Երևան
12 °C
Խաղաղության գործընթացը՝ համաձայնեցված 17 կետերի եւ «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր» անունը կրող, ստորագրման ենթակա փաստաթղթի տեսքով, չի բխում ՀՀ ընդդիմության շահերից: Սա անառարկելի ու միաժամանակ ցավալի արձանագրում է, որը եթե դիտարկենք ընդդիմության տեսանկյունից, ունի տրամաբանական դրդապատճառներ։
Դրդապատճառներից առաջինը քաղաքական է, ավելի ստույգ՝ նեղ-կլանային, քանի որ հարեւանների հետ կարգավորված, խաղաղության պայմանագրով ամրապնդված հարաբերությունները նվազագույնի են հասցնում արտաքին սպառնալիքները ներքաղաքական նպատակներով օգտագործելու, իշխանության «պատվանդանը ցնցելու» եւ այս ամենի վերջնահաշվարկի՝ իշխանափոխության օրակարգը սպասարկել-իրագործելու հեռանկարը։
ՀՀ-Ադրբեջան խաղաղ, նորմալ, բարիդրացիական հարաբերությունները, այո՛, այլեւս անպիտան են դարձնում քաղաքական գործունեության հսկայական տարածք, որտեղ այժմ ընդդիմությունը սրտի ուզածի չափով ու ձեւով «վարում է ու ցանում» եւ այդտեղից քաղված պտուղներով էլ ապահովում է իր կենսագործությունությունը։ Հետեւապես, չկա Ադրբեջանից ՀՀ-ին ուղղված սպառնալիք, չկա նաեւ այդ սպառնալիքին հղում անելով քաղաքականությամբ զբաղվելու մոտիվացիա։
Պետք է արձանագրել՝ այսօր Ալիեւն է հայաստանյան ռադիկալ ընդդիմության քաղաքական մուսան ու մոտիվատորը, այդ որակի ընդդիմության գոյության ու լինելիության երաշխավորը, ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերին հղում անելով է, որ ընդդիմությունը վաստակում է իր «հանապազօրյա հացը», հետեւապես, այդ հացից չզրկվելու համար զբաղված է ոչ թե հաց տվողի «ձեռքի մեջ թքելով»՝ դրա տիրոջ թեզերը ջախջախել, չեզոքացնելով, այլ այդ ձեռքը համբուրելով՝ հիշյալ թեզերը շնորհակալաբար գեներացնելով։
Ալիեւ-ռադիկալ ընդդիմություն այս սիմբիոզը պարզապես կդադարի գոյություն ունենալ, եթե կյանքի կոչվի խաղաղության գործընթացը։ Արդ, ընդդիմությունը սեփական «գոյության կռիվն» է տալիս՝ կռվելով պետությա՛ն գոյության, դրա ինքնիշխանության, անվտանգության եւ այս ամենի երաշխիքի՝ խաղաղության դեմ։ Այդ կռիվը արդյունավետ դարձնելու նպատակով է, որ հայրենի օպոզիցիան ամեն կերպ փորձում է զրոյացնել երկար բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի իրավա-քաղաքական, բովանդակային նշանակությունը՝ այն համարելով ՀՀ-ի կողմից «միակողմանի կենսական զիջումների», ընդհուպ՝ «կրկնակապիտուլյացիայի» փաստաթուղթ։
Զարմանալի է այդ դեպքում, թե ինչու է Ադրբեջանը չեմուչում անում, ավելի ճիշտ՝ տորպեդահարում ՀՀ-ի «կրկնակապիտուլյացիայի» (այս տերմինը ցնդաբանության ժանրից է) ստորագրումը, որի դեպքում կհասնի գերիշխանության ՀՀ-ի նկատմամբ: Տարօրինակ է, չէ՞, Հայաստանին պարտադրել կապիտուլյացիոն թուղթ, որտեղ, ըստ ընդդիմության տրամաբանության, արտացոլված են միայն ՀՀ-ի կողմից կատարվելիք զիջումներ եւ հապաղել դրա ստորագրման հարցում: Ընդդիմության այս վարքագիծը՝ անել դավադրապաշտական վերլուծություններ՝ ամբողջապես ծանոթ չլինելով ու միաժամանակ նենգափոխելով փաստաթղթի բովանդակությանը, հիշեցնում է Խորհրդային միության տարիներին հայտնի դարձած մի արտահայտություն՝ «չեմ կարդացել, բայց դատապարտում եմ»։
«Հակասովետական» գրող համարվող Բորիս Պաստեռնակն իր հայտնի «Դոկտոր Ժիվագո» վեպն ավարտելուց հետո առաջարկել էր հեղինակավոր հրատարակչություններին տպագրել այն, բայց մերժում էր ստացել, քանի որ ստեղծագործությունը համարվել էր սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներից շեղված: ԽՍՀՄ գրողների միության նիստերից մեկի ժամանակ էլ գրականագետներից մեկը՝ Անատոլի Սաֆրոնովը, խոսելով վեպի մասին, նետել էր՝ «չեմ կարդացել, բայց դատապարտում եմ»:
Հայրենի ընդդիմադիրները, փաստորեն, Սաֆրոնովի օրն են ընկել՝ «չեն կարդացել», բայց «նա վսյակի» դատապարտում են։ Սա այն ընդդիմությունն է, որը նախկինում եղել է իշխանություն ու այդ կարգավիճակում բանակցել ԼՂ խնդրի ԽԱՂԱՂ կարգավորման շուրջ ու, ըստ էության, փակուղի մտած բանակցությունների, այն է՝ «ձախողված խաղաղության, հետաձգված պատերազմի» «քեյս» ժառանգություն թողել հաջորդ՝ ներկայիս իշխանությանը։ Դրա աղաղակող վկայությունը, չպիտի հոգնել կրկնելուց, 2016 թվականի Ապրիլյան պատերազմն էր, ապաեւ՝ դրանից երկու տարի անց՝ 2018-ի ապրիլին, նախկին նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի հանրահայտ «ախտորոշումը»՝ «բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում»։
«Բայց, ավելի հստակ ասեմ, բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է, կանգնած է, որովհետեւ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»,- ասել էր Սարգսյանը։
Այս անհերքելի իրողությունը ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ կրկին արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն էր, որ դուրս թռավ ու ասաց՝ կապիտուլյացիա։ Էն բանակցային բովանդակությունը, որը 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել էր, էդ կետից որեւէ հնարավորություն չկար՝ որեւէ մի հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լիներ ձեւակերպել այլ կերպ, քան՝ կապիտուլյացիա»։
Սերժ Սարգսյանը, նկատենք, 2018-ի իր ելույթում նաեւ հավելել էր․ «Այլեւս, գոնե շատ տեւական ժամանակ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»։
«Ուխտադրուժ մոտեցումներին» դեռ կանդրադառնանք, իսկ այժմ վերադառնանք խաղաղության գործընթացի դեմ ընդդիմության մղած պայքարի մյուս ասպեկտին․ 44-օրյա պատերազմի ողբերգության ու հետպատերազմական ծանր հետեւանքների միջով անցած ՀՀ քաղաքական ղեկավարության բանակցած փաստաթուղթը, բնականաբար, սոցիալ-հոգեբանական դիսկոմֆորտ, եթե չասենք՝ խանդի զգացում է հարուցում նախկին իշխանության մոտ՝ ենթադրաբար ստիպելով անել նման եզրահանգում՝ մենք փորձեցինք կարգավորել ԼՂ խնդիրը, բայց չկարողացանք, 2018-ին էլ հեռացվեցինք իշխանությունից, իսկ գործող իշխանությունը, ահա, այսքան արհավիրքներից, ընդհուպ՝ Ղարաբաղի հայաթափումից հետո նույն ղամմազ Ալիեւի հետ կարողացել է բանակցել ու ստորագրման հանգրվանին հասցված փաստաթուղթ ստանալ։ Ուստի, պետք է «սղոցել, Շուռա»՝ անել ամեն բան, որպեսզի մեր օրոք բանակցված ու տապալված գործընթացը տորպեդահարվի ու տապալվի նաեւ գործող իշխանության օրոք։
Հետեւություն՝ երբ ընդդիմությունն ազդարարում է, թե՝ «մենք դեմ չենք խաղաղությանը», իրականում ասել կուզի հետեւյալը՝ դեմ ենք Փաշինյանի՛ ու նրա Կառավարության օրոք բանակցված խաղաղությանը։ Այս համատեքստում լեգիտիմ հարց է ծագում՝ եթե հրաշք տեղի ունենա, ասենք՝ մոլորակներն ու աստղերն այնպես դասավորվեն, որ ընդդիմությանը հաջողվի անել իշխանափոխություն (Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «կրկին փորձել»), այդու խաղաղության ինչպիսի՞ օրակարգ է բանակցելու, ի՞նչ կետերի, պայմանների ու պահանջների առաջադրմամբ։ Արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթուղթը, ասենք, Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից հանդիսավոր կերպով պատառոտելո՞ւ է, ինչպես, օրինակ, երկու տարի առաջ՝ 2022-ի աշնանը, պատռեց խաղաղության պայմանագրի «ամերիկյան պլանը», որը ընդդիմադիր պատգամավորը արտատպել էր մամուլից։
Այս հարցերի ողջամիտ պատասխանները, ի դեպ, ընդդիմությունը ցայսօր չի տվել, համոզված ենք՝ այդպիսի պատասխաներ չունենալու պատճառով, եւ իր «ունայն, անգաղափար» լինելը փորձում է կոծկել «ոչ թե պատգամը, այլ՝ պատգամաբերի անձը» քննադատելով («argumentum ad hominem»), թե՝ «պարտված, նվաստացված» իշխանությունը չի կարող արժանապատիվ դիրքերից բանակցել ու նույնպիսի խաղաղություն բերել։ Իսկ մենք, ահա, կբանակցենք բոլորովին այլ դիրքից, իմա՝ «սեփական կետից» եւ Ալիեւին կստիպենք կակղել ու ենթարկվել մե՛ր կամքին ու «կապրիզներին»։
Այլ բան չի մնում, քան արձանագրելը՝ եթե ստիպող, կակղեցնող, ենթարկեցնող էիք, ձեր իշխանավարման օրոք ենթարկեցնեիք՝ որպես Արցախյան առաջին պատերազմում «հախթանակած», «արժանապատիվ ու չնվաստացված», նախագահներ, «տաղանդավոր ու ձեռնահաս» բանակցողներ, մի երկրի, որը չէր անցել 44-օրյա ծանր պատերազմի միջով ու սակարկելու լայն դաշտ ու հնարավորություններ ուներ։
Հաշվի առնելով ընդդիմության նախորդիվ ցուցաբերած բանակցային վարքագիծը՝ կարելի է ենթադրել, թե ինչ տրամաբանությամբ է տեղի ունենալու «արժանապատիվ խաղաղության» բանակցումը։ Ըստ ամենայնի` այն կսկսվի այն կետից (նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ), որի վրա մատը կդնի ՀՀ ռազմավարական դաշնակիցը, եւ որի «բարեխիղճ խնամակալության» վրա հույսը դնելով էլ, թե՝ Ադրբեջանին թույլ չի տա «իր գլխից թռչել» ու ԼՂ խնդիրը լուծել պատերազմի միջոցով, պարոնայք «խաղաղաբերները» բանակցում էին իրենց ժամանակ՝ «հա» ասելով կարգավորման բոլոր տարբերակներին եւ ապավինելով «ստատուս քվոյի» պահպանման ռազմավարությանը։ Թե ինչի հանգեցրեց այդ վարքագիծը, տեսանք 2016-ի եւ 2020-ի պատերազմների տեսքով։
Այս՝ «աղետի դեղատոմսի» ջատագով նախկին ԱԳ նախարարներից մեկը 2021-ին հրապարակված իր հոդվածում ստիպված էր խոստովանել՝ 1994-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս-քվոն հիմք չծառայեց հաջորդ 25 տարիներին խաղաղության հաստատմանը։ Եթե ընդդիմությունը կարծում է, որ խաղաղության իրենց «դեղատոմսը» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի անվերապահ կատարումն է լինելու (բնականաբար, Կրեմլի մեկնաբանմամբ), որից հետո հնարավոր կլինի «լիցքաթափել» մթնոլորտն ու գործընթացը տանել սառեցման, այն է՝ Հայաստանը վերադարձնել նախապատերազմյան՝ «ստատուս քվոյի» պահպանման ռեժիմին, ապա թերեւս պետք է արձանագրել, որ նման ռեժիմի բոլոր՝ իրավական, քաղաքական եւ հատկապես աշխարհաքաղաքական նախադրյալները սպառվել են առնվազն 2020 թ․սեպտեմբերի 27-ից եւ 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։
Դինամիկ զարգացող, վերաձեւումների ենթարկվող, միջազգային իրավունքի ճգնաժամ ապրող աշխարհում Հայաստանն այլեւս չի կարող հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը հետաձգելու կամ կախակայելու ճոխություն թույլ տալ՝ հույսը դնելով ժամանակի գործոնի, «հալբաթ մի դուռ կբացվի»-ի վրա՝ ակնկալելով երրորդ երկրի ողորմածությանը կամ էլ անվտանգային կոլեկտիվ կառույցի «բարի կամքի» դրսեւորմանը։ Այսպիսի ակնկալիքների վրա հիմնված ռազմավարությունը երկիրը կամավոր ինքնաոչնչացման, ինքնալուծարման, եթե կուզեք՝ կապիտուլյացիայի տանող ճանապարհն է։
Իր վերջին հարցազրույցում էլ խոսելով խաղաղության երաշխավորների մասին՝ ՀՀ վարչապետը շեշտեց՝ ինստիտուցիոնալ, երկարաժամկետ խաղաղությունը, հարեւանների միջավայրում ապրելու հմտությունն ու կարողությունը եւ, իհարկե, պաշտպանունակ բանակն են երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, ոչ թե ՀՀ անվտանգության երաշխավորման առաքելությունը ստանձնած երկրները կամ կառույցները։ Չկա անվտանգության երաշխավորման ավելի գործուն գործիքակազմ, քան ինքը՝ խաղաղությունը։
Հետգրություն՝ հույս ունենանք, որ խաղաղությանը «կողմ ըլլալով՝ միաժամանակ դեմ ըլլացող» ընդդիմությունը գոնե 5 կետով կհրապարակի խաղաղության պայմանագրի իր՝ այլընտրանքային, պրոհայաստանյան, սուպերահայրենասիրական եւ ուլտրաազգային պլանն ու դրա իրագործման ճանապարհային քարտեզը։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT