Նորքի տուն-ինտերնատի տարեց բնակիչնեը մրսում են, բայց աշխատում են չբողոքել

10/11/2016 schedule13:20

Մեր թերթի խմբագրություն բողոքներ էին ստացվել, որ Երեւանի Նորքի տուն-ինտերնատում պատուհանները ջարդված են, սնունդը` վատը:

Երեկ, երբ այցելեցինք նշված հաստատություն, ջարդված լուսամուտներ մեզ չհանդիպեցին, բայց ահա ջերմության խնդիր իսկապես կար: Դրսից շենք մտնելուց հետո օդի ջերմաստիճանի որեւէ փոփոխություն կարծես չլիներ: Միջանցքներում ու աստիճանավանդակներում բավական ցուրտ էր, սենյակները նույնպես տաք չէին, բացառությամբ նրանց, որոնք արեւկող էին. այստեղի բնակիչներից շատերը նույնիսկ բացել էին լուսամուտները:

«Ցուրտ է, տես ինչքան դեղեր եմ խմում: Մրսում եմ, հազում եմ»,- հաստատեց տիկին Նորան, որը շուտով 80-ամյակն է բոլորելու: Ասաց, որ ինքը տնից բերած հաստ վերմակ ունի, բայց նույնիսկ այդ պարագայում է առողջությունը թուլանում, իսկ ինչ ասեն սենյակակից երկու կանայք, որոնք համեմատաբար բարակ վերմակներով են քնում: «Ամսաթիվը ցրտի հետ ինչ կապ ունի: Էս տարի ցուրտը շատ շուտ եկավ: Ժողովուրդը մրսում են, հիվանդանում են»,- շարունակեց մեր զրուցակիցը` գլխարկը գլխին ու իր գործած շալն ուսերին: Ասաց, որ կենտրոնացված ջեռուցումը, որպես կանոն, միացվում է նոյեմբերի 15-ին, թեպետ այս ընթացքում էլ «մի քիչ միացնում, անջատում են»:

Իսկ սննդի վերաբերյալ գնահատականը, նրանցից շատերի փոխանցմամբ, սուբյեկտիվ ընկալման ու պահանջների հարց է: «Տղամարդիկ դիտմամբ բողոքում են, ուզում են շատ ճոխացնեն: 16 հազար դրամ են տալիս, բողոքում են, թե փող ենք տալիս»,- անհամաձայնություն հայտնեց տիկին Նորան: Խոսքը տուն-ինտերնատի բնակիչների կենսաթոշակներից նրանց խնամքի համար ամեն ամիս պահվող գումարի մասին է: Մեր տարեց զրուցակիցները վստահ են ու վստահեցնում են, որ ուտելիքի հարցը շատ լավ չի էլ կարող լինել: «Ժամանակին ես խանութի տնօրեն եմ եղել, ռեստորանում խոհարար եմ աշխատել: Այստեղի նախկին տնօրենը ինձ ասաց` կաշխատե՞ս ճաշարանում, ասացի` չէ, Ալոյան ջան, պակասորդ կտաս: Ռեստորանից հետո դժվար է: Ոչ մեկը չի կարող ասել, որ ծերանոցում հարյուր տոկոսանոց ուտելիք կլինի»,- ասաց արդեն 9 տարի Նորքի այս կացարանում ապրող կինը: Ժամանակին իրենց բնակարանը վաճառել են, տղայի ու նրա ընտանիքի հետ մեկնել Գերմանիա, բայց որոշ ժամանակ անց նա վերադարձել ու մնացել է:

«Երեք հարյուր բնակիչ կա այստեղ, տարբեր բնավորություններ, որոնց բոլորին գոհացնելը դժվար է: Մեր տանը ցուրտ չի լինո՞ւմ, մեր պատրաստած ճաշն էլ մի օր հաջող է ստացվում, մի օր՝ չէ, կամ դա բոլորին դո՞ւր է  գալիս»,-  ասաց տիկին Ջուլիետան: Նա ընդամենը մի քանի ամիս առաջ է ընդունվել Նորքի տուն-ինտերնատ: Աշխատել է Երեւանի ԹծԼԼԽժ գիտահետազոտական ինստիտուտում: Հետո մասնավոր պարապմունքներ է անցկացրել մաթեմատիկա ու ռուսերեն առարկաներից, այժմ էլ ահա բնակվում է տուն-ինտերնատում: Ասում էր` մեկ տղա եւ մեկ աղջիկ ունի ու չի ցանկացել խանգարել նրանց. «Իմ հոժար կամքով եկել եմ, թող ապրեն իրենց ուզածով»: 64-ամյա տիկին Ջուլիետան Մոպասանի նովելներն էր ընթերցում: Երբեմն էլ դրանք պատմում է նույն սենյակում ապրող ավելի տարեց ընկերուհիներին` տիկին Հեղուշին, տիկին Ծովինարին ու տիկին Հայաստանին:

66-ամյա Վերա Բելուխինան էլ կացարանում է արդեն երկրորդ տարին` իր փոքրիկ սենյակը հնարավորինս կոկիկ ու գեղեցիկ մի անկյուն դարձրած: Ընտանիք ու հարազատներ չունի: Նաեւ տունն է կորցրել: Ասում էր խաբեության զոհ է դարձել ու զրկվել Երեւանի Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանից: Ամեն դեպքում գոհ է Աստծուց, որ իրեն առանց ծածկի չի թողել: Տասնյակ տարիներ նա տրոլեյբուս է վարել: Սկզբում աշխատել է համար մեկ տրոլեյբուսի պարկում, հետո՝ համար երկուսի:

Նորքի տուն-ինտերնատի մեզ հանդիպած բնակիչները, որոնք զավակներ ունեն, չէին դժգոհում նրանցից, հավաստիացնում էին, որ այդտեղ լավ են զգում, նրանց հարմարավետությունն ու բարեկեցությունը բարձր էին դասում սեփական անձից: Այստեղ, ինչպես մեզ պատմեցին, նույնիսկ մարդիկ կան, որոնք ամեն ամսվա կենսաթոշակը փոխանցում են երեխաներին, միայն թե նրանք հնարավորինս քիչ բանի կարիք ունենան: Բայց ակնհայտ էր, որ տարեց այս բնակիչները մարդկային շփումների պակաս են զգում: Նրանցից շատերը մեզ խնդրում, համոզում էին մի քիչ էլ մնալ, կամ էլ ժամանակ գտնել ու երբեմն այցելել իրենց:

«Այստեղ կան դոկտոր-պրոֆեսորներ, դասախոսներ, երաժիշտներ, բժիշկներ, որ նույնիսկ զարմանում ես: Հենց իրենք են խուսափում, հրաժարվում են դուրս գալ, երբ հյուրեր ենք ունենում: Անհանգստանում են, որ հանկարծ ու նրանց մեջ իրենց ուսանողներից լինեն, ծանոթ այլ մարդիկ հանդիպեն»,- պատմում էին աշխատակիցները: 

Մեզ հետ զրուցած տղամարդիկ նույնպես զերծ մնացին սննդի հետ կապված դժգոհություն հայտնելուց: Էլի այն մտայնությամբ, որ եթե անգամ այն անթերի չէ, իրենք շատ բան պահանջել չեն կարող: 65-ամյա Գրիգորը 16 տարի Ռուսաստանում ապրելուց հետո, երբ երկրորդ կինը մահացել է, վերադարձել է Հայաստան: Արդեն շուրջ մեկուկես տարի է, այս կացարանում է բնակվում: Նրա թիվ մեկ խնդիրն այսօր աշխատանք գտնելն է: Պահակի գործ է փնտրում, ասում է՝ նպատակներ ունի: Դիմել է բազմաթիվ կազմակերպությունների, սկզբում հույս են տվել, որ կընդունեն: Սակայն փաստաթուղթը տեսնելուց հետո տարիքը նրանց շատ է թվացել: «Երիտասարդ են ուզում: Բայց երիտասարդը ոնց պահակ կաշխատի»,- տարակուսում է նա:

Ներկա դրությամբ Նորքի տուն-ինտերնատում ապրում է 226 բնակիչ: Առավելագույնը նրանց թիվը կարող է հասնել 230-ի: Շենքի որոշ հարկեր մի քանի տարի առաջ վերանորոգվել են, պատուհանները փոխվել, մյուսները հնամենի վիճակում են: Բնակիչներն էլ, փաստորեն, հայտնվել են անհավասար պայմաններում: Ընդհանուր լոգասենյակները նույնպես վերանորոգված էին: Այստեղ ստեղծվել է նաեւ սկայպի սենյակ, որտեղ տեղադրված համակարգիչներից օգտվում են կացարանի բնակիչները, կապ հաստատում հարազատների ու ընկերների հետ: Սկայպից օգտվողների մատյանում 41 մշտական «շահառու» է գրանցված: Այստեղ կանոնավոր կերպով արձանագրվում է, թե որ բնակիչը երբ եւ ում հետ է զրուցել սկայպով:

Ծերերի համար նաեւ որոշակի ժամանցի հնարավորություններ են ստեղծված: Օրինակ, ովքեր ցանկություն կամ հնարավորություն ունեին, ավտոբուսով երեկ գնացին Մատենադարան: Ամեն ուրբաթ կինոդիտման օր է հայտարարված: Ֆիլմերն ընտրվում են բնակիչների կարծիքը նախապես հարցնելով: Նախապատվությունները հիմնականում կանգ են առնում հնդկական ու հայկական կինոնկարների վրա: «Հնդկական ֆիլմեր նայելիս նաեւ լաց են լինում»,- ասում էին աշխատակիցները: Ինչ վերաբերում է ջեռուցման խնդրին, տնօրեն Արթուր Մելքոնյանն այսպես մեկնաբանեց. «Անպայման նոյեմբերի 15-ին ջեռուցելու խնդիր չունենք, մենք միշտ էլ ցուրտ օրերին միացնում ենք: Գիշերները միացնում ենք, ցերեկները անջատում ենք: Տաքության հետ կապված բացարձակապես խնդիր չունենք: Երեկ ամբողջ օրը մարտկոցները միացրած են եղել, այսօր առավոտյան 7-ին նոր անջատել են, քանի որ առավոտից իրենք աշխույժ շարժման մեջ են: Հետո օդը մի քիչ ծանր է լինում, դռները բաց են լինում, դրա համար կարող է մի քիչ ցուրտ լինել շենքում: Մարդիկ էլ ունենք, որ շատ են մրսում: Դե, ծեր են: Փորձում են նաեւ էլեկտրական սալիկներ դնել սենյակում, որը չի թույլատրվում, որովհետեւ շատ վտանգավոր է»:

Հ.Գ. Անալոգային հեռարձակումը հոկտեմբերի 20-ից դադարեցվելուց հետո տուն-ինտերնատի բնակիչները զրկվել են իրենց սենյակներում հեռուստացույց դիտելու հնարավորությունից: Նրանք հույս ունեին, որ մի օր մեկը կօգնի լուծել այդ հարցը, որովհետեւ հեռուստացույցը նրանց ժամանակը լցնելու կարեւոր միջոց է:

Տպել
2344 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին