Երևան
12 °C
Այս տարվա հունիսից դադարեցված Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանի ֆինանսավորումը վերականգնված չէ: Հաստատությունը բառի ուղիղ իմաստով ճգնաժամի մեջ է, 10 մլն դրամի պարտք է կուտակել, կենտրոնում ապրող եւ խնամվող երեխաների ու ծնողների մոտ խուճապ է: 50 աշխատակից կա, 82 երեխա:
Օգնության խնդրանքով նախագահ Արմեն Սարգսյանին դիմել, նրանից եւս ստացել են բացասական պատասխան: «Հանրապետության նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները ուսումնասիրեցին «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության գործունեության և խնդիրների վերաբերյալ տվյալները: Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հաստատությունում առկա իրավիճակը գտնվում է պատկան մարմնի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում: Հայտնում ենք Ձեզ, որ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության կողմից բարձրացված խնդիրների լուծումը դուրս է Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներից»,-ասված է նամակում:Այս նախաբանը նաեւ ահազանգ կարող է համարվել: Չի բացառվում, որ հենց վաղն էլ հաստատությունում ապրող երեխաներն ուտելու հաց անգամ չունենան: Տնօրենը ներկա պահին երեխաների սնունդը, հիգիենայի պարագաները, տնտեսական եւ այլ անհրաժեշտ ապրանքներ ձեռք է բերում պարտքացուցակով: Մատակարաները, սակայն, արդեն զգուշացում են ուղարկել: Ասել են, հասկանում են, որ երեխաների համար են այդ քայլին գնացել, բայց այլեւս նման հնարավորություն չունեն:
«Եթե մեզ հաց հրաժարվեն մատակարարել, ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ: Մենք արդեն բոլոր մատակարար ֆիրմաներից զգուշացում ենք ստանում, թե հասկանում ենք, որ երեխաների հարցն է, բայց մեզ էլ հասկացեք, մենք էլ ֆինանսական խնդիրներ ունենք, եւ այլեւս ապառիկ չենք կարող ոչինչ մատակարարաել, ոչ սնունդ, ոչ տնտեսական ապրանք, ոչ մաքրող նյութեր: Խնդրում ենք փոխանցումներն արեք, որովհետեւ արդեն 4 ամիս ոչինչ չենք ստացել ձեզանից»,-ասել են «Թռչունյան տան» հետ աշխատող մատակարար ընկերությունները: Պարտքեր կան կուտակված սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրի դիմաց: Գյումրիում արդեն շատ ցուրտ է, կառույցը, սակայն ջեռուցելու հնարավորություն չկա:Հունիսից սկսած նաեւ աշխատակազմը չի վարձատրվել, աշխատավարձ չեն ստացել եւ «Թռչունյան տան»-ը գործող դպրոցի մանկավարժները, եւ հենց «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի աշխատակիցները: «Իմ աշխատակիցներն արդեն նույնիսկ հացի փող չունեն, 4 ամիս մարդն աշխատավարձ չի ստացել: Աշխատողներ ունենք, որ ամուսիններ են, երկուսն էլ էստեղ են աշխատում, դե պատկերացրեք տուն, որտեղ գումար չի մտնում: Նույնիսկ էն չնչին աշխատավարձը, որը նմանատիպ կառույցների համեմատությամբ պակաս է 50 տոկոսով, սա էլ չեն ստանում: Երեխա կա, որ կարող է մի կերպ վերադառնալ ընտանիք, բայց մենք 35-ից 40 երեխա ունենք, որ մեր ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ տուն ուղարկելը: Մենք փակուղու առաջ ենք, արդեն ցրտել է, ես չգիտեմ ինչ պետք է անեմ: Միշտ ասում են երեխաները պետությանն են, պետությունը ինչ-որ համաֆինանսավորումով գուցե ձեռք մեկնի, մինչեւ ճգնաժամից դուրս գանք»,-ասում է «Թռչունյան տան» տնօրեն Սոնյա Սիմոնյանը:
Աիդա Գասպարյանի 9 երեխաներն էլ խնամվում են «Թռչունյան տան»-ը: Կինն ասում է արդեն մեկ տարի ամուսնալուծվել, Թավշուտ գյուղից Գյումրի է տեղափոխվել, աշխատանք չունի, բնակարան չունի, երեխաներին պահել չի կարող: Հիմա, երբ մանկատունը փաստացի կանգնել է փակվելու եզրին, վաղվա օրը չի պատկերացնում: Վարձակալված 1 սենյակում 10 անձով ապրել չեն կարողանա, իսկ ստացած 85.000 դրամ նպաստը 3-ից 12 տարեկան իր 9 երեխաների կարիքները հոգալուն չի բավարարի:
«Արդեն տարիմ է ստեղ եմ, արդեն 3 անգամ տուն եմ փոխել: Անընդհատ գուկան կըսեն, ել, տունը կծախենք: Էդ պայմաններում ես չեմ կարող 9 երեխա պահեմ: Գոնե որ տունըմ տան, երեխեքիս առնիմ տանիմ, չիդեմ ինչ ենեմ, գորխծըմ գտնիմ, աշխատիմ, գլուխներս պահեմ: Ստեղ ապահով էի, երեխեքը անվտանգ կմնային, փողոցը չէին, կուտեին, կհանգնվեին, տան պես կապրեին, ես էլ գուկայի, կերտայի կտեսնեի: Գիտեի, որ անկողին կա, տեղաշորի մեջը կըքնին, կլողնան, ամեն պայմանը կար: Հմի ես վախի մեջ եմ, էնելիքս չիդեմ»,-ՀԺ-ի հետ զրույցում մտահոգվեց Աիդան:16 տարի կայուն ֆինանսավորում ապահոված բարերարները թե ի՞նչ պատճառով են այս տարվա հունիսից մտքերը փոխել եւ ետ կանգնել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված գյումրեցի երեխաներին օգնելու իրենց նախաձեռնությունից, տնօրենը չգիտի: Հստակ է միայն այն, որ, ըստ «Թռչունյան տուն» ՍՊԸ տնօրենի, բարերարների գումարն ուղարկվել է Մայր Աթոռ, այնտեղից էլ փոխանցվել է հաստատությանը: Այսինքն բարերարների խումբն աշխատում էր Մայր Աթոռի հետ,- բացատրեց տնօրեն Սոնյա Սիմոնյանը:
Նշենք, որ ԱՄՆ-ում ապրող բարերարներից հավաքագրված գումարը մշտապես Հայաստան, ավելի հստակ «Գյումրիի հաշմանդամ որբերի տուն» բարեգործական հիմնադրամին է հասցվել բարերար Հերման Հինթիրյանի միջոցով, ով այս տարվա հունիսից արդեն դադարեցրել է իր գործունեությունը: Այս քայլով «Թռչունյան տունը» զրկվել է ֆինանսի միակ աղբյուրից: Հինթիրյանի հետ միայն սեպտեմբերին է հնարավոր եղել մի քանի նախադասություն ընդամենը փոխանակել նամակի միջոցով: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան նա տեղեկացրել էր, որ Մայր Աթոռն ամեն ինչից տեղյակ է: «Տեր Մարկոսին ասա, թող Վեհափառ Հորը հարցնե, ես հատ-հատ հաշիվ պիտի չտամ: Ասի նոր խնդիր չէ, 3 տարի է ի վեր կշարունակվի»,-ասել էր Հինթիրյանը: Այնուհետ մի քանի օր անց Շիրակ կենտրոն հկ-ի պաշտոնական կայքում հրապարակվեց Հինթիրյանի նամակը, որն ըստ կայքի, Հերման Հինթիրյանն իր ընկերներին եւ «Թռչունյան տան» աջակիցներին գրել է սեպտեմբերի 25-ին: Նամակում մասնավորապես ասվում է.«Նախ և առաջ ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը 16 տարի շարունակ ձեր աջակցությունը ցուցաբերելու համար: Այս տարիների ընթացքում մենք 1,600,000 դոլլար ենք տրամադրել, որպեսզի հոգանք Թռչունյան Տան մանկատան երեխաների կարիքները և կառույցի գործունեության ծախսերը: Սրտի ցավով ենք ուզում հայտնել, որ 2019 թ.-ի սեպտեմբերի 1-ից դադարեցնում ենք մանկատան հետագա ֆինանսավորումը: Քանզի ավելի դժվար էր դարձել համագործակցությունը կառույցի ներկայիս պատասխանատուի և անձնակազմի հետ առօրյա գործունեության մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու հարցերում: Չնայած մանկատան մեր աջակցությունը դադարեցվում է, բայց մենք շարունակում ենք օգնել սոցիալապես անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին՝ թե՛ Գյումրիում, թե՛ Գյումրիից դուրս: Տարիների ընթացքում մենք հաստատել ենք բարեկամական կապեր տեղի այլ բարեգործական կառույցների հետ և կշարունակենք օգնել անապահով ընտանիքներին այս կառույցների օգնությամբ:
«Շիրակ կենտրոնը» տրամադրում է վառելափայտ, սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ այն ընտանիքներին, ովքեր ապրում են դոմիկներում: Մինչ այսօր մի շարք ընտանիքներ ապրում են այդ ժամանակավոր կացարաններում, որոնք կառուցվել են 1988 թվականի աղետալի երկրաշարժից տուժած ընտանիքների համար:
«Նոր Լույսը» առաջին մենթորինգ կառույցն է Հայաստանում, որը աշխատում է մանկատան և սոցիալապես անապահով ընտանիքների դեռահաս աղջիկների հետ՝ ապահովելով նրանց կյանքի հմտություններով և մի շարք հնարավորություններով, որոնց շնորհիվ կլինեն ինքնաբավ, ինքնվստահ և զարգացած անհատներ: Կառույցը նաև ապահովում է կրթաթոշակներով, որպեսզի աղջիկները կարողանան ունենալ բարձրագույն կրթություն:
«Ամերիկյան Փարոս Հիմնադրամը» իր «Դեպի Առաջ» Երեխաների ցերեկային զարգացման կենտրոնի միջոցով տրամադրում է տաք սնունդ, հիգիենայի պարագաներ, դասապատրաստումներ և այլ խմբակներ այն երեխաներին, ովքեր ապրում են դոմիկներում: Այս երկու կառույցներն էլ աշխատում են ապահովել այս ընտանիքներին բնակարաններով և մասնագիտական կրթությամբ, որպեսզի երեխաները կարողանան հետագայում աշխատանք գտնել: S.O.A.R.-ի միջոցով մենք կկարողանանք օգնել Թռչունյան Տան մի շարք երեխաների, երբ վերջիններս շարունակեն կրթությունը և ցանկություն հայտնեն մասնագիտություն ունենալ: Չնայած մեր գործունեության ոլորտը փոխվում է, այնուհանդերձ, մենք շարունակում ենք նվիրվածությամբ օգնել և բարելավել Գյումրու և Հայաստանի այլ տարածքներում ապրող երեխաների կյանքը: Իսկ այս ամենը հնարավոր կլինի միմիայն ձեր շարունակական առատաձեռն օգնությամբ»:
Պետք է նկատել, որ հունիսից ֆինանսավորումը դադարեցրած բարերարն իր գործընկերներին եւ մյուս հովանավորներին այդ մասին նամակով տեղեկացրել է միայն սեպտեմբերի 25-ին: Հապաղման պատճառը պարզելու հնարավորություն այս պահին չկա:
Ընդհանուր առմամբ Գյումրու «Թռչունյան տան» տարեկան բյուջեն 72 մլն դրամ է մշտապես եղել: Տնօրենն ասում է, չնայած նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ այս բյուջեն մի քանի անգամ քիչ է, սակայն դրանով կարողացել են աշխատել: Բայց սկսած հունիսից հաստատության հաշվին որեւէ լումա անգամ մուտք չի եղել: «Մեր միակ հույսը Մայր Աթոռն է, եւ գուցե գտնվեն անհատ բարերաներ, որոնք էլի կենտրոնանան էս հարցի շուրջը, Թռչունյան տան շուրջը, թող Աստված տա ցանկություն ունենան եւ իրենք որոշեն, թե ինչ ճանապարհով են աշխատելու: Այն ֆինանսական ճեղքվածքը, որ գոյացել է մեր մոտ վերջին 3-4 ամսիների ընթացքում, կարողանան հարթել»,- ասաց հաստատության տնօրենը:
Խնդիրներ, ըստ «Թռչունյան տուն» ՍՊԸ տնօրեն Սոնյա Սիմոնյանի, հովանավորների եւ նրանց գործողությունների հետ կապված երբեք չի եղել: Միայն մեկ անգամ է տարակարծություն եղել: Խնդիրը վերաբերել է հաստատությունում գործող Հրանտ Դինքի անվան դպրոցը փակելուն, հետո այն հարթվել է, եւ, ըստ Սոնյա Սիմոնյանի, իրենց թույլ է տրվել այս սեպտեմբերից կրկին շարունակել դպրոցի գործունեությունը:
16 տարում խոսք չի եղել նույնիսկ որեւէ չարաշահման կամ սխալ կառավարման մասին: «Մեզ մոտ աուդիտ է անցկացվել եւ արդեն քանի տարի է սպասում ենք պատասխանին, չեն տալիս: Մեզ հետաքրքիր է, թե ինչ են արձանագրել, կա՞ն խնդիրներ, չկա՞ն խնդիրներ: Այստեղ նաեւ խորքային ուսումնասիրություններ արեց «Առավոտ» ՀԿ-ն: Մի քանի ամիս տեւեց իրենց աշխատանքը: Նրանք էլ մեզ իրենց այդ ուսումնասիրությունների պատասխանները չտվեցին: Ասացին, մենք դրանք տրամադրելու պարտավորություն չունենք, տալիս ենք պատվիրատուին: Չգիտեմ ով է պատվիրատուն՝ կամ հիմնադրամը, կամ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Այստեղ միշտ էլ աուդիտ լինում է»,- ասում է տնօրենը:
Մայր Աթոռից հերթական զրույցում վստահեցրեցին, որ հունիսից սկսած նոր հովանավորների որոնումը շարունակում է: Տարբեր բանակցություններ են եղել, եւ դեռ ընթացքի մեջ են:
Ըստ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի, եթե որեւէ մեկը չգտնվի, իրենց հետագա անելիքը չեն պատկերացնում: «Եթե մի դրական լուր լինի, ինքս առաջինը կզանգեմ Ձեզ, կարող եք վստահ լինել»,- ասաց Տեր Մարկոսը:
Հնարավո՞ր է, որ «Թռչունյան տան» կառավարումն ամբողջովին ստանձնի Մայր Աթոռը: ՀԺ-ի հարցին ի պատասխան, Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրենն ասաց, հնարավոր է, եթե ֆինասնավորման հարցը լուծվի: Ըստ նրա, դա զուտ տեխնիկական խնդիր է: «Որովհետեւ եթե չենք կարողանալու ֆինասավորման հարցը լուծենք, ՍՊԸ-ն լուծարենք, աշխատակիցներին ամբողջությամբ մեր մոտ գրանցեք, բերենք, անունն ի՞նչ դնենք: Դա երկրորդական հարց է: Ինձ համար հիմա մեծ ցավ է, որ էս ամեն ինչը տեսնում են տասնյակ տարիներ էդ կառույցը ֆինանսավորած մարդիկ եւ ոչինչ չեն անում: Սա ինչ-որ որակների մասին է խոսում: Բայց հույս ունենք, որ պետք է ստացվի»:
Եթե հովանավորները կամ ֆինանսավորման աղբյուրը գտնի Մայր Աթոռը, արդյո՞ք կցանկանա հետագա աշխատանքը շարունակել «Գյումրիի հաշմանդամ որբերի տուն» բարեգործական հիմնադրամի «Թռչունյան տուն» ՍՊԸ-ի հետ: Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն ասաց՝ հարցին այս պահին չի կարող պատասխանել: «Հիմա որեւէ տեսանելի բան չեմ կարող մեջբերել, որ ասեմ, գիտե՞ք, տիկին Սոնյայի հետ խնդիր կա, ինքը պիտի դուրս գա եւ այլն, բայց միեւնույն ժամանակ ես շատ պարզ կարող եմ ասել, որ ոչ մի լուրջ ներքին կազմակերպական ինֆորմացիայի չեմ տիրապետում: Այսինքն, կառույցն ինձ համար անհայտ փակ կառույց է: Երբ լրիվ կանցնի մեր պատասխանատվության տակ, այդ ժամանակ արդեն ինձ համար հստակ տեսանելի կլինի: Քանի դեռ այդպես չէ, ես ինչպես կարող եմ ասել՝ մենք կշարունակենք, թե՝ ոչ: Էս պահին որեւէ խնդիր չեմ տեսնում: Տիկին Սոնյան փորձառու է, հազար տարվա աշխատող է, բայց ամեն դեպքում, կողքից նայելը, կարծիք հայտնելն ուրիշ է, գործերում փաստաթղթավորված իրական կյանքին ծանոթանալը լրիվ ուրիշ է»,- ասաց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրենը:
Այն մասին, թե ինչպես է Գյումրիում հիմնվել Թռչունյան տունը:
2000-ականներին Մեսրոպ արքեպիսկոպոս Սրբազանն ԱՄՆ-ից Երեւան է բերել մի կտակ, որով մահացած ոմն Վահան Տերչունյան (հետագայում արդեն Թռչունյան) իր մահից առաջ 270.000 ԱՄՆ դոլար է թողել եւ ցանկացել, որ Գյումրիում գտնվի ԱՄՆ-ի որբանոցի այն շենքը, որտեղ ինքը մանկության տարիներն է ապրել, եւ այն ծառայեցվի նույն նպատակին: Կտակի կտակարար է ճանաչել Մեսրոպ արքեպիսկոպոս Սրբազանը: Աշչյանը, որը քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով ժամանակին տեղափոխվել է Հայաստան, սկսել է փնտրել այդ շենքը, քանի որ Տերչունյանը կտակում պնդել էր, որ պետք է լինի հենց նույն շենքը, որտեղ ինքն է ապրել:
Երկար որոնումներից հետո, երբ գտնվել է շենքը, պարզվել է, որ տարածքը կիսավեր կառույցով պատկանում է ՌԴ ռազմաբազային: Որոշվել է ռուսական կողմին նամակ գրել եւ պատմել կտակի մասին: Ուղիղ մեկ շաբաթ հետո եկել է նամակի պատասխանը, որ շենքը տրամադրվում է հայկական կողմին, անհատույց ամբողջ տարածքով՝ կտակի նպատակն իրականացնելու համար: Սկսված շինարարության վրա կտակով թողնված գումարն ամբողջությամբ ծախսվել է, ավելացվեց է եւս մեկ հարկ, կառույցը կահավորվել է: 2003 թվականի սեպտեմբերի 1-ին այն բացվել է: Մեսրոպ սրբազանը ներկա է եղել բոլոր արարողություններին եւ վախճանվել է նույն տարվա դեկտեմբերի 2-ին: Բայց թե ինչու՞ է սրբազանը «Թռչունյան տուն»-ն ու տարածքը նվիրաբերել Մայր Աթոռին, որեւէ մեկին հայտնի չէ:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT