ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարվող բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, հուսադրող չէ

09/04/2016 schedule09:44

Արդեն մի քանի օր է, պատերազմը հայ-ադրբեջանական սահմանից տեղափոխվել է հրապարակային դիվանագիտական դաշտ:

Ապրիլի 5-ի կեսօրին ձեռք բերված զինադադարի մասին պայմանավորվածությունը հարաբերականորեն պահպանվում է շփման գծում, մինչդեռ դիվանագիտական դաշտում պատերազմը նոր է սկսվում: Եվ ֆոնը, որ ուղեկցում է այս օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ տարվող միջնորդավորված բանակցությունները, մեղմ ասած, հուսադրող չէ:

Ով ում հովանավորն է

Նախ, ինչպես եւ սպասվում էր, առանձնահատուկ ընդգծվել է Ռուսաստանի դերը տեղի ունեցող զարգացումներում: Եվ ստեղծվել է մի իրավիճակ, որ այդ դերը շատ հեռու է Հայաստանին օգտակար լինելուց, եթե չասենք` ուղիղ հակառակը: Բացի այդ, աննախադեպ տոնայնություն է արձանագրվում ՀՀ ղեկավարության մոտ Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումներում կամ հարցազրույցներում՝ ՌԴ մասին խոսելիս:

Նախօրեին կանխատեսել էինք, որ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումը այնքան էլ հարթ չի անցել. հիմնվելով այդ թվում նաեւ այն փաստի վրա, որ այն բավական երկար էր տեւել եւ մինչեւ օրվա ավարտը որեւէ լրատվություն չկար դրա մասին: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ տարածեց նշյալ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը: «Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների եւ հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց: Դմիտրի Անատոլիի, վստահ եմ՝ գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ»,- ՌԴ վարչապետին ասել է Սարգսյանը:

Նա  նաեւ խոսել է ԵՏՄ նիստը Երեւանում չանցկացնելու որոշման մասին. «Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա՝ միանշանակ»: Սարգսյանը ՌԴ վարչապետին փոխանցել է, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը այս իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից եւ իր դաշնակիցներից, տվյալ դեպքում` ՌԴ-ից. հասցեական հայտարարություններ եւ որոշակի գործողություններ: Նա ըստ էության ինչ-որ իմաստով նաեւ սպառնացել է, ասելով. «Երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»: Այս հատվածը կարող է որպես սպառնալիք ընդունվել, հաշվի առնելով հետեւյալ հանգամանքը. ապրիլի 5-ի զինադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի նախաձեռնությամբ եւ ՌԴ-ի միջնորդությամբ: Այս մասին նախօրեին թեեւ ոչ ուղիղ խոսել է Սերժ Սարգսյանը գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքից հետեւյալ պատկերն է ստացվում. ռազմական գործողությունների ժամանակ մեծ կորուստներ կրելուց հետո Ադրբեջանը դիմել է ՌԴ-ին, որից հետո ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին եւ առաջարկել զինադադարի հարցի շուրջ Մոսկվայում հանդիպում կազմակերպել ՀՀ-ի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբների պետերի միջեւ, նշելով, որ ադրբեջանական կողմը համաձայն է դրան: Երբ Սերժ Սարգսյանը խոսում է երկրորդ փորձը լայնամասշտաբ օպերացիայի վերածվելու վտանգի մասին, հասկացնում է, որ հաջորդ անգամ հայկական կողմը կարող է ընդառաջ չգնալ նման առաջարկին: Նման տոնի համար պետք է լուրջ հիմքեր եւ վստահություն ունենալ: Կա՞ն արդյոք այդ հիմքերը, ինչի՞ վրա է հենվում Սարգսյանը նման հայտարարություններ անելիս: Այս հարցերի պատասխանները հիմա ամենակարեւորն են: 

«Deutsche Welle»-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, որ վերաբերվել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ասել է. «Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ ընդհանրապես որեւէ երկիր եղել է կամ կարող է լինել մեր հովանավորը։ Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի կատարել այնպիսի դեր, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի համար»: Դիտարկմանը «Բայց դուք ՌԴ-ին կոչում եք ռազմավարական դաշնակից», Սարգսյանը պատասխանել է. «Այո՛, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր։ Միեւնույն ժամանակ, մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»: Դարեր շարունակ նման ճակատագրական պահերին Հայաստանի ժողովուրդն ու ղեկավարությունը հենվել են Ռուսաստանի վրա, սրանից բխող բոլոր պատմական հետեւանքներով: Հայաստանի երրորդ հանրապետության ընթացքում արդեն երկար տարիներ խմորվել է այն միտքը, որ այս սովորությունը պետք է վերանայել, պատմությունից դասեր քաղել եւ այլն: Վերջին ժամանակներում նման տրամադրությունները բարձրաձայնվում էին քաղհասարակության, մտավորականության շրջանակներում: Բայց որ առաջին դեմքի մակարդակով ասվեր՝ սա բավական անսպասելի է:

Սարգսյանն այս համատեքստում վերջին մի քանի օրվա մեջ բազմաթիվ անգամ ասել է, որ Հայաստանը պատրանքներ չունի, բարեկամներ չունի, հովանավորներ չունի: Ռուսական կողմն էլ ամեն ինչ արել է՝ հաստատելու համար այս խոսքերի ճշմարտացիությունը: Երբ Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանն ասում էր, որ պատրանքներ չունենալով հանդերձ դաշնակիցներից ակնկալում ենք հասցեական հայտարարություններ եւ գործողություններ, թերեւս նկատի ուներ Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցումը ՌԴ-ի կողմից եւ պատերազմ սկսելու համար Ադրբեջանին ուղղված դատապարտող հայտարարություն: Մեդվեդեւը Երեւանից գնաց Բաքու: Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումն անցել է ծայրահեղ ջերմ մթնոլորտում: Այստեղ ոչ միայն դատապարտելու մասին խոսք լինել չի կարող, այլեւ Ալիեւը ՌԴ վարչապետի չնախատեսված այցը Բաքու գնահատել է որպես աջակցություն, ինչը իր ողջ պահվածքով եւ խոսքով հաստատել է Մեդվեդեւը: 

Փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն էլ երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին՝ հավատարիմ մնալով իր ռազմավարական գործընկերոջ հետ կնքած պայմանագրերին: Միեւնույն ժամանակ ՌԴ նախագահն է ակտիվորեն ներգրավված գործընթացներին: Նա երեկ Ղարաբաղի հարցն է քննարկել ՌԴ անվտանգության խորհրդի հետ եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հեռախոսազրույցում: Հիշեցնենք, ԵՏՄ միջկառավարական նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու առաջարկի հեղինակը հենց Ղազախստանն է, որպես նախագահող երկիր, թեեւ երեկ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԳՄ նիստից հետո բրիֆինգում ակնարկեց, որ Բելառուսն է հրաժարվել գալ Երեւան: Երեկվա դրությամբ, ՀՀ կառավարությունը չէր հաստատել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխված նիստին, ինչը նշանակում է, որ Հայաստանը այս հարցում նույնպես դիրքերը չի թուլացրել: Չի բացառվում, որ Պուտին-Նազարբաեւ զրույցը հենց այս համատեքստում եղած լինի:

Խաղաղապահներն ու մնացածը

Այսպիսի ֆոնին ահա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են Հայաստանին եւ Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Նրանք երեկ Ստեփանակերտից Ժամանել են Երեւան: Բաքվում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ հարցի լուծումը հետեւյալն է. տարածքների վերադարձ Ադրբեջանին ԼՂ կարգավիճակի դիմաց: Առայժմ որեւէ հայտարարություն չի եղել, որ Ուորլիքը Բաքվում նման բան չի ասել եւ իր խոսքերը խեղաթյուրել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Իսկ «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին: Լրագրողի հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաեւ երկու կողմերի միջեւ խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»:

Այժմ փաստորեն ԵԱՀԿ ՄԽ ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերի միջեւ սկզբունքային համաձայնություն ձեռք բերվի քննարկել ղարաբաղյան խնդրի լուծման հետեւյալ տարբերակը. ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձնում որոշակի տարածքներ, զուգահեռաբար Ղարաբաղի անկախությունն է ճանաչվում Ադրբեջանի կողմից, զուգահեռաբար միջազգային խաղաղապահներ են տեղակայվում սահմանին: Դատելով Բաքվում Ուորլիքի հայտարարությունից, Ալիեւը առաջարկել է մոտավորապես այսպիսի մի տարբերակ. թող տարածքները վերադարձնեն, հետո կքննարկենք Ղարաբաղի կարգավիճակը, ինչը նշանակում է հետագա բանակցություններ` անկախությո՞ւն, Միացում ՀՀ-ի՞ն, թե՞ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Հայկական կողմը, բնականաբար, այս պայմանին չի համաձայնվի: Դատելով Սարգսյանի բռնած դիրքից, ՀՀ-ն պնդում է, որ խաղաղապահները միջազգային մանդատ եւ կազմ ունենան, ինչին էլ փորձում է ընդդիմանալ Ռուսաստանը: Դատելով այս օրերին ԱՄՆ-ի եւ Եվրոպական կառույցների պասիվությունից, վերջիններս սպասում են, որ նախ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունու մեջ հարաբերությունների հստակություն մտնի:

Հ.Գ. Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի  Մեդվեդեւի հանդիպման մասին Ռուսաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ չի զետեղվել Սերժ Սարգսյանի խոսքը՝ ուղղված ՌԴ վարչապետին: Ընդամենը որպես նախաբան նշված է, որ հանդիպման ժամանակ Սարգսյանը ներկայացրել է ղարաբաղյան զարգացումները եւ ափսոսանք է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակի լարումը պատճառ է հանդիսացել ԵՏՄ նիստը տեղափոխելու համար: Սերժ Սարգսյանը, ինչպես երեւում է վերը բերված մեջբերումից, նման բան չի ասել: Ռուսական կողմը  իրեն երեւի նվաստացած կզգար, եթե չակերտից չակերտ մեջբերեր Սարգսյանի ամբողջ խոսքը:  Նույն հաղորդագրության մեջ Մեդվեդեւի խոսքից բացակայում են շատ կարեւոր առաջին երեք բառերը «Հարգելի Սերժ Ազատի»: Տպավորություն է, թե Մեդվեդեւը օդում է խոսել: Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման մասին հաղորդագրությունը փոխարենը  պարունակում է ե՛ւ Ադրբեջանի նախագահի, ե՛ւ Ռուսաստանի վարչապետի  ամբողջական հայտարարությունները,  հագեցած է կետադրական նշաններով, բացականչականներով, շեշտերով, հարգանքի դիմելաձեւերի պակաս առհասարակ չի զգացվում: Ավելին. նույն հաղորդագրության մեջ ամեն մեկից երկու հայտարարություն է դրված, մեկը` երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարությունները, երկրորդը` ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ արվածները: Բացի այդ, Մեդվեդեւը Բաքվից եւ Երեւանից վերադառնալով, այցի մասին ասուլիս է տվել, որի սղագրության 70 տոկոսը Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններին է նվիրված: Ներկայացնելով բոլոր ուղղություններով  երկկողմ համագործակցության ծրագրերը, Մեդվեդեւը եզրափակել է. «Ես գտնում եմ, որ նման ծրագրերի եւ բարձր տեխնոլոգիական համագործակցության մեջ է ապագան»: Ահա այսպիսի շոկոլադային հարաբերություններ:

Հ.Գ. Դմիտրի Մեդվեդեւի թվիթերյան էջում Երեւան եւ Բաքու կատարած այցերի մասով «պարիտետ է պահպանված». երկու թվիթ կա նույնանման լուսանկարներով: Պարզապես Ադրբեջանի մասին ՌԴ վարչապետը գրել է. «Ադրբեջանի հետ բարեկամության ավանդույթները ձեւավորվել են դարերի ընթացքում»: ՌԴ վարչապետն ակնհայտորեն ոգեւորության գիրկն է ընկել եւ իրեն ծիծաղելի վիճակում դրել՝ Ադրբեջանին վերագրելով դարերի պատմություն: Հայկական սոցիալական ցանցերում երեկ ամենաքննարկվողը Մեդվեդեւի պատմության տարրական գիտելիքներն էին, կամ ավելի ճիշտ` դրանց բացակայությունը:

Տպել
8010 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց