ Մարթան իրեն օվկիանոս կնետի։ - Իհարկե, վախենում եմ։ Երբ նրա շուրջ իրավիճակը լարվեց, ես նրա համար արձակուրդ ստացա իր ղեկավարությունից, եւ նա հիմա սովորական զբոսաշրջիկ է` նավի հաշվին։ Չնայած, այդ Պաուլան, նա ինձ հիացնում է, կարծես թե ելք է գտել Մարթայի համար,- ասաց նավապետը։ - Իսկապե՞ս։ - Այո, բարեկամս։ Մենք երբեմն թերագնահատում ենք կանանց, բայց նրանք շատ խելացի են, եթե իրենց դա անհրաժեշտ է։ Տեսեք, թե ինչ է մտածել այդ Պաուլան. երբ մենք հասնում ենք Տոկիո, Պաուլան մտադիր է Մարթային նավից դուրս հանել, որից հետո նա որեւէ խանութից ինչ-որ բավական արժեքավոր բան գողանալու փորձ կանի ու կբռնվի։ Բնականաբար, նրան կդատեն մեկ-երկու տարվա ազատազրկման։ Ճապոնական բանտերը դրախտ կլինեն Մարթայի համար, իսկ նրա սեփականատեր-կավատները շուտով կմոռանան նրա գոյության մասին, ու նա նոր կյանք սկսելու հնարավորություն կունենա։ Պաուլան խոստացել է, որ ազատազրկումից հետո Արգենտինայում աշխատանք կգտնի Մարթայի համար։ Եւ կգտնի, նա բավական հաջողակ կին է։ Իհարկե, նրանք որոշ բարդություններ կունենան նավը լքելիս, բայց հնարավոր է օգնեմ նրանց. off record! «Գրողը տանի»,- մտածեցի ես. Պաուլային, նրա շարժուձեւին, նրա լողազգեստին նայելիս չէի մտածի, որ նա կարող է այսքան խելացի լինել եւ այսքան մարդասեր։ - Նավապետ, խնդրում եմ ինձ իրավունք տաք, որ այս սյուժեով մի բան գրեմ Լատինական Ամերիկայից, եւ ընդհանրապես, Արեւմտյան կիսագնդից հեռու. այսինքն` մեր պայմանավորված «off record»-ը տարածվի միայն Արեւմտյան կիսագնդի վրա։ - Ես գիտեի, որ դուք դա կասեք, եւ երեւի այդ պատճառով էլ բացեցի իմ ծառայողական գաղտնիքները։ Համաձայն եմ, որ սա գրելու արժանի պատմություն է, միայն խնդրում եմ, հանգամանքները փոխեք, ինչքան հնարավոր է, եւ իսկապես այնպես արեք, որ Արեւմտյան կիսագնդում ձեր գրածը ոչ ոք չկարդա։ - Պայմանավորվեցինք. բայց, նավապետ, դուք, ինչ է, նավախցերը գաղտնալսո՞ւմ եք։ - Ի՞նչ եք ասում. երբ կան մատուցողներն ու աղախինները, գաղտնալսումը անիմաստ գործ է։ - Մխիթարեցիք։ - Հիշում եք, չէ՞. «off record»։ Համեցեք երբեմն` սուրճ խմելու։ - Շնորհակալություն,- ասացի ես եւ հրաժեշտ տվեցի նրան։ Ես Մարթայի կամ Պաուլայի հետ զրուցելու փորձ չարեցի. Մարթայի դարդերը իրար տալը անխղճություն կլիներ, եւ հետո` նա խոսում էր միայն պորտուգալերեն, մի քիչ էլ իսպաներեն, իսկ Պաուլայի հետ զրուցելու համար առանց այն էլ հերթեր էին գոյանում։ 52. ծովից ծով Ամերիկացի Ֆրեդն ու ամերիկացի Վիկտորը ընդհանուր ծանոթ չգտան։ Սերբ Բոյանն ու արգենտինացի Գաբրիելը, սակայն, ավելի հաջողակ էին այս հարցում, եւ նրանք գտան մի ընդհանուր ծանոթ, որ ազգությամբ հայ էր եւ ապրում էր Բուենոս Այրեսում։ Մի անգամ նայեցի օվկիանոսին. չորս կողմը օվկիանոս էր, միայն օվկիանոս։ Ցամաքի նշույլ, ակնարկ անգամ չկար, ու հիշեցի Ուստա Նորիկի ծառայության տեղերը, ապա հիշեցի Ախպերամին։ Հետաքրքիր է, որ դա տեղի ունեցավ արգենտինական նավի վրա։ Ախպերամը ապրում է Արգենտինայի մայրաքաղաքում։ Ես դա գիտեի եւ ֆուտբոլային ընդմիջումներից մեկի ժամանակ սպորտ-բարում գտնվողներին հարցրի, թե արդյոք որեւէ մեկը չի ճանաչում Բուենոս Այրեսում ապրող ազգությամբ հայ մի վարսավիրի, անունը` Արամ։ Երկար ժամանակ որեւէ մեկը չէր արձագանքում, մեկ էլ մի տեղից լսեցի. - Ճաղատ մա՞րդ է։ - Ինքն է, որ կա։ - Այո, նա մեր փողոցում է աշխատում, բայց մենք այդքան լավ ծանոթ չենք. ես մի երկու անգամ նրա մոտ հարդարել եմ մազերս,- ասաց Գաբրիելը։ - Լա՞վ վարսավիր է,- հարցրի։ - Այո, լավ. համենայնդեպս, հաճախորդներ ունենում է,- ասաց Գաբրիելը, որ այդ նույն փողոցի վրա մարզահագուստի մեծ խանութ ուներ,- իսկ դու որտեղի՞ց ես ճանաչում նրան,- հարցրեց նա։ - Բուենոս Այրես գալուց առաջ նա իր հայրենիքից Սերբիա էր եկել` Բելգրադ։ Բայց գործերը չստացվեցին, ու որոշեց գալ Արգենտինա,- ասացի ես։ Դա, իհարկե, այդպես չէր։ Արամը Արգենտինա մեկնել էր ոչ թե Սերբիայից, այլ Հայաստանից, եւ վարսավիրի մկրատը առաջին անգամ ձեռքն էր վերցրել երեւի Բուենոս Այրես հասնելուց հետո։ Նրա հետ մենք աշխատում էինք «Մոլորակ» թերթի խմբագրությունում։ Ես շարքային լրագրող էի, Արամը զբաղվում էր տնտեսական հարցերով, մեր ղեկավարն էլ Հայկազն Ղահրիյանն էր։ Թող մյուս տղերքը չնեղանան, որ իրենց չեմ հիշատակում, որովհետեւ եթե չլինեի Խաղաղ օվկիանոսի վրա, չէի հիշի այս պատմությունը, որը, ճիշտ է, բոլորի հետ է կապված, բայց հեղինակները Արամն ու Ուստա Նորիկն են։ Բայց նախ` Արամի մասին։ Մենք նրան Ախպերամ էինք ասում, որովհետեւ ինքը բոլորին ախպերամ էր ասում։ Որեւէ մեկին դիմելիս Հայաստանում մարդիկ շատ են օգտագործում «ախպեր» բառը, Արամը դրա փոխարեն ասում էր ախպերամ։ Ինչո՞ւ էր նա այսպես ասում` չգիտեմ։ Բայց այդ բառը նրա իմիջի մասն էր։ Նրա իմիջի մասն էր նաեւ ճաղատը. մարդիկ սովորաբար ճաղատ լինելիս փորձում են քողարկել այդ փաստը։ Արամը, ընդհակառակը, ընդգծում էր իր ճաղատությունը, որպես մի առանձնահատուկ բարեմասնություն։ Եւ անկեղծ ասած, դա նրան շատ էր սազում։ Նրա իմիջի հաջորդ կարեւոր ատրիբուտը ձեռնափայտ-անձրեւանոցն էր, որ նա կրում էր շատ հաճախ։ Անծանոթների մոտ նա պետք է որ զգուշավորություն առաջացներ. խորհրդավոր տեսք ուներ։ Ես էլ սկզբում նրան զգուշությամբ էի վերաբերվում, բայց ընթացքում մենք մտերմացանք։ Նա սիրում էր յուրահատուկ արարքներ, հումորի նուրբ զգացում ուներ, հոյակապ պատմող էր եւ բազմաթիվ պատմություններ ուներ պատմելու, որ մենք լսում էինք մեծ բավականությամբ։ Արամը չէր սիրում նմանվել ուրիշներին, նա փորձում էր ընդգծել իր անհատականությունը, եւ դա նրա մոտ ստացվում էր։ Երբ «Մոլորակ» թերթը փակվեց, նա փորձեց ինչ-որ գործեր ձեռնարկել, բայց չէր ստացվում, եւ ահա, մի օր իմացա, որ նա որոշել է արտագաղթել։ Սա ամենեւին էլ օրիգինալ չէր, եւ Արամը չէր կարող այս իրավիճակում էլ իր անհատականությունը չընդգծել. եւ ահա, նա որոշել էր արտագաղթել ոչ թե Ռուսաստան, ԱՄՆ կամ Եվրոպա, ինչպես անում են շատերը, այլ Արգենտինա. համաձայնեք` օրիգինալ որոշում է։ Վերջին լուրը, որ նրա մասին լսել եմ, այն է, որ վարսավիր է դարձել ու հաղթել վարսավիրների մի մրցույթում։ Իհարկե, ոմանք սա հաջողություն կհամարեին, բայց Արամին ճանաչողները կհասկանան, որ սա ոչ թե հաջողություն է, այլ հաջողված օյին։ Հիմա մի քիչ էլ պատմեմ Ուստա Նորիկի մասին` Աստված հոգին լուսավորի։ «Մոլորակ» թերթը այդ ժամանակ տարածք էր վարձակալում «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», այդ ժամանակ` «Մարզական Հայաստան» թերթի խմբագրատանը, որ գտնվում է Արշակունյաց փողոցի վրա` «Դոսաաֆի» մոտ։ Ուստա Նորիկը, ահա, այդ խմբագրության երկարամյա պահակն էր, լուսավոր մի մարդ, այդ «կալվածքների» ոգին։ Հայկազն Ղահրիյանը նոր տիպի ղեկավար էր, նոր տիպի գլխավոր խմբագիր եւ իմ տեսած առաջին մարդը, որին իր ենթակաները դիմում էին ուղղակի անունով` Հայկազ։ Ես` սկսնակ լրագրողս, երկար ժամանակ չէի կարողանում հաղթահարել ինքս ինձ ու նրան Հայկազ ասել։ Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Սա ընդգծում եմ, որովհետեւ նաեւ Հայկազի վերաբերմունքն էր պատճառը, որ Ուստա Նորիկը ամբողջովին մերվեց «Մոլորակի» կոլեկտիվի հետ, եւ մեր միջեւ հաստատվել էին ոչ պաշտոնական հարաբերություններ, որոնք հետագայում վերաճեցին հարազատության։ Ահա, ուրեմն, բոլորս Ուստա Նորիկի հետ շուտով բարեկամացանք։ Ուստա Նորիկը հացով մարդ էր, շատ էր սիրում հյուրասիրել, հաց տալ, պատիվ տալ` իր հնարավորություններին համապատասխան։ Հայկազը խրախուսում էր նրա այս սովորությունը. եւ երբեմն նրա որոշմամբ Ուստա Նորիկը մեծ տակառով թթու էր դնում, խաշ էր եփում եւ այլն, եւ գործնականում խմբագրության գոնե մի հատվածը վերածվել էր ընտանիքի։ Ես էլ գործնականում ապրում էի խմբագրությունում։ Ուստա Նորիկը ուներ իր փիլիսոփայությունը, որ ամփոփվում էր մի քանի ասացվածքներով. «Տղամարդը պըտի գյադա չլնի»,- ասում էր նա։ Իրեն խաբել ցանկացողներին կամ նեղացնողներին հակադարձում էր մեկ այլ ասացվածքով. «Նորիկը էշ չի, Նորիկը գեշ ա»։ Նաեւ հայհոյում էր` մի սիրած հայհոյանքով. «Չաթըլախ»։ Բայց այս հայհոյանքը կարող էր նաեւ կատակի իմաստով հնչեցնել։ Երբ նրան նախատում էին խմելու համար, նա բութ մատով, ցուցամատով, միջնամատով պտղունց էր անում ու մատների ծայրերը համբուրում, իբրեւ հաշտության նշան։ Ընտանեկան կյանքի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտում էր հետեւյալ ասացվածքով. «Կնիկ կա` մարդուն սարքում է փաշա, կնիկ կա` մարդուն սարքում ա բոշա»։ Իր կամ ուրիշների կանանց հիշատակում էր «գերագույն» բառով։ Այսինքն` եթե պիտի ասեր` կինս գալու է, ասում էր` Գերագույնս գալու է։ Եթե որեւէ մեկին պետք է հաղորդեր, որ նրա կինը զանգել է, ասում էր` Գերագույնդ զանգել է։ Ուստա Նորիկը սիրում էր տարբեր պատմություններ պատմել իր կյանքից. ուղղակի աննկարագրելի հիացմունքով էր հիշում «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի մի վաղամեռիկ գլխավոր խմբագրի, որի ազգանունը, ցավոք, մոռացել եմ։ Հպարտանում էր, որ սեղմել է մարշալ Բաղրամյանի ձեռքը։ Ուստա Նորիկը շատ էր սիրում կատակներ անել, հատկապես` Արամի հետ, ու նրան Քաչալ Շուն էր անվանում։ Արամն էլ, չնայած տարիքների հսկայական տարբերությանը, նրան Նորո էր ասում, ու կատակների մեջ տակ չէր մնում։ Եւ ահա, այս ողջ պատմությունը պատմեցի, որովհետեւ օվկիանոսին նայելիս հիշեցի այն կատակը, որի հեղինակները Ուստա Նորիկն ու Արամն էին։ Ուստա Նորիկը ասում էր, որ Մարսկոյ ֆլոտում է ծառայել` Հեռավոր Արեւելքում, սուզանավի վրա։ Եւ ահա, այդ օրը նա պատմում էր ծառայության տարիների մի պատմություն։ Օրվա վերջ էր, եւ այդ ժամին մենք սովորաբար ավարտելիս էինք լինում թերթի համարները ու խմբագրության ֆոտոարխիվից, ինչպես նաեւ տարբեր արտասահմանյան ամսագրերից լուսանկարներ էինք փնտրում թերթի տվյալ համարի համար։ Ահա, ուրեմն, Արամը իր առաջ դրել էր գերմանական «Շպիգելի» մի քանի համարներ ու ինչ-որ նկար էր փնտրում։ Էջադրող տղերքը իրենց գործն էին անում, Հայկազն էլ ղեկավարում էր պրոցեսը։ Ուստա Նորիկն էլ իր պատմությունն էր պատմում։ Պատմեց, պատմեց, եւ եկավ մի պահ, որ պետք է նկարագրեր իրենց սպաներից մեկին։ Եւ ահա, նկարագրության համար դիմեց Արամին. «Տոչնի քեզ նման էր էդ աֆիցերը, Արամ ջան, բայց` գրագետ, խելքը տեղը, շնորհքը տեղը»։ Հայկազը առաջինը փռթկացրեց, ու բոլորս սկսեցինք հռհռալ։ Ուստա Նորիկը մի քիչ ծիծաղեց մեզ հետ ու հաղթական հեռացավ։ Արամը մանթո էր. շարունակում էր թերթել, մյուսները քննարկում էին Ուստա Նորիկի հաջողված կատակը, չնայած կարծում էինք, որ ակամա ստացվեց։ Արամը թերթում էր ամսագիրը ու մեկ էլ պայծառացավ. - Նորո, Նորո,- կանչեց նա։ - Ինչա՞, Քաչալ Շուն։ - Նորո ջան, արի, քո ծառայած տեղի նկարը գտել եմ։ Ուստա Նորիկը չէր սպասում նման ուշադրություն եւ ակնհայտորեն հուզվեց. - Ճի՞շտ ես ասում, Արամ ջան,- ասաց նա ու մոտեցավ։ Բոլորս գնացինք դեպի Արամը։ Նա հաղթականորեն իր առաջ փռել էր «Շպիգելի» մի էջ, էջի վրա` մի լուսանկար, լուսանկարում ջրային ինչ-որ մի տարածքի կտոր էր, գուցե ծով, գուցե օվկիանոս, գուցե լիճ։ Կադրում ջրային մակերեւույթ էր, ու չէր երեւում ուրիշ ոչինչ, բացարձակապես ոչինչ։ - Չաթըլախ,- ասաց Ուստա Նորիկը։ Մենք ուշքից գնացել էինք։

Տպել
1626 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը