...եթե Թուրքիայի հետ սահմանը չբացվի. բացառիկ հարցազրույց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ «Հայկական ժամանակին» տված բացառիկ հարցազրույցում խոսեց մի շարք կարեւոր հարցերի մասին:

- Պարոն դեսպան, 2015 թ. դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումներից հետ ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ընտրություններում խախտումների մեջ մասնակցած անձինք չեն ընդգրկվելու ԱՄՆ ծրագրերում: Դեսպանատունն ավելի խիստ հայտարարությամբ հանդես եկավ այս տարվա հուլիսին Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի վերաբերյալ: Խոսվեց անգամ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այդ պատժամիջոցներն արդեն կիրառվե՞լ են կամ կիրառվո՞ւմ են:

- Դուք իրավացի եք: Հանրաքվեից հետո, երբ եղան արժանահավատ հաղորդումներ խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ, մենք հայտարարությամբ հանդես եկանք՝ նշելով, թե ինչ հնարավոր միջոցներ կարող են կիրառվել դրանցում ներգրավված անձանց նկատմամբ: Նույն կերպ հուլիսյան այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ Էրեբունիում ոստիկանական գունդ գրավվեց, մենք դատապարտեցինք բռնության կիրառումը, որի արդյունքում երեք ոստիկան զրկվեց կյանքից: Սակայն մենք նաեւ մեր մտահոգությունները հայտնեցինք հատկապես հուլիսի 29-ի երեկոյան (ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ) չափից դուրս ոստիկանական ուժի կիրառման վերաբերյալ: Միացյալ Նահանգների կառավարությունում ունենք ընթացակարգեր, որոնք մեզ հնարավորություն են տալիս տեղեկություններ ունենալ եւ ԱՄՆ կառավարության ծրագրերում չընդգրկել մարդկանց, որոնք ընտրություններին խախտումներ են կատարում, կեղծիքներ թույլ տալիս, բռնություններ կիրառում կամ աջակցում դրանց: Մենք ստացանք տեղեկություններ լրատվամիջոցներից, կառավարության կատարած հետաքննություններից եւ ՀԿ-ների հետ մեր շփումներից: Դրանց հիման վրա ես իմ աշխատակիցներին հրահանգեցի գործի դնել այդ մեխանիզմները, եւ հիմա կարողանում ենք այդ մարդկանց մեր ծրագրերում չընդգրկել:

- Ստացվում է՝ արդեն որոշում կա՞ եւ կա՞ ՀՀ քաղաքացիների ցանկ, ովքեր չեն ընդգրկվում ԱՄՆ կառավարության ծրագրերում:

- Մենք յուրաքանչյուր դեպք առանձին ենք դիտարկում եւ մեր ունեցած տեղեկությունների հիման վրա կայացնում որոշում: Կոնկրետ օրինակներ, բնականաբար, չեմ կարող քննարկել եւ ներկայացնել, բայց նման քայլեր եւ գործողություններ մենք կիրառում ենք:

- Ամեն դեպքում, իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել, որոշ բարձրաստիճան ոստիկաններ ազատվեցին պաշտոններից: ԱՄՆ դեսպանատունը հետեւում է իրավիճակին, շփումների մեջ է պետական մարմինների հետ: Ունենք Սարի թաղի դեպքերից հետո անազատության մեջ գտնվող շուրջ 50 քաղաքացիներ: Խնդիրների մասին բարձրաձայնում են իրավապաշտպանները: Ինչպե՞ս եք գնահատում իրավական գործընթացները: 

- Մենք հետեւում ենք իրադարձություններին: Ձերբակալվածների մեջ կան մարդիկ, որոնք հենց մասնակցել են ոստիկանական գնդի գրավմանը, եւ կան մարդիկ, որոնք մասնակցել են ցույցերին կամ անազատության մեջ են այն մեղադրանքով, որ աջակցել են զինված խմբին: Հուլիսին լուրջ, ծանր հանցագործություններ տեղի ունեցան Հայաստանում, եւ ՀՀ դատաիրավական համակարգը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի նրանց հանդեպ, ովքեր պատասխանատու են այդ հանցագործությունների համար: Այս ամենի հետ մեկտեղ կարեւոր է, որ մեղադրյալների իրավունքների հանդեպ հարգանք լինի: Իրավունքներ, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ եւ գործում են միջազգային մարդասիրական նորմերի շրջանակում: Պետք է  ապահովվի պատշաճ դատաքննություն: Սա է եղել մեր մասնավոր եւ հրապարակային ուղերձը ՀՀ իշխանություններին, որ բոլոր գործերը պետք է հետաքննվեն միջազգային նորմերին համահունչ: Այդ նորմերի ներքո իր ստորագրությունը դրել է նաեւ Հայաստանը:

- Պարոն դեսպան, ուղիղ հարց եմ ուղղում Ձեզ եւ ակնկալում ուղիղ պատասխան: Իրավապաշտպանները հայտարարում են, որ ՀՀ-ում կան քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդիկ: Դուք համաձայն ե՞ք այդ դիտարկումների հետ: Ըստ ԱՄՆ-ի, ՀՀ-ում կա՞ քաղբանտարկյալ:

- Մինչ այդ թույլ տվեք կրկին անդրադարձ կատարեմ այս տարվա ամռանը՝ հուլիսին Էրեբունիում տեղի ունեցածին: Գործերի դատաքննությունն ընթացքի մեջ է, եւ այս պահին դեսպանության համար դժվար է գնահատականներ տալ: Սակայն մենք մտահոգություններ ունենք նախնական կալանքի երկարատեւ օգտագործման հետ կապված: Նախնական կալանքը, անշուշտ, օգտագործվում է աշխարհի շատ երկրների իրավական համակարգերում, այդ թվում ԱՄՆ-ում, սակայն դա պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում, երբ չկան այլ միջոցներ, որոնք կապահովեն, որ մեղադրյալը փախուստի չդիմի, չմիջամտի գործի քննությանը եւ նոր հանցանքի սպառնալիք չստեղծի: Ուստի, երբ դատարանը որպես խափանման միջոց կիրառում է կալանքը, պետք է հստակ բացատրություն տրվի, որ հասկանալի լինի, թե ինչու է անձի նկատմամբ, որը դեռեւս մեղավոր չի ճանաչվել, կիրառվում այդ միջոցը: Ես հասկանում եմ որոշ դեպքերում այդ միջոցը կիրառելու հիմնավորումը հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր փաստացի ներգրավված են եղել գնդի գրավմանը կամ բռնություններին, որոնք հանգեցրել են ոստիկանների մահվան: Սակայն ինձ համար մտահոգիչ է, որ այդ միջոցը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր գնդի գրավման գործում ներգրավված չեն եղել, եւ մեղադրանքներն այնպիսին են, որ ցույցերին են մասնակցել կամ թերեւս աջակցել են զինված խմբին: Շատ կարեւոր է, որ կալանքի կիրառման մասին դատարանի որոշումը լինի փաստարկված եւ հիմնավորված, որ մարդկանց մեջ կասկածներ չլինեն, որ դա արվում է քաղաքական հայացքներից ելնելով, մյուսներին վախեցնելու կամ անձին լռեցնելու նպատակով: Մտահոգիչ է նախնական կալանքի կիրառման շարունակությունը նույնիսկ այն դեպքերում, երբ քննությունն ավարտված է եւ գործին միջամտելու վտանգ չկա: Ինչ վերաբերվում է քաղբանտարկյալների մասին ձեր հարցին, ապա, ինչպես գիտեք, մենք ամեն տարի մարդու իրավունքների մասին զեկույց ենք պատրաստում աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի վերաբերյալ: Այդ զեկույցում ներկայացում ենք այն դեպքերն ու դրվագները, որոնք մտահոգիչ են մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից: Մեր զեկույցում չենք նշել, որ Հայաստանում կա որեւէ քաղբանտարկյալ: Բայց այդ զեկույցը մատնանշում է գործեր, որոնց վերաբերյալ մեր անհանգստությունն ենք հայտնել եւ  հետեւում ենք այդ գործերի ընթացքին:

- ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանին հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի մասով: Ուստի խնդրում եմ գնահատեք Կարեն Կարապետյանի կառավարության քայլերն այս ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի ուժով պետական գաղտնիք հռչակվեցին ԱԺ նախագահի, վարչապետի եւ ՀՀ նախագահի ներկայացուցչական ծախսերը:

- Ես ողջունեցի նոր վարչապետի հրապարակային հայտարարությունները եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված նրա մեկնաբանությունները: Մյուս նախարարների հետ խոսակցություններից պարզ է դառնում, որ վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարը նախանշել է որպես առաջնահերթություն, եւ բոլոր նախարարությունները քայլեր են ձեռնարկում այդ չարիքի դեմ պայքարելու ուղղությամբ: Վարչապետի հետ մի քանի անգամ հանդիպելու առիթ եմ ունեցել եւ մեր խոսակցությունների օրակարգում առաջնային է եղել կոռուպցիայի դեմ պայքարի հարցը: Ես նշել եմ, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակից լինել կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախաձեռնվող քայլերին: Մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին, թափանցիկության բարձրացմանը եւ պատրաստ ենք քննության առնել նաեւ այլ ծրագրեր: Սպասում ենք, թե ինչպիսին կլինեն վարչապետի հետագա քայլերը՝ կապված հակակոռուպցիոն խորհրդի հետ. կպահպանի այն իր ներկա կառուցվածքը, թե որոշ փոփոխություններ կլինեն: Անկեղծ ասած, հակակոռուպցիոն խորհրդից սպասելիքն այն է, որ այն մինչ այս պահը պետք է ավելին արած լիներ: Վարչապետի հետ զրուցելիս ես նշել եմ, որ ինչ-որ կերպ պետք է ակտիվացնել այդ կառույցի աշխատանքը, եթե ԱՄՆ կառավարությունը պետք է շարունակի իր աջակցությունը, քանի որ մեր նախատեսած աջակցության շուրջ 90%-ը դեռ չի հատկացված: Բառերին պետք է հաջորդեն գործողություններ: Վարչապետի առաջին 100-օրյա շրջանն ավարտվում է, եւ որոշակի քայլեր արդեն պետք է լինեն, որ կբխեն նրա հայտարարություններից:

- Պարոն դեսպան, երբ դուք դիվանագիտական ծառայության անցաք Հայաստանում, կարեւորեցիք երկու հիմնական ուղղություն՝ ԱՄՆ-Հայաստան առեւտրատնտեսական կապերի խթանում եւ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար: Այս առումով ՀՀ կառավարության՝ տնտեսական իրավիճակի շտկմանն ուղղված քայլերը նպաստո՞ւմ են, որ ԱՄՆ-ից ներդրումները հոսեն Հայաստան:

- Իրավացի եք, 2015 թ. նոյեմբերին, երբ ես նախանշեցի իմ գործունեության 4 գերակա ուղղությունները, դրանցից 2-ը վերաբերում էր առեւտրային հարաբերությունների զարգացմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Այս երկուսը ձեռք ձեռքի են առաջ գնում: Ինձ համար դժվար է համոզել ամերիկացի ներդրողներին կամ առեւտուրը խթանել, եթե կա կոռուպցիա, եթե կան անհավասար խաղի պայմաններ կամ այնպիսի խաղացողներ, որոնք ունեն քաղաքական եւ տնտեսական կապեր, եւ դրանցով կարողանում են ներգործել ընդհանուր միջավայրի վրա: Կարծում եմ, որ երկու ուղղություններով էլ որոշակի դրական առաջընթաց կա: Իհարկե, ոչ այնքան, որքան ես կամ դուք կցանկանայիք տեսնել:

Հունվարին ես պատրաստվում եմ, կարելի է ասել, հաշվետվության տեսքով անդրադարձ կատարել այս չորս ուղղություններին, թե ինչ է արել դեսպանատունը: Եթե մենք քաջալերում ենք ՀՀ կառավարությանը՝ թափանցիկ լինել, ապա մենք եւս պետք է այդպիսին լինենք: Տնտեսական դաշտում մենք վերջին տարվա ընթացքում, կարծում եմ, հաջողություններ ունեցել ենք: Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց իր ներդրումները ՀՀ-ում: «Լիդիան Ինթերնեյշնլը» սկսեց Ամուլսարի ծրագիրը, եւ կազմակերպությանը հիմնականում ամերիկյան ներդրողներ են ֆինանսավորում: Դեսպանատունը մի քանի շատ կարեւոր միջոցառումներ կազմակերպեց կոնկրետ բիզնեսին ուղղված, որոնցից վերջինը վերաբերում էր հանքարդյունաբերությանը, ինչը ՀՀ տնտեսության խոշորագույն ճյուղերից մեկն է: Մեծ հետաքրքրություն կար եւ կարծում եմ՝ այդ աշխատանքների արդյունքում որոշակի գործարքներ կլինեն:

2015 թ. վերջերին ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրվեց «Առեւտրի եւ ներդրումների» վերաբերյալ համաձայնագիրը: Այն աշխատում է առեւտրի եւ ներդրումների ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ: Աշխատանքն առանց շատ մեծ հնչեղության է առաջ ընթանում, սակայն այս տարիների ընթացքում հնարավոր է եղել որոշակի դրական տեղաշարժեր ապահովել՝ կապված մաքսային դաշտի եւ ստանդարտների հետ: Անելիքներ դեռ շատ կան: Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրի ծավալը շատ փոքր է: Այն կարող է շատ ավելին լինել:

- Խոսեցինք առեւտրի եւ ներդրումների մասին: Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին: Եվրասիական ընտանիքին անդամակցելն ինչպե՞ս է ազդում ՀՀ-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների ոլորտում հարաբերությունների վրա:

- ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դրական, թե բացասական հետեւանքներ կունենա, մեծապես կախված է երկրի իշխանություններից: Անկեղծ լինենք, ամերիկյան բիզնեսը մի պահ հետ քաշվեց, պաուզա վերցրեց, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին: Նրանց համար հասկանելի չէր, թե սա ինչ կարող է նշանակել առեւտրի ստանդարտների, մաքսային ընթացակարգերի տեսանկյունից: Ամերիկացի գործարարներն ավելի հարմար են զգում աշխատել եվրոպական շուկայում: Այդ նույն ժամանակահատվածում մենք ականատես եղանք Ռուսաստանի տնտեսության անկմանը: Այն դժվար վիճակում է:

Սակայն վերջին վեց ամիսների շրջանում, երբ նաեւ Նյու-Յորքում տեղի ունեցավ Հայաստանի բիզնես համաժողովը, ՀՀ կառավարությունը կարողանում է ԵԱՏՄ անդամակցությունը ներկայացնել ամերիկացի ներդրողներին: Սրանով Հայաստանի միջոցով կարծես դարպաս է բացվում նրանց համար դեպի ավելի մեծ շուկա: Այն հասանելի է դարձնում Ղազախստանի, ՌԴ-ի, Բելառուսի ավելի լայն եւ ընդգրկուն տարածքը: Մեր ուղերձն այն է, որ՝ այո, կարող են գալ այստեղ, իրենց տնտեսական գործունեությունն իրականացնել: Այստեղ կա բաց հասարակություն, ազատ լրատվամիջոցներ, ինչը դժվար է ասել բուն ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի համար: Այնտեղ կան նաեւ քաղաքական խնդիրներ: Կառավարությունը մատնանշում է, որ բացի ԵԱՏՄ-ից Հայաստանի միջոցով հասանելի կարող է դառնալ իրանական շուկան: Ցանկանում եմ նաեւ նշել, որ առեւտրի եւ ներդրումների ներգրավման համար երկու շատ կարեւոր բան կարող է տեղի ունենալ: Առաջին, եթե Եվրամիության եւ ՀՀ միջեւ համաձայնագիր ստորագրվի: Երկրորդ, բացվի Թուրքիայի հետ սահմանը: Հայաստանը երբեք չի կարողանա իր ողջ տնտեսական ներուժն իրացնել, եթե գոնե առեւտրի համար Թուրքիայի հետ սահմանը բաց չէ:

Ղարաբաղի, հայ-թուրքական սահմանի բացման, Իրանի ու ՌԴ-ի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ ՀՀ-ում ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի հետ զրույցը՝ «ՀԺ»-ի վաղվա համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10942 դիտում

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկներ գործուղվել են մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ