Հարկադիր վայրէջք
Կիրակի օրը` հուլիսի 18-ին, Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալուց 10 րոպե անց տեխնիկական խնդիրներ է ունեցել, հետ է շրջվել եւ հարկադրված վայրէջք իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում: Ուղեւորները պատմում են, որ երբ օդանավը բարձրանալիս է եղել, ուժեղ վիբրացիա է զգացվել, եւ ամբողջ ինքնաթիռը մի պահ թափահարվել է, ինչի հետեւանքով օդանավի մեջ մեծ խուճապ է առաջացել: Բարեբախտաբար, օդաչուները կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել, եւ ինքնաթիռում գտնվող 134 ուղեւորներից եւ ոչ մեկը չի տուժել: Հայաստանի քաղավիացիայի վարչության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չարչինյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել «Աէրոֆլոտ» ընկերությանը պատկանող «Ա 320» ինքնաթիռի հետ: Իրականացված քննության ընթացքում պարզվել է, որ ինքնաթիռի շարժիչի աշխատանքը խափանվել է, քանի որ դրա մեջ թռչուն է ընկել: Ըստ «Աէրոֆլոտի» տնօրեն Վադիմ Կովալենկոյի, «Զվարթնոց» օդանավակայանում թռչունների առկայությունն առաջին անգամ չէ, որ խնդիրներ է առաջացնում օդաչուների համար, եւ այժմ ընկերությունը պատրաստվում է դիմել «Զվարթնոցի» ղեկավարությանը եւ կոչ անել շտկել օդանավակայանում առկա խնդիրները:
Կովալենկոն պատմեց, որ այս տարվա ընթացքում իրենց ընկերությանը պատկանող Երեւան-Մոսկվա արդեն երկրորդ չվերթն է, որ խափանվում է «Զվարթնոցի» տարածքում ազատ ճախրող թռչունների պատճառով: Այս տարվա մայիսի 10-ին, երբ օդանավը թռիչքուղու վրա արագություն հավաքելիս է եղել, օդանավի դիմային մասի վրա թռչուն է ընկել, դիմային մասը ծռվել, ամբողջությամբ արյունոտվել է, արդյունքում օդաչուները ստիպված են եղել հետաձգել չվերթը, եւ ինքնաթիռը օդ է բարձրացել նախատեսվածից ուշ: Ըստ «Աէրոֆլոտ» ընկերության տնօրեն Վադիմ Կովալենկոյի, հուլիսի 18-ին վթարված ինքնաթիռը նոր է, արտադրված է 2008-ին, տեխնիկական խնդիրներ չի ունեցել, մինչ չվերթը անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները: Դեպքից հետո մասնագետներն ինքնաթիռի շարժիչի մեջ կոտրված երկու հատված են հայտնաբերել, մեկ օր աշխատել են վնասված հատվածները վերականգնելու ուղղությամբ, այժմ արդեն ամեն ինչ կարգին է: Կովալենկոյի խոսքերով` կարելի է համարել, որ օդանավի անձնակազմը եւ ուղեւորները «լավ են պրծել», քանի որ տեղի ունեցածի պատճառով կարող էր ինքնաթիռի շարժիչում հրդեհ բռնկվել կամ պայթյուն լինել, եւ դա կարող էր ամենաողբերգական հետեւանքներն ունենալ: Ըստ ավիաընկերության տնօրենի, միջադեպի հետեւանքները վերացնելու համար ավիաընկերությունը մեծ գումարներ է ծախսել: Իսկ ուղեւորներին հասցվել է բարոյական վնաս, քանի որ ինքնաթիռի հարկադրված վայրէջքից հետո նրանք ստիպված են եղել ժամեր շարունակ մնալ օդանավակայանում եւ սպասել Երեւան-Մոսկվա հաջորդ չվերթին: Կովալենկոն պատմեց, որ թռչունն ընկել է օդանավի շարժիչի մեջ այն ժամանակ, երբ այն դեռեւս օդ բարձրացած չի եղել, թռիչքուղու վրա արագություն հավաքելիս է եղել. «Օդանավի ուղեւորները եւ օդաչուները վիբրացիա են զգացել: Սակայն օդաչուները խուճապի չեն մատնվել եւ ճիշտ են կողմնորոշվել: Փորձառու օդաչուները գիտեն, որ նման դեպքերում չի կարելի ուղղակի արգելակել, եւ նրանք որոշում են կայացրել օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել` օդում 10-15 րոպե մնալուց հետո միայն»:
Պարզելու համար, թե արդյոք «Զվարթնոց» օդանավակայանում կա համապատասխան ծառայություն, որը միջոցառումներ է իրականացնում, որպեսզի թռչունները չխանգարեն ինքնաթիռների թռիչքներին եւ վայրէջքներին, դիմեցինք «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությանը: Ծառայության ղեկավար Գեւորգ Աբրահամյանը հայտնեց, որ օդանավակայանը պայմանագրային կարգով համագործակցում է մի ընկերության հետ, որը ձայնային եւ համապատասխան այլ տեխնիկական միջոցներով օդանավակայանի տարածքը ազատում է թռչուններից: Ըստ Աբրահամյանի, օդանավակայանները թռչունների համար անհասանելի պահելը խնդիր է աշխարհի բոլոր երկրների համար, եթե այլ երկրների օդանավակայաններում տարեկան նմանատիպ 30-40 դեպք է գրանցվում, ապա «Զվարթնոցում»` ընդամենը 5-6 դեպք: Մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը թռչուններից զերծ պահելու պարտավորություն ունեցող ընկերության ներկայացուցիչների հետ, քանի որ «Զվարթնոցից» հրաժարվեցին մեզ փոխանցել այդ ընկերության տվյալները:








Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը