Ինչքան արագ ներդրվի անցումային արդարադատության ինստիտուտը, այնքան նախկին ռեժիմի ռեակցիան ավելի թույլ կլինի․ քաղաքագետ

Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անցել է մեկ տարի։ Կառավարող ուժի արածների, չարածների, խոստումների եւ ապագա անհրաժեշտ անելիքների մասին զրուցել ենք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։

-  Պարոն Վարդանյան, հեղափոխությունից արդեն անցել է մեկ տարի, այն իրադարձությունները, որ եղել են այս մեկ տարվա ընթացքում, օրինաչա՞փ են, ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, եւ ի՞նչ է արվել, որ չպիտի արվեր՝ ազատ, արդար ու ժողովրդավարական պետություն ունենալու ճանապարհին։

- Այն ակնկալիքները, որոնք օբյեկտիվորեն կարող էին լինել կառավարող ուժից, մեծամասամբ արդարացել են, ուղղակի խնդիրն այն է, որ բացի օբյեկտիվ ակնկալիքներից, կարող են լինել նաեւ սուբյեկտիվ ակնկալիքներ։ Այստեղ արդեն շատերը կարող են այդքան էլ գոհ չլինել եղած գործընթացներից։ Օբյեկտիվորեն՝ եթե կառավարող ուժը հայտարարել է, (իսկ ինքը մինչեւ կառավարական լծակներ ստանալը հայտարարել էր), որ չի լինելու կադրային ջարդ, որ փափուկ ռեֆորմների քաղքականություն է որդեգրվելու, այս պարագայում ավելին ակնկալել երեւի ճիշտ չէր լինի։ Բայց, ընդհանուր առամբ, շատերն ունեն լեգիտիմ իրավունք՝ սպասել ավելին։ Եթե քաղաքագետը գիտական մեթոդոլոգիայի հիման վրա կկարողանա տված մեսիջները ընկալել այնպես, որ սպասելիքները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին այս մեկ տարվա իրականությունն է, ապա ոչ մասնագետները այդպիսի համեստ սպասելիքներ չէին կարող ունենալ։ Բնական է, որ սուբյեկտիվ սպասելիքները ավելի բարձր էին։ Հիմնական խոստումներն իրականացվել են, բայց խնդիրն այն է, որ այն, ինչ չի ասվել, շատերի կողմից ենթադրվել է, որ պետք է լիներ մեկ տարվա ընթացքում, եւ շատերը ուշադրություն չեն դարձրել վերը ասածս փափուկ հռետորաբանությանը։

- Իշխանափոխությունից հետո քաղաքացիների սպասումները իսկապես մեծ էին։ Ճիշտ է, որոշ հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի, կենսաթոշակի բարձրացում է եղել արդեն եւ այլն, բայց մարդիկ իսկապես ուզում են առավել շոշափելի եւ համընդհանուր դրական արդյունք տեսնել, սոցիալական առավել լավ պայմաններ։ Այդ արդյունքն ունենալու համար ինչքա՞ն ժամանակ է պետք։

- Եթե քաղաքագիտության տեսակետից դիտարկենք՝ որեւէ ժամկետ նշել, որում կենսամակարդակի կտրուկ դրական փոփոխութուններ կլինեն հանրության մեծամասնության մոտ, հնարավոր չէ։ Որովհետեւ դա մի շարք գործոններից է կախված, եւ տեմպեր, ժամկետներ ասել հնարավոր չէ։ Մենք ողջամիտ հիմքեր ունենք ենթադրելու, որ սոցիալ-տնտեսական վիճակն, ընդհանուր առմամբ, պետք է զգալիորեն բարելավվի, որովհետեւ եղել է դեմոկրատական հեղափոխություն, ինչը ստեղծում է հնարավորություններ՝ յուրաքանչյուրի ինքնարտահայտվելու, ազատ մրցելու, ստեղծագործելու համար, եւ իրավիճակ է ստեղծում, երբ մարդիկ իրենց կարող են ապահով զգալ, տարբեր պրոյեկտներ իրականցել, այնպիսի, որ այս ամենի բացակայության պարագայում երբեք չէին նախաձեռնի։ Սա ողջամիտ ենթադրություն է, բայց ժողովրդավարական փոփոխությունը դեռեւս բավարար չէ, որպեսզի մենք վստահ ասենք, որ եթե եղավ այս հեղափոխությունը, ուրեմն անհնար է, որ տնտեսական վիճակը հանրության լայն հատվածի համար զգալիորեն չլավանա։ Մենք ունենք միջազգային փորձ, որը ցույց է տալիս, որ բնավ ո՛չ բոլոր դեպքերում է, որ ժողովրդավարության հաստատումը հանգեցրել է հասարակության մեծամասնության կենսամակարդակի կտրուկ փոփոխությանը։ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ դեմոկրատական փոփոխությունններից հետո երկար տարիներ չի արձանագրվել կենսամակարդակի կտրուկ բարելավում, եւ մինչեւ հիմա, օրինակ, Ռումինիայում միջին աշխատավարձը հենց այս պահի դրությամբ շատ քիչ է տարբերվում ՀՀ-ի միջին աշխատավարձից։ Այնտեղ նաեւ աղքատության բարձր ցուցանիշ կա, չնայած նա վաղուց է բռնել ժողորդավարության ճանապարհը։ Բայց ունենք նաեւ Էստոնիայի կամ Սլովենիայի փորձը, որոնք գրեթե նույն ժամանակահատվածում բռնել են ժողովրդավարության ուղին, եւ հասել են նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությանը։ Այսինքն, մենք կարող ենք ակնկալել, որ սոցիալ-տնտեսական վիճակը կարող է կտրուկ փոխվել, բայց չենք կարող պնդել, որ, ամեն դեպքում, անպայման ունենալու ենք այդ վիճակի կտրուկ բարելավումը, որովհետեւ բազմաթիվ գործոններ են ազդում դրա վրա։

Քաղաքական ռեժիմի փոփոխության իրականացումը ենթադրում է մոնոպոլիաների վերացում, հավասար մրցակացային պայմանների ստեղծում, եւ այլն, եւ նույնիսկ լռելյայն ենթադրվում է, որ նախկինում թալանածը պետք է վերադարձվի, եւ անկախ նրանից, որ հեղափոխության ժամանակ հեղափոխության առաջամարտիկները ասում են, թե երբ է ամենը վերադարձվելու, մարդիկ սպասելիք ունեն, որ թալանածը պետք է վերադարձվի եւ իրենց կյանքի որակը պետք է փոխվի։

- Օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ քաղաքացին էլ պետք է մասնակցություն ունենա իր սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու գործընթացին, եւ խոսքը միայն ՀԴՄ կտրոն պահանջելու մասին չէ։ Քաղաքացին այս մեկ տարվա ընթացքում մասնակցություն ունեցա՞վ եւ այդ կոչը արդյունք տվե՞ց ըստ Ձեզ։

- Այդ կոչը բավականին ռացիոնալ է, այն առումով, որ ակնհայտ է՝ եթե քաղաքացիների մի զգալի մաս կոնկրետ քայլեր չձեռնարկի իր կյանքը փոխելու ուղղությամբ, ապա, իհարկե, լուրջ փոփոխություններ սպասել՝ ոչ ռացիոնալ կլինի։ Բայց կոնկրետ ո՞ւմ է ուղղված այդ կոչը։ Մի տեսակ ավելի բարոյախրատական ոճի, հոգեբանական ազդեցություն ունենալու նպատակ ունի, բայց մենք շոշափելի արդյունք չենք կարող ակնկալել։ Մենք ինչ իմանանք՝ ով ինչ պետք է անի, ով ինչ արեց, ինչպե՞ս պետք է ստուգենք՝ քաղաքացիները քայլ արեցի՞ն, փոխեցի՞ն իրենց կյանքը, թե՞ ոչ։ Լավ, ՀԴՄ-ները պահանջեցին, վիճակագրական ցուցանիշներով շատացել է տպված կտրոնների քանակը, բայց նույնիսկ այդ դեպքում չենք կարող ասել՝ քաղաքացինե՞րն են պահանջում, թե՞ տնտեսվարողները, իմանալով, որ կարող են պատժվել, տրամադրում են կտրոնը։ Ամեն դեպքում, հստակության պակաս կա այս բարեփոխումներում եւ բարեփոխումներին ուղեկցող ինֆորմացիոն հոսքում։ Այս առումով մեկ տարվա ընթացքում բավարար չափով աշխատանք չի արվել, որպեսզի այդ հստակությունը մտցվի, եւ ռեֆորմները բոլորի համար ավելի հասկանալի դառնան։ Կարծում եմ՝ այն պատճառով, որ շատ դեպքերում ուղղակի առաջնահերթ խնդիր չեն համարել սա, պակաս կերպով են կարեւորել եւ բավարար ժամանակ չեն հատկացրել։ Հնարավոր է նաեւ, որ բարեփոխումների կոնցեպցիան մինչեւ վերջ պարզ չէ նաեւ կառավարող խմբի համար, դրա համար որոշ դեպքերում խուսափում են շատ ավելի մանրամասն խոսելուց։

- Պարոն Վարդանյան, Դուք ասացիք, որ հիմնական խոստումներն իրանակացվել են, իսկ ի՞նչ խոստումներ են եղել, որ չե՛ն իրականացվել։

- Մի քանի խոստում կար՝ կապված օրենքների փոփոխության հետ, օրինակ, կուսակցությունների մասին նոր օրենք, Ընտրական օրենսգիրք, սուպերվարչապետության ինստիտուտի վերացում, անցումային արդարադատության ինստիտուտի ներդրում։ Դրանք չեն իրականացվել, եւ հիմա կառավարող խմբի կողմից ասվում է, որ ժամանակը չէ։ Այսինքն՝ դրանք, իրենց հավաստիացմամբ, իրենց օրակարգից դուրս չեն մղվել, ուղղակի նրանք գտնում են, որ հիմա դրա ժամանակը չէ, բայց չեմ կարծում, որ բավարար արգումենտներ են ներկայացվում՝ ի պաշտպանություն այդ թեզի, արգումենտներ, որ կբացատրեին՝ հիմա դրա ժամանակը չէ։ Կարող ենք ակնկալել, որ իսկապես դուրս չեն եկել օրակարգից, եւ մոտ ապագայում կտեսնենք, որ նման նախաձեռնություններով հանդես կգան։ Ինչ վերաբերում է անցումային արդարադատությունը, ապա սա կարեւորագույն ինստիտուտ է, երբ երկիրը ավտորիտար համակարգից անցնում է ժողովրդավարականի։ Անցումային արդարադատությունը նախ եւ առաջ քաղաքական գնահատական է տալիս նախորդ ռեժիմին եւ ինստիտուցիոնալիզացվում են նախկին ռեժիմի նկատմամբ բոլոր մեղադրանքները, եւ հասարակությունում ձեւավորվում է կոնսենսուս առ այն, որ իսկապես նախկին ռեժիմը եղել է այդպիսին, եւ երբեք չպետք է կրկնվի նման բան։ Իսկ քաղաքական գնահատականը կարեւոր է, եւ հանրությունն ակնկալում էր, որ այդ գնահատականը հստակ պետք է տրված լիներ՝ ինստիտուցիոնալիզացված։

- Իսկ ինչո՞ւ չտրվեց այդ գնահատականը, ո՞րն է խնդիրը, որ դեռ չի ներդրվել անցումային արդարադատության ինստիտուտը։

- Կարծում եմ՝ քաղաքական գնահատականը ենթադրում է նաեւ այն, որ նախկին ռեժիմի տարբեր ինստիտուտները, նախկին ռեժիմին ծառայած տարբեր խմբերը, ըստ էության, պետք է ընդհանրապես դուրս մղվեն քաղաքական դաշտից, եւ դա նաեւ ենթադրում է այն, որ շատ ավելի մեծ թվով քրեական գործեր հարուցվեն, ու դա նաեւ ենթադրում է, որ մեծ քանակի աշխատանք պետք է տարվի փաստահավաք առաքելություն իրականացնելու ուղղությամբ, ինչը ժամանակատար է եւ լուրջ ռեսուրսներ է պահանջում։ Ըստ իս՝ կառավարող խումբը դեռ չի կարողացել գտնել այդ բավարար ռեսուրսները եւ զբաղվել այդ ամենով։

- Բայց, այնուամենայնիվ, այս մեխանիզմը կիրառելու համար դեռ ուշ չէ, չէ՞։

- Իհարկե, երբեք ուշ չէ, բայց որքան շուտ, այդքան ավելի էֆեկտիվ կարող է գործել այդ ինստիտուտը։ Բայց համաձայն եմ ձեզ հետ, որ ուշ չէ։ Կառավարող խումբը հավանաբար մտածել է, որ որքան դանդաղ եւ փափուկ իրականացվեն այդ ինստիտուտի հիմնադրման աշխատանքները, այդքան ավելի քիչ դիմադրություն կլինի նախկին ռեժիմի շրջանակների կողմից։ Եւ, բնականաբար, ավելի անցնցում վիճակը քաղաքական եւ տնտեսական կյանքում կշարունակվի ու նպաստավոր պայմաններ կստեղծվեն ռեֆորմներ անելու համար։ Բայց, ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ որքան էլ փափուկ արվեն գործընթացները եւ մտածեն, որ եթե դանդաղ արվեն, չեն առաջացնի դիմադրություն, միեւնույն է, նախկին ռեժիմը ներկայացնող տարբեր խմբեր ժամանակ չեն կորցնում եւ ակտիվորեն կազմակերպվում են այն առումով, որ ստեղծում են ինֆորմացիոն դաշտում այնպիսի մթնոլորտ, որը հնարավորինս ձեռնտու է իրենց։ Եւ շատ ագրեսիվորեն զբաղվում են հակաքարոզչությամբ, կեղծիքներ տարածելով, տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչների վարկաբեկմամբ եւ այլն, դրանով ազդում են հանրության մի հատվածի վրա, որը բավարար չափով չունի քաղաքացիական գիտակցություն, որը հեշտությամբ տրվում է մանիպուլյացիաներին, ինչը կարող է որոշակիորեն խաթարել հասարակական համերաշխությունը, որին եւ միտված է անցումային արդարադատությունը։ Իմ գնահատմամբ՝ եթե կառավարող ուժը մտածում է, որ իր փափուկ քաղաքականությամբ ավելի արդյունավետ կարող է չեզոքացնել նախկին ռեժիմի խմբերի կողմից այդ արհեստական դիմադրությունը, ապա իրականությունն այլ է․ ինչքան արագ լինի անցումային արդարադատության ինստիտուտի ներդրումը, այնքան նախկին ռեժիմի ռեակցիան ավելի թույլ կլինի։

- Այս ամենով հանդերձ՝ ի վերջո՝ հնին վերադարձ հնարավո՞ր է, քանի որ տեղի ունեցած իրադարձություններից հետո նախկին իշխանությունը, ինչպես ինքներդ նշեցիք, շարունակում է ամեն գնով վերադառնալու ելքեր գտնել։

- Վարչապետն ասել է, որ անդառնալի է, ինքն ուզում է հավատալ դրան, ինքն ուզում է, որ քաղաքացիներն էլ հենց այդպիսի զգացողություն ունենան, որովհետեւ դա ինքնավստահություն է տալիս մարդկանց, որ վերջ, այլեւս հնարավոր չէ, մենք կարող ենք դրա մասին չմտածել ու չանհանգստանալ։ Բայց միջազգային փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ժողովրդավարական կտրուկ փոփոխություններից հետո տեղի է ունեցել հետդարձ՝ որոշ դեպքերում դանդաղ, որոշ դեպքերում նույնիսկ կտրուկ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ փոփոխությունները դեռ ինստիտուցիոնալիզացված չեն, եւ շատ բան կախված է քաղաքական կամքից, եթե ունենան կամք՝ իրականացնել ժողովրդավարական փոփոխություններ, դրանք մեծամասամբ կիրականացվեն։ Տեսականորեն՝ հետդարձ հնարավոր է, բայց մոտ ժամանակահատվածում շատ ցածր է դրա հավանականությունը, քանի որ կառավարող ուժը ունի շատ մեծ լեգիտիմություն, եւ հանրությունն ակտիվ հետեւում է գործընթացներին, սրտացավ է փոփոխությունների հանդեպ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9517 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել