Երևան
12 °C
«Մարտի 1»-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, դեռեւս, ցավոք սրտի, զոհ չի եղել»:
Մտքի այս արգասիքը պատկանում է ընդդիմադիր հերթական ձախողված պրոյեկտներից մեկին՝ մեկ տարի առաջ այս օրերին ստորագրահավաք իրականացրած, բայց այդպես էլ իր առջեւ դրված նպատակին չհասած «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանին։ Նրա լեզվի այս «սայթաքումն», իրականում, «սրբազան շոուի» կուլիսային շահառուների չիրականացած փափագի բարձրաձայնումն է։
Հայաստանում ժողովրդավարության գնդակահարության ամենաաղաղակող փաստը՝ «Մարտի 1»-ի ողբերգությունը, ինչպես դեպքերի ընթացքն է վկայում, հանգիստ չի տալիս նախկին ռեժիմին ու դրա սատելիտներին։ Բայց նրանց հանգիստ չտվող «փորացավն» ամենեւին էլ այդ դեպքերի կազմակերպիչներին եւ մասնավորապես 10 զոհերի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելը չէ, այլ՝ 16 տարի առաջ արձանագրված ողբերգությունն ու հունիսի 12-ի միջադեպը զուգահեռելը։
Թեման շահարկող քաղաքական դեմքերը, ըստ ամենայնի, առաջնորդվում են իրենց հոգեհարազատ սկզբունքով՝ «բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ», հետեւապես իրենց թույլ են տալիս լինել ծայրաստիճան անբարոյական եւ համեմատել երկու անհամեմատելի իրողություններ, քանի որ այդպես է պահանջում քաղաքական այսրոպեական «քյարը»։
Պարզապես այս մարդիկ մոռացել են մարդկության այնպիսի գյուտերի մասին, ինչպիսիք են տպագրությունն ու ինտերնետը, որոնց օգնությանն էլ կդիմենք՝ մարտիմեկյան թեման շահարկողների հիշողությունը թարմացնելու համար։
Իսկ նախքան այդ՝ մի քանի դիտարկում։
Ուզում էին փրկել շարժումը, բայց փոսը գցեցին
Ակնհայտ էր, որ, ձախողելով Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելու բոլոր փորձերը, ձախողելով նաեւ փողոցային պայքարի միջոցով դրան հասնելու փորձը, շարժման շտաբը խնդիր ուներ փրկել օրըստօրե նոսրացող ու մաշվող շարքերով այս պրոյեկտը եւ դրան «երկրորդ շնչառություն» հաղորդելու ելքեր գտնել։ Եվ «Պլան-Բ»-ն կամ «Операция «Ы»-ն ուրվագծվեց հունիսի 7-ի «վճռորոշ» հանրահավաքից հետո (երբ թվաբանությունն աղաղակեց՝ գնալով ավելի քչանում են շարժման աջակիցները), եւ խնդիր դրվեց բախում հրահրել ցուցարարների ու ոստիկանության միջեւ։ Այն հաշվարկով, որ ոստիկանության ազդեցությունը, դիցուք՝ բիրտ ուժի կիրառումը, շարժման լիդերների եւ այլ ակտիվ դեմքերի ձերբակալումը՝ «Մարտի 1»-ի դեպքերի օրինակով, հնարավոր կլինի կրկնել 2018-ի էֆեկտը․ երբ ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ կիրառվեցին հատուկ միջոցներ, վիրավորվեց Նիկոլ Փաշինյանը, այդ միջադեպը մեծ ռեզոնանս առաջացրեց՝ է՛լ ավելի բազմամարդ դարձնելով «Սերժին մերժողների» շարքերը։ Նույն էֆեկտն ունեցավ նաեւ ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի առեւանգումը, Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի ձերբակալումը, ինչից հետո «մերժումը» հասավ իր կրիտիկական կետին՝ ստիպելով Սերժ Սարգսյանին հաջորդ օրը հրաժարական տալ եւ խոստովանել՝ «ես սխալվեցի»։
Բայց քանի որ սրբազանականների «պլանը», ըստ պլանավորվածի, «Մարտի 1»-ի դեպքերի տրամաբանությամբ տեղի չունեցավ, շարժումն էլ չարձանագրեց 2018-ի վերոհիշյալ դրվագների առաջացրած ֆուրորը, շարժման շտաբին մնում էր մեկ բան՝ գոնե քարոզչական մակարդակում հունիսի 12-ից «Մարտի 1» կերտել՝ հասարակությանը ներշնչելու՝ շարժման անխուսափելի մարումը ոչ թե բնական ընթացքով տեղի ունեցավ, այլ ․․․Նիկոլ Փաշինյանի իշխանության բռնի ուժով։
Պատահական չէ, որ «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ Կանադայի թեմն առաջնորդած Վազգեն (Բագրատ) Գալստանյանին հրահանգ իջեցվեց հավասարության նշան դնել վերոհիշյալ երկու դեպքերի միջեւ. «Հունիսի 12 հավասար է «Մարտի 1»-ին, ուղղակի այն մարդն էր բեմից բացակայում, ով «Մարտի 1»-ին աղաղակում էր՝ ասելով՝ երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, սիրտս փառավորվում է (մեջբերումը խեղաթյուրված է -խմբ)։ Բայց այդ մարդը նույն գործողությունը, նույն կերպով ու ոգով իրագործեց նաեւ այսօր, բայց գտնվելով այս պարիսպներից ներս»։
Օրեր անց էլ՝ հունիսի 19-ի ասուլիսում, «սրբազան շոուի» «թամադան» մատնեց իրեն՝ «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ քանի որ ՀՀ-ում չի եղել, դեպքերին լիարժեք տեղյակ չէ, ապաեւ՝ հավելեց․ ««Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով, եւ համեմատությունը կապված է զուտ անձի հետ (Նիկոլ Փաշինյանի -խմբ)։
Սա նշանակում է, որ խնդիր է դրված հունիսի 12-ը համեմատել հենց «Մարտի 1»-ի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյան անձի անունը հոլովվում է հենց այդ իրադարձության համատեքստում։ Հետաքրքիր է՝ եթե Փաշինյանը, որպես ընդդիմադիր լիդեր, կապ ունեցած լիներ նաեւ 2004-ի հետընտրական՝ ոստիկանական ջարդարարության հետ, արդյոք 2024-ի հունիսի 12-ը կհամեմատվե՞ր 2004-ի ապրիլի 12-ի հետ։ Հունիսի 12-ը, նկատենք, չի համեմատվում 2016-ի ՊՊԾ գնդի գրավման (որի հետեւանքով ոստիկանության ներկայացուցիչներ զոհվեցին), դրան հաջորդած՝ Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանության այլանդակությունների հետ։ Շատ պարզ պատճառով՝ ՊՊԾ գնդի գրավումը ասոցացվում է ոչ թե Փաշինյանի, այլ ԱԺԲ-ի («Սասնա ծռեր») հետ, որն էլ սատարում է «սրբազան շարժմանը»։
Եթե հունիսի 12-ին «Մարտի 1» տեղի ունեցած լիներ, ապա․․․
«Հունիսի 12=Մարտի 1» մառազմի հեղինակները, փաստորեն, տեղյակ չեն 16 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի նախորդած դեպքերի եւ բուն «Մարտի 1»-ի դեպքերի պատճառահետեւանքային կապի մասին։ Տեղյակ չեն, որ բազմահազար մարդիկ փողոցներ էին դուրս եկել 2008-ի նախագահական կեղծված ընտրությունների արդյունքների դեմ բողոքի, վրաններ տեղադրել Ազատության հրապարակում եւ օրեր շարունակ բողոքի խաղաղ ակցիաներ, միտինգներ էին իրականացնում, իսկ հունիսի 12-ին մարդկանց սակավաքանակ մի խմբակ պրովոկացիոն միջոցառում էր իրականացնում ԱԺ-ի շենքի դիմաց, որի պատերից ներս աշխատում էին 2021-ի արդար ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարանի պատգամավորներն ու Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։
Հուսանք՝ երկու տարբեր իրադրությունների տարբերությունը՝ կեղծված ընտրությունների դեմ մեծաթիվ մարդկանց բողոք, արդար ընտրություններով ընտրված իշխանության հեռացման փոքրամասնության պահանջ, «մարտիմեկացավով» տառապողներն ի վիճակի եղան ֆիքսել եւ ընկալել։
Անցնենք առաջ․ եթե հունիսի 12-ին «Մարտի 1» տեղի ունեցած լիներ, ապա ՊՆ ղեկավար կազմը 0038 հրամանի նմանությամբ մի հրաման ստորագրած կլիներ ու բանակը ներքաշած կլիներ ներքաղաքական պրոցեսներում, ոստիկանությունն էլ վաղ առավոտյան կհարձակվեր քնած ցուցարարների վրա ու կկատարեր երկրի նախագահի հրահանգը՝ «կմաքրեր» Բաղրամյան փողոցը, հարյուրավոր ցուցարարներ բռնության կենթարկվեին ու լցվեին ոստիկանության բաժանմունքները, շարժման լիդերներն ու այլ գործող անձինք էլ կձերբակալվեին, բանտերը կլցվեին քրեական շինծու մեղադրանքներով։ Գլխավոր դատախազն էլ խորհրդարան կմտներ՝ Գառնիկ Դանիելյանին եւ մի շարք այլ ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, ԱԺ-ն էլ կբավարարվեր այդ միջնորդությունը։
Եթե հունիսի 12-ին «Մարտի 1» տեղի ունեցած լիներ, ապա այսօր Գալստանյանը, Սողոմոնյանն ու մյուս շարժումականները կապրեին արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, մամուլի եւ կամերաների առաջ ճամարտակելու հնարավորությունից զրկված կլինեին եւ Գլխավոր դատախազություն ոստիկանության գործողություների վերաբերյալ հաղորդում ներկայացնելու փոխարեն կայցելեին 10 զոհերի հարազատներին՝ ցավակցություն հայտնելու։
Եթե հունիսի 12-ին «Մարտի 1» տեղի ունեցած լիներ, ապա ԵԽԽՎ-ն չորս բանաձեւ կընդուներ հետմարտիմեկյան իրավիճակի վերաբերյալ ու յուրաքանչյուր հաջորդում անբավարար կգնահատեր նախորդ բանաձեւի պահանջների կատարումը։
Դրանցից առաջինում՝ 1609-ում, հիշեցնենք, մասնավորապես արձանագրված էր․ «Վեհաժողովը ցավ է հայտնում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների եւ 2008 թվականի մարտի 1-ին բռնության սրացման կապակցությամբ, որի հետեւանքով տասը հոգի զոհվեց եւ շուրջ երկու հարյուր մարդ ստացավ մարմնական վնասվածքներ: Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրած բուն հանգամանքների, դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքի, այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Երեւան քաղաքում արտակարգ իրավիճակ մտցնելու եւ ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու հարցը լուրջ մտահոգության տեղիք են տալիս եւ պետք է ենթարկվեն վստահելի եւ անկախ քննության:
Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների եւ պատգամավորների ձերբակալումը, շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերեւույթ արհեստական են եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում»։
Կարող ենք շարունակել տարբեր «հյութեղ» մեջբերումներ անել ԵԽԽՎ մյուս բանաձեւերից, «Փաստահավաք խմբի» զեկույցներից, ԱԺ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից․․․․ Մեջբերումները, վստահաբար, ոչ միայն կպայթեցնեն, այլեւս ծվեն-ծվեն կանեն «սրբազան շարժման» ագիտպրոպի՝ «վերոփչյալ» փուչիկը։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լրագրողների «խայտառակ բացահայտումը»․ Չախոյան
Կամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրություն. տեսանյութ
Խոշոր ավտովթար Երևանում․ 6 տուժած կա
Վարչապետը Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդը
Վեհափառը պիղծ է, շատ նորմալ եմ վերաբերվում բարենորոգման օրակարգին. քաղաքացի
Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի եկեղեցում կմասնակցի կիրակնօրյա պատարագի
Հերիք է հա, անընդհատ Փաշինյան, Փաշինյան, ինքն ի՞նչ կապ ունի, եկեղեցի է, պատարագ է․ քաղաքացի
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Թեղուտում ավտոմեքենա է այրվել
Արամ Ղազարյանը կազատվի ոստիկանապետի պաշտոնից. հայտնի է՝ ինչ պաշտոնի կնշանակվի նա, և ով կլինի նոր ոստիկանապետը
Կանգնեց մորս սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս. Զառա Արամյանի դուստրը հայտնել է հոգեհանգստի տեղն ու ժամը
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին
Մահացել է Զառա Արամյանը
2018-ի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտ 1225 տոկոսով. վարչապետ
7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցների մասին
Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցինք ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. Փաշինյան
Երևանում վագոն-տնակ է այրվել
Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը
Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք
Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Մանիպուլյացիայի վարպետ Նարեկին ամենալավը կարձագանքի նորաթուխ գործիչ Նարեկը. Մանավազյանը տեսանյութ է հրապարակել
Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել
Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով
Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով
Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ
Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան
2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել. ԿԳՄՍ նախարար
Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նիստ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT