Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ. հարցազրույց Ն. Փաշինյանի հետ

10/02/2015 schedule09:40

 

- Պարոն Փաշինյան, բերձորյան դեպքերից հետո ԱԺ նախագահի ձեւավորած պատվիրակությունը, որի կազմում նաեւ դուք էիք, ԼՂՀ-ում էր: Մինչ այդ, սակայն, իշխող մեծամասնության պատգամավորները մեզ հետ զրույցներում փորձում էին տպավորություն ստեղծել, թե խմբի այցը հատուկ բերձորյան դեպքերի հետ չի կապված: Նման տպավորություն էր նաեւ ձեր այցի կապակցությամբ տարածված պաշտոնական հաղորդագրություններից: Ի վերջո, մանրակրկիտ անդրադարձ եղա՞վ Բերձորի դեպքերին ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ:

- Ուրբաթ օրը երկու պաշտոնական հանդիպում ենք ունեցել: Առաջինը եղել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ փոխնախագահ Արթուր Թովմասյանը: Հանդիպումը տեւել է շուրջ երկու ժամ եւ գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել Բերձորի դեպքերին: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի hետ հանդիպումը տեւել է շուրջ երեք ժամ եւ, նույնպես, գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել Բերձորի դեպքերին: Անկեղծ ասած՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ է փորձ արվում այս իրողությունը շրջանցել, երբ ի սկզբանե բոլորին պարզ էր, որ Բերձորը լինելու է մեր այցի հիմնական թեման: Իհարկե, շաբաթ օրը եղել ենք նաեւ առաջնագծում, Ասկերանի գնդում ներկա ենք գտնվել նորակոչիկների զինվորական երդման արարողությանը, բայց պաշտոնական քննարկումների հիմնական թեման եղել է Բերձորը:

- ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները հայտարարում են, թե Բերձորում տեղի ունեցածը սադրանք էր: Ի՞նչ պարզվեց, ինչպե՞ս են բացատրում Արցախի իշխանությունները այդ դեպքերը: Եթե իսկապես տեղի էր ունեցել սադրանք, ովքե՞ր էին սադրողները, ո՞րն էր դրա նպատակը եւ արդյո՞ք բիրտ ուժ կիրառելուց բացի այլ տարբերակ չկար: Ի վերջո, տեղի ունեցածի լիարժեք պատկերը ձեզ համար պարզ դարձա՞վ:

- Ղարաբաղում բոլորն առանց բացառության լրջորեն մտահոգված են տեղի ունեցածով: Չափազանց մտահոգված են: Ինձ համար կարեւոր էր, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը լիովին եւ խորապես ըմբռնում է Բերձորում տեղի ունեցածի լրջության աստիճանը: Եւ եթե Ղարաբաղի իշխանական շրջանակների հրապարակային արձագանքները շատերին համարժեք չեն թվում, դրա համար կա թերեւս մեկ պատճառ. ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներն իրենք էլ խոստովանում են, որ սա բացարձակ նոր իրավիճակ է իրենց համար, որի հետ նախկինում երբեք չեն բախվել, ու շատ դեպքերում չգիտեն, թե ինչպես արձագանքեն՝ իրավիճակը ավելի չսրելու համար: Իմ եզրակացությունն այն է, որ հենց այս պատճառով է իրավիճակը բարդացել: Ի սկզբանե ԼՂՀ իշխանությունները հայտնվել են մի իրավիճակում, որ հայաստանյան քաղաքական ուժերից մեկը ուզում է դեպի Արցախ ավտոերթ անել: Նրանք հենց այս փուլում չեն կողմնորոշվել՝ ի՞նչ անել, եւ որոշել են իրենց մարտական ընկերոջը` Ժիրայր Սեֆիլյանին խնդրել, որ նրանք հրաժարվեն երթի գաղափարից: Հիմնադիր Խորհրդարանը այս խնդրանքը մերժել է: ԼՂՀ ներկայացուցիչները շարունակել են իրենց անձնական խնդրանքները, որոնք մի ինչ-որ պահի վերաճել են պահանջի, բայց հիմնականում անձնական հարթության վրա են մնացել: Ընդ որում՝ խնդրանքներ եղել են ինչպես ԼՂՀ իշխանությունների, այնպես էլ՝ ընդդիմության ներկայացուցիչների կողմից, եւ անձնական խնդրանքներին այս մերժումները արդեն իսկ լարում են ստեղծել: Ինչ վերաբերում է բուն միջադեպին, Ղարաբաղի իշխանական շրջանակների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում խոստովանում էին, որ իրենք էլ բազմաթիվ հարցերի պատասխաններ այս պահին չունեն: Բայց նրանք խորապես համոզված են, որ ծեծուջարդը սկսվել է այն բանից հետո, երբ երթի մասնակիցներից մեկը, որի անունը ԼՂՀ ներկայացուցիչները մեզ հետ զրույցում բարձրաձայնել են, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի բարձրաձայնել, որովհետեւ ասվածը ապացուցող ոչ մի փաստ չի ներկայացվել, ահա ավտոերթի այդ մասնակիցը իբրեւ թե սեռական բնույթի հայհոյանք է տվել ԼՂՀ ոստիկանության եւ Ազատամարտիկների միության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ՝ նրանց անվանել է թուրք: Ես իմ կողմից ասել եմ, իհարկե, որ եթե նույնիսկ ամեն ինչ հենց այդպես է եղել, ԼՂՀ ոստիկանների գործողությունները դրանով չեն կարող արդարացվել: Ինձ համար հուսադրող է այն, որ ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները միանգամայն համաձայն էին սրա հետ, բայց տեղի ունեցածը բացատրում էին նրանով, որ Ղարաբաղի ոստիկանները նախկինում երբեք այսպիսի իրավիճակների չեն հանդիպել: Մեզ նույնիսկ ասում էին, որ եթե Երեւանում, օրինակ, Վարդգես Գասպարին երկար տարիներ ոստիկաններին տարբեր գնահատականներ է տալիս, եւ Երեւանի ոստիկանները գիտեն, որ իրենց գործողությունները այս իրավիճակում սահմանափակված են օրենքով, Ղարաբաղի ոստիկանները երբեք չեն բախվել մի վիճակի, որ իրենց թուրք անվանեն: Ղարաբաղի ոստիկանները նաեւ երթերի, ցույցերի, առավելեւս՝ ավտոերթերի հետ բախվելու փորձ չունեն, որովհետեւ Ղարաբաղը, ըստ էության, 25 տարի ապրում է ռազմական դրության վիճակում, եւ 88-ից հետո այստեղ բողոքի ակցիաներ չեն եղել:

- ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել էր ծառայողական քննություն սկսել, այդուհանդերձ, առ այսօր քրեական գործ հարուցված չէ, թեեւ տեղի էր ունեցել վայրագ ծեծուջարդ եւ ջարդուփշուր էին արվել Հիմնադիր Խորհրդարանի ներկայացուցիչների մեքենաները: Ձեր այցի ընթացքում հասկանալի դարձա՞վ՝ ինչ ուղղությամբ է տարվելու գործը, ինչպես է այն հանգուցալուծվելու, հնարավո՞ր է, որ ավտոերթի մասնակիցների դեմ եւս գործ հարուցվի:

- Մինչեւ ավտոերթի՝ Բերձոր հասնելը Ղարաբաղում ծեծի էին ենթարկվել Հիմնադիր Խորհրդարանի երկու համախոհներ՝ Քերոբ Ղազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը: Նրանց ծեծի ենթարկելու փաստի առիթով քրգործ հարուցվել է: Բերձորի միջադեպի կապակցությամբ առայժմ քրեական գործ չի հարուցվել, եւ պետք է հուսալ, որ առաջիկայում կհարուցվի: Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամները կարծես թե համակարծիք էին մի հարցում, որ միջադեպին պետք է տրվեն հստակ իրավական գնահատականներ: Կարծում եմ, եթե ԼՂՀ ոստիկանությունը կարողանա ապացուցել ավտոերթի մասնակիցների կողմից իրենց հայհոյելու փաստը, չեմ բացառում, որ քրեական գործ հարուցվի նաեւ հայհոյողի դեմ: Բայց կարծում եմ նաեւ՝ այս իրավիճակում արժանահավատ ապացույց կարող է լինել միայն տեսագրությունը: Եւ անկեղծ ասած՝ չգիտեմ, նման տեսագրություն կա՞, թե ոչ: Ասեմ, որ հանդիպումների ընթացքում խոսակցություն է եղել ավտոերթի մասնակիցներին պատճառած նյութական վնասի փոխհատուցման մասին նույնպես: Իմ տպավորությամբ, այս հարցը եւս գտնվում է ԼՂՀ իշխանությունների օրակարգում:

- Դուք ԱԺ-ում հայտարարեցիք, որ բերձորյան դեպքերն ունեն բացասական հետեւանքների ռիսկեր՝ թե՛ ներհայկական, թե՛ միջազգային: Այս առումով ինչ-որ լուծումներ առաջարկվեցի՞ն ձեր այցի ընթացքում, որո՞նք են դրանք եւ հնարավո՞ր է չեզոքացնել այդ ռիսկերը:

- Ի սկզբանե, իմ կարծիքով, հարցերը պետք է քննարկվեին ոչ թե անձնական խնդրանք-պահանջների, այլ օրենքի եւ օրինականության տեսակետից: Եթե Ղարաբաղի իշխանությունները կարծում էին, որ ավտոերթը պետք է տեղի չունենա, պիտի հարցը դիտարկեին իրենց օրենսդրության տեսակետից եւ իրենց խնդրանք-պահանջները ձեւակերպեին բացառապես օրենքի տեսակետից եւ ոչ թե անձնական հարաբերությունների: Այսօր էլ իմ կարծիքը միանշանակ է: Նախ՝ անհրաժեշտ է տեղի ունեցածին հստակ իրավական գնահատական տալ: Սա ուղղակի անհրաժեշտ առաջին քայլն է: Պետք է բռնություն գործադրած անձինք պատժվեն. մի մասը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, պետք է լինեն իրենց պաշտոնական պարտականությունները պատշաճ կերպով չկատարած ոստիկանների պաշտոնանկություններ: Ինչո՞ւ է սա կարեւոր. որովհետեւ եւ՛ հայ, եւ՛ միջազգային հանրությունը պետք է ստանա հստակ ազդակներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետություն է, որտեղ կա հստակ գործող իրավակարգ եւ պետական համակարգ: Սրանից հետո անհրաժեշտ է հստակ ձեւակերպել, թե ԼՂՀ որ օրենքի որ կետին է հակասում Հայաստանից դեպի Ղարաբաղ ավտոերթ անելը:

- Իսկ ձեզ չե՞ն ասել այդ մասին, այդ հարցերի պատասխանը դուք չունե՞ք:

- Ցավոք, այս պահի դրությամբ այդ պատասխանները ես չունեմ, եւ պետք է հուսալ, որ Ղարաբաղի իրավապահները առաջիկայում հանդես կգան այս հարցերի հստակ պարզաբանմամբ: Իհարկե, ընդհանուր առմամբ մեզ ասել են, թե այդ համատեքստում ինչ իրավական խնդիրներ կան, բայց թե Հիմնադիր Խորհրդարանի ավտոերթի կոնկրետ ո՞ր գործողությունը ԼՂՀ ո՞ր օրենքի որ կետին է հակասում՝ այսօրվա դրությամբ մենք չգիտենք:

- Բերձորի միջադեպից հետո շատ է խոսվում այն մասին, թե ի վերջո՝ Ղարաբաղը Հայաստա՞ն է, թե ոչ… 

- Ստեփանակերտում կա հստակ դիրքորոշում, որ Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ: Այս դիրքորոշումը հիմնված է ընկալման վրա, որ եթե մենք արդեն ավելի քան 20 տարի վարում ենք ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականություն, չի կարելի Ղարաբաղը Հայաստանի մարզ կամ շրջան անվանել, որովհետեւ դրանով մենք ակամա թուլացնում ենք ԼՂՀ միջազգային ճանաչման հնարավորությունները: Այո՛, Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանի հետ՝ մեր ռազմավարական նպատակն է, բայց եթե Ղարաբաղը հռչակվել է անկախ պետություն, ունի Սահմանադրություն, դրոշ, զինանշան, նախագահ, օրենսդիր եւ գործադիր մարմիններ, մենք ուղղակի պարտավոր ենք հարգանքով վերաբերվել այս փաստին, հաշվի նստել այս իրողության հետ:

- Սոցիալական ցանցերում ոմանք ասում են, որ եթե Ղարաբաղը անկախ պետություն է, մեր երեխաները ինչո՞ւ են այնտեղ ծառայում:

- Հայաստանի զինվորները ծառայում են նաեւ Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում, ծառայել են նաեւ Իրաքում: Ամերիկացի զինվորները ծառայում են նաեւ Լիտվայում եւ Ճապոնիայում, բայց դա չի նշանակում, թե այդ երկրները անկախ պետություն չեն: Նման դեպքեր կարելի է տասնյակով հիշել: Մյուս կողմից՝ ինձ համար հստակ է, որ Աղդամում կանգնած զինվորը ոչ միայն Ղարաբաղն ու ղարաբաղցիներին է պաշտպանում, այլեւ՝ Երեւանն ու երեւանցիներին: Ես կասեի՝ առաջին հերթին Երեւանն ու երեւանցիներին, մեզ բոլորիս: Չնայած սրան՝ համամիտ եմ, որ մենք՝ Հայաստանում գործող քաղաքական ուժերս, չպետք է մեր քաղաքական գործունեության թատերաբեմ դարձնենք Ղարաբաղը: Իհարկե, Ղարաբաղի իշխանություններն էլ չպետք է Հայաստանի քաղաքական կյանքին միջամտող գործոն դառնան: Եւ ես ուրախ եմ, որ այսպիսի շեշտադրումներ հնչում են նաեւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից: Սա չափազանց կարեւոր է:

- Այս օրերին մարդիկ հարցնում են նաեւ, թե հնարավո՞ր է, որ մեր զինվորների նկատմամբ Ղարաբաղում վերաբերմունք փոխվի, սկսեն վատ վերաբերվել նրանց:

- Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ եղել եմ հայ-ադրբեջանական շփման գծի դիրքերում, զորամասերում, շփվել զինվորների հետ: Անկեղծ ասած, տպավորությունս միշտ եղել է այնպիսին, որ Ղարաբաղում նրանք զգում են ինչպես տանը: Եղել եմ նաեւ Տավուշի մարզի առաջնագծում եւ նույնիսկ փոքր նշան չեմ տեսել այն բանի, որ Աղդամի առաջնագծի մեր զինվորները պակաս ինքնավստահ են, քան Մովսեսի առաջնագծի տղաները: Իմ ողջ գիտակցական կյանքում ընդդիմադիր եմ, այդ թվում՝ խստագույն քննադատության եմ ենթարկում գործիչների, ովքեր ծագումով ղարաբաղցի են, Ղարաբաղում մեծ կապեր եւ նույնիսկ մեծ թվով համախոհներ ունեն: Բայց, անկեղծ ասած, Ղարաբաղում, Ստեփանակերտում ինձ միշտ զգացել եմ ինչպես տանը, ինչպես՝ Հայաստանի ցանկացած այլ վայրում կզգայի: Եւ եթե Բերձորից հետո Ղարաբաղում Երեւանից եկած զինվորների, զբոսաշրջիկների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն լինի, դա կարող է լինել միայն դրական ուղղությամբ, որովհետեւ այսօր յուրաքանչյուր ղարաբաղցի խնդիր ունի ապացուցելու, որ Բերձորում տեղի ունեցածը իրենց այցեքարտը չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11223 դիտում

Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթի ջարդերի տարելիցին

Վրաստանից Հայաստան տանող ճանապարհի Փարավանի լեռնանցքը փակ է, երթևեկությունը՝ արգելված

Իրանն ու Միացյալ Նահանգները որոշ հարցերում մոտ են փոխըմբռնմանը. Արաղչի

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անձնական կյանքը մեր գործը չէ, մենք դրան չպետք է խառնվենք. Իոաննիսյան

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարվածը չի հանգեցնի տարածաշրջանում երկարատև հակամարտության. Վենս

Հրդեհ է բռնկվել Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

Լավ, ասենք մենք ու ժողովուրդը մի ամիս լսեցինք ձեր մտքի գոհարները, բա ապրիլի 1-ից հետո ի՞նչ եք անելու. Թորոսյան

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, Լոռու ճանապարհները՝ ծանր բեռնատարների

ՀԷՑ-ի 2 սպասարկման սրահ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններում վարձակալվել է ավելի քան 2,1 մլն և 2,5 մլն դրամով

Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով. բոլոր դժվար օրերին նա եղել է իմ կողքին. Նիկոլ Փաշինյան

Մեր ամուսնությունն ավարտվել է. լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան

Վայելեք Գյումրին մեզ հետ միասին․ Սարիկ Մինասյան․ տեսանյութ

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր, կրակ բացել պարեկների վրա․ սպանվածներ և վիրավորներ կան

Մեկը չի ուզում, մյուսը չի կարող լինել վարչապետ․ ու՞մ համար են ձայն հավաքում տեղական և ռուսաստանցի օլիգարխները

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա ձերբակալված

Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ընթանում է քննություն․ ՊՆ

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ռուսաստանն ամեն քայլի կգնա. փորձում են վերադարձնել իշխանությունը, որ տասնամյակներով ունեցել են․ տեսանյութ

Վարչապետն ու Լեհաստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և այլ հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ․ լուսանկարներ, տեսանյութ

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Վարչապետը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

Խաղաղությունը առաջնահերթ կետ է, բարդ ճանապարհ է․ Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել հայտարարություններով

Ցնցումների մեջ են. երբ քաղաքացու թոշակը 17 հազար դրամ էր, ինչո՞ւ որևէ մեկը չէր մտածում բարձրացնել

Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղության գործընթացին․ վարչապետ

Կառավարությունը շահագրգիռ է քննարկել ՀՀ-Ֆրանսիա ներդրումների, առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները

Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ Տավուշի ավտոճանապարհներին՝ մառախուղ

ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները

Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը

Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Ավինյանն ասել է՝ երբ և որքանով

Զգուշորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը ընտրող երկրների համար

«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ

Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ

Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ

Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը

Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան

Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք