ՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ տրվել է պետական ընթրիք

05/05/2026 schedule01:30

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, այսօր երեկոյան նախագահական նստավայրում տրվել է պետական ընթրիք:

66378_b.jpg (500 KB)66372_b.jpg (812 KB)66375_b (1).jpg (611 KB)

Պետական ընթրիքից առաջ տեղի է ունեցել պետական պարգևների շնորհման արարողություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։

66358_b.jpg (467 KB)66360_b.jpg (451 KB)66354_b.jpg (527 KB)

Արարողակարգի համաձայն, երկու երկրների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվիրակության հարգելի անդամներ,
Հայաստանի Հանրապետության պետական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Այսօր մեզ համար շատ կարևոր և մեծ իրադարձություն է տեղի ունենում։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեր երկրի ավանդական և հավատարիմ բարեկամ երկրի նախագահը, այդ թվում՝ անձնական բարեկամ և ընկեր է ինձ համար, և այսօրվա իրադարձությունը կրկնակի նշանակություն ունի։ Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, թե նախագահ Մակրոնն ինչպիսի մեծ ներդրում ունի Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի համար, որը մենք կարձանագրենք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ՝ որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։

Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք և որն այսօր ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի աջակցությունը և որն ակնհայտ ճիշտ և զարգացման ճանապարհ է Հայաստանի Հանրապետության համար, երբ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո հաղթահարել է գոյատևման օրակարգը և մուտք է գործել զարգացման օրակարգի տրամաբանություն։ Մենք այսօր Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված նոր տրամաբանությամբ, նոր գաղափարախոսությամբ, նոր ճարտարապետությամբ, նոր երկիր ենք կառուցում՝ հիմնվելով մեր լավագույն ավանդույթների և արժեքների վրա, ինչը, ի դեպ, կարծում եմ, այսօր ակնհայտ և տեսանելի դարձավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, որտեղ մեր պատմությունը, մեր արժեքային համակարգն ընդգծված էր և գտնվում էր ամեն ինչի առանցքում։

66369_b.jpg (684 KB)

Բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս առերեսվենք մի իրավիճակի հետ, որ այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է։ Այսօրվա մեր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը, ըստ էության, ձևավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպման սենյակում, ամենայն հարգանքով, ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող ասել, որ ամբողջությամբ իրապես և խորապես ճանաչում են նախագահ Մակրոնին, որովհետև այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե որևէ մեկն ինձ պատմեր այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Ես երեկ էլ նախագահ Մակրոնին առիթ ունեցել եմ ասելու, որ մինչև հիմա, երբ հետահայաց հիշում եմ այդ ամեն ինչը, դժվարությամբ եմ հավատում այն ամենին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ։ Այսօր դահլիճում կան մարդիկ, ովքեր նույնպես ներկա են եղել, և նրանք կվկայեն այդ ամենի մասին։ Սա մի սյուն էր, որի վրա կառուցված է մեր այսօրվա իրականությունը, այսօրվա խաղաղությունը և այսօրվա հեռանկարը, որն ամեն օրվա հետ ավելի ու ավելի ենք սիրում։

Ակնհայտ է, որ նախագահ Մակրոնի դեմքով մենք գործ ունենք Ֆրանսիայի Հանրապետության պետական գործչի հետ, բայց այդ հանդիպումը և այդ օրվա իրադարձություններն ինձ համար միանշանակ և աներկբա են դարձնում, որ Էմանուել Մակրոնը նաև Հայաստանի Հանրապետության պետական գործիչ է։ Այն շքանշանը, որը շնորհվեց նախագահ Մակրոնին այսօր, ու եթե այդ որոշման մեջ կա քաղաքավարություն, դա ընդամենն այդ որոշման էության մի փոքր տոկոսն է արտահայտում։ Իրականում Հայաստանի Հանրապետությունն այդ բարձրագույն պարգևով իր գնահատանքն է արտահայտում այն շրջադարձային ծառայության համար, որ նախագահ Մակրոնը մատուցել է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետականությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։

66368_b.jpg (496 KB)

Դրանից առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի ոչ մի հույս և հենարան, և չկա մի ուժ և անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը, և նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք, և այսօր մեր բազմաթիվ հաջողություններ՝ սկսած բանակաշինությունից, շարունակած մեր արտաքին հարաբերություններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական հաջողություններով, որոնց մի մասը, ի դեպ, նաև կարձանագրվեն նախագահ Մակրոնի պետական այցի արդյունքներով, նրա անձնական ներդրման արտահայտությունն են, հենց հատկապես՝ նրա անձնական ներդրման արտահայտությունը։ Ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության պետական շահերին առնչվող որևէ մտահոգություն, հարց կիսած լինեմ նախագահ Մակրոնի հետ և հնարավորինս ամենաարագ և առարկայական և կոնկրետ ձևով ստացած չլինեմ նրա արձագանքը, նրա պատասխանը, որն արտահայտվել է կոնկրետ, շոշափելի, ստուգելի, տեսանելի որոշումներով և քայլերով։

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,

Ես առաջարկում եմ, որ մենք բաժակ բարձրացնենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մեծ բարեկամ, եղբայր և հարազատ Էմանուել Մակրոնի համար։

Պարոն նախագահ, Ձեր կենացը»։

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բաժակաճառը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայի նախագահի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

«Պարոն նախագահ
Պարոն վարչապետ,
Ազգային ժողովի նախագահ,
Տիկնայք և պարոնայք նախարարներ,
Տիկնայք և պարոնայք պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք՝ խորհրդականներ,
Սիրելի բարեկամներ,

Շնորհակալություն։ Նախ՝ շնորհակալություն հենց նոր հնչեցրած Ձեր խոսքերի համար, պարոն վարչապետ՝ թանկագին Նիկոլ։ Դրանք ինձ խորապես հուզեցին։ Եվ այն, ինչ Դուք հիշեցիք՝ այդ հիշողությունները, իսկապես 2022 թվականի աշնանից, ես ոչինչ չեմ մոռացել այդ գիշերից։ Պատերազմի սկզբից ընդամենը երկու տարի էր անցել։ Իրավիճակը շատ անկայուն էր, և Դուք ցուցաբերեցիք մեծ խիզախություն, քանի որ որոշում էիք կայացնում Ձեր երկրի համար։

Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։ Նախ՝ Ֆրանսիան այդպիսի պահերին, իմ համոզմամբ, կատարել է իր պարտքը։ Ճիշտ է, Եվրոպայում կամ այլուր շատերի համար տարօրինակ էր, թե ինչու ենք մենք անվերապահորեն աջակցում Հայաստանին։ Ի դեպ, ձեզ հանգստացնելու համար նշեմ, որ այն հանդիպումից հետո, որին վարչապետն անդրադարձավ, ես գրեթե դուրս էի մնում հետագա բոլոր հանդիպումներից, մինչև որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիևի հետ։ Այժմ իրավիճակը կարգավորվել է և, բարեբախտաբար, հանդարտվել է։ Բայց եթե մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք՝ այս ամենը ասելու համար, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Դա արդար էր։ Եվ պատմության ընթացքում ձեր երկրի, ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, և այդ դժվար պահերին՝ ձեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքների դեմ։

66363_b (1).jpg (384 KB)

Խաղաղության այն պատկերացումը, որ մենք ունենք մեզ համար, կայանում է այն բանում, որ լինենք այդ արդար պայքարների կողքին, որտեղ պաշտպանվում է միջազգային կարգը։ Նույնիսկ այն դեպքում, երբ դա տվյալ պահին չի բխում մեր շահերից, նույնիսկ, երբ հաշվարկային մոտեցումները կթելադրեին աչք փակել և այլ կողմ նայել, նույնիսկ, երբ շատերը հաշվարկում էին գազի խորանարդ մետրերը կամ այլ ուժերի հետ ավելի շահավետ պայմանագրերից բխող շահերը։

Եվ Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, երբեք չեն դավաճանել, լինել այն ժողովրդի կողքին, որը երբեք չի դավաճանել իրեն, և կանգնել արդար պայքարի կողքին։

Մեր պատմությունը գալիս է շատ հեռվից։ Այս դահլիճում կան կանայք և տղամարդիկ, որոնց ընտանեկան պատմությունը կապված է մեր երկու երկրների հարաբերությունների հետ․ ոմանք գաղթել են մի քանի սերունդ առաջ, մյուսները՝ իրենց կյանքի ընթացքում, իսկ ոմանք էլ պարզապես բացահայտել են Հայաստանը և սիրել այն՝ առանց արմատներ ունենալու։ Որովհետև մեր երկու երկրների, մեր երկու ժողովուրդների, մեր երկու քաղաքակրթությունների միջև կա մի բան, որը հենց սա է ասում։ Ինչո՞ւ ֆրանսիացի մտավորականները սիրեցին Հայաստանը։ Շատերը երբեք ոտք չէին դրել այստեղ։ Որովհետև նրանց համար անտանելի էր, որ այս երկիրը տարուբերվի մի կայսրությունից մյուսը։ Ինչո՞ւ ֆրանսիական նավատորմը եկավ այստեղ՝ ոչ թե տեսնելու կամ դատապարտելու, այլև փրկելու, որովհետև նրանք կարծում էիր, որ սա այն արդար պայքարն է, որն իրեն հանձնարարել է ֆրանսիական ժողովուրդը։ Ինչո՞ւ այդ տարիներին մենք ընդունեցինք այսքան մարդկանց, և ինչո՞ւ նրանցից շատերը հետո պայքարեցին Ֆրանսիայի համար։ Եվ մենք մեծ պատիվ ունեցանք, և դուք էլ մեր կողքին էիք, Պանթեոնում արժանի տեղ տալու Միսաք Մանուշյանին և Մելինեին, որոնք իրենցով մարմնավորում են այն, ինչ հայերն են տվել Ֆրանսիային։

66367_b.jpg (533 KB)

Սա միշտ նույն պատմությունն է։ Երբ պայքարն արդար է, մենք այնտեղ ենք՝ միմյանց կողքին։ Երբ խոսքը վերաբերում է մեզ, համամարդկայինին, այն արժեքներին, որոնք մենք կրում ենք, մենք այնտեղ ենք՝ միմյանց կողքին։ Եվ մենք ճանաչում ենք միմյանց։
Ես մեծ պատիվ եմ համարում այսօր ստացած պարգևները և ուզում եմ պարզապես ասել, որ դրանք այս պատմության մի կարևոր հանգրվան են, որը մեզ պարտավորեցնում է։ Որովհետև դա դուք էիք, որովհետև դա մենք էինք։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապը հենց սա է։

Ահա թե ինչու ձեր կատարած ընտրությունը՝ լիակատար անկախության, խաղաղության, այս անկայուն տարածաշրջանում կայունության, Եվրոպայի և բարգավաճման ընտրությունը, այն ընտրություններն են, որոնց մենք աջակցում ենք։ Որովհետև մենք դրանք ևս մեկ անգամ արդար ենք համարում, որովհետև դրանք լավ ենք համարում ձեր երկրի համար, որովհետև կարծում ենք, որ դրանք համապատասխանում են պահի պահանջներին, այն աշխարհաքաղաքական և ռազմավարական համահունչությանը, որն անհրաժեշտ է Հայաստանին և Եվրոպային։ Եվ որովհետև մենք ցանկանում ենք լինել այդ ճանապարհի մի մասը։

Վաղը ստորագրվելիք ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վերջին տարիներին ձեր կողքին մեր կատարած պաշտպանական ջանքերի արդյունքն է, քանի որ երբեք մեր հարաբերություններն այս մակարդակի չեն եղել։ Այն կբացի նոր տնտեսական էջեր մեր երկրների միջև, կամրապնդի կրթական, լեզվական և մշակութային կապերը։ Եվ շատերը, ովքեր այստեղ են, դեռ կշարունակեն գրել այդ պատմությունը։

66362_b.jpg (559 KB)

Բայց թույլ տվեք ասել, պարոն վարչապետ, պարոն նախագահ, թե որքան մեզ համար այն, ինչ դուք անվանում եք Իրական Հայաստան, անբաժանելի է երազած Հայաստանից, որովհետև շատերն ամեն օր այն երազում են։ Դուք ընտրել եք Եվրոպայում գտնվող, խաղաղ և բարգավաճ Հայաստան։ Եվ հենց այդ Հայաստանն է՝ իր բոլոր երանգներով, մեր ընդհանուր պատմությունը կրող Հայաստանը, որը մենք սիրում ենք և ամբողջությամբ ընդունում։ Որովհետև Եվրոպայի մյուս ծայրում, օվկիանոսի կողմում, երբեք մի մոռացեք, որ կան մարդիկ, ովքեր սիրում են ձեր երկիրը և ձեր ժողովրդին և միշտ նայում են նրան որպես կրտսեր քույր, որը մեզ շատ բան է տվել և որի կողքին մենք միշտ կլինենք։ Մենք միմյանց ձեռք ենք մեկնում։ Սա ձեր ընտրած եվրոպական ապագան է։

66361_b (1).jpg (504 KB)

Ուրեմն թույլ տվեք այս երեկո շնորհակալություն հայտնել Ձեզ՝ վերջին տարիներին Ձեր ցուցաբերած խիզախության համար՝ ձեր երկիրը այս տարածաշրջանում առաջնորդելու որպես խաղաղության և պատասխանատվության երկիր։ Խաղաղություն ցանկանալը, երբ քեզ վրա հարձակվում են, մեծ խիզախություն և համարձակություն է պահանջում։ Եվ որպես երկիր, որն ընտրել է Եվրոպան։ Այժմ Եվրոպայի հերթն է ցույց տալու, որ այն համապատասխանում է այդ ընտրությանը։

Թույլ տվեք իմ հերթին բաժակ բարձրացնել ձեր երկրի, մեր դարավոր բարեկամական կապերի, և Ձեր՝ պարոն նախագահ, պարոն վարչապետ, ինչպես նաև մեզ միավորող բարեկամության համար»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
973 դիտում

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև

Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ

Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում