«Ես շատ լավ էլ շարադրել եմ իմ ասածը». Աջապահյանը պահանջում է, որ ապահովեն իր անվտանգ տեղաշարժը Գորիսից Ստեփանակերտ

Նախորդ շաբաթավերջին ԱԺ-ում ընդդիմության կազմակերպած լսումների հրավիրյալներից էր Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նա, իր ելույթում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը, մասնավորապես հայտարարել էր․ «Այսօր ես, երբ ուզում եմ գնալ Արցախ, ինձ ադրբեջանցին չի կանգնեցնում, ինձ ռուսը չի կանգնեցնում, ինձ կանգնեցնում է հայ զինվորը, ասում է՝ չես կարող գնալ։ Ուրեմն՝ ո՞վ է փակել ճանապարհը»։

Այս հայտարարությունը հանրային քննարկումներում փոթորկի ազդեցություն ունեցավ, շատերը անողոք քննադատության ենթարկեցին «ընդդիմադիր հոգեւորականին»՝ նրան մեղադրելով Ադրբեջանին ուրախացնելու համար։  

«Բախտներս բերեց, որ Հաագայում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատի քննությունն ավարտվել էր, երբ լսումներ կոչվող այս խայտառակությունը տեղի ունեցավ: Այլապես Աջապահյանի այս հայտարարությունները հանգիստ մեջբերելու էր թշնամին՝ իբրեւ ապացույց այն բանի, որ Լաչինի միջանցքը Ադրբեջանը կամ ռուս խաղաղապահները չեն փակել, այլ Հայաստանը՝ հայ զինվորը... Լսումներից հետո գնացեք եկեղեցի, մոմ վառեք, ձեր գործած գիտակցված ու չգիտակցված մեղքերը խոստովանեք ու քավեք: Ահավոր է:»,- «Ֆեյսբուք»-ում արձագանքել էր հայտնի քաղաքագետներից մեկը։

«Հայկական ժամանակ»-ը այս հայտարարության հետ կապված զրուցել է Աջապահյանի հետ՝ պարզաբանելու՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր, թե «միջանցքի փակման մեղավորը հայ զինվորն է»։ 

«Ես նման բան չեմ ասել՝ հայ զինվորն է մեղավոր։ Ես ասել եմ՝ երբ փորձում ենք գնալ, մեզ կանգնեցնում է հայ զինվորը։ Հիմա ո՞վ է փակել միջանցքը։ Ես էս եմ ասել»,- պարզաբանեց իր խոսքը նա:

Նկատառմանը, որ գուցե ոչ այնքան հաջող է շարադրել միտքը, այդ պատճառով է առաջացել այս թյուրըմբռնումը, վերջինս հակադարձեց․ «Չէ՛, ես շատ լավ էլ շարադրել եմ, իմ ասածը կարելի է շատ հանգիստ հասկանալ կամ էլ թյուրըմբռնել։ Բայց դա արդեն ցույց է տալիս տարբեր մարդկանց մարդկային, մտավոր կարողությունները»:

Վերջինս եւս մեկ անգամ պարզաբանեց, թե ինչ է ուզել ասի. «Իմ ասածը հետեւյալն է՝ մեղքը նախ ձեր մեջ փնտրեք ադրբեջանցուն եւ ռուսին մեղադրելուց առաջ։ Ադրբեջանցին մեր թշնամին է, ռուսն էլ մեր բարեկամը չէ, մեզ հետ չի ամուսնացել եւ հավատարմության երդում էլ չի տվել ցմահ։ Երկրորդ․ ո՞րն է Հայոց բանակի ֆունկցիան։ Այդ ֆունկցիան է ապահովել իմ անվտանգ երթեւեկությունը որեւէ մի տեղով մեր հայրենիքի տարածքում։ Հայոց բանակի ֆունկցիան, ուրեմն, ինձ ոչ թե արգելելն է ինչ-որ մի տեղ գնալ, այլ ապահովելն է, որ ես գնամ այնտեղ, ուր որ ցանկանում եմ։ Ուրեմն՝ Հայոց բանակը ոչ թե պետք է արգելելով զբաղվի՝ տեղի տալով Ադրբեջանի եւ ռուսական պահանջներին, այլ ինքը պետք է գտնի ձեւերը իշխանությունների միջոցով, որ ապահովի իմ ու ցանկացած  քաղաքացու անվտանգ երթեւեկությունը Գորիսից գոնե Ստեփանակերտ։ Դա է Հայոց բանակի պարտականությունը։ Երրորդ կետն իմ ասածի այն է, որ քանի դեռ այդ ճանապարհը դուք չեք վերահսկում, այլ ուրիշը, այսպիսի վիճակը կշարունակվի հավերժ»։

Հարցադրմանը՝ այս ընթացքում, ինչ փակ է միջանցքը, փորձե՞լ է գնալ Արցախ, եւ հայ զինվորը խոչընդոտե՞լ է իր երթը, վերջինիս վրդովվեց հարցից․ «Դուք այնպիսի բառեր եք օգտագործում՝ խոչընդոտել, ես նման բառ չեմ ասել։ Խոչընդոտելն այն է, որ ինձ կանգնեցնում են, բայց ես, այնուամենայնիվ, գնում եմ։ Իմ բառերը մի փոխեք։ Ասել եմ՝ կանգնեցրել է։ Հիմա թե՛ հայ զինվորն է, թե՛ հայ ոստիկանն է, տարբերությունը մեծ չէ։ Այո, հայն է, հայ մարդն է, որ ինձ կանգնեցրել է։ Ուսադիրները կարող է ոստիկանի լինել, կարող է զինվորի լինել, դրա մեջ տարբերություն չկա։ Ինձ կանգնեցրել է հայը, ես ռուս չեմ տեսել։ Ես հայ զինվորին չեմ վիրավորում, ես հայ զինվորից, նշանակում է՝ հայ բանակից, որը իր հերթին նշանակում է՝ հայ իշխանությունից, իբրեւ հայ քաղաքացի՝ պահանջ ունեմ՝ բացել միջանցքը։ Իրենք պահանջում են դա անել ռուսից ու թուրքից, ինձ դա չի հետաքրքրում: Ես, իբրեւ ՀՀ քաղաքացի, չեմ կարող ռուսից ու թուրքից դա պահանջել, ես իմ իշխանությունից պիտի պահանջեմ»։

Հոգեւորականը թեեւ չհիշեց օրը, թե երբ է փորձել մեկնել Արցախ, սակայն մանրամասնեց, որ իրեն կանգնեցրած հայը (ենթադրյալ՝ զինվորը կամ ոստիկանը) ասել է՝ անվտանգ չէ ճանապարհը, չի կարող գնալ։ «Ինքը ոչ թե արգելում էր, այլ ասում՝ չես կարող գնալ, որովհետեւ անվտանգ չէ, ճանապարհը փակ է։ Ո՞վ է փակել։ Ադրբեջանցին ու ռուսը»։

Աջապահյանին հիշեցրինք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն որեւէ իրավունք չունի Լաչինի միջանցքի նկատմամբ, առավել եւս՝ բացման կամ փակման հետ կապված չի կարող միջատել, եւ որ՝ միջանցքի հարցով կա երկու պատասխանատու սուբյեկտ՝ ՌԴ խաղաղապահներն ու Ադրբեջանը, վերջինս նշեց, թե ինչո՞ւ է թողնվել այդ երկու սուբյեկտին։

«Բա իշխանությունը չէր մտածո՞ւմ, որ էսպես պիտի լինի, թող մտածեր, ինքն է ստորագրել։ Հիմա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դարձավ ավեատարա՞ն, դոգմա՞։ Պիտի ենթադրեր, չէ՞, որ պիտի էսպես լինի, պիտի համոզված լիներ, չէ՞, որ էսպես չպիտի լինի։ Նոյեմբերի 9-ը հիմա բերել-սարքել եք ավետարան ու ասում եք՝ դրանով էսպես պիտի լինի։ Թող ինքն էլ լիներ ճանապարհի երաշխավորներից մեկը, ինչո՞ւ է իրեն հանել դուրս, որպեսզի էսօր ռուսին մեղադրի՞։ Բա ռուսին ինքն է բերել»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ այս բանավեճը մոտավորապես այն է, թե՝ Հիսուս Քրիստոսը չգիտե՞ր, որ Հուդան իրեն դավաճանելու է, ինչո՞ւ էր նրան իրեն աշակերտ համարում, ինչո՞ւ ժամանակին չկանխատեսեց նրա դավաճանությունը. այժմ մենք գործ ունենք արդեն իսկ առկա եղելության հետ, Աջապահյանն առարկեց․ «Համեմատությունը բնավ տեղին չի։ Առկա եղելության մեջ ՀՀ իշխանությունը պարտավոր է միջոցներ գտնել ճանապարհը բացելու, եւ այն բացելու գործիքներից կարեւորագույնը պետք է լինի Հայոց բանակը։ Եթե Հայոց բանակը թուլացրել եւ տկարացրել ես էնքան, որ ասում ես՝ ի՞նչ անենք, ճանապարհը փակել են, մենք պիտի հարմարվենք, ուրեմն դու ես մեղավոր, ո՞վ է մեղավոր, ռու՞սը»։

Նկատառմանը, որ ստացվում է՝ ինքն առաջարկում է ռազմական ճանապարհո՞վ  բացել միջանցքը, Աջապահյանն ասաց. «Ռազմական ճանապարհը տարբերակներից մեկն է, բայց ես միայն էդ մասին չեմ խոսում։ Որպեսզի ռազմական ճանապարհով չլուծվի, բանակդ ինքնաբերաբար պիտի ուժեղ լինի։ Քանի դեռ բանակդ ուժեղ չէ, քեզ կմնա միակ՝ ռազմական ճանապարհը, դա էլ կլինի անհնար, քանի որ բանակդ թույլ է, եւ դու կլինես փակ շրջանի մեջ։ Եթե Հայոց բանակը ուժեղ է լինում, շատ հաճախ հարցերդ լուծվում են առանց ռազմական միջամտության, որովհետեւ բանակդ ուժեղ է»:

Հարցադրմանը՝ այժմ, փաստորեն, մեր բանակն այնքա՞ն էլ ուժեղ չէ, որ ռազմական ուժի կիրառմամբ հասնենք ճանապարհի բացմանը, հոգեւորականն արձագանքեց՝ հակասելով բանակին իր տված նախորդ բնորոշմանը․ «Դու ինչի՞ց որոշեցիր, որ ուժեղ չէ։ Ինչի՞ եք մեզ համոզել, որ ուժեղ չի, էս ի՞նչ շտապողականություն է, ով է ասել, որ ուժեղ չէ բանակը։ Ուժեղացրե՛ք։ Երբ որ մեր պետությունն ասում է՝ մեր բանակն ուժեղ չէ, դա Ադրբեջանի համար շահարկման նյութ չէ, բայց երբ արքեպիսկոպոսն է ասում՝ հայ զինվորն է ինձ կանգնեցնում, սա ադրբեջանցիների համար շահարկման նյո՞ւթ պետք է դառնա, պարզվում է՝ սա մեսի՞ջ է ադրբեջանցիներին։ Մի հատ լայն պերսպեկտիվով մտածեք, էլի՜։ Ո՞վ ասաց, որ բանակը թույլ է, էդ ե՞րբ թուլացավ։ Տարածաշրջանի ամենահզոր բանակն էր, եւ դա հաստատել է նաեւ այսօրվա իշխանությունը 2020 թ․ հուլիսյան ընդհարումներից հետո։ Ես համոզված եմ, որ պատերազմում էլ մենք կհաղթեինք, մեզ տարան գիտակցաբար պարտության, դավադրաբար հանձնեցին Շուշին, տկարացրին բանակը ներսից եւ այժմ էլ համոզել են ժողովրդին ու բանակին, թե մենք թույլ ենք։ Դե, եթե թույլ եք, ուրեմն համակերպվեք»։

Հոգեւորականին հուշեցինք, որ ՀՀ-ն այժմ դիվանագիտական ողջ գործիքակազմով է փորձում հասնել միջանցքի ապաշրջափակմանը, դիմել է Հաագայի դատարան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում էլ մինչ այդ քննարկում տեղի ունեցավ․․․

«Ի՞նչ դիվանագիտական ճանապարհ։ Դրանք դատարկաբանություններ են։ Եթե դուք ճանապարհը տվել եք ռուսների ու ադրբեջանցիների ձեռքը, ուրեմն միայն իրենք կարող են բացել։ Ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ը, ՄԱԿ-ն ո՞վ է։ Դուք ՄԱԿ-ին լուրջ էիք առնո՞ւմ։ ՄԱԿ-ը 30 տարի ձեզ ասում էր՝ ազատեք Բերձորն ու Քարվաճառը, դուք ազատո՞ւմ էիք։ Էդ ՄԱԿ-ը քանի՞ հարց է լուծել աշխարհում, որ պիտի գա ու քո հարցը լուծի։ Լուծելու դեպքեր գիտե՞ք։ Եթե գիտեք, ես չգիտեմ։ Դիվանագիտությունը պետք է էնտեղ, որտեղ դու ուժեղ ես։ Դիվանագիտությամբ ո՞վ պիտի դուրս մղի ռուսին ու ադրբեջանցուն Բերձորի միջանցքից։ Էդ ո՞ր ուժն է, էդպիսի դիվանագիտական ուժ կա՞։ Եթե վաղը, մյուս օրը ճանապարհը բացվի, քանի որ դրա դիմաց պիտի ինչ-որ զիջում անի էդ իշխանությունը, դուք դա պիտի ներկայացնեք որպես դիվանագիտական հաղթանակ, ասեք՝ ա՜յ, տեսեք, հաղթեցինք»,- արձագանքեց Աջապահյանը՝ հորդորելով իրեն այլեւս քաղաքական հարցեր չտալ, այլ՝ Ավետարանից։  

Հեղինե Մանուկյան

Տպել
6661 դիտում

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը