Ընտրական կրքերը Ջավախքում. հայազգի պատգամավորների թիվը մեկով կրճատվում է

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ բորբոքվող քաղաքական կրքերը չեն շրջանցել նաեւ այդ երկրի ամենաբարձրադիր շրջաններից մեկը՝ հայաբնակ Ջավախքը (Սամցխե-Ջավախեթին): Այդ տարածաշրջանի հայերով ամենախիտ բնակեցված երկու շրջաններում՝ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում բավականին հետաքրքիր նախընտրական գործընթացներ են ընթանում:

Այս անգամ սպասվող ընտրությունները նախորդներից տարբերվում են այն առումով, որ առաջին անգամ այս երկու համայնքներից մեծամասնական ընտրակարգով ընտրվելու է մեկ պատգամավոր՝ երկուսի փոխարեն: Նինոծմինդան եւ Ախալքալաքը Վրաստանում խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման եւ ընտրատարածքների չափերի հավասարեցման տրամաբանության շրջանակներում դարձել են մեկ ընտրատարածք: Այս քայլը Վրաստանի իշխանությունները բացատրում են մի կողմից Եվրախորհրդի դեմ ստանձնած պարտավորություններով, մյուս կողմից՝ խորհրդարանական պետության չափանիշներով, որ մի ընտրատարածքում չի կարող լինել 7 հազար ընտրող, իսկ մյուսում` 40 հազար: Այս ընտրական ռեֆորմն անցկացվել է ողջ Վրաստանի տարածքով: Այժմ յուրաքանչյուր ընտրատեղամասում ընտրողների միջին թիվը կազմում է 47000-57000:

Երկու համայնքը միավորելուց հետո իշխանությունները պարզել են, որ ընտրողների քանակը սահմանվածից ավելի է: Լուծումը գտնվել է հետեւյալ կերպ՝ Ախալքալաքի 17 հայկական գյուղ քվեարկելու են հարեւան Բորժոմիից առաջադրված թեկնածուների օգտին: Այսինքն՝ նրանք դարձել են Բորժոմիի ընտրատարածքի մաս: Եթե նախկինում ընտրատարածքները Վրաստանում հիմնականում համապատասխանում էին երկրի վարչատարածքային բաժանմանը, այժմ այդ տրամաբանությունն այլեւս չի գործում: Այս ռեֆորմի արդյունքում Ջավախքի հայաբնակ համայնքները Վրաստանի խորհրդարանում ներկայացնելու են ոչ թե երկու, այլ մեկ մեծամասնական ընտրակարգով ընտրված մեկ պատգամավոր: Վրաստանի խորհրդարանը մեծամասնական ընտրակարգով ընտրվող 73 պատգամավոր ունի, մնացած 77-ը ընտրվում են համամասնական ընտրակարգով:

Ստացվում է մեկ ռեֆորմի շրջանակներում Վրաստանի խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ընտրված հայազգի պատգամավորների թիվը մեկով կրճատվում է: «Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այս հարցին յուրօրինակ լուծում է տվել: Նա Ախալքալաքի մեկ ներկայացուցչի ընդգրկել է իր համամասնական ցուցակում: Այդ ցուցակի 20-րդ կետում հայտնվել է ոմն Սամվել Մանուկյան»,- մեզ հետ զրույցում ասաց «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության մեդիա ծրագրերի համակարգող, համայնքի ակտիվիստ Ալեքսանդր Օհանյանը: Նա թերահավատորեն է վերաբերում Ախալքալաքի բնակչության դժգոհություններին լուծում տալու այս տարբերակին: «Մեկ բան է, երբ պատգամավորն ընտրվում է մեծամասնական ընտրակարգով, ունի ընդգծված հեղինակություն եւ պատասխանատու է ուղիղ ընտրողին, մեկ այլ բան է համամասնական ընտրակարգը: Այս ընտրակարգով ընտրված պատգամավորն առաջին հերթին հաշվետու է կուսակցությանը, կուսակցական կարգ ու կանոնին, իսկ հետո նոր ընտրողներին»,- պարզաբանեց նա:

Այժմ խորհրդարանում բաղձալի տեղի համար միավորված ընտրատարածքում պայքարում են մի քանի թեկնածուներ: Սակայն, ֆավորիտները երկուսն են՝ խորհրդարանի «հնաբնակ», խոշոր գործարար, իշխող «Վրացական երազանքը» ներկայացնող Հենզել Մկոյանը եւ նախկինում Նինոծմինդայի շրջանի ոստիկանապետ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Արսեն Կարապետյանը: Հատկանշական է, որ Հենզել Մկոյանն առաջադրվել է Նինոծմինդայից, թեպետ հիմնական բիզնես գործունեությունը ծավալել եւ ծավալում է Ախալքալաքում: Արսեն Կարապետյանն, ընդհակառակը, առաջադրվել է Ախալքալաքից, սակայն երկար տարիներ ոստիկանապետ է աշխատել Նինոծմինդայում:

Հենզել Մկոյանը համարվում է խորհրդարանի ամենալուռ պատգամավորներից մեկը, սակայն նա չորս անգամ անընդմեջ վերընտրվել է Վրաստանի օրենսդիրում, տիրապետում է մեծ ֆինանսական ու ադմինիստրատիվ ռեսուրսների: Վրաստանում Սահակաշվիլիի նախագահության տարիներին նա «Միացյալ ազգային շարժման» խորհրդարանական խմբակցության անդամ էր: Երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը» նա լքեց Սահակաշվիլու համախոհների շարքերը, իրեն հռչակեց անկախ պատգամավոր ու այնուհետեւ սկսեց իշխող ուժի հետ համագործակցության եզրեր փնտրել:

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը նախընտրական իրավիճակը Ջավախքի այս հատվածում բնորոշեց որպես աննախադեպ:

«Նախ, միավորեցին երկու ընտրատարածք եւ աննախադեպ քանակի թեկնածուներ առաջադրվեցին: Այնուհետեւ «Վրացական երազանքը» փորձեց ամեն ինչ անել, որ ներկայացրած թեկնածուն լուրջ մրցակիցներ չունենա: Վրաստանի վարչապետի՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ Ախալքալաք այցելության ժամանակ խորհրդարանի երկու պատգամավորի միջեւ (Սամվել Պետրոսյանի ու Հենզել Մկոյանի) խնդիրներ ծագեցին՝ կապված համամասնական ցուցակի հետ: Այդ ժամանակ Սամվել Պետրոսյանը որոշակի հայտարարություններ արեց Մկոյանի հասցեին՝ վերջինիս որակելով որպես պասիվ պատգամավոր: Բացի այդ նա մի շարք խնդիրներ առաջ քաշեց Ջավախքում հայոց լեզվի կարգավիճակի, ճանապարհային եւ ֆինանսական ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ: Իշխանությունն էլ փորձեց մեղմել իրավիճակը եւ իր մոտ դա ստացվեց: Ամեն դեպքում Սամվել Պետրոսյանը չառաջադրեց իր թեկնածությունը, թեպետ նա հայտարարում էր, որ ունի նման ցանկություն», - պատմեց Գաբրիելյանը:

Նա վստահ է, որ ինչպես Վրաստանի այլ ընտրատարածքներում, այնպես էլ Ջավախքում, հիմնական պայքարն ընթանալու է «Վրացական երազանք» ու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների ու նրանց թեկնածուների միջեւ: Իսկ ո՞ւմ շանսերն են ավելի մեծ, հարցին Արտակ Բեգլարյանը դժվարացավ հստակ պատասխան տալ, սակայն ընդգծեց. «Հաշվի առնելով Մկոյանի՝ որպես իշխանության թեկնածուի ադմինիստրատիվ եւ ֆինանսական ռեսուրսները, բնականաբար, նա այս ընտրություններում ավելի մեծ առավելություն ունի»:

Տպել
3298 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը