ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ինչպես ցանկացած ոլորտում՝ անձնագրային ոլորտում էլ մի կատարյալ խառնաշփոթ է տիրում:
Ըստ Փաշինյանի, թեեւ օրենսդրությունը ընտրողներին միայն անձնագրերով քվեարկելու հնարավորություն է տալիս, սակայն օրենսդրությունը վերջին տարիներին այնպես է փոխվել, որ քաղաքացուն հնարավորություն է տվել չունենալ անձնագիր, ունենալ նույնականացման քարտ: Մյուս կողմից օրենսդրությունը շարունակում է քվեարկելու հնարավորություն տալ միայն անձնագրերով:
Այս իրավիճակը, ըստ Փաշինյանի, անեկդոտային է: «Այս իրավիճակը ցույց է տալիս, որ աջ ձեռքը չգիտի, թե աջ ձեռքը ինչ է անում, եւ նույնիսկ ձախ ձեռքը չգիտի, թե ինքն ինչ է անում»,- նշեց նա՝ հավելելով. «Բա անեկդոտը էլ պոզով պոչո՞վ է լինում»:
Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի՝ իր մասին ասված մտքերին եւ մասնավորապես «ազնիվ պատգամավոր» բնորոշմանը:
«Ոնց ա ձեր լեզուն պտտվում ինձ ազնիվ պատգամավոր ասեք. ես ձեր իշխանության տարիներին երկու անգամ դատապարտվել եմ քրեական հանցագործություններ կատարելու համար: Ազնիվը դուք եք, ձեր խմբակցությունն է, ձեր խմբակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է, ձեր խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, որոնց համատեղ ջանքերով դեռ 1999 թվականին դատարանը ինձ երեք տարվա ազատազրկման է դատապարտել»,- նկատեց Փաշինյանը:
Տեսանյութեր