Անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից, վաղը հրաժարական կներկայացնեմ. ԼՂ նախագահ

31/08/2023 schedule12:52

Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս վերջնական որոշումը կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ:

Ըստ Հարությունյանի՝ սա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իր կողմից:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով: Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցև նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին:

Հավատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար: Թվում էր, թե հետպատերազմյան հոգեճնշող վիճակը և հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը պետք է հաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտա պատասխանատվություն ստանձնելու նաև այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունությունն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրվող հանցավորության աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձությունն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականության սյուները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում հաջողություններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մեջքը, այլև կյանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:

Գուցե հենց նաև դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. հունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:

Արդեն գրեթե ինն ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Արցախի պատանդառված ժողովուրդը ենթարկվում է անթաքույց ցեղասպանության: Այս ընթացքում մենք մեր կարողությունների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները ստեղծված իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկա էր դարձել նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումներ, բազմաթիվ հայտարարություններ ու կոչեր են հնչել հարյուրավոր միջազգային սուբյեկտների կողմից: Սակայն ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը որևէ կերպ չի կանխվել:

Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից:

Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից:

Նախքան այդ, այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար: Նա պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ: Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնվող անդամների հետ ապրել Արցախում, առավելապես ընդգրկվելու եմ Արցախի անվտանգության ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանություններին: Իմ այս քայլն ուղղված է նաև Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի:

Խաղաղություն, բարօրություն ու հավերժականություն Արցախ աշխարհին ու հայ ազգին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1556 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է