Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում․ ըստ պատգամավորի՝ աշխատում են մի քանի օղակներով

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների հարցերով ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում․ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, միջազգային կառույցների, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների, Եվրոպական դատարանում ՀՀ-ի ներկայացուցչի գրասենյակի եւ առանձին փաստաբանների համատեղ ջանքերով միջոցներ են ձեռնարկվում խնդրին օր առաջ լուծում տալու համար։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը, որը ներգրավված է զինծառայողների ընտանիքների հետ տարվող աշխատանքներում։ «Հավատացեք՝ ես ինքս, վերջին օրերին ներգրավված լինելով այս պրոցեսներում, կարող եմ ասել, որ օր ու գիշեր աշխատում ենք, որ ցանկացած հարց օր առաջ լուծում ստանա, եւ ինչպես վարչապետն ասաց, մենք պետք է գնանք ծնողների մոտ, ոչ թե նրանք գան մեզ մոտ»,- նշեց նա։

Նազելի Բաղդասարյանի հետ զրուցել ենք անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների խնդրի շուրջ․

- Տիկի՛ն Բաղդասարյան, խորհրդակցությունների արդյունքում ճանապարհային ի՞նչ քարտեզ է մշակվել անհետ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ։

- Ինչպես գիտեք, երեք օր առաջ վարչապետի մոտ խորհրդակցություն հրավիրվեց, որին ներկա էին Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ այլ գերատեսչության ղեկավարներ, նաեւ ներկա էին ԱԺ պատգամավորներ։ Մենք միասին փորձում էինք գտնել ամենաօպտիմալ եւ արագ ձեւը անհետ կորած զինծառայողների խնդրին լուծում տալու համար։ Սա շատ ցավոտ եւ նուրբ խնդիր է, որովհետեւ ստեղծված իրավիճակը ամբողջովին մեր դաշտում չէ․ մենք դեռեւս հնարավորություն չունենք մուտք գործել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, եւ այստեղ անելիքներ ունեն Կարմիր Խաչի մեր գործընկերներն ու ռուս խաղաղապահները։

- Ինչու՞ մինչ օրս խաղաղապահների միջոցով հնարավոր չի եղել մուտք գործել այդ տարածքներ։

- Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ․ որոշ տարածքներ խիստ ականապատ են, եւ փաստացիորեն այդ շփման գծի հատվածը անցնելը շատ դժվար է։ Որքանով տեղյակ եմ, այս առիթով Կարմիր Խաչը նոր մարդկանց է կենտրոնացրել, որպեսզի աշխատանքները ավելի օպտիմալ տարվեն։ Դրանով զբաղվում են նաեւ ռուս խաղաղապահները, որպեսզի կարողանանք մուտք ունենալ այդ տարածքներ՝ հիմնականում հարավի հատվածում։ Մյուս կողմից էլ ունենք որոշակի խնդիր ադրբեջանական կողմի հետ։ Երկու օր առաջ աճյունների որոշակի փոխանակում եղել է, բայց ոչ մեծ քանակությամբ, պարզապես ես թվեր հրապարակելու իրավասություն չունեմ։

- Ադրբեջանական կողմի հետ խնդիրը ո՞րն է, եթե եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է հենց գերիներին եւ անհետ կորած զինծառայողներին։

- Երբ մենք ասում ենք, որ ունենք որոշակի թվաքանակով գերիներ, Ադրբեջանը չի հաստատում, որ այդ թվով գերիներ կան իրենց տիրապետության տակ, այսինքն՝ պատասխանատվություն չի վերցնում այն անձանց համար, որոնք դեռեւս իդենտիֆիկացված չեն կամ որոնց մասնակցությամբ որեւէ տեսանյութ, հաղորդագրություն մեր ձեռքի տակ չկա։ Ինչ վերաբերում է դիերին, ինչպես ասացի, մենք հասանելիություն չունենք որոշակի տարածքներ, դրանք մատչելի չեն կոնկրետ գործողություններ իրականացնելու համար, այդ պատճառով էլ Կարմիր Խաչը ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ Գործընթացը պետք է լինի փուլային, բնականաբար․ որոշակի թվով դիեր եւ գերիներ էլ Հայաստանն ունի։

Ունենք նաեւ անհետ կորածներ, որոնց ծնողները չեն համաձայնում իդենտիֆիկացման նմուշառում կատարել եւ արյուն հանձնել, քանի որ կասկածներ ունեն, որ իրենց երեխան գուցե եւ ողջ է։ Սա, իհարկե, հոգեբանական շատ ծանր խնդիր է, եւ դա է պատճառը, որ վարչապետի հանձնարարությամբ հոգեբանների մեծ խումբ է սկսել աշխատել նրանց հետ։ Մենք էլ ենք ուզում հավատով լցվել, բայց այնուամենայնիվ, ԴՆԹ նմուշառումը անհրաժեշտ գործընթաց է, եւ ես հորդորում եմ անհետ կորածների հարազատներին, ՊՆ-ի հետ կապ հաստատելով, իրականացնել դա՝ իրավիճակը զգալիորեն մեղմելու համար։

Գիտեք նաեւ, որ բավականանին ծավալուն աշխատանքներ են իրականացնում ՀՀ ՄԻՊ-ը եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, եւ ուրբաթ օրվա տվյալներով՝ ունենք բավարարված եւս 19 դիմում, որոնցով ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել, առանձին փաստաբաններ նույնպես աշխատում են, որ ապահովվի այդ անձանց կյանքի իրավունքը։

- Դա առավելապես գերիներին է վերաբերում, իսկ անհետ կորածների խնդրով այս փուլում գործնական ի՞նչ աշխատանքներ են տարվում։

- Անհետ կորածների մի մասը եւս կարող է համարվել գերի․ մենք ունենք ֆիքսված գերիներ, բայց այդ թվաքանակը խիստ տատանվող է, որովհետեւ ինչպես ասացի, Կարմիր Խաչի տիրապետության տակ ավելի շատ անձանց ցուցակ կա, քան ադրբեջանական կողմն է հաստատում։ Մի մասին Կարմիր Խաչի մեր գործընկերները Ադրբեջանում հանդիպել են, եւ կան հստակ ժամկետներ, որոնց շրջանակում մենք լիահույս ենք, որ գերիների փոխանակում տեղի կունենա։ Ցավով, պիտի նշեմ նաեւ, որ պատերազմական գործողություններից պարզ է դառնում, որ կարող են լինել որոշ հատվածներ, որտեղից մենք այդպես էլ դիեր չենք ունենա, այսինքն՝ երբ մեծ ականներ, հրթիռներ են ընկել, եւ խրամատի հատվածում հողը ծածկել է, 45 օր անց շատ դժվար է այնտեղից մարմին գտնել։ Բոլորը կհիշեն, որ դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ընթացքում պաշտոնական տվյալներով 4000-ին մոտ անհետ կորածներ ունեինք, այսօր, իհարկե, նման թվերի մասին չէ խոսքը, քառակի, հնգակի անգամ փոքր են թվերը։

- Փոխանակման ի՞նչ ժամկետ է սահմանված․ հայտարարության մեջ դրա մասին խոսք չկար։

- ՄԻԵԴ-ն է սահմանել, որ մինչ նոյեմբերի 27-ը Ադրբեջանը պետք է տեղեկություններ տրամադրի 9 ռազմագերիների, ինչպես նաեւ՝ նրանց փոխանակման ժամկետների վերաբերյալ։ Պահանջել է նաեւ մինչ նոյեմբերի 30 տեղեկություններ տրամադրել եւս 11-ի վերաբերյալ, այսինքն՝ գործընթացները ընթացքի մեջ են։

Գերիների հարցով միջազգային կառույցների հետ նաեւ մենք ենք աշխատում, եւ մեր տիրապետության տակ գտնվող տվյալների, Արցախի եւ Հայաստանի ՄԻՊ-երի զեկույցների հիման վրա խորհրդարանական դիվանագիտության օղակների միջոցով փորձում ենք կապվել պատգամավոր մեր գործընկերների հետ, որոնք տարբեր երկրներից կարող են ազդեցություն ունենալ, որովհետեւ գիտեք, որ շատ դեպքերում մեր զինծառայողներին խոշտանգումների են ենթարկում։ Թեեւ օրերս Ադրբեջանի զինդատախազությունը հայտարարեց, որ քրեական գործեր կհարուցեն եւ մեղավորներին կպատժեն, բայց դա կոնկրետ երկրի մոտեցում է, ինչու՞ ՀՀ-ում նման պատկեր չունենք, ինչու՞ որեւէ մեկը չի ասում, որ ՀՀ-ում եւս խոշտանգում են, որովհետեւ դա է ՀՀ-ի մոտեցումը։ Ցավոք, պետք է փաստեմ, որ ինքս էլ հանդիպել եմ դեպքերի, երբ սիրիական պատերազմից գերիների որոշակի տեսանյութեր հայտնվել են համացանցում եւ ներկայացվել որպես այս պատերազմի դեպքեր, բայց սրան էլ շատ արագ արձագանքել են ԱԱԾ մեր գործընկերները։ Խնդիրը շատ նուրբ է եւ շատ զգայուն, իսկ շատերը այս ամենը փորձում են օգտագործել, որն անթույլատրելի է։

- Իսկ քննարկվե՞լ է երրորդ երկրի միջոցով գերիների փոխանակումը, թե՞ դա պիտի իրականացվի ՀՀ-ի հետ անմիջական կապով։

- Այս պահին օրակարգում նման հարց չկա, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ Կառավարության աշխատանքները շատ հստակ եւ արագ տեմպերի վրա են, մի քանի օղակներով աշխատանքները միտված են հենց նրան, որ օր առաջ ունենանք մեծ թվով արդյունքներ։

- Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գերիների փոխանակումը կիրականացվի դիերի փոխանակումից հետո։ Ձեզ հայտնի՞ է՝ ինչով է պայմանավորված այս հաջորդականությունը։

- Չեմ կարող մեկնաբանել, տվյալներին չեմ տիրապետում։ Գերիների հարցով մեկ գերատեսչություն է պատասխանատու որպես բանակցող մարմին, իսկ անհետ կորածների հարցով այլ ընթացակարգ է, համագործակցություն կա Պաշտպանության, Առողջապահության նախարարությունների հետ, կա նաեւ միջգերատեսչական հանձնաժողով, որում ներգրավված են այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ եւս։

- Տիկի՛ն Բաղդասարյան, անհետ կորածների ընտանիքների հետ հոգեբանական աշխատանքներն ի՞նչ սկզբունքով են իրականացվում։

- ՊՆ-ն ունի այն բոլոր ընտանիքների ցանկը, որոնք դիմել են եւ նշել, որ ունեն անհետ կորած զինծառայողներ, եւ այս դեպքում հոգեբաններն իրենք են կապի դուրս գալիս նրանց հետ։ Առաջիկայում այդ գործընթացը առանձին մակարդակով կիրականա նաեւ մարզերում։ Այսինքն՝ նախաձեռնությունը ոչ թե ծնողների, այլ պետության կողմից է, որովհետեւ պետությունը ունի հստակ պարտավորություններ։

- Իսկ ՌԴ իշխանությունների ներգրավվածությունը անհետ կորածների հարցում ինչպիսի՞ն է։

- ՌԴ իշխանությունների հետ անմիջական կապ ունի վարչապետը, գիտեմ, որ նախորդող օրերին քննարկումներ են եղել նաեւ ՊՆ նախարարների մակարդակով, որպեսզի գործընթացները արագացված լինեն։ Խնդիրը քննարկել ենք նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայացրել է առկա օբյեկտիվ իրավիճակը, այն, թե որ հատվածներից կան հանված դիեր եւ որտեղ են աշխատանքները շարունակվում։ Պետք է ասեմ նաեւ, որ կան տարածքներ, որտեղ ադրբեջանական դիեր կան, սակայն իրենք շահագրգիռ չեն դրանց վերադարձի հարցում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3501 դիտում

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա