Երևան
12 °C
«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Հայաստանի բոլոր իշխանությունները, ի տարբերություն այսօրվա իշխանության, Ցեղասպանության ճանաչումը դարձրել էին արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, եւ պետությունների զգալի մասը ճանաչել է այ էս ընթացքում, ի տարբերություն ձեզ, որ դա դադարեցրել է եւ պաշտոնապես հայտարարել է»:
Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ, նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեղադրելով իշխանությանը հայ ժողովրդին խաբելու, նախընտրական քարոզարշավի ժամանակ «հայկական ցեղասպանության ճանաչման գործունեությունը շարունակել» խոստանալու համար, որը, սակայն, այսօր դրժվել է։
«Մի քանի օր առաջ էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ այլեւս Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթություն չէ։ Դուք ստել եք հայ ժողովրդին՝ պաշտոնի գալու համար»,- խրոխտ ազդարարեց դաշնակցական պատգամավորը՝ մոռանալով այն մեծաբերան խոստումները, որոնք տվել, ապա դրժել է ՀՅԴ-ն իր «ծննդյան փուչ օրից»։
Արթուր Խաչատրյանի այս պնդումը՝ ի արձագանք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հիշեցման էր, թե, երբ ՀՅԴ-ին պետք է, արդարացնում է Թուրքիայի հետ բանակցությունները, իսկ երբ պետք չէ՝ դատապարտում է։
Մարիա Կարապետյանն ի հավելումն նշեց, որ Արթուր Խաչատրյանը նստում է մեկի կողքին՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին, որը «բանակցում էր ԱՄՆ պետքարտուղարության հետ, ասում էր, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դիմաց ինքը կմիջամտի ԱՄՆ-ում հայկական Սփյուռքին, որպեսզի բանաձեւը կոնգրեսում չընդունվի»։
Ամերիկացի դիվանագետների հետ մի զրույցում, ըստ տարիներ առաջ WikiLeaks-ի գաղտնազերծած հեռագրերի, Քոչարյանն ասել է, որ սփյուռքահայ կազմակերպությունները ճնշումներ են բանեցնում, որպեսզի Երեւանը աջակցի Կոնգրեսում հայկական բանաձեւի անցկացմանը, սակայն ինքը հրաժարվել է. «Ես դա չեմ ուզում: Իմ ուզածն այն է, որ սահմանը բաց լինի»:
Այս զրույցը, ըստ WikiLeaks-ի, կայացել է 2007 թվականի մարտի 30-ին ամերիկացի դիվանագետ, պետքարտուղարի տեղակալի օգնական Մ․ Բրայզայի եւ նախագահ Քոչարյանի միջեւ: Կայքը ներկայացրել էր նաեւ նույն շրջանում տեղի ունեցած մեկ այլ զրույց Բրայզայի եւ Օսկանյանի միջև։ Ըստ պետքարտուղարություն ուղարկված հեռագրի՝ Օսկանյանն ասել է, որ եթե Թուրքիան հակված լինի բացելու սահմանը, ապա ինքը կմեկնի ԱՄՆ եւ Հայաստանի ընկերներին ու հայամետ խմբերին հետ կպահի Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից: Օսկանյանի դիտարկմամբ, եթե Թուրքիան ցանկություն ունենար վերագործարկելու Կարս-Գյումրի երկաթգիծը, դա Հայաստանի իշխանությունների համար բավական կլիներ, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցով զբաղվի միայն ամերիկահայ համայնքը: Հայաստանը, Օսկանյանի խոսքով, չի կարող երաշխավորել ցանկալի արդյունք, սակայն կփորձի Վաշինգտոնի բարեկամներին համոզել, որ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը հակասում է Հայաստանի շահերին, եթե, անշուշտ, թուրքերն իրական տեղաշարժ արձանագրեն սահմանի բացման հարցում:
Ահա այսպիսի գործարք իրականացրած գործչի կուրացիայի ներքո է պատգամավոր աշխատում Արթուր Խաչատրյանը, որը, նկատենք, եթերում ուզում էր տպավորություն թողնել, թե տեղյակ չէ՝ այդ ինչ բանաձեւի մասին է հիշեցնում Մարիա Կարապետյանը։
Դառնանք դաշնակցական պատգամավորի պնդմանը, թե ՀՀ բոլոր նախագահների օրոք Ցեղասպանության հարցը եղել է արտաքին քաղաքականության օրակարգում։ Սա կեղծիք է եւ սպեկուլյատիվ սուտ, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք այդ հարցը ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների թվում չի եղել՝ քաղաքական հաշվարկներից ելնելով։ Տեր-Պետրոսյանը ժամանակին հայտարարում էր, որ թեեւ «Հայոց համազգային շարժումը» չի հրաժարվում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, սակայն այն չի կարող դառնալ պետական քաղաքականության օրակարգի հարց։
«Հայ Դատը, արեւմտահայության իրավունքներն իր պատմական հայրենիքի նկատմամբ պետական քաղաքականության օրակարգի հարց կդառնան միայն այն ժամանակ, երբ Հայոց պետությունն ի վիճակի կլինի սեփական ուժերով լուծել այդ խնդիրները»,- հայտարարել էր Տեր-Պետրոսյանը «Հայոց համազգային շարժման» 2-րդ համագումարում։
1990 թվականին ձեւակերպված այս դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության եւ հարեւանների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, հետագայում՝ Գերագույն Խորհրդի ձեւավորումից եւ նախագահի ընտրություններից հետո, արտացոլվեց ՀՀ պետական քաղաքականության մեջ։
Պաշտոնաթող նախագահը տարիներ անց իր հարցազրույցներից մեկում մասնավորապես հայտարարել էր․ «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել: Թուրքիան մեր առջեւ երբեք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարց չի դրել, թե՝ եկեք քննենք, տեսնենք՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ չի դրել: Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարը։ Մենք ՄԱԿ-ի ամբիոնից դատարկ ելույթ չենք ունեցել եւ չենք պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դա ինչո՞ւ է դատարկ, քանի որ, երբ Ռոբերտ Քոչարյանը դա հնչեցրեց ՄԱԿ-ի ամբիոնից, դա ելույթի խնդիր չէր, ՄԱԿ-ն ունի հարց բարձրացնելու արարողակարգ։ ՀՀ-ն ՄԱԿ-ի լիարժեք անդամ է, ցանկացած հարց պաշտոնապես, փաստաթղթավորված նա կարող է ներկայացնել ՄԱԿ, եւ ՄԱԿ-ն իրավունք չունի չքննելու այդ հարցը։ Ուրեմն դա ի՞նչ էր, դա ընդամենը տղայություն էր, որ ցույց տա՝ տեսեք՝ ինչ քաջ եմ, ինչ հերոս եմ։ Եվ ի՞նչ, էդ տղայության գինն ի՞նչ եղավ, եղավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը։ Թուրքերը ասացին՝ շատ լավ, դուք բարձրացնում եք այդ հարցը, դե հիմա եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք, տեսնենք՝ էդպիսի բան եղե՞լ է, թե՞ չէ։ Ինչո՞ւ մեզ չէին ասում, քանի որ հիմք չունեին ասելու, եթե ասեին էլ, ես կասեի՝ էդ ի՞նչ եք ասում, մենք նման հարց բարձրացրե՞լ ենք, Սփյո՞ւռքն է բարձրացրել, գնացեք, Սփյուռքի հետ խոսեք»։
Տեր-Պետրոսյանը նշել էր նաեւ, որ Հայաստանը՝ որպես պետություն, չպիտի մասնակցեր Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Դրանով սփյուռքահայերի արդար, իսկապես քաղաքացիական պահանջը, ըստ նրա, վերածեց արդեն միջպետական քաղաքականության խնդրի եւ, փաստորեն, գեոպոլիտիկ շահերի առարկա դարձվեց:
2007թ․ դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իր ելույթում էլ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին՝ «թուրքամետ», «թուրքերի հետ քիրվայություն անող», Տեր-Պետրոսյանը մեկ այլ ցնցող բացահայտում էր արել իր հաջորդի՝ Ցեղասպանության հարցը հետապնդող Քոչարյանի մասին։ Վերջինս, ինչպես պարզվեց իրեն Հայաստան բերողի ու «հայ ժողովրդի վզին փաթաթողի», հետո դրա համար ներողություն խնդրածի խոսքից, այդ զգայուն հարցը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքար դարձնելով, այն դիտարկում էր Սփյուռքից «փող քերելու» միջոց։
«Ի տարբերություն ինձ՝ Հայաստանի երկրորդ նախագահը Ցեղասպանության հարցն անմիջապես դարձրեց հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը եւ իշխանավարության առաջին իսկ օրվանից սկսեց հետեւողական քայլեր կատարել այդ ուղղությամբ։ Ո՞րն էր այս նոր քաղաքականության տրամաբանությունը։ Դա պարզաբանելու համար ես կրկին ստիպված եմ դիմելու հուշապատումի օգնությանը։ 1997 թվականին, երբ ես վարչապետ Քոչարյանին առաջարկեցի գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը», նա հրաժարվեց՝ պատճառ բռնելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը։ Երբ ես «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Մանուշակ Պետրոսյանի ներկայությամբ խնդրեցի հիմնավորել իր տեսակետը, Քոչարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես չգիտեմ, թե ինչ բան է Ցեղասպանությունը, բայց հաստատ գիտեմ, որ դա պետք է Սփյուռքին։ Եթե մենք մտցնենք այս կետը, ապա Սփյուռքը կոգեւորվի եւ ավելի մեծ նյութական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին։ Ավելին, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը։ Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»։
1998 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց Ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը թեեւ պալատական ներբողագիրների կողմից գնահատվեց որպես աննախադեպ քաջագործություն, բայց այդպես էլ մնաց որպես մերկապարանոց եւ անհետեւանք հայտարարություն։ Եթե նշված ճղճիմ ու պրիմիտիվ քաղաքական հաշվարկներն էին ընկած Քոչարյանի որդեգրած դիրքորոշման հիմքում, ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան, այն է՝ տրորել, պղծել մեր ազգային մեծագույն ողբերգությունը, այն դարձնել անպարկեշտ սակարկությունների առարկա, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի նախագահի վերոհիշյալ կանխատեսումներից ոչ մեկը մինչեւ օրս այդպես էլ իրականություն չի դարձել։ Որ ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հնչեցումը սոսկ ներքին սպառման կարիքները բավարարելուն, այսինքն՝ հայության աչքում հերոս երեւալուն միտված տղայամտություն էր, պարզ է դառնում նրանից, որ Քոչարյանի հայտարարությանը չհետեւեց ոչ մի գործնական քայլ»,- մասնավորապես հայտարարել էր Տեր-Պետրոսյանը։
«Ազատության»՝ օրերս թողարկված ռեպորտաժում շարադրված՝ ԱՄՆ պետդեպի գաղտնազերծած այլ փաստաթղթեր էլ եկան վկայելու, որ Քոչարյանը ոչ միայն սակարկության առարկա է դարձրել Ցեղասպանության հարցը՝ այն ներմուծելով Մեղրիի փոխանակման շուրջ տեղի ունեցած բանակցություններ, այլ փորձել է օգտագործել հարցը որպես գործիք՝ Թուրքիային շանտաժ անելու համար։
2000 թվականի հունվարին, ըստ Պետդեպի փաստաթղթերի, տարածքների փոխանակման շուրջ բանակցող Ռոբերտ Քոչարյանը Դավոսում՝ Ալիեւի հետ առանձնազրույցում, նոր պահանջ է դրել սեղանին։
«Ընդգծելով հայ-իրանական սահմանի ծայրաստիճան կարեւորությունը՝ Քոչարյանն առաջարկել է տալ Մեղրին եւ կորցնել այդ սահմանը, ինչպես ի սկզբանե պայմանավորվել էին Նախիջեւանում, եթե Թուրքիան համաձայնի քննարկել 1915-1916 թվականների Ցեղասպանությունը»,- նշված է Պետդեպի գաղտնազերծած հեռագրերում։
Ալիեւը հակադարձել է՝ Ցեղասպանության հարցը երբեք չի եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում, եւ ինքը չի կարող նման հարց բարձրացնել թուրքական կողմի առաջ։ Միաժամանակ, սա հիմք է տվել Ալիեւին ամերիկացի դիվանագետի մոտ պնդել՝ ստացվում է, որ Իրանի հետ սահմանի հարցն այնքան էլ կենսական չէ հայկական կողմի համար։
«Եթե Քոչարյանը պատրաստ է հրաժարվել դրանից Ցեղասպանությունը ճանաչելու գնով, ուրեմն Մեղրին ոչ թե սկզբունքային նշանակություն ունի, այլ սակարկման մանրադրամ է հայկական կողմի համար»,- պնդել է նա։
Ինչն է ուշագրավ՝ օրակարգ մտցնելով Ցեղասպանության ճանաչման հարցը՝ Քոչարյանն այն հետագայում փորձել է որպես պատրվակ օգտագործել՝ Ալիեւի հետ ավելի վաղ՝ Մեղրիի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելու համար։
Այսքանից հետո, թե ով է Ցեղասպանությունն ուրացողը, ով՝ սակարկման առարկա դարձնողը, ով պատմական ռեւիզիայի ենթարկողն ու ով դրժողը, պիտի դատի հանրությունը, որի «ինստիտուցիոնալ հիշողություն» ունենալու, «մանկուրտ» չլինելու վրա, հուսանք, Արթուր Խաչատրյանի հետ բանավեճի տաղավար եկած ու իշխանությանը չկարդացած, անգետ լինելու համար մեղադրող մեկ այլ դաշնակցական՝ Գեղամ Մանուկյանը, չի կասկածում։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲանավեճը՝ դագաղի վերջին մեխ. Քոչարյանը փորձում է պահպանել քաղաքական լեշը
Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
Ինչպե՞ս խնայել գումար ճանապարհորդելու համար
Խճապատել են ճանապարհը, խախտել բարեգործության արգելքը. 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Հնդկաստանը արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա. Պակիստանի դեսպան
ՆԳՆ-ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը, համարանիշն էլ փոստային համակարգով կուղարկվի
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին. լուսանկարներ
Անհետ կորած 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է. որտե՞ղ է եղել նա
Կրկին սև ծուխ. կոնկլավը երկրորդ անգամ չի կարողացել ընտրել Հռոմի նոր պապին
Դատարանը գույքային և դրամական ի՞նչ պահանջ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին․ դատախազը մանրամասնել է
Պուտինն ու Ծինփինը Մոսկվայում հանդիպել են, բանակցություններ վարել. ՌԴ նախագահը խոսել է արդյունքների մասին
«Հոկտեմբերի 27»-ի գործն ակտիվ նախաքննության փուլում է․ Աննա Վարդապետյան
Նկատի է ունեցել իրավապահ համակարգի միջոցով. Գրիգորյանը՝ «ԱԱԾ պադվալները լցնելու» հայտարարության մասին
Մասնակցությունը պայմանավորված է միայն հարգանքի տուրքով․ Սիմոնյանը՝ վարչապետի Մոսկվա մեկնելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա. Գրիգորյան
Քոչարյանի վարկանիշից խոսելիս միշտ հիշեք՝ ընտրություններում մրցակցին երբեք չի հաղթել․ Սիմոնյան
Իրանում մեկ օրում 3 երկրաշարժ է գրանցվել
Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց ինչ ասում է Արամ Սարգսյանը, ճիշտ է ասում․ Սիմոնյան
Ապրիլի 26-ից ջրանցքում որոնվող Իրանի քաղաքացու դին հայտնաբերվել է
Պատերազմը գցեցին մեր ջեբն ու գնացին, չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի կարելի է ՀՀ-ին վերաբերվել․ Սիմոնյան
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Դատախազը գալու է մարդկանց հետևից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան, գնդակահարել երևանցիներին. Սիմոնյան
ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյունների վտանգի մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
Թե Արցախն ով է կորցրել, գնա իրեն ասա. ես էդ տականքներից զզվում եմ. Միքայելյան
Գողը գոռում է՝ բռնեք գողին, վարչապետը ճիշտ էր ասում՝ կոկորդին է հասնում բոլորիս․ Սիմոնյան
Ընդունվում են հայտեր՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» -ի կարիքների համար «կապի սարքավորումների» ձեռքբերման համար
Ոստիկանական համակարգ մտնելու տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի. կկարգավորվի հարցերի 3 խումբ
Շիրակի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար. վարույթը դատարանում է
Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին
Ապօրինի գույքի հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 մլն 344 հազար դրամ
Հունիսից մինչև օգոստոս Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ
Դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին է վերադարձվել 107 միլիոն 341 հազար դրամ արժեքով գույք
Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ
2021-ից մինչև 2025-ի ապրիլի 9-ը Հակակոռուպցիոն դատարանի վարույթով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի վրա
Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ, կա կալանավորված. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT