Երևան
12 °C
Վերջին պատերազի ժամանակ գերեվարված, Արարատի մարզի Սիփանիկ գյուղի բնակիչ 19-ամյա Մանուկյան Կարենի օրերն արդեն մի քանի ամիս է՝ լուսանում ու ավարտվում են հայրենի տանը։ Կարենը միշտ էլ հույս է ունեցել, որ մի օր Բաքվից վերադառնալու է Հայաստան։ Հույսը սրտում պահելով, երբեմն հիասթափվելով ու հուսահատվելով՝ փետրվարի 9-ին ոտքը դիպավ հայրենի հողին։ Պատմում է՝ օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս ցանկանում էր առաջին պատահած հային մոտենալ, գրկել ու ասել՝ դու հայ ես։
Իր տանն ենք, մեզ հետ զրուցում է, պատմում է իր առօրյայի, նպատակների ու երազանքների մասին։ Ասում է՝ 9 ամիսների ընթացքում իր կյանքում շատ բան է փոխվել, նաև կյանքից է որոշակի բաներ քաղել։ Վատ դրության մեջ է եղել, բայց հիմա ամեն ինչին լավատեսությամբ է նայում։
«Օդանավակայանից մեզ տարան հոսպիտալ, երկու օր չեմ կարողացել քնել, չէի հավատում, որ Հայաստան եմ եկել, չէի կարողանում պատկերացնել, որ էլ Բաքվում չեմ։ Զգում եմ, որ փոխվել եմ, ավելի դյուրագրգիռ եմ դարձել, շուտ եմ սկսում նյարդայնանալ, շուտ բռնկվում եմ։ Եթե ինչ-որ բան եմ ուզում անել կամ ինչ-որ բանի հասնել, ամեն ինչ անում եմ, որ չհանձնվեմ, փորձում եմ պայքարել մինչև վերջ։ Եթե ցանկություն ունենաս, ամեն ինչի կհասնես»,- ասում է նա։
Հիմա իր միակ ցանկությունն աշխատանք գտնելն է. առևտրականի գործն է սիրում։ Իր օրն անցկացնում է իրենց տնամերձ հողամասը մշակելով, տան առօրյա գործերով։ Ունեն նաև սեփական խանութ, զբաղվում է խանութի հարցերով։ Ցանկություն ունի նաև սովորել, բայց մասնագիտությունը դեռ չի որոշել: Ասում է՝ թեթև բան է ուզում, սովորելու հանդեպ սերն այլևս չկա։ Իր օրվա անելիքներն արդեն նախապես է պլանավորում․
«Զգում եմ, որ ծանր աշխատանք ի վիճակի չեմ անել, չեմ կարող: Թեթև աշխատանք լինի կկարողանամ։ Ուզում եմ Երևանում մի տարածք վարձել, գյուղից ապրանքներ տանել ու էնտեղ վաճառել։ Ազատ ժամանակ ընկերներիս հետ եմ անցկացնում։ Արդեն որոշել եմ, թե այս երեք օրերի ընթացքում ինչ եմ անելու․ այսօր պետք է գնամ Հրազդան՝ ընկերոջս՝ Սիրունյան Նարեկի տուն, ում հետ գերեվարվել եմ, իր փոքր եղբոր բանակի քեֆն է, վաղը մյուս ընկերոջս ծնունդն է, մյուս օրն էլ պետք է հանգստանամ ու արդեն պետք է պատրաստվեմ, որ Ռուսաստանում ծառայող ընկերս արձակուրդ գա, դիմավորեմ»,- պատմում է Կարենը։
Կարենը 18 տարեկան էր՝ երկու ամսվա զինծառայող, երբ սկսեց պատերազմը։ Բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 14-ին։ Ծառայել է Արցախի շրջանի Ջրական (Ջաբրայիլի) զորամասերից մեկում։ Պատմում է՝ պատերազմն սկսվելու օրն իրենց զորամասի գլխավերևում անօդաչու թռչող սարքեր է տեսել, հետո արդեն տագնապ են տվել, զենք-զինամթերք բաժանել, հասկացել է՝ պատերազմ է ու դիրքեր են գնում։ Ասում է՝ մեկ շաբաթ, 10 օր թշնամու դեմ լիարժեք պայքարել են։
«Կիրակի օր էր, երևի թուրքերը սխալ էին հաշվարկել․ այդ օրը վեր կացը ոչ թե վեցին էր, այլ 7-ին։ Մինչև արթնանում ենք, մեզ կարգի բերում, 7 անց կես նոր դրսում շարք ենք կանգնում։ Շարք կանգնելուց վերև նայեցի՝ տեսնում եմ՝ մի քանի հատ անօդաչու կա, մտածեցի՝ մերն է, երևի վարժանքներ են անում: Ընկերոջս ասացի՝ տեսնում ես, ասաց՝ ի՞նչ անօդաչու, էս սովորական ինքնաթիռ ա, կատակ արեց։ Մի քիչ անցավ՝ տագնապի ձայնը լսվեց, սպաները ասացին՝ մտեք շենք»,- հիշում է այդ օրերն ու ասում՝ հիմա չի էլ պատկերացնում, թե դիրքեր բարձրանալիս ինչպես է իր հետ միասին 40 կգ բարձրացրել․ «Ես պեկայիստ եմ եղել, ուսապարկ, զրահաբաճկոն, պեկայի ցինկերը, սաղավարտս վրաս՝ 8 կմ վազել եմ, հիմա, եթե ասեն՝ մի կիլոմետր տեղ վազի, չեմ կարող, բայց էդ պահին, որ 4 կողմդ սնարյադներ են տրաքում, մի շաբաթ սոված էլ լինես՝ 40 կիլոն կկարողանաս վազեցնել»։
Պատերազմի ընթացքում նրանց զորամասի առաջին հարվածը եղել է գնդի զինամթերքի պահեստին: Թուրքական կողմը փորձել է այդ կերպ զրկել բանակին զինամթերքի հնարավորությունից, բայց անօդաչուն ընկել է ու չի պայթել: Եթե պայթեր, զորամասն ամբողջությամբ կոչնչանար։ Կռվի մասին խոսելիս Կարենն ասում է՝ իզուր չի, որ բանակ են զորակոչվում 18 տարեկան տղաները։
Սկզբում Ջաբրայիլում է կռվել, հետո՝ Հադրութում: Պատմում է՝ Հադրութում արդեն 100 հոգանոց խմբով ընկել են շրջափակման մեջ։ Չի կարողանում չխոսել դավաճանությունների ու իր տեսածների մասին։ «Երբ կռիվներն ավելի էին թեժանում, սպաները փախչում էին, մարդ կար՝ իր կաշին էր ուզում փրկել, բայց սպա կար, որ ոչ մի բանից չէր վախենում, ասում էր՝ ես երեխա ունեմ, որ իմ գործը կշարունակի: Ես ուզում եմ կռվել ու իմ հողը պահել։
Մեր սպաներից մեկը իրեն ոտքից վիրավորեց, իմանալով թուրքական յաշման է գալիս՝ նստեց դատարկ ուռալը, վարորդին իջեցրեց, ինքը քշեց ու գնաց, ու 100 հոգով մնացինք մի լեյտենանտի հույսին: Կռիվներից մեկի ժամանակ լեյտենանտն էլ մահացավ, ու մնացինք առանց սպա: Արդեն ցրվեցինք տարբեր ուղղություններով, ու երևի 100 հոգուց ողջ մնացինք 20-ը։ Ովքեր կարողացան շրջափակումը ճեղքել, հասան տուն, ովքեր ոչ, կա՛մ զոհվեցին, կա՛մ գերեվարվեցին»։
Հետո Կարեն ու իր հինգ ընկերները վիրավոր վիճակում սողալով հասել ու պատսպարվել են Հադրութի Վանք գյուղի տներից մեկում։ Հոկտեմբերի 10-ից սկսած՝ մնացել են այնտեղ, բուժել միմյանց վերքերը, տանը պահած պահածոներով իրենց սննդի հարցը լուծել։ Ասում է՝ հաջողվել է կապ հաստատել հայկական կողմի հետ, բացատրել են, թե որտեղ են, պատասխանել են՝ սպասեք, մեր հետախույզները կգան ձեր հետևից: Սակայն ասում է՝ եկողներ եղան, բայց ոչ հայեր։ Նոյեմբերի 21-ին ադրբեջանական զինվորները ներխուժեցին տուն ու գերեվարեցին նրանց։ Պատմում է՝ գերեվարվելուց հետո իրենց Հադրութից անմիջապես Բաքու են ուղարկել, որտեղ հարցաքննել են․ «Հարցնում էին՝ քանի՞ թուրք ես սպանել, ինչքան ժամանակ ես կռվին մասնակցել։ Հարցաքննելուց են միայն հարվածել, հետո, երբ տարան բանտ, էլ չէին խփում»։
Սկզբում բանտի իր խցում միայնակ է եղել, այնտեղ մնալու վերջին օրերին իր խուց են բերել նաև իր հետ գերեվարված Նարեկին։ Գերության ողջ ընթացքում ծնողների հետ կապվելու միջոցներ չի ունեցել։ Հետո մի օր Նարեկի հետ որոշել են բանտի գլխավոր հսկիչներից մեկից հեռախոս խնդրել, որպեսզի կարողանան տուն զանգել։ Ասում է՝ հայրենիք վերադառնալը անսպասելի էր, որովհետև իրեն թվում էր, թե դեռ երկար կմնան Բաքվում․
«Ամեն առավոտ ժամը 9-ին դռնապահների հրամանատարը գալիս էր, ստուգումներ էր անցկացնում խցերում։ Ներս մտավ, ինձ երեք հատ սիգարետ տվեց, ասացի՝ կարամ մի հատ հարց տամ. ես արդեն զգացել եմ, որ ստեղ մեր մնալը երկարում է, կարամ երկու րոպեով զանգեմ տուն, ասեմ՝ Բաքվում եմ, հետս ամեն ինչ նորմալ է, մերոնք ուրիշ բան չմտածեն: Ասաց՝ սպասի, ես էլ մտածեցի՝ ո՛չ չէ ասաց, ո՛չ հա, ուրեմն կարող ա խոսա ավելի վերև գտնվող մարդկանց հետ, որ կարողանա հեռախոս տալ։ Ցերեկը 12-ին եկավ, ինձ մատով ցույց տվեց, թուրքերենով բան ասաց, գնաց: Ասացի՝ Նարեկ, երևի թե կտանեն հեռախոսով խոսալու: Որոշում էի՝ ի՞նչ պետք է խոսեմ, Նարեկի մասին էի որոշել պատմել, որ գտնեն հարազատներին, էն էլ չգիտեի, որ արդեն բարեկամացել են ընտանիքներով իրար հետ։
Երեկոյան 6-ին եկավ, անուն, ազգանուն, հայրանուն հարցրեց, ասացինք: Ինձ ցույց տվեց, ասաց՝ արի։ Միջանցքով քայլում էինք, հարցնում եմ՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ լավ տեղ չենք գնում: Մտքերի մեջ ընկա, թե ո՞ւր ա տանում, ինչի՞ ա տանում, հետո հասկացա, որ էդ խնդրանքիս համար տանում է տանջի: Մտածում եմ՝ երանի չէր խնդրած չլինի»,- պատմում է ու հավելում՝ ճանապարհին ինչ ասես, որ մտածել է, նույնիսկ, որ իր վերջին օրն է ապրում․
«Հետո հասանք բեռնատարի մոտ, այսինքն՝ մեքենա էր, մեջը խուց էր առանձնացրած, մեքենայի մեջ մեկ այլ ադրբեջանցի էլ կար, հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ գնում ես տուն, մտածեցի տենց են ասում, որ չգոռգոռամ, որովհետև ես բանտում միշտ գոռում էի, ասում էի՝ դուռը բացեք՝ տուն գնամ։ Տխուր էի, ասում էի՝ կարող ա էս իմ վերջին օրն ա, որովհետև քո հայրենիքում էլ դու չես կարող ասել՝ էսօր քո վերջին, թե նախավերջին օրն է։ Մոտեցանք օդանավակայանին, ինքնաթիռի ձայն էր գալիս, արդեն հույսս մեծացավ, բայց էլի վատն էի մտածում, ասում էի՝ կարող ա տեղափոխում են ուրիշ՝ երրորդ երկիր, բայց վատի մասին մտածեցի, իմ առաջ լավը եկավ»։
Փետրվարի 9-ին Նարեկը չորս այլ գերեվարված տղաների հետ վերադարձել է Հայաստան։ Էրեբունի օդանավակայանից իրեն տեղափոխել են Երևանի հոսպիտալներից մեկը, որտեղ մնացել է 5 օր։ Այնտեղ մշակել են վիրավորումից առաջացած վերքերը, որոնք ստացել էր ոտքին՝ փամփուշտն անցել էր ոտքի միջով, մյուսը՝ գոտկատեղի հատվածում՝ բեկորը նույնպես մարմնի միջով էր անցել, երրորդ վիրավորումը ստացել էր գերեվարվելու ընթացքում, երբ սվին-դանակով հարվածել էին գլխին։ Հոսպիտալից հետո Կարենը երկու ամիս բուժվել է նաև Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» առողջարանում, մեկ ամիս եղել է մայրական խնամքի տակ։ Ստացել է նաև հոգեբանի աջակցություն։ Հուլիսի 20-ին զորացրվել է օրենքի ուժով՝ որպես պահեստազորային զինվոր։
Կարենի հայրը՝ Արայիկ Մանուկյանը, մեզ հետ զրույցում պատմում է՝ որդու գերեվարման լուրն իմացել են նոյեմբերի 23-ին, երբ ադրբեջանական կողմը նրա մասնակցությամբ տեսանյութ է տարածել, մինչ այդ հայրը Արցախում որոնողական աշխատանքներին է մասնակցել՝ որդուն գտնելու հույսով։ Տղային տուն վերադարձնելու համար դիմել են Կարմիր խաչ, հանդիպել են նաև ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Ասում է՝ չնայած, երբ լսում էր, որ Հայաստան գերիներ էին վերադառնում, գնում էր օդանավակայան։
«Այդ օրն էլ գնացի, անունները կարդալուց վերջինը Կարենի անունն ասացին, լսեցի, չէի հավատում, էդ պահին չեմ հիշում՝ ինչ կատարվեց հետս, հավատս չէր գալիս։ Հետո իմացանք, որ հոսպիտալում է, գնացինք տեսակցության»,- ասում է հայրը ու պատմում՝ Կարենն իրեն գերության օրերից ոչինչ չի պատմում, չի ուզում, որ հայրն իմանա, թե ինչ դժվարությունների միջով է անցել։ Հորը խնդրում է, որ Ղարաբաղ գնան․ «Շատ ժամանակ, որ հարցնում եմ, նեղանում է, ասում է՝ ինչի՞ ես հարցնում, ինչ եղել, անցել է։ Երկու օր առաջ իբր գնում էր Գորիս՝ ընկերոջ տուն, բայց ուզում էր Գորիսով գնալ Ղարաբաղ, ասում է՝ պապ էնքան երեխու վրա եմ հող լցրել, որ միայն ես գիտեմ տեղը։ Ես զգում էի, որ թաքստոցի մեջ են, ասում էի՝ իրենք էդ տանն են, ոչ մի կերպ չկարողացա հավատացնել, պնդում էին, որ կենդանի երեխա չկա, այնինչ պնդողներից մեկը իր հրամանատարներից մեկն էր, ով գիտեր, որ իրենք էդ տան մեջ են։ Եթե մի քիչ լուրջ մոտեցում լիներ, գերի չէին ընկնի, բայց կա դրա մյուս կողմը, կարող է և վնասեինք էդ տունը գտնելով, գուցե ուզենայինք հանել իրենց, հա՛մ տղաների վրա կրակեին, հա՛մ գնացողների»։
Կարենը անկաշկանդ շփվում է մարդկանց հետ, միայն ասում է՝ երբեմն զգում է, որ որոշ մարդիկ իր հետ զգուշությամբ են խոսում, որ, նրանց խոսքերով, իրեն չնեղացնեն։ Ասում է՝ հիմա պետք է ապրի նաև զոհված տղաների փոխարեն, փորձի իր ներկայությամբ մահացած ընկերների բացը լրացնել։ Ասում է՝ լսում է նաև, որ որոշ մարդիկ գերիների մասին վատ են խոսում, ասում են՝ ձեզ տանջանքների էլ ենթարկեն, պետք չէր ասել՝ Ղարաբաղը Ադրբեջանին է, սակայն նշում է՝ դա իրենց փրկության գինն էր։ Զարմանում է նաև, երբ լսում է՝ «Ինձ շրջապատող մարդիկ ասում են՝ ժամանակը չի անցնում, շատ անհավես է, ասում եմ՝ բա որ դուք մնաք 8 քառակուսի մետրի մեջ, առանց ոչ մի բանի, էդ ժամանակ ո՞նց եք անցկացնելու ձեր ժամանակը»։ Մի երազանք էլ ունի՝ ուզում է մահացած ընկերոջը նորից տեսնել։
Գերությունից վերադարձած 19-ամյա Կարենը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին նաև հուշաքար է կառուցել իրենց գյուղում։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT