Երևան
12 °C
2018 թվականի ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովի անդամները հայտարարություն են տարածել «Պարալլելս Փրոդաքշն» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն, ռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ հայ-բուլղարա-գերմանական համարտադրությամբ ստեղծվող «Տատիկիս վարսերը» ֆիլմի վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են 2019-ի փետրվարին էկրան բարձրանալիք «Տատիկիս վարսեր»-ին տրված ֆինանսական աջակցությանը: Մանրամասնել են ֆիլմի արգելափակման պատճառները, անդրադարձել դրա շուրջ ստեղծված աղմուկին ու Հովհաննես Գալստյանի հայտարարություններին: Ստորեւ ներկայացնում են 2018 թվականի ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովի անդամների հայտարարությունն առանց խմբագրման.
Երկար ժամանակ հետևելով «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկին՝ մենք՝ 2018 թվականին Կինոկենտրոն ներկայացված հայտերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներս, ականատես եղանք Պարալլելս Փրոդաքշն ֆիլմարտադրող ընկերության կողմից իրականացվող աննախադեպ մանիպուլիացաների շարքի, որին կուլ գնաց լրատվական դաշտի ու հանրային կարծիքի մի մասը։
Ցավոք, մենք չտեսանք որևէ համապարփակ անդրադարձ այս խնդրին, որը կպատասխաներ շատ բաց մնացած հարցերի։ Եվ քանի որ աղմուկը մեծ մասամբ կառուցվում է մեր հանձնաժողովի վարկաբեկման և մեր գործունեության շուրջ տարածվող հերյուրանքների վրա, հարկ ենք համարում ի վերջո հստակություն մտցնել որոշ կնճռոտ հարցերի շուրջ:
2018 թվականին Կինոկենտրոն ներկայացված հայտերն ուսումնասիրող հանձնաժողովը ձևավորվել և գործել է՝ 2018թ. մարտի 17-ին նախարարի N 116-Ա հրամանով հաստատված, ապա՝ մի քանի փոփոխություններով հուլիսի 11-ին նոր նախարար Լիլիթ Մակունցի կողմից վերահաստատված կանոնակարգին համապատասխան:
Որոշ լրատվամիջոցներ, Հովհաննես Գալստյանի հայտարարությունը հիմք ընդունելով, տարածել են այն կարծիքը, թե կանոնակարգը հեղինակել է Հանձնաժողովն ինքը, ինչը բացարձակ սուտ է: Հավաստիացնում ենք, որ Հանձնաժողովի անդամները առնչություն չունեն 2018թ. կանոնակարգի ստեղծման հետ: Հանձնաժողովի անդամներից մեկը մասնակցել է կանոնակարգի շուրջ ծավալված հանրային քննարկումներին, որոնց, ի դեպ, մասնակցել է նաև պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը:
Համաձայն կանոնակարգի 15-րդ կետի` նախկինում պետական աջակցություն ստացած եւ Ազգային Կինոկենտրոնի հանդեպ չկատարած պայմանագրային պարտավորություններ ունեցող ֆիլմարտադրող կազմակերպությունների կողմից ներկայացված նախագծերի հայտերը ենթակա են մերժման։ Քանի որ տվյալ կետը նշված է ընթացակարգի այն փուլի կարգավորումներում, որտեղ նկարագրվում է Կինոկենտրոնի կողմից հայտերի ընդունման գործընթացը, հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Կինոկենտրոնի կողմից մերժմանը:
Կանոնակարգի 15-րդ կետն առկա է եղել 2018 թվականի մարտի 17-ին հաստատված տարբերակում, իսկ հանրային քննարկումների արդյունքում իրականացված փոփոխությունները չեն առնչվել 15-րդ կետին: Հետևաբար` հայտերի ընդունման ժամանակ, երբ նոր հայտերով հանդես է եկել Պարալլելս Փրոդաքշընը, կանոնակարգի 15-րդ կետը մնացել է այն տեսքով, ինչպես առկա է այսօր։ Ավելին` Հովհաննես Գալստյանը, անձամբ մասնակցելով կանոնակարգի քննարկումներին, քաջատեղյակ է եղել տվյալ կետից ու առարկություն չի ներկայացրել դրա վերաբերյալ:
Նշենք նաեւ, որ տվյալ կանոնակարգն ընդունվել է միայն ընթացիկ տարվա հայտերը քննելու համար, ուստի 15-րդ կետում նշված՝ նախկինում Կինոկենտրոնի հանդեպ չկատարած պայմանագրային պարտավորությունները ենթադրաբար պետք է վերաբերեին մինչեւ 2018 թվականը եղած ժամանակամիջոցին, ինչն էլ հիմք է ընդունել Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում։
Հանձնաժողովի գործունեության առաջին օրերին Կինոկենտրոնը տրամադրել է Տեղեկանք, որտեղ հղում էր արվում կանոնակարգի 15-րդ կետին, և ներկայացված էին այն ֆիլմարտադրող ընկերությունները, որոնք նախկինում ստացած ֆինանսավորման դիմաց չկատարված պարտք ունեն։ Պարալլելս Փրոդաքշընը ներառված էր ցանկում՝ «Սրբագրողը» ֆիլմի պարտքի պատճառով։
Համաձայն «Լուսավոր շրջան», նույն ինքը՝ «Սրբագրողը», «Թողություն» (ռեժիսոր Հովհաննես Գալստյան, ֆիլմը մի քանի անվանում է փոխել այս տարիներին), կինոնախագծին պետական աջակցություն հատկացնելու մասին Կինոկենտրոնի և Պարալլելս Փրոդաքշընի միջև կնքված պայմանագրի՝ ֆիլմի նկարահանման աշխատանքները պետք է ընթանային 2010 - 2014թ․թ․, որոնց ընթացքում ֆիլմին պետք է տրամադրվեր պետական աջակցություն` 93,400,000 ՀՀ դրամի չափով։
Կինոկենտրոնի տրամադրած տեղեկություններով՝ այդ պարտավորությունը ի կատար է ածվել պետության կողմից: Պայմանագրի գործողության ժամկետի ավարտ է նշված 2014թ․ դեկտեմբերի 31-ը, մինչ այդ վերջնաժամկետը ֆիլմարտադրողը պետք է իրականացներ ֆիլմի նկարահանումներն ու պետական ֆինանսավորման վերջին չափաբաժինը ստանար նկարահանումների ավարտից հետո։ Համաձայն Կինոկենտրոնի տվյալների՝ ոչ միայն պայմանագրում նշված ժամկետներում, այլև մինչ օրս ֆիլմի նկարահանումները ավարտված չեն, թեև արտադրողը ստացել է նաև պետական ֆինանսավորման վերջին չափաբաժինը դեռևս 2014թ․։ Պայմանագրային պարտավորությունները չիրականացնելու կապակցությամբ, 2017թ․ աշնանը Դատախազությունը քննության է վերցրել «Սրբագրողը» ֆիլմի արտադրությանը վերաբերող նյութերը։
Պարալլելս Փրոդաքշընը «Տատիկիս վարսերը» ֆիլմի նախագիծը, ինչպես նաև ևս հինգ կարճամետրաժ ֆիլմի նախագիծ ներկայացրել է 2018թ. ֆինանսավորման մրցույթին՝ հանդես գալով պետական ֆինանսավորում ստանալու նոր հայտերով։ Կինոկենտրոնը փոխանցել է դրանք Հանձնաժողովին` մրցույթի մասնակից մյուս ֆիլմերի հայտերի հետ՝ առանց որևէ հատուկ կարգավիճակ հաղորդելու:
«Տատիկիս վարսերը» ֆիլմի հայտի փաստաթղթերի փաթեթում առկա չի եղել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր նաեւ 2018թ. ֆիլմի ֆինանսավորման շարունակականության՝ պետության կողմից տրված երաշխիքների մասին։ Առկա չեն եղել 2015թ․ Գեղխորհրդի որոշման կամ Կինոկենտրոնի հետ համատեղ արտադրության պայմանագրի պատճենները, թեև Հովհաննես Գալստյանը պնդում է, որ պայմանագիրը ներառված է եղել փաստաթղթերի փաթեթում: Առկա չի եղել նաև ֆիլմի արտադրությունը մինչև 2018թ. երկարացնելու մասին Կինոկենտրոնի հետ կնքած նոր համաձայնության փաստաթուղթը։
Այդուհանդերձ, Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ Կինոկենտրոնից խնդրել է ներկայացնել ֆիլմի համատեղ արտադրության պայմանագիրը (կնքված 2016թ․ մարտի 29-ին), համաձայն որի` ֆիլմարտադրողն ու Կինոկենտրոնը պայմանավորվել են համագործակցել 2016-2017թթ.` պետության կողմից ֆիլմին տրամադրելով 23մլն դրամի չափով ֆինանսավորում, որից՝ 8.000.000 դրամը՝ 2016թ․, 15.000.000 դրամը՝ 2017թ․։ Ըստ Կինոկենտրոնի տրամադրած տեղեկությունների՝ տվյալ չափով ֆինանսավորման պարտավորությունները լիովին կատարվել են Կինոկենտրոնի կողմից։ Տվյալ պայմանագիրը չի ներառում Ֆիլմի ֆինանսավորման պարտավորություն՝ 2018թ․-ի համար։
Համաձայն պայմանագրի՝ ֆիլմի արտադրությունը պետք է ավարտվեր 2017թ․-ի դեկտեմբերի 31-ին, սակայն, ինչպես պարզ դարձավ ավելի ուշ, Կինոկենտրոնն ընդառաջել է ֆիլմի արտադրության վերջնաժամկետը երկարացնելու խնդրանքին՝ մինչև 2018թ․ դեկտեմբեր։ Նոր համաձայնությունը վերաբերել է միայն արտադրության ժամկետի երկարացմանը, ոչ՝ ֆինանսավորմանը։ Հետևաբար, համաձայն տվյալ պայմանագրի, Պարալլելս Փրոդաքշըն ֆիլմարտադրող ընկերությունը պետք է ավարտեր «Տատիկիս վարսերը» 2016-2017թ․թ․ պետության կողմից ստացված ֆինանսական աջակցությամբ` պարտավորվելով ներդնել մնացյալ գումարը, և չպետք է դիմեր նոր ֆինանսավորման հայտով, կամ կարող էր դիմել միայն հետարտադրական փուլի ֆինանսավորման համար:
Կարծում ենք, որ նաեւ սա է պատճառը, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմը չի դիտարկվել որպես անցողիկ ֆիլմ եւ չի ներառվել անցողիկ ֆիլմերի՝ Կինոկենտրոնի ներկայացրած ցանկի մեջ։ Այս մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Հովհաննես Գալստյանը դիմել է նոր հայտով՝ որպես մրցույթին մասնակցող ցանկացած այլ նախագիծ, և իր հայտում չի ներառել որևէ փաստաթուղթ, որ կբացահայտեր իր նախագծի իրական կարգավիճակը։
Ուստի, Կինոկենտրոնի կողմից ֆիլմի հետագա ֆինանսավորման պարտավորվածության փաստաթղթի բացակայության պայմաններում, առկա իրավական հիմքերով՝ Հանձնաժողովի կողմից ֆիլմին նոր ֆինանսավորում տրամադրելը կհակասեր Կանոնադրությանը, անգամ եթե կանոնակարգում չլիներ 15-րդ կետը՝ նախկինում ունեցած պայմանագրային պարտավորությունների մեջ թերացման ու պարտքի վերաբերյալ։ Կրկնենք, որ այդ մերժումը պետք է աներ Կինոկենտրոնը, եւ «Տատիկիս վարսերը» ֆիլմի հայտը չպետք է հայտնվեր մեզ տրամադրված մրցութային հայտերի ցուցակում։
Ելնելով վերը շարադրված հանգամանքներից` Հանձնաժողովն առաջնորդվել է իր աշխատանքները սահմանող 2018թ. կանոնակարգով, որը տարածվում է նույն թվականին ներկայացված ֆիլմերի նախագծերի հայտերի վրա, և, մնալով օրինականության դաշտում, մերժել է Պարալլելս Փրոդաքշընի ներկայացրած հայտերը, քանի որ տվյալ կազմակերպությունը նախկինում ստացված պետական աջակցության դիմաց չկատարված պայմանագրային պարտավորություններ ունի, ինչպես նաև պարտավորվել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրությունն ավարտել 2016-2017թ․թ․ ֆինանսավորման պայմանագրով։ Արդյո՞ք Կինոկենտրոնը տեղյակ էր, թե որ ֆիլմարտադրող ընկերությունն է ներկայացնում հայտերը, որոնք, ըստ տեղեկությունների, հանձնվել են փակ վիճակում։ Այս հարցին կարող է պատասխանել միայն Կինոկենտրոնը։
Ինչ վերաբերում է կանոնակարգի 15-րդ կետի՝ հետադարձ ուժ չունենալու մասին վերջերս տարածված կարծիքի, ապա նշենք, որ այս հարցը, ըստ տարբեր իրավաբանների՝ վիճելի է։ Կրկնենք, որ 2018թ․ կանոնակարգը կազմվել և հաստատվել է բացառապես մեկ՝ ընթացիկ տարվա հայտերի ուսումնասիրման գործընթացի համար, և, հետևաբար, փաստաթղթում առկա բոլոր դրույթները պետք է վերաբերեն ընթացիկ տարվա դիմորդներին։
Կանոնակարգի հաստատման պահին կամ դրանից առաջ ո՛չ նախարարության, ո՛չ Կինոկենտրոնի, ո՛չ Հովհաննես Գալստյանի իրավաբանները կամ որևէ կինոգործիչ չեն վիճարկել կանոնակարգի 15-րդ կետը։ Հնարավոր է, որ փորձաքննությունն ի վերջո հաստատի, որ տվյալ կետը հակաօրինական է, ինչն, ըստ էության, կարձանագրի կանոնակարգը կազմող աշխատանքային խմբի թերացումը, բայց փաստն այն է, որ Հանձնաժողովի գործունեության ընթացքում նման որոշում կայացված չի եղել, հետևաբար, 15-րդ կետը, ինչպես և կանոնակարգն ամբողջությամբ ուժի մեջ է եղել, ուստի նախկինում չկատարված պարտք ունեցող ֆիլմարտադրողների հայտերը դիտարկելը և ֆինանսավորելը կանոնակարգի կոպիտ խախտում կլիներ Հանձնաժողովի կողմից։
Քաջատեղյակ լինելով կանոնակարգում 15-րդ կետի առկայությունից՝ ֆիլմարտադրողն, այնուամենայնիվ, բացի «Տատիկիս վարսերը» ֆիլմից, ներկայացրել է ևս հինգ երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի նախագծեր, որոնք, ցավոք, մերժվել են նույն հիմքով։ Կարճամետրաժ ֆիլմերի պարագայում որևէ փաստաթղթային «բացահայտում» չարվեց, և չունենալով Հանձնաժողովի որոշումը վիճարկելու որևէ հիմք՝ մեղադրանքները տեղափոխվեցին «բարոյականության» դաշտ՝ իբր Հանձնաժողովը երիտասարդներին խոչընդոտելու միտում է ունեցել։ Հայտարարում ենք, որ իրականում ճիշտ հակառակ պատկերն է եղել, և Հանձնաժողովն առաջնորդվել է երիտասարդներ ռեժիսորներին և դեբյուտային աշխատանքների արտադրությունը խթանելու քաղաքականությամբ, ինչի մասին վկայում է ընտրված ֆիլմերի նախագծերի ցանկը։
Պարալլելս Փրոդաքշընը այս և նախորդ ֆիլմի հետ կապված շատ վիճելի հարցեր ունի պետության և Կինոկենտրոնի հետ, որոնք քողարկելու համար էլ կազմակերպվեց Հանձնաժողովի գործունեության շուրջ բարձրացված աղմուկը եւ հանրային կարծիք ձևավորելուն միտված մանիպուլացիան՝ չխոսելով արդեն Հանձնաժողովի ստեղծման առաջին շաբաթներից մեր հասցեին առատաձեռնորեն շռայլված զրպարտությունների, անձնական վիրավորանքների և հայհոյախառն արտահայտությունների մասին, որոնք հարկ չենք համարել մեկնաբանել, թեև դրանք կարող են բավարար նյութ լինել իրավապահ մարմինների համար։
Մենք լիահույս ենք, որ ընթացիկ ուսումնասիրությունների եւ քննությունների արդյունքում պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի երկու ֆիլմի շուրջ ձևավորված «խճճված զուգահեռներին» վերջապես հստակություն կհաղորդվի, և Հայաստանի կինոլորտը կկարողանա շուտով հաղթահարել զարգացման ճանապարհին ծանրացած այս և նման խնդիրները։ Փաստաթղթային անհամապատասխանությունները, բանավոր և կեղծ պայմանավորվածությունները, ֆինանսական մեծածավալ անճշտություններն ու իրավաբանական անփութությունը, ցավոք, ոլորտի անցյալի ժառանգության անբաժանելի մասն են կազմում, որը պետք է կարողանանք թոթափել և փոխարինել թափանցիկ ու արդար գործընթացներով՝ լինի դա ստեղծագործական, ֆինանսական, թե իրավական դաշտում։
2018 թվականի ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովի անդամներ`
Նազենի Ղարիբյան
Արմինե Անդա
Սեդա Գրիգորյան
Վիկտորյա Ալեքսանյան
Խանե Պողոսյան
Նաիրա Վարդանյան
25.12.2018թ․
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան
ԿԳՄՍՆ-ն արձագանքել է սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունվածների ուսումնառության վերաբերյալ մտահոգություններին
Նոր զինվորական համազգեստի ազատ վաճառքը կարգելվի․ Սուրեն Պապիկյան
Պապիկյանն աշխատանքից ազատել է ՊՆ-ում աշխատող բոլոր նրանց, ում զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն
Ucom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը
Լավագույն ավանդույթները շարունակվում են. ՀՅԴ-ն դաշինք կկազմի. որտեղ կտեղավորեն Ռոբերտ Քոչարյանին
2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ն է ծառայության հետ կապված հանգամանքներում. նախարար
Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել. Պապիկյան
Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում տերմինալը գողանալ փորձող երիտասարդներին
2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան
2023-ի համեմատությամբ 2025-ին ունեցել ենք զորակոչի թվերի 19 տոկոս աճ. Պապիկյան
Ո՞վ կլինի «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն. Սամվել Կարապետյանը թեկնածու չի՞ գտնում
Նոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը զգալի կնվազի, սպասվում են ձյան տեղումներ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց
Կաշառքի համար մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան
Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են. հայտնի են զոհերի թվի մասին նոր տվյալներ
ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտի շրջանակում
Խոշոր ավտովթար Երևանում. 6 տուժածներից 3-ը երեխաներ են
Միրզոյան-Ռուբիո այցից հետո նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ
Ներկայանալով կեղծ էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են խոշոր գումարներ, կատարել փողերի լվացում
Այրվել է վագոն-տնակ․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի
Արթիկի և Արագածի տարածաշրջաններում բուք է, դժվարանցանելի է Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը
Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար կրկին փակվել է
Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով լքել Իրանը
«Մարտի 1»-ի գործով նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Ապարանում ու Արագածում բուք է, բազմաթիվ բնակավայրերի ավտոճանապարհներին՝ մերկասառույց
ՀՀ վարչապետը հարվածային գործիքների նվագակցությամբ է հղել առավոտյան ողջույնները
Առաջնորդարանի քահանաներից մեկին հրաման է տրվել կոմպրոմատ գտնել ինձ վերաբերող. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Արշակ արքեպիսկոպոսի անպարկեշտ տեսանյութերը մինչև համացանցում հայտնվելը ուղարկվել էր եպիսկոպոսների հեռախոսներին
Ձևիստների հերթական կեղծիքից միջազգային ֆինանսական կառույցներում կախվել են. Հարությունյան
Խաբի Ալոնսոն հեռացվել է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Երգերս կապրեն ինձանից հետո. Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է
Շոյգուն Ալի Լարիջանիի հետ զրույցում դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու փորձը
Կտրիճ Ներսիսյանն ավելի է թեժացնելու իրավիճակը. քանի նա գահին է, խաղը շարունակվելու է. տեսանյութ
Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին
«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների մասին տվյալներ. պարզաբանում
Ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ՝ քաղաքացիներին. նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ
Ջրային կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT