ԵԺԿ նախագահի մեսիջները

28/04/2015 schedule10:00

Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը, ով անցյալ շաբաթվա վերջին գտնվում էր Հայաստանում, «ՀԺ»-ին տված հարցազրույցում բավական ուշագրավ մեսիջներ է հղել Հայաստանի քաղաքական շրջանակներին: ԵԺԿ նախագահը խոսել է ՀՀ-ի ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության մասին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը:

- Պարոն Դոլ, այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, այնինչ, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Եվրոպան մեծ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հաշտեցման համար, բայց հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին, ԵԺԿ-ի օրակարգում մնո՞ւմ է հայ-թուրքական հաշտեցման հարցը եւ ի՞նչ եք պատրաստվում անել այս ուղղությամբ:

- Ես էլզասցի եմ, ես չգիտեմ՝ դուք ծանո՞թ եք արդյոք Էլզասի պատմությանը. դա մի տարածաշրջան է, որն ապրել է բավականին նշանակալի փոփոխություններ, եղել է շրջան, երբ մենք եղել ենք գերմանացի, եղել է շրջան, երբ մենք եղել ենք ֆրանսիացի, հետո մենք նորից ենք դարձել գերմանացի եւ նորից ենք դարձել ֆրանսիացի՝ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Բնականաբար, այդ ամենը ուղեկցվել է պատերազմի հետ կապված ամենատարբեր երեւույթներով, եղել է աքսոր, եղել է հավաքագրում գերմանական բանակի կողմից եւ այլն: Եւ այն ատելությունը, որ կար մեր ընտանիքներում գերմանացիների հանդեպ պատերազմից հետո, իրոք, ահավոր էր: Եւ ես ձեզ պետք է ասեմ, որ իմ հայրը մինչեւ իր մահը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այլեւս ոտք չի դրել Գերմանիա: Նա մահացել է 5 տարի առաջ: Այդ ատելությունը, իրոք, գոյություն ուներ, մենք այն ապրում էինք մեր ընտանիքներում: Բայց կային մարդիկ, ինչպիսիք էին Շումանը, Ադենաուերը եւ մյուսները, որոնք ասացին, որ մեր երեք պատերազմից հետո, որ տեղի են ունեցել Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ, պետք է գա ավարտը: Ահա թե ինչու սկսեցին հաշտեցման գործընթացը՝ լավ իմանալով, որ Էլզասի բնակչության 80 տոկոսը հանրաքվե անցկացնելու դեպքում դեմ կլինի Գերմանիայի հետ հաշտեցմանը: Այսինքն՝ իմ սերունդը, իրոք, աշխատել է այդ հաշտեցմանը հասնելու ուղղությամբ, նույնիսկ՝ մեր ծնողների կարծիքին հակառակ: Բայց նրանք իրենց հերթին մեզ չեն խանգարել՝ դեմ լինելով հանդերձ: Ահա թե ինչու այսօր ես չեմ հասկանում թուրքերին եւ մասնավորապես՝ Էրդողանին: Ամեն դեպքում, դա ցեղասպանություն է, դա չի արվել Էրդողանի ձեռքով, եւ ուրեմն, նա պետք է ճանաչի: Եւ դա այդ նահատակների հիշողությունն է, որը պետք է հանգեցնի այդ հաշտեցմանը, որպեսզի այլեւս նման ոճրագործություններ չլինեն: Բայց առավոտյան ուսանողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ հաջորդ սերունդը արդեն պարտադիր կճանաչի Ցեղասպանությունը: Այլ կերպ լինել չի կարող: Դուք վաղը պետք է աշխատեք Թուրքիայի հետ, նա ձեր հարեւանն է: Նախեւառաջ՝ պետք է ճանաչել, ներել եւ աշխատել հաշտեցման ուղղությամբ: Ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք մերժում: Դա լավ չէ ինչպես թուրք, այնպես էլ հայ ժողովրդի համար: Չի կարելի շարունակել աշխատել այս շարունակական ատելության պայմաններում: Պետք է կոտրել դա: Ես ձեզ հետ խոսում եմ որպես այդ ամենը վերապրած մարդ:

- Բայց մենք պատրաստ ենք, իրենք պատրաստ չեն:

- Այո՛, դա ճիշտ է: Բայց այդ օրը գալու է, նույնիսկ եթե պետք է սպասել եւս մեկ սերնդի: Ես ուսանողներին առավոտյան ասացի, որ դուք եք, որ պետք է գաք, հասնեք այդ հաշտեցմանը, ինչպես ժամանակին իմ սերունդը աշխատել է եւ հասել է ֆրանկոգերմանական հաշտեցմանը: 

- Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, որի հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար զոհեր են լինում, նաեւ Ադրբեջանը փորձում է հարցի կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից տեղափոխել այլ ձեւաչափ, դուք ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

- Երբ դուք կոնֆլիկտային հարաբերությունների մեջ եք, կա մի լուծում, որը իրականացվում է այսօր Մինսկի խմբի կողմից: Եվրամիությունը աջակցում է այդ գործընթացին, որը պետք է ընթանա Մինսկի խմբի սահմաններում, եւ եթե դուք չեք ուզում դիմել զենքի օգնության, եթե դուք չեք ուզում պատերազմ, ուրեմն՝ պետք է կարգավորման նման մեխանիզմներ, գործընթացներ ընդունեք: Բնականաբար, այն մարդիկ, ովքեր նախընտրում են զենքի ճանապարհը, պատերազմի ճանապարհը, չեն ընդունում դա, բայց պետք է փորձել նրանց ստիպել տարբեր մեխանիզմներով, գործընթացներով, պետք է շարունակել աշխատանքը: Իմ այցի ընթացքում ես արդեն հասցրել եմ քննարկել այս հարցը տարբեր հարթակներում, այդ թվում՝ նաեւ արտգործնախարարի հետ, պետք է շարունակել այդ աշխատանքը: Միակ ընդունելի ձեւաչափը Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքը շարունակելն է:

- Երբ անցյալ տարի Վիլնյուսում տապալվեց Հայաստանի՝ ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, տեղեկություններ կային, որ դա ԵԺԿ-ում մեծ դժգոհություններ է առաջացրել: ԵՄ-ն պնդում էր, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ կամ ԵՄ-ն, կամ ԵՏՄ-ն: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որ ԵՄ-ն պատրաստ է Ռիգայի գագաթնաժողովում հայտարարություն ստորագրել Հայաստանի հետ բանակցություններ վերսկսելու մասին նոր փաստաթղթի ստորագրման շուրջ:

- Բնականաբար, ԵԺԿ-ն ցավում էր Հայաստանի կայացրած ընտրության համար, որովհետեւ մենք համոզված էինք, որ Հայաստանը ստորագրելու է այդ փաստաթուղթը, մենք հավատում էինք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը նախորդ տարի: Բայց այսօր ես ասում եմ ԵԺԿ անդամ այն բոլոր քաղաքական կուսակցություններին, որ նաեւ չպետք է մոռանալ, որ առեւտրային հարաբերությունները Եվրամիության հետ կանգ չեն առել սրա պատճառով, Հայաստանի հետ առեւտրի առումով որեւէ փոփոխություն չի արձանագրվել: Տարածաշրջանային առումով պետք է ընդունել, որ Հայաստանը որոշակիորեն ավելի լավ դիրքերում է տարածաշրջանում, այսինքն՝ «ավելի սիրված երեխա» է, որովհետեւ Հայաստանը ունի բավական մեծ պոտենցիալ նաեւ սփյուռքի առումով, հայերը ներկայացված են համարյա ամենուրեք: Ես ինքս պրագմատիկ մարդ եմ: Եթե այս պահին ես նայում եմ առեւտրին, որը արվում է Ռուսաստանի հետ, այն գազին, որը Հայաստան է գալիս Ռուսաստանից, դուք Իրանի կողքին եք, Թուրքիայի կողքին եք, դուք պետք է նաեւ փորձեք կարգավորել եւ կառավարել ձեր հարեւանությունը: Բնական է, որ այս առումով Եվրոպան չի գործադրել այն ճնշումը, որը գործադրել են մյուսները: Եւ անցկացվել են նաեւ հարցումներ, երբ խոսքը վերաբերել է պրոռուսական եւ պրոեվրոպական կողմնորոշմանը. կան վիճակագրական տվյալներ, որ բնակչության 70-80 տոկոսը կողմ է արտահայտվում առեւտրային հարաբերություններին Ռուսաստանի հետ: Բայց դա չի նշանակում, որ նրանք սատարում են հենց Պուտինին: Բայց առեւտրի մակարդակով, էներգետիկայի մակարդակով դա անհրաժեշտ է: Ես կարծում եմ, որ այն, ինչ կարեւոր է այստեղ, այս պահին եւ սա այն հարցադրումն է, որ ես արդեն դրել եմ, կա ամենօրյա կյանք, որը ես կարող եմ հասկանալ: Բայց ես վստահ եմ եւ կարծում եմ, որ դա այդպես է, որ հայերը ուզում են կիսել մեր եվրոպական արժեքները եւ հայերը այսօր կողմ են արտահայտվում իրավունքի երկիր կառուցելուն, արդարադատության գերակայությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Ես ասել եմ իմ ընկերներին քաղաքական կուսակցությունների մակարդակում, որ դա մի հսկայական հնարավորություն է, որը դուք այսօր ունեք՝ պահպանել հարաբերությունները Եվրոպայի հետ եւ փորձել զարգացնել եվրոպական արժեքները ձեր երկրում: Եթե դուք ունեք անկախ արդարադատություն, եթե դուք ունեք իրավունքի երկիր եւ եթե դուք պայքարում եք կոռուպցիայի դեմ, քանի որ դուք չունեք նավթ, դուք չունեք գազ, բայց եթե դուք, իրոք, իրավունքի երկիր եք, հայկական համայնքը, հայկական սփյուռքը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում: Ահա այստեղ է ձեր հնարավորությունը: Ահա թե ինչ պետք է անեն հայ քաղաքական գործիչները հայ ժողովրդի համար: Ահա թե ինչ եմ ես պաշտպանում, եւ մենք կլինենք այն քաղաքական կուսակցությունների կողքին, որոնք պատրաստ են դա կիրառել: Ես հասկանում եմ, որ դա հնարավոր չէ անել ձեռքի մեկ շարժումով: Բայց մենք պետք է արագացնենք պրոցեսը: Իրավունքի երկիր եւ արդարադատություն. մենք պետք է փորձենք արագացնել այդ բարեփոխումները, եւ դա Եվրոպայի համար չէ: Ուղղակի՝ մեր արժեքները կիսելու մասին է խոսքը՝ քրիստոնեական արժեքներ, ԵԺԿ-ի արժեքներ, սրանք են մեր արժեքները: Խոսքը վերաբերում է քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, մարդու իրավունքներին, այն ամենին, ինչ մաս է կազմում իրական արժեքների: Այդ առումով՝ դուք կարող եք տարածաշրջանում օրինակ ծառայել: Դա մի բան է, որ ես զգացել եմ քաղաքական գործիչների՝ տղամարդկանց եւ կանանց շրջանակում, ես գիտեմ, որ դա դժվար է, ես ունեմ նմանատիպ խնդիրներ բալկանյան որոշ երկրներում, բայց եթե դուք դա չեք անում, ձեր երիտասարդությունը կլքի Հայաստանը: Եւ դա միջնաժամկետ խնդիր կներկայացնի երկրի համար:     

- Այսինքն՝ կարծում եք, որ այս անգամ կհաջողվի՞ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել:

- Եվրոպայի կողմից որեւէ առարկություն չկա: Համաձայնագրում մենք կխոսենք իրավական պետությունից եւ արդարադատության անկախությունից: ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության մեջ ոչ մի խնդիր չի լինի նաեւ կրթության, վերապատրաստման ծրագրերի եւ եվրոպական արժեքների տարածման առումով: Հիմա պետք է, որ հայ ժողովուրդը եւ քաղաքական գործիչներն արագացնեն բարեփոխումները եւ դա շատ լավ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար: Ահա թե ինչ ենք մենք ուզում բարձրացնել մեր արժեքների մակարդակում: Նաեւ մեկ այլ բան կա, որի մասին նույնպես ես խոսել եմ արդեն՝ որքան հնարավոր է արագ, դուք պետք է փորձեք Հայաստանում ներդնել եվրոպական նորմերը, որպեսզի Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը լինի բաց, որպեսզի ավելի հեշտ լինի արտահանել դեպի Եվրոպա:    

- ԵԺԿ-ն Եվրոպայի ամենամեծ կուսակցությունն է, որի անդամ է Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ի՞նչն է ձեզ ստիպում համագործակցել ՀՀԿ-ի հետ, դուք բավարա՞ր եք համարում Հայաստանում ժողովրդավարության մակարդակը:

- Ժողովրդավարության մակարդակը երբեք չի կարող լինել բավարար, բայց ամեն օր հնարավոր է բարելավել: Եթե ես վերցնեի միայն այն կուսակցությունները, որոնք կատարյալ ժողովրդավարություն ունեն Հարեւանության ծրագրում, մենք այդ հարեւանության շրջանակներում ԵԺԿ-ում ընդգրկված կուսակցություններ այսօր չէինք ունենա: Ահա թե ինչու ի սկզբանե կուսակցությունները դիտորդի կարգավիճակ են ունենում, եւ երբ նրանք արդեն դիտորդի մակարդակով համագործակցում են ԵԺԿ-ի հետ, նրանք հասկանում են այն, ինչ ես պնդում եմ ամեն օր, օրը տասը անգամ՝ իրավունքի երկիր, արդարադատության անկախություն, պայքար կոռուպցիայի դեմ. հենց դրանք են մեր արժեքների հիմքերը: Եւ մենք երբեք չենք փորձում ինչ-որ ուժ գործադրել մեր անդամ կուսակցությունների հանդեպ: Խոսքը վերաբերում է նաեւ անդամակցությանը, որը միշտ ազատ է, այսինքն՝ կուսակցությունների կամքից է բխում: Մեր դերն է այստեղ՝ նրանց օգնել՝ հասնելու այն 3 կետերին, որոնց մասին ես արդեն խոսեցի: Լինելով դիտորդներ՝ գործընկեր կուսակցությունները դառնում են մեր ընկերները: Եւ որպես ընկերներ՝ մենք լավը չենք նշում, այնքան վստահություն ունենք միմյանց հանդեպ, որ չենք խոսում ձեռքբերումներից, այլ մատնանշում ենք խնդիրները: Այսօր մենք ունեցել ենք քննարկումներ եւ նույնիսկ մտել ենք տեխնիկական մանրամասների մեջ, թե ինչպես մենք կարող ենք սկսել կամ շարունակել: Նույն կերպ երեկ ես սկսել եմ քննարկել հարցերը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք, բնականաբար, որեւէ քաղաքական ուժի անդամ չեն հանդիսանում: Ես դա արել եմ նաեւ Ուկրաինայում 6 ամիս առաջ: Այնտեղ ես հանդիպում եմ ունեցել 3 հ/կ-ների հետ՝ ներկայացված 3 երիտասարդ կանանց կողմից: Նրանք 1.5 ժամ քննադատում էին ե՛ւ քաղաքական գործիչներին ե՛ւ քաղաքականությունը, ես ասացի՝ տիկնայք, իրավացի եք, բայց փոխելու համար այն, ինչից դուք բողոքում եք, հաջորդ ընտրություններին դուք ներկայացնում եք ձեր թեկնածությունը: Ես չեմ ասում, թե որ կուսակցությունից, նախընտրելի է դեմոկրատական կուսակցությունից: Ես ինքս ծայրահեղականներին դեմ եմ, լինեն այդ ծայրահեղականները ձախականների շարքում, թե աջականների: Մի քանի ամիս անց՝ այդ 3 կանայք եկան Բրյուսել, նրանք ասացին՝ մենք հետեւեցինք ձեր խորհրդին եւ մենք ընտրվել ենք: Իմիջիայլոց, ընտրվել էին 3 տարբեր կուսակցություններից, որոնցից մեկը ԵԺԿ անդամ չէ: Ահա հարգանքը կանոնների նկատմամբ, եւ եթե դուք պատրաստ եք շարունակել այդ գործընթացները, մենք էլ պատրաստ ենք ձեզ օգնել: Այնպես որ, դուք՝ հայերդ, հեռու չեք, դուք արդեն իսկ կիսում եք եվրոպական արժեքները, պետք է ուղղակի դրանք կիրառել:

- Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանի բանտերում կան քաղաքական գործիչներ, ովքեր հանդես էին գալիս իշխանափոխության կոչերով եւ նրանց ընդդիմադիր շրջանակները քաղբանտարկյալ են համարում:

- Որքա՞ն ժամանակ է, որ նրանք բանտում են:

- Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները՝ 1.5 տարի, Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա ընկերները՝ մի քանի շաբաթ:

- Վերջինների հանդեպ կարծեմ դատավարություն չի եղել:

- Ոչ:

- Իսկ Շանթ Հարությունյանը դատապարտվե՞լ է:

- Այո՛, 6 տարի:

- Ի՞նչ է արել:

- Իշխանափոխության կոչեր:

- Ի՞նչ տեսքով:

- Հայտարարել է, որ խաղաղ հանրահավաք է անում, բայց նաեւ եղել են սադրանքներ եւ նրան ձերբակալել են:

- Արդյո՞ք նրանք կարծում են, որ նա սխալ է դատապարտվել: Այս դեպքերի համար գոյություն ունի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որը կարող է այդ հարցը քննարկել: Նա կարող է դիմել այդ դատարան, եթե կարծում է, որ սխալ դատավճիռ են կայացրել իր նկատմամբ: Ես, իրոք, վախ ունեմ, որ որոշ երկրներում արդարադատությունը այդքան լավ չի աշխատում կամ ընդհանրապես չի աշխատում, ես գիտեմ, որ կան երկրներ, որտեղ, իրոք, գոյություն ունեն քաղբանտարկյալներ, եւ այդտեղ այն բոլոր դատավճիռներից, որոնք կայացվում են, արդեն պարզորոշ երեւում է նաեւ ՄԻԵԴ-ում, եթե նրանք դիմում են: Եթե դուք կարծում եք, որ դատավճիռը սխալ է կայացվել եւ եթե արդարադատությունը վատ է աշխատում, պետք է գնալ ՄԻԵԴ: Ես չեմ ուզում խառնվել արդարադատությանը: Կխառնվեմ միայն այն դեպքում, եթե այն վատ է աշխատում: Կան երկրներ, որտեղ որոշ դատավորների հանդեպ ես ինքս ունեմ կասկածներ, ինչպես նաեւ կայացված որոշումների առնչությամբ: Եւ ես նախագահ Յունկերին (Եվրոպական հանձնաժողովի նախագահ-հեղ.) հարցրել եմ, թե արդյո՞ք հնարավոր է կիրառության մեջ դնել մի կոմիտե, որտեղ տարբեր երկրներից ներկայացված լինեն ինչպես փաստաբաններ, այնպես էլ դատավորներ, որպեսզի վերահսկողություն իրականացնենք արդարադատության աշխատանքի նկատմամբ եվրոպական երկրներում: Ես դա խնդրել եմ պարոն Յունկերին եւ մասնավորապես՝ խորհրդարանին, որպեսզի նրանք առաջխաղացում ապահովեն այս առումով, որովհետեւ որոշ երկրներում մենք ունենք նման խնդիրներ:

- Հայաստանը այն երկրների մե՞ջ է մտնում, որտեղ կա արդարադատություն: 

- Դուք նշում եք, որ կան մարդիկ, որոնք ձերբակալվել են, սակայն նրանց հանդեպ դեռ դատավճիռ չի կայացվել: Արդարադատությունը պետք է անի իր գործը, ահա թե ինչու ես զգույշ եմ այս առումով: Պետք է թողնել, որպեսզի արդարադատությունը աշխատի անկախ պայմաններում, եւ եթե կարծիք կա, որ այն վատ է աշխատում եւ եթե այն վերահսկվում է եւ թելադրվում է քաղաքական գործիչների կողմից, պետք է հարցը քննել ավելի բարձր մակարդակում: Պետք է հարգել ժողովրդավարությունը: Իշխանափոխությունը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս քաղաքացիներին՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը: Նույնիսկ կան պահեր, երբ ժողովրդավարության հաղթանակին սպասելը բավական երկար է տեւում: Ահա թե ինչու եմ ասում՝ իրավունքի երկիր եւ արդարադատություն: Այդ 2 կետերն են, որոնք ամենակարեւորն են: Եթե այս 2 կետերը աշխատում են, դուք այլեւս չունեք կոռուպցիա:

Տպել
2873 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին