Երևան
12 °C
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հերթը հասել է «Մարտի 1-ի» գործերին։
Արդեն հրապարակվել են նախկին քաղբանտարկյալներից մի քանիսի գանգատներով ՀՀ դատարանների կայացրած միջանկյալ ու վերջնական դատական ակտերի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումները, որոնցով արձանագրվել ու ճանաչվել են հայրենի իրավապահ ու դատական մարմինների կողմից գործած ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն խախտումները եւ Հայաստանին պարտավորեցրել վնասների փոխհատուցում կատարել։
Մեր ոչ ամբողջական տվյալներով՝ միայն «Մարտի 1-ի» գործերով ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ՄԻԵԴ-ի սպասվելիք որոշումների թիվը հասնելու է 35-40-ի, փոխհատուցվելիք գումարը՝ մի քանի հարյուր հազար դոլարի։
Նախորդ իշխանությունները շուրջ 10 տարի մոռացության էին մատնել ոչ միայն «Մարտի 1-ի» ոճրագործության հիմնական դերակատարների քրեական պատասխանատվության ենթարկելու, առնվազն տասը սպանություններ գործած անձանց բացահայտելու ու պատժելու, այլեւ հարյուրավոր անմեղ քաղաքացիների անհիմն ու շինծու մեղադրանքներով քրեական պատասխանատվության ենթարկելու ու ազատազրկելու, հազարավոր խեղված, ջարդված ու ծեծված, աշխատանք ու ապրուստի միջոց կորցրած իրենց քաղաքացիական ու քաղաքական սահմանադրական իրավունքներն իրացրած քաղաքացիներին պատճառած ֆիզիկական, նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման հարցերը։
Անարդարությունների, կատարված ապօրինությունների ու չարաշահումների, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտումների ծավալը այնքան մեծ է եւ ընդգրկուն, որ հայտնի քաղաքական գործիչներ առաջարկում են ստեղծված թնջուկը լուծել անցումային արդարադատության միջոցներով (գործիքներով)։
Այս բարդ, ինչ-որ չափով նաեւ ռիսկային ինստիտուտին խոստանում եմ անդրադառնալ ավելի մանրամասն՝ հաջորդիվ։ Հավելեմ միայն, որ մեր իրավապահ ու դատական համակարգի հնարավորություններն ու միջոցները լիարժեք գործադրված չեն եւ այդ իսկ պատճառով անհարկի թերագնահատվում են հատկապես պատժողական արդարադատության ոլորտում։
Դույզն-ինչ չափով չանտեսելով ու չթերագնահատելով այլ քաղբանտարկյալների գործերով կատարված ապօրինությունները, կամայականություններն ու կեղծիքները, հավելենք միայն, որ «Մարտի 1-ի» գործերով ոտնահարվել, անտեսվել ու խախտվել են մարդու ու քաղաքացու կարեւորագույն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, քրեական ու քրեադատավարական օրենսդրությունների բոլոր նորմերն ու դրույթները՝ առանց բացառության։ Դրանք մեկնաբանվել ու կիրառվել են կամայական, ըստ նպատակահարմարության։
Շարքային ոստիկանից մինչեւ ՀՀ Գլխավոր դատախազ ու ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ուժային նախարար ու ՀՀ նախագահ՝ գործել են պայմանավորվածության, համաձայնության ու փոխադարձ պարտակման մեկ ընդհանուր հանցակցությամբ։
Ի պատիվ «Մարտի 1-ի» գործերով ներգրավված փաստաբանների, քաղբանտարկյալներից յուրաքանչյուրի գործով ներպետական ատյաններ եւ Եվրոպական դատարան բերված բողոքներով՝ կատարված խախտումների, պաշտոնեական կեղծիքների ու չարաշահումների, մեղադրանքի արհեստական ապացույցների ստեղծման, սուտ մատնության եւ հարյուրավոր այլ ապօրինություններ անվանական արձանագրված, մեկ առ մեկ փաստարկված ու հիմնավորված են։
Երկար տարիներ տարբեր ամբիոններից գրավոր ու բանավոր, բազմիցս հայտարարել ու բարձրաձայնել ենք, որ «Մարտի 1-ի» ոճրագործության չբացահայտելը ոչ թե մեր իրավապահ՝ օպերատիվ հետախուզական, նախաքննական ու դատախազական մարմինների անկարողության, անփորձության ու ոչ կոմպետենտության, այլ քաղաքական արգելքի ու տաբուի արդյունք է ու հետեւանք։
Ինչպես տեսանք, այդ արգելքի վերացումից հետո սայլը սկսել է տեղից շարժվել։ Խնդիրը այսօր այդ շարժմանը արագացում հաղորդելն է։
Թավշյա հեղափոխությունը (որի հաջողության կարգախոսներից մեկը «Մարտի 1-ի» բացահայտումն էր) գլխիվայր շուռ տվեց 2008թ. նախընտրական ու հետընտրական իրադարձություններին մինչ այդ տրված քաղաքական եւ իրավական գնահատականները։
Սահմանադրական կարգի տապալման, բանակը քաղաքական գործընթացներին ապօրինի ներգրավելու, մարտի 1-ի առավոտյան ոստիկանական գործողությունները անհիմն ու անօրինական որակելու, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու համար բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին ու պաշտոնատար անձանց առաջադրված մեղադրանքները փաստարկված ու հիմնավոր հերքեցին մարտիմեկյան իրադարձություններին տրված նախորդ հակասահմանադրական, անհիմն գնահատականներն ու որակումները։
Թեեւ նոր մեղադրանքներով դեռեւս որեւէ պաշտոնյա դատի չի տրվել եւ մեղադրական դատավճիռներ արձակված չեն, բայց ակնհայտ է, որ այդ մեղադրանքները ոչ միայն նախաքննական մարմնի (տվյալ դեպքում՝ ՀՔԾ-ի) եւ այդ գործերի մինչդատական վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների որակումներն ու գնահատականներն են, այլեւ անձամբ ՀՀ Գլխավոր դատախազի, քանի որ «ՀՀ դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են անձամբ ՀՀ Գլխավոր դատախազը եւ նրա կողմից հատուկ լիազորված դատախազները։ Այսպես, նրանք չեն վերացրել ՀՔԾ-ի կողմից հարուցված նոր քրեական գործերի որոշումները, համաձայնել են որպես մեղադրյալ ներգրավելու (Ռ. Քոչարյանին, Մ. Հարությունյանին, Յու. Խաչատուրովին, Վ. Հարությունյանին առնվազն)՝ քննչական խմբի ղեկավարի որոշումների հետ, հետեւաբար «հաստատել են» դրանք, եւ չեն վերացրել քննչական խմբի ղեկավարի եւ դատարանի կողմից ընտրված խափանման միջոցների որոշումները, ավելին, ՀՀ Գլխավոր դատախազը, ՀՀ Վճռաբեկ դատարան է բողոքարկել Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ այլն։
Եվրոպական դատարանի «Մարտի 1-ի» գործերով հրապարակված վերջին որոշումները միջազգային իրավական մակարդակով եկան հաստատելու մեր իրավապահ մարմինների միայն վերջերս կատարած գործողությունների եւ կայացրած սկզբունքային որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը։
Փաստորեն ՀՀ -ում այսօր «Մարտի 1-ի» իրադարձությունների վերաբերյալ զուգահեռ առկա են մեկը մյուսին բացառող, մեկը մյուսին հերքող երկու վարկած կամ ավելի ճիշտ՝ իրականություն։
Առաջինով հիմնավորված է համարվում (օրինական ուժի մեջ մոտ հարյուր դատական ակտ կա), որ 2008 թվականի նախագահական ընտրություններում «պարտված թեկնածու» Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, չհամակերպվելով քվեարկության արդյունքների հետ, կազմակերպել եւ անցկացրել են մասսայական միջոցառումներ՝ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, նստացույցեր, զինվել են եւ փորձել են բռնությամբ զավթել իշխանությունը, այդ նպատակով կազմակերպել եւ իրականացրել են սպանություններ, մասսայական անկարգություններ եւ այլն։
Երկրորդով իշխանությունները՝ ահաբեկումներով, բռնություններով, կեղծիքներով, ընտրակաշառքով ու լցոնումներով իրականացրած ընտրությունների արդյունքները չընդունող ժողովրդական շարժման դիմադրությունն ու բողոքը ճնշելու, զավթած իշխանությունը բռնությամբ պահելու նպատակով ՀՀ զինված ուժերը ներգրավել են ներքաղաքական գործընթացներում, խաղաղ ցուցարարների դեմ օգտագործել են ոստիկանական եւ բանակային ստորաբաժանումներ, ապօրինի զինված խմբեր, արտակարգ դրություն հայտարարելու հիմնավորում ունենալու նպատակով կատարել են հրկիզումներ, ջարդեր, սպանություններ, շարժման ակտիվիստներին անհիմն մեղադրանքներով լցրել մեկուսարաներն ու բանտերը։
Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մի կողմից համակարծիք է Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված նոր քրեական գործերի, առաջադրված ծանրագույն մեղադրանքների եւ ընդհանրապես այդ իրադարձություններին տրված նոր քրեաիրավական գնահատականների հետ, մյուս կողմից հանդուրժում է, ոչինչ չի ձեռնարկում նույն իրադարձություններին մասնակցելու համար անհիմն ու ապօրինի մեղադրված ու դատապարտված մի քանի տասնյակ անձանց դատական ակտերի բողոքարկման եւ բեկանման համար։ Ընդ որում, ոչինչ չի նախաձեռնում նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մարտի 1-ի» գործերով վերջին որոշումների հրապարակումից հետո եւս։
Ինչո՞ւ է մեր գլխավոր դատախազությունը հապաղում, ինչո՞ւ չի նախաձեռնում այդ անհիմն ու ապօրինի դատական ակտերի բողոքարկումը։ Չէ՞ որ դատարանների վճիռների, դատավճիռների եւ որոշումների բողոքարկումը ՀՀ դատախազության հիմնական, կարեւորագույն լիազորություններից է, հետեւաբար այդ մարմնի թե՛ իրավունքն է, եւ թե՛ պարտականությունը։
Իսկ միգուցե «Մարտի 1-ի» գործերով թույլ տրված հիմնարար իրավունքների խախտումները տեսանելի չեն մեր իրավապահների համար, կամ դրանք բավարար կոպիտ ու ճչացող խախտումներ չեն։
Մի՞թե նրանք ծանոթ չեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Մարտի 1-ի» գործերով պատրաստված հատուկ զեկույցին։ Կամ մի՞թե նրանք մոռացել են իրենց ու իրենց նախկին գործընկերների մասնակցությամբ հրապարակային, ժողովրդի աչքի առաջ կատարած կամայականություններն ու ապօրինությունները։
Հատկանշական է նաեւ, որ «Մարտի 1-ի» քաղբանտարկյալների պաշտպանների՝ ոչ միջանկյալ եւ ոչ էլ վերջնական դատական ակտերի դեմ բերված եւ ոչ մի բողոք (դրանք 200-ից ավելի էին) ժամանակին ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել, հակառակ պարագայում պարզ չէ, թե ինչ հիմնավորումներով ու ինչպես դրանք չպետք է բավարարվեին։ Անկարեւոր չէ նաեւ այն, որ այդ գործերով ՀՀ դատախազությունը իր նախաձեռնությամբ ոչ 2008թ., ոչ 2009թ. եւ ոչ էլ հետագա տարիներին մեղադրյալների, ամբաստանյալների ու դատապարտյալների շահերի պաշտպանության վերաքննիչ ու վճռաբեկ որեւէ բողոք չի բերել։
Իսկ գուցե դատավարական, ֆորմալ սահմանափակումնե՞ր կան այդ ակտերի տասը տարի ուշացումով բողոքարկելու խնդրում։ Դա էլ այդպես չէ. անձի արդարացման կամ սահմանված պատժի մեղմացման համար ՀՀ գլխավոր դատախազությունը որեւէ ժամկետով սահմանափակված չէ։
Մնում է ենթադրել, որ ՀՀ դատախազությունը կաշկանդված է այդ գործերով կոմունիկացիաների ընթացքում Եվրոպական դատարան ներկայացված ՀՀ նախկին իշխանությունների դիրքորոշումներով։
Այս դեպքում էլ հարց է ծագում, թե այժմ ո՞ր Հայաստանն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունը։
Իմ՝ նախկին դատախազիս համար անհասկանալի մի կարեւոր նկատառում եւս։ Վերջին 5-6 ամիսներին հանրային հնչեղություն ունեցող բացահայտումների, հարուցված քրեական վարույթների, առաջադրված մեղադրանքների, մեղադրյալների նկատմամբ ընտրված կամ փոփոխված խափանման միջոցների վերաբերյալ արտահայտվում, դիրքորոշում ու կարծիք են հայտնում թե՛ նախաքննական մարմիններն ու նրանց ղեկավարները, թե՛ պաշտպանության կողմի ներկայացուցիչները։ Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության ձայնը լսելի չէ, նա մի տեսակ հետ քաշված, պասիվ վարքագիծ է որդեգրել։ Այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով մեղադրանքի տերն ու տիրականը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության պատասխանատուն ՀՀ դատախազությունն է։
ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է լինի երկրում արդարության վերականգման, արդարադատության հաստատման ճարտարապետն ու շինարարը, որը մի կողմից պետք է վերացնի ու շտկի նախաքննական մարմնի ամեն մի վրիպում ու բացթողում, մյուս կողմից իր պաշտպանության տակ վերցնի օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի նախաքննություն իրականացնող քննիչին ու մարմնին, լինի նրանց հովանավորն ու երաշխավորը։
Գագիկ Ջհանգիրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT