Երևան
12 °C
Խորհրդարանական կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, մեկ տարուց ավելի է՝ բանավիճում են հայտնի «գաղտնի» 004 շրջաբերականի տեքստի շուրջ, որը, ըստ հրապարակումների, ունի հետևյալ բովանդակությունը․
«կետ 15... Նկատի ունենալ նաև որ Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն.
կետ 16.- աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»[1]:
Դաշնակցությունը պնդում է, թե իշխանությունները մանիպուլացնում են իրենց հայտնի «գաղտնի» շրջաբերականի բովանդակությունը։ Իշխանությունները առաջարկում են Դաշնակցությանը հերքել շրջաբերականի գոյությունը, եթե այն կեղծ է։ Սակայն այս հոդվածում իմ խնդիրը այն չէ՝ պարզել, թե արդյոք 004 շրջաբերականը գոյություն ունի՞։ Իմ խնդիրը 004 շրջաբերականի տրամաբանությունից բխող քաղաքական գաղափարախոսության ակունքները տեսանելի դարձնելն է։
Հայտնի է, որ ՀՅԴ քաղաքական նպատակը ձևակերպվում է որպես «ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» տեսլական։ Ազատն ու անկախը հասկանալի է, փորձենք հասկանալ, թե ինչ նկատի ունի ՀՅԴ-ն միացյալ ասելով։ Սա դաշնակցական հողահավաքի ծրագիրն է, ըստ որի «Հայաստանը» (Հայաստանը այստեղ գրում եմ չակերտներում, որովհետև մինչև այսօր էլ ինձ համար պարզ չէ, թե ինչ նկատի ունեն դաշնակցականները «Հայաստան» ասելով) իր մեջ պետք է ներառեր ոչ միայն Սովետական Հայաստանի տարածքը, այլ նաև Ղարաբաղը, Նախիջևանը, Ջավախքը, ինչպես նաև Սովետական Հայաստանի տարածքից դուրս գտնվող բոլոր այն հողերը, որոնք ՀՅԴ–ն համարում է պատմական Հայաստան։ Սակայն դաշնակցական «խորամանկ» ծրագրի միակ խոցելիությունն այն էր, որ անհնար էր այդ ծրագրի միացյալ բաղադրիչին հասնել, եթե առկա էր անկախ բաղադրիչը։
Դեռևս 1970-ականներին, երբ անկախության առաջին ծիլերն էին հայտնվել ներհայկական խոսույթում, Դաշնակցությունը իր հայտարարություններով ցույց է տալիս, որ հայկական հողահավաքի գաղափարը և անկախությունը տեսնում է հակադրության մեջ․ «առանց Խորհրդ. Հայաստանի անհնարին է պատկերացնել միացեալ եւ անկախ Հայաստանը եւ միաժամանակ անհնարին է անջատել այդ Հայաստանը Խորհրդային Միութիւնից»[2],-նշում է ժամանակի դաշնակցական գաղափարախոսներից Էդուարդ Հովհաննիսյանը, որ, ինչպես դաշնակցության պաշտոնական կայքում է նկարագրված, կանգնած էր ՀՅԴ հայաստանյան կառույցի վերստեղծման ակունքներում 1973 թվականի իր մի հոդվածում։ Այլ կերպ ասած՝ դաշնակցականի պատկերացրած «միացեալ Հայաստանը» Խորհրդային կայսրության սահմանների ընդլայնումն էր՝ ի հաշիվ Թուրքական կայսրության։
Ըստ դաշնակցական ծրագրի՝ Ռուսաստանը մեզ պետք է նվիրեր միության ներսում մեզ պատկանող հողերը և ապա նվաճեր ու մեզ նվիրեր նաև միությունից դուրս գտնվող պատմական Հայաստանը․ «եթէ հնարաւորութիւն լինի Արեւմտեան Հայաստանի հողերը կցել Խորհրդային Հայաստանին և ունենալ ոչ անկախ և ոչ էլ ազատ, բայց միացեալ Հայաստան, ի՞նչ է, մենք չենք օգտագործելու այդ հնարաւորութիւնը»[3], հարց, որից բխում է տրամաբանական եզրակացությունը՝ «Որքան հաւատարիմ ծառայի Հայաստանը Մոսկւային, այնքան շատ կարող է գործել նա ազգային ասպարէզում։ Որքան խելացնոր լինի ծափահարութիւնների աղմուկը Մոսկւայի հասցէին, այնքան շատ ազատութիւն նա ձեռք կը բերի իր համար։ Իսկ ծափահարել պէտք է անկեղծօրէն, համոզւած լինելով, որ ոչ ոք չի խաբւի կեղծիքից։ Պէտք է ծափահարի ամբողջ ազգը, հաւատացած լինելով որ դա է միակ ճանապարհը դէպի ազգային պետականութիւնը»[4]։
Երբ 1988 թվականին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Դաշնակցությունը խանդավառությամբ սկսեց աջակցել այդ գործին՝ ակնկալելով, որ ահա իրական հնարավորություն է ստեղծվում միացյալ Հայաստանի իրենց տեսլականի իրականացման համար։
Արդարության համար պետք է նշել, որ Ղարաբաղյան շարժումը և Խորհրդային Միության քայքայումն ու միութենական պետությունների անկախության գործընթացները ժամանակագրորեն հաջորդեցին և նույնիսկ համընկան միմյանց հետ։ Սա պատճառ էր, որ որոշ քաղաքական գործիչների ընկալումներում այս երկու գործընթացները բխեցվեն մեկը մյուսից, կամ նույնիսկ նույնացվեն։ Որոշ քաղաքական գործիչներ այսօր էլ պնդում են, որ Հայաստանի անկախության հիմքում ընկած է Ղարաբաղի շարժումը, իսկ ոմանք ավելի հեռու են գնում՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է, որպեսզի սպասարկի Ղարաբաղի հարցը․ «Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը ունի առաքելություն՝ տեր կանգնել Արցախին։ Եթե մենք հրաժարվում ենք այդ առաքելությունից, վերանում է Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը»,- 2023 թվականի սեպտեմբերի 2-ի հանրահավաքում պնդում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը, ինչը, ըստ էության, այս աղճատված ընկալումների շարունակությունն է։
Սկսած 1988 թվականից՝ Դաշնակցությունը ակտիվորեն դեմ էր արտահայտվում Հայաստանի անկախությանը՝ պնդելով, որ դա անհամատեղելի է Ղարաբաղի հարցի լուծման հետ։
Հիմա, երբ անկախ Հայաստանում սերունդ է մեծացել, անպատկերացնելի է թվում, թե ինչպես հայկական կուսակցություններից մեկը կարող էր կատաղի պայքար մղել Հայաստանի անկախության գաղափարի դեմ։ Թե ինչպիսի հակաանկախական հայտարարություններով էր լեցուն դաշնակցական մամուլը («Դրօշակ» պաշտոնաթերթ, «Ալիք» (Իրան), «Յուսաբեր» (Եգիպտոս), «Արձագանք» (Կիպրոս) և այլն), մեջբերել եմ Ազգային Ժողովի 2024 թվականի մարտի 25-ի ելույթումս[5]:
Դաշնակցության համար Ղարաբաղի հարցի լուծումը կյանքի-մահու հարց էր, որի համար նա պատրաստ էր զոհասեղանին դնել իր սեփական գոյությունը և Հայաստանի հավանական անկախությունը․ «Արցախը Հայ Դատի լուծման փորձնաքարն է։ Եթէ մենք միասնական ճիգերով չլուծենք այդ հարցը, թէ՛ Հայաստանի անկախութիւնը և թէ Դաշնակցութեան գոյութիւնը կը կորցնեն իրենց իմաստը»[6]։ Հանուն այդ «ազգային» նպատակների Դաշնակցությունը համաձայն էր ոչ թե միայն ժամանակավոր, այլ նույնիսկ մեկընդմիշտ հրաժարվել Հայաստանի անկախության գաղափարից․ «Եթէ մեր ազգային ու մարդկային նպատակներին կարելի է հասնել ուրիշ ճանապարհով, ապա ժամանակաւոր կամ նոյնիսկ ընդմիշտ կարելի է հրաժարւել անկախութիւնից»[7]։
Դաշնակցությունը բազմաթիվ անգամներ, հրապարակային և բարձրաձայն հայտարարում է, որ անկախության շարժումը Լեռնային Ղարաբաղի շարժմանը վնասող կամ նույնիսկ հակադիր է, օրգանապես անհամատեղելի երևույթ, այդ շարժումը վնասում է Ղարաբաղի հարցի լուծմանը իր էության մեջ։
1988 թվականից Դաշնակցությունը ակտիվորեն և ագրեսիվորեն զարգացնում է այդ թեզը․ «Բացի դրանից՝ հանրաքւէի անցկացումը կարող է նաեւ վտանգաւոր լինել։ Եթէ մեր ժողովուրդը մեծամասնութեամբ քւէարկի Խորհրդային Միութիւնից անջատւելու օգտին, դա մեր ժողովրդին ոչինչ չի տայ, բացի նրանից, որ Մոսկըւայի ղեկավարութիւնը եւ հէնց ռուս ժողովուրդը կ’արձանագրի մեզ «սեւ ցուցակում», այստեղից բխող բոլոր վտանգաւոր հետեւանքներով։ Հայաստան կ’ուղարկւեն ռուս ղեկավարներ, Ադրբեջանը կ’օգտուի դրանից «Ղարաբաղի հարցը» վերջնականապէս փակելու համար»[8]։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը 1988-ի աշնանը ծայրահեղ էր համարում այն ազգային գործիչներին, որոնք Երևանի փողոցներում Հայաստանի անկախության և Խորհրդային Միությունից անջատվելու պահանջներ էին դնում․ «ՀՅԴ-ն (Հայաստանի) անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը: Սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախության պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիքն ունի»[9]:
Այս շարժումը կասեցնելու համար նույնիսկ Հայ ավանդական երեք կուսակցությունները 1988-ի հոկտեմբերին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի և Ղարաբաղի «արի ժողովրդին, որ խուսափեն ծայրահեղ կեցվածքներից, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կյանքի կարգուկանոնը <...> ինչպես նաև բնականոն հարաբերությունները՝ լինեն խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե խորհրդային մյուս հանրապետությունների հետ»[10]:
Հետագայում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը «Հայաստան» թերթին տված հարցազրույցում`լրագրողի հարցին ի պատասխան, պարզաբանում է, թե ինչ են նկատի ունեցել կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ «ծայրահեղ» բառի ներքո․ «Ծայրայեղ կը նկատենք այն ազգայինները - որոնց հակազդեցութիւնը, ի դէպ, կը հասկնանք -, որոնք երեւանի փողոցներուն մէջ Հայաստանի անկախութեան եւ խորհրդային Միութենէն անջատման պահանջներ կը դնեն»[11]։
1990 թվականին`անկախության հռչակմանը նախորդող տարում, երբ Խորհրդային կենտրոնական իշխանությունները քաղաքական ճգնաժամի շեմին էին, Դաշնակցության հետևողական գաղափարական գիծը մնում էր Խորհրդային իշխանություններին/Ռուսաստանին հավատարմություն հայտնելու քաղաքականությունը․ «Բոլոր հանրապետութիւնները անկախութեան իրարանցումի մէջ են, իսկ հայութիւնը կարող էր իր յստակ յայտարարութիւններով ցոյց տալ, որ երբեք չի խզի իր յարաբերութիւնները ռուս ժողովրդի հետ»[12], և դարձյալ այս հարցը հակադրվում էր Լեռնային Ղարաբաղի հարցին․ «Եթէ մենք պաշտպանենք հանրապետութիւնների անկախութեան գաղափարը, ապա դաւաճանած կը լինենք արցախցիներին»[13]։
1991-ը անկախության հանրաքվեի տարին էր, և Դաշնակցության պայքարը գնալով դառնում էր էլ ավելի կատաղի։ Դաշնակցության «խորամանկ» պլանը այս անգամ մյուս ժողովուրդներին Խորհրդային Միությունից դուրս մղելն էր և միայնակ՝ ինքնավար հանրապետությունների հետ, Խորհրդային Միության կազմում մնալը, ինչը, ըստ այդ տրամաբանության, ինքնաբերաբար հանգեցնելու էր ավելի մեծ Հայաստանի․ «Մինչդեռ անկախութիւն ձեռք բերելու ռազմավարութիւնը կարող էր լինել հետեւեալը, անկախ նրանից՝ սիրո՞ւմ ենք մենք Գորբաչեւին, Ռայիսային, ռուսներին կամ կոմունիստներին՝ մենք չենք ուզում դուրս գալ Խորհրդային Միութեան կազմից ու պիտի միշտ մնանք մեծ ռուս ժողովրդի հետ։ Եթէ ադըրբեջանցիները ուզում են դուրս գալ, թող դուրս գան, բայց իրենց հետ չեն կարող տանել Արցախը և Նախիջեւանը։ Վրաստանը նոյնպէս կարող է դուրս գալ, թողնելով երկրում Ջաւախքը», «Եթէ բոլոր հանրապետութիւնները ուզում են դուրս գալ, իսկ Հայաստանը մնում է ռուսների հետ, ապա այս երկու ժողովուրդները պէտք է ընդհանուր սահման ունենան, չէ՞ որ մէկ պետութեան մէջ են մտնում։ Ուրեմն այդ սահմանը պիտի ստեղծւի, գուցէ աբխազներին միացնելով Հայաստանին»[14]։
Եվ դարձյալ Դաշնակցությունը հետևողականորեն շարունակում է մատնանշել այն հակադրությունը, որ առկա է Հայաստանի անկախացման ձգտումների և Լեռնային Ղարաբաղի հարցի «հայանպաստ» լուծման միջև․ «Չի չի կարող հայ ժողովուրդը ոերւէ քաղաքական քայլ կատարել, առանց հաշւի առնելու Արցախի խնդիրը։ Իսկ սա նշանակում է, որ չի կարող Արցախը մնալ Ադրբեջանի կազմի մէջ, երբ Հայաստանը դուրս է գալիս միութիւնից։ Սա կը լինի դաւաճանութիւն արցախցիների նկատմամբ»[15]։
Ուշագրավ է, սակայն, որ Դաշնակցությունը և դաշնակցականները միակը չէին, որ տեսնում էին այս երկու հարցերի միաժամանակ լուծման անհամատեղելիությունը։ 1990 թվականին տված մի հարցազրույցում Վազգեն Մանուկյանը նկատում է․
«Մեր ժողովրդի ազգային, քաղաքական նպատակները երկուսն են․ անկախ պետականության վերականգնումը և հողային հարցը, այսինքն, մեզնից բռնագրավված հողերի վերադարձը: <...>
Քաղաքական այս երկու նպատակները երբեմն միացնում են մի բանաձևի մեջ․ միացյալ, անկախ Հայաստանի ստեղծում: Պիտի նկատել սակայն, որ այդ երկու խնդիրներն ինչ-որ իմաստով նույնիսկ իրարամերժ են»[16]։
Դաշնակցության և Վազգեն Մանուկյանի տարբերությունը պատմական այս փուլում այն էր, որ եթե Դաշնակցությունը առաջին տեղում դնում էր Ղարաբաղի հարցը, ապա Մանուկյանի համար առաջին տեղում Հայաստանի անկախությունն էր․ «այժմ մեր ժողովուրդը պետք է կենտրոնանա անկախ պետականության վերականգնման խնդրի վրա»,-շարունակում է գործիչը նույն հարցազրույցի մեջ։
Չնայած դաշտում առկա քաղաքական այս գիտակցմանը՝ անկախության հռչակումը ազդարարող փաստաթղթում Սովետական Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց Ղարաբաղի հարցը ներառել այդտեղ։ Ժամանակի իշխող կուսակցությունը այդ փաստաթուղթը անվանում էր բացառիկ կոնսենսուսային։ Չնայած փաստաթղթի այդպիսի մեկնաբանությանը՝ բավական է կարդալ միայն, թե այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության մասին հիշատակելու վերաբերյալ ինչ դիրքորոշում ուներ, որը նկարագրված է Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից․ հայերը և թուրքերը» գրքում․ Հայոց Ցեղասպանության դրույթը անկախության հռչակագրում ներառելու մասին․ «Նախագահ Տէր Պետրոսեանը շատ հանգամանալից ու համոզիչ կերպով բացատրեց, որ Ցեղասպանութեան հարցը Հայաստանի անկախութեան հռչակագիրին մէջ դնելը քաղաքական եւ դիւանագիտական տեսակէտէն ճիշդ չէ, որ անոր կարելի է մէկ ուրիշ փաստաթուղթի մը մէջ անդրադառնալ: Նոյնը շատ հիմնաւոր կերպով բացատրեցին նաեւ 6-7 երեսփոխաններ: Սակայն հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ ալ յաղթեց բանականութեան»[17]։ Փաստորեն, այդ փաստաթուղթը ոչ թե կոնսենսուսային, այլ կոմպրոմիսային է․ կոմպրոմիս, այսպես ասած, «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» (միացյալ Հայաստանի) միջև, որտեղ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ամբողջապես դրսևորվելու և իրացվելու շանս չունեին, ինչպես կարելի է հասկանալ վերը շարադրվածից։ Սակայն մի կողմ թողնենք անկախության հռչակագիրը և վերադառնանք Դաշնակցությանը։
Անկախության հանրաքվեից հետո Դաշնակցությունը մի տեսակ նեղացած կեցվածք ընդունեց ու շարունակեց նախատել հայ ժողովրդին Միությունը քայքայելու համար․ «մենք առաջարկում էինք մեր ժողովրդին զուսպ լինել Խորհրդային Միութիւնը քայքայող ուժերին յարելու մէջ, որովհետեւ այդ ուժերը նախ հայկական չեն, ապա ազգային ինքնապաշտպանութեան մեր խնդիրները չունեն։ Բայց մեր ժողովուրդը որոշեց իր ձայները տալ ոչ թէ Հայաստանի անկախութեան, այլ միութիւնը քայքայողների կողմնակիցներին»[18]։
Անգամ Հայաստանի անկախության հանրաքվեից և հռչակումից հետո Դաշնակցությունը չհանձնվեց և սկսեց նորանոր պլաններ գծել, թե ինչպես պետք է լուծի Ղարաբաղի հարցը՝ վերականգնելով այն անդառնալի վնասը, որ տվել էր «ազգային» հարցին անկախության հանրաքվեն։ Այս անգամ պլանը ավելի քան պարզ էր․ վերականգնել Խորհրդային Միությունը, որտեղ մեկ ընդհանուր միության կազմում պետք է, ինչպես հայտնի «գաղտնի» շրջաբերականում է ասվում, «Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։
1992 թվականին, երբ ԱՊՀ-ի ստեղծումով Խորհրդային Միությունը վերակազմելու նոր հույսեր էին արթնացել դաշնակցական շրջանակներում, նույն Էդուարդ Հովհաննիսյանը լծվում է Ռուսաստանի հետ ընդհանուր միությունը վերականգնելու ակտիվ քարոզին․ «Այս պայմաններում, շատ աւելի լաւ կը լինէր, որ մեր արտաքին ու ներքին պաշտպանութեան հարցերը յանձնւէին մէկ ուրիշի, որպէսզի մենք կարողանայինք նախապատրաստւել մեր իրական անկախութեանը։ Այս կացութիւնը կարող է ստեղծւել վերականգնած միութեան մէջ։ Ուրեմն, ինչո՞ւ մենք չդառնանք միութիւնը վերականգնելու նախաձեռնողներից մէկը»[19]։
Ի հեճուկս Հայաստանի և մյուս երկրների անկախության՝ Դաշնակցությունը դեռ երկար շարունակում է զարգացնել այդ գաղափարը․ եթե Հայաստանը դառնա Խորհրդային կայսրության վերականգնման նախաձեռնողը, հնարավոր է՝ Մոսկվան մեզ որոշ հողեր տրամադրի որպես նվեր մեր կատարած ծառայությունների դիմաց․ «անհրաժեշտ է վերականգնել Միութիւնը և դրա համար Հայաստանը առաջարկում է Ռուսաստանին կազմել առայժմ հայ-ռուսական միութիւն, ապա հրաւիրել այդ միութեան մէջ բոլոր ցանկացողներին։ Եթէ Հայաստանի կառավարութիւնը ունենայ այս քայլին դիմելու արիութիւնը, ապա Հայաստանի և նրա նախագահի անունը չի իջնի միջազգային մամուլի էջերից, իսկ ինքը՝ առաջարկութիւնը կը ստանայ հայկական նախաձեռնութիւն անունը։ Ռուսաստանը և ռուս ժողովուրդը երախտապարտ կը լինեն Հայաստանին և հայ ժողովրդին ու կը յայտարարեն, որ նոր դաշնակցային պետութեան դռները բաց են բոլոր ցանկացողների համար, ինչպէս նշւած էր միացեալ ընդդիմադրութեան յայտարարագրում, և այդ դռներով նոր միութեան մէջ կ’անցնեն Հարաւային Օսեթիան, Լեռնային Ղարաբաղը, աբխազները և շատ ուրիշներ, որոնք հասկացել են, թէ որքան դժւար է դատարկ տեղում պետութիւն կառուցելը»[20]։
1993 թվականից Դաշնակցությունը առաջ է մղում այն գաղափարը, որ Ղարաբաղի հարցի լուծումը Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելն է․ «Երբ մենք խօսում ենք Լեռնային Ղարաբաղի անկախութեան մասին, բնականաբար ի նկատի ունենք անկախութիւն Ադրբեջանից։ Սա նշանակում է, որ բացառւած չէ այն տարբերակը, որ Ղարաբաղը, անկախանալով Ադրբեջանից՝ մտնի մէկ ուրիշ պետութեան, օրինակ՝ Ռուսաստանի կազմի մէջ։ Եւ այս իմաստով ի յայտ է գալիս Ղարաբաղի հարցը լուծելու երրորդ տարբերակը, որի համար շուտով, հաւանաբար, ստեղծւեն համապատասխան պայմաններ»[21]։ Ավելին, Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ Հայաստանը կարող է պարգևատրվել, եթե ինքը լինի այդ «անխուսափելի» վերամիավորումը նախաձեռնող առաջամարտիկը, և միևնույն ժամանակ հուսահատորեն նշում, որ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը այդչափ քաղաքական հեռատեսություն չունի․ «Յաջորդ քայլը, հաւանաբար, լինելու է նոր միութեան մէջ վերադառնալու կոչը, <...> Եւ եթէ նման կոչ Ռուսաստանը իսկապէս հռչակի, Լեռնային Ղարաբաղը պիտի լինի կոչին դրականօրէն արձագանքողների մէջ առաջինը։ Դժւար է հաւատալ, որ Հայաստանի ներկայ ղեկավարները կ’ունենան դրականօրէն այդ կոչին արձագանքելու իմաստութիւնը»[22]։
Ու թեև Միությունը վերականգնելու հնարավորությունները աստիճանաբար թուլանում էին, դրան զուգահեռ տեղի էր ունենում մեկ այլ գործընթաց՝ նորանկախ Հայաստանի քաղաքական մտքի մեջ աստիճանաբար արմատավորվում էր դաշնակցական մտածողությունը, ժամանակի ընթացքում Դաշնակցությունը դադարում է զուտ կուսակցություն լինելուց և վերածվում է քաղաքական մտքի ձևի։ Այդ քաղաքական բանաձևը կարճ կարելի է ձևակերպել այսպես․ «զիջենք անկախությունը, պահենք Ղարաբաղը»։
Միությունը, իհարկե, չվերականգնվեց, բայց Դաշնակցական գաղափարախոսությունը Հայաստանում դարձավ գերիշխող, և Հայաստանի բոլոր իշխանությունները այս կամ այն չափով շարժվեցին ինքնիշխանությունը զիջելու և Ղարաբաղը պահելու քաղաքական ծրագրով։ Այս ծրագիրը քիչ թե շատ չափով իրականացրել են Հայաստանի բոլոր իշխանությունները․ հիշենք՝ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, բաշխիչ ցանցերը, «Հայռուսգազարտը», «Ռոսատոմը» «Գույք պարտքի դիմացը», երկաթուղին, ավիաուղին և այսպես շարունակ։ Այս մտածողության գագաթնակետը եղավ 2013 թվականին Զորի Բալայանի բաց նամակը Վլադիմիր Պուտինին, որտեղ հայտնի մտավորականը, ըստ երևույթին, ճանաչում էր Ռուսաստանի իրավազորությունը Գյուլիստանի պայմանագրով իրեն բաժին հասած տարածքների՝ այդ թվում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և կոչ էր անում տեր կանգնել իր տարածքներին։
Այս բոլոր և այլ մանրումեծ զիջումները շարունակվեցին մինչև որ Հայաստանը նկատեց, որ այլևս «բանկրոտ» է և ոչինչ չունի տալու Ռուսաստանին «Ղարաբաղի դիմաց»։ Սակայն ամենատխուրն այն է, որ իրականում ինքնիշխանության այսպիսի զիջումների դիմաց Հայաստանը չստացավ և չէր էլ կարող ստանալ Ղարաբաղը։ Սրանք զիջումներ էին ոչ թե Ղարաբաղի հարցի լուծման, այլ ստատուս քվոն պահպանելու և Ղարաբաղի հարցի թնջուկը սերունդներին փոխանցելու դիմաց։
Իմ տպավորությամբ ինքնիշխանության այս սողացող նահանջը կանգ առավ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի իրադարձությունից հետո միայն, երբ Ռուսաստանը հասկացրեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը ինքը համարում է իր կայսրության ներքին սահմանները և առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում, թե որտեղ է վերջանում մեկը և սկսվում մյուսը։ Սա սթափեցնող պահ էր Հայաստանի համար, որի իշխանությունները գիտակցեցին, որ կամ հիմա կպաշտպանեն իրենց պետության տարածքային ամբողջականությունը կամ կուլ կգնան տասնամյակներ ի վեր արմատավորված այս մտածողությանը։ Այս իմաստով 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարությունը բեկումնային էր․ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,743 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»[23]։ Իմ համոզմամբ՝ հենց այս պահին է սկիզբ դրվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։
Այսօր էլ Դաշնակցությունը և դաշնակցական գաղափարախոսությունը կրող մյուս քաղաքական ուժերը պնդում են, թե Հայաստանը պետք է վերադառնա նոյեմբերի 9-ի 9-րդ կետին, զիջի միջանցքը և պահանջի նոր ստատուս քվո, որը ևս մի քանի տարով կհետաձգի և կխճողի խնդրի թնջուկը։
Այս կոնտեքստում, երբ բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Դաշնակցությունը և դաշնակցական մտածողությունը «Ղարաբաղի հարցի լուծում» ասելով միշտ և միայն հասկացել են, որ Հայաստանը և Ղարաբաղը պետք է միավորվեն մեկ պետության ներսում Ռուսաստանի հետ, այլևս ի՞նչ նշանակություն ունի, թե 004 շրջաբերականը իրակա՞ն է, կե՞ղծ, մանիպուլյատի՞վ, թե՞ «լամպի շուշա», եթե Հայաստանի Հանրապետության շուրջ ամբողջ դաշնակցական մտածողությունը կառուցված է 004 շրջաբերականի քաղաքական տրամաբանությամբ։
Այստեղ կարևոր է կարճ անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչ է առաջարկում Հայաստանի իշխանությունը ըննդեմ «միացյալ Հայաստանի» գաղափարախոսության, Հայաստանի իշխանությունը առաջարկում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Իսկ ի՞նչ է վերջին հաշվով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը․ մեծ հաշվով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր պատմական դեգերումները դադարեցնելու և որպես ժողովուրդ վերջապես հանդարտվելու մասին առաջարկ է։ Սեփական հայրենիքում նստած հայրենիք չփնտրելու մասին է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին Ազգային ժողովի նիստում մեկ նախադասությամբ ձևակերպեց «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը․ «Մեր երազանքների երկիրը Հայաստանի Հանրապետությունն է»։ Եվ իսկապես որ «ընտրությունը հիմա է»։
Թագուհի Ղազարյան
ԱԺ պատգամավոր
[1] Aniarc, Հայաստան/Արցախ-Ռուսաստան. հատվածներ ՀՅԴ թիվ 004 շրջաբերականից:
[2] է. Յովհաննիսեանի յօդւածների ժողովածուն տպագրւած «Դրօշակ»ում, Միւնխեն, 2009, Խորհրդային Հայաստանը անելիք ունի՞ արդեօք, էջ 525:
[3] է. Յովհաննիսեանի յօդւածների ժողովածուն տպագրւած «Դրօշակ»ում, Միւնխեն, 2009, Ինչո՞վ ինձ չի համոզում ընկերվարութիւնը, 1454:
[4] է. Յովհաննիսեանի յօդւածների ժողովածուն տպագրւած «Դրօշակ»ում, Միւնխեն, 2009, Խորհրդային Հայաստանը անելիք ունի՞ արդեօք, էջ 532:
[5] https://www.facebook.com/taguhi.ghazarian/videos/1684373925494899:
[6] Դրօշակ, 1992, թիվ 22 (1292), Փրկութեան ուղիները որոնելու անհրաժեշտութիւնը, էջ 7-10:
[7] է. Յովհաննիսեանի յօդւածների ժողովածուն տպագրւած «Դրօշակ»ում, Միւնխեն, 2009, Եթէ ուզում ենք լինել, Էջ 485-486:
[8] է. Յովհաննիսեանի յօդւածների ժողովածուն տպագրւած «Դրօշակ»ում, Միւնխեն, 2009, Մտորումներ նոր պայմանների մասին, էջ 596:
[9] Civilnet, Անկախության ճանապարհին. վերապահումներ ու մտահոգություններ:
[10] Դրօշակ, 1988, թիվ 13 (1212), Միացեալ յայտարարութիւն, էջ 2:
[11] Դրօշակ, 1989, թիվ 19 (1218), Հայ ժողովուրդը կը պաշտպանէ մեր գաղափարները, («Հայաստանի» հարցազրոյցը Հրայր Մարուխեանի հետ) էջ 4-7։
[12] Դրօշակ, 1990, թիվ 8, բացառիկ, Քաղաքականութեան դասեր, էջ 8-14:
[13] Դրօշակ, 1990, թիվ 8, բացառիկ, Քաղաքականութեան դասեր, էջ 8-14։
[14] Դրօշակ, 1991, թիվ 18-19 (1265), Հ. Յ. Դաշնակցութիւնը Հայաստանում, էջ 79-89:
[15] Դրօշակ, 1991, թիվ 1 (1271), Ինչո՞ւ են լռել մանսագէտները, էջ 4-6:
[16] «Հայք» 1990, համար 4, 5, Չորս հարց Վազգեն Մանուկյանին։
[17] Aniarc, Հայ քաղաքական միտքը եւ Թուրքիան՝ 1915-ը եւ Անկախութեան հռչակագիրը. 1988-1990թթ։
[18] Դրօշակ, 1991, թիվ 6 (1276), Բացայայտւում ենք դաւաճաններին բացայայտելու համար, էջ 11-13:
[19] Դրօշակ, 1992, թիվ 1 (1296), Հայ դատը եւ մեր ազգային վարդապետութիւնը, էջ 27-31:
[20] Դրօշակ, 1992, թիվ 1 (1296), Հայ դատը եւ մեր ազգային վարդապետութիւնը, էջ 27-31:
[21] Դրօշակ, 1993, թիվ 22 (1405), Ղարաբաղի խնդրի շուրջ, էջ 6-8:
[22] Դրօշակ, 1993, թիվ 22 (1405), Ղարաբաղի խնդրի շուրջ, էջ 6-8:
[23] Parliament.am, սղագրություններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան
Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եմենի վարչապետը հրաժարական է տվել
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ
Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ
Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև
«Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, կոտրել քարե պարիսպն ու կախվել
Մեդիան պետք է լինի չեզոք, փաստահեն՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի սպասարկելու գայթակղությունից. Բաղդասարյան
Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու
ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Պուտինը «կգնահատի» Վիտալի Բալասանյանի նամակը. Ռոբերտ Քոչարյանը Ալիևին մեսիջ է ուղարկել. Բլեյան. տեսանյութ
Պետք է ավելի հայտնի դարձնել, հրաշալի տեղ է. վարչապետն այցելել է Բերդավանի Ղալինջաքար ամրոց. տեսանյութ
Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին
Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան
Ձագիկավան բնակավայրում բացվել է «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնը
ՀՀ ԱԺ աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա
ՏԿԵՆ և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի աշխատակազմերը մաքրեցին Հաղթանակ զբոսայգուն հարակից տարածքը. Խուդաթյան
ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. տեսանյութ
ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ լուծված են
Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը
«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածում ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է
Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան. տեսանյութ
Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է. համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել Նովոռոսիյսկի վրա. քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել
Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
Ինչի հետևանքով է մահացել ՀՀ-ում ԵՄ դիտորդը
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են. տեսանյութ
Լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին համապատասխան. ՄԻՊ
«Ամբերդ» կայանից Քարի լիճ հատվածը շարունակում է փակ մնալ. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում
Աշխատանքային օրվա մեկնարկը՝ Դեբեդի ափին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT