«Կամ իմ հետ պիտի աշխատես, կամ դու էլ ոչ մի բան չունես». գյուղապետը պնդում է՝ Գագիկ Ծառուկյանը խլել է իր բիզնեսը

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երեկ աղմկահարույց հայտարարություններ է արել՝ պնդելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խաբեությամբ եւ սպառնալով խլել է իրեն պատկանող ձկնաբուծարանները: Մասնավորապես, ըստ Թադեւոսյանի՝ Ծառուկյանն իրենից պահանջել է ստորագրել բաժնեմասն իրեն փոխանցելու փաստաթղթի տակ՝ սպառնալով. «Մի բան չես ունենա, քարը քարի վրա չեմ թողնի»:

Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչը հայտարարել էր, թե մի խումբ մարդիկ ներխուժել են 100 տոկոսով Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել ձուկ գողանալ։ Ըստ Առուստամյանի ներկայացուցչի՝ երբ փորձել են թույլ չտալ, քաշքշուկ է եղել: «Մուլտի գրուպ»-ի ներկայացուցիչն ահազանգել էր ոստիկանություն: «Ձուկ գողացողները», որոնց մասին խոսել է Առուստամյանի ներկայացուցիչը, գյուղապետի մարդիկ են եղել: Նրանք փորձել են լճերից ձուկ դուրս բերել՝ տեղափոխելով իրենց պատկանող այլ լճեր՝ «բտման»:

Երեկ կրկին նույն բանն է տեղի ունեցել: Հովիկ Թադեւոսյանի ներկայացուցիչները նորից փորձել են ձուկ դուրս բերել, Ծառուկյանի ներկայացուցիչները կրկին խոչընդոտել են: Այս կապակցությամբ էլ գյուղապետն ահազանգել է իրավապահ մարմիններին:

«Մենք նամակ ենք գրել ՀՀ վարչապետին, դիմել ենք գլխավոր դատախազություն, ՀՔԾ՝ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին»,- երեկ մեր զրույցում ասաց Թադեւոսյանը՝ հավելելով՝ հաղորդման մեջ նշել են, որ բռնի ուժով տիրացել են իրենց ունեցածին, սեփականությանը:

Ստացվում է, որ Ծառուկյանի ներկայացուցիչները պնդում են, թե այդ ձկնաբուծարաններն իրենցն են, իսկ Հովտաշատի գյուղապետը՝ հակառակը, որ դրանք իրեն են պատկանում: Մեր այցելության պահին Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները ձկնաբուծարանի տարածքում աշխատանքներ էին իրականացնում, որից հետո իրենց հետ բաժին տարան ձկնաբուծարանների տարածքի ներկայիս տնօրենին՝ Արայիկ Քեսոյանին: Վերջինս ավելի ուշ ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, թե ինչու էր հրավիրվել ոստիկանություն եւ ինչ է պատմել այնտեղ: 

Մինչ այդ ներկայացնենք Հովտաշատի գյուղապետ Հովիկ Թադեւոսյանի հետ մեր զրույցը, որում ձկնաբույծը բացատրել է, թե ինչպես է ստացվել, որ 2010-ին ամբողջությամբ իրեն պատկանող տարածքը 2016-ին արդեն սկսել է պատկանել Սեդրակ Առուստամյանին:  

Ասաց՝ այդ հսկայական տարածքում, որ երեւում է, ամեն քար ու փայտ ինքն է ստեղծել, 2010 թվականին: Այդ ամենն արել է մի գործընկերոջ հետ, որի ազգանունը Շաքարյան է: Կարճ ժամանակ անց Շաքարյանը վաճառել է իր բաժնեմասը, եւ, Թադեւոսյանի հավաստմամբ, ինքը դարձել է 100 տոկոսի բաժնետեր: «Այդ ժամանակահատվածում հայտնվեցին Հովիկ Աբրահամյանն ու Ծառուկյանը: Հայտնվել ասելով՝ եկան լճեր, թե՝ բա, եթե ուզում ես, որ հզոր լինես, լավ լինես, մեջքիդ լինենք՝ ֆինանսական, ամեն ձեւի, եկեք իմ հետ համագործակցեք, աշխատենք, ես նենց կանեմ, որ Հայաստանում կլինենք համար առաջինը: Էդքան էլ իմ սրտով չէր, ասացի՝ մենք տարբեր մարդիկ ենք, դուք՝ հզոր, ես՝ սովորական, անհամատեղելի է մեր աշխատանքը»,- մեզ հետ զրույցում պատմեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ ավելի ուշ, այնուամենայնիվ, իրեն համոզել են:

Այսպիսով, ձկնաբուծարանների 34 տոկոսը փոխանցել են Ծառուկյանին, 33-ականը՝ Թադեւոսյանին ու Ծառուկյանին խնամի, այդ ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդուն: Բաժնետոմսերի դիմաց Ծառուկյանը խոստացել է խոշոր ներդրում անել ձկնաբուծարանում: 

Նա, սակայն, ըստ Թադեւոսյանի, իր խոստացածի ընդամենը 30 տոկոսն է ներդրել՝ ասելով, թե ֆինանսական ճգնաժամ է աշխարհում, ներդրումներ չեն կարող անել:

«Մեր գործողությունները, փաստորեն, հենց սկզբից սխալ սկսվել էին, բայց դե լուծը վերցրել էինք, ասեցինք՝ տանենք: Ուրիշ բան չէինք էլ կարող անել»,- ասաց նա: Հարցին՝ ստիպո՞ւմ էին՝ Թադեւոսյանը պատասխանեց. «Շարունակենք, էլի: Շարունակենք, հա՞»:

Այս ընթացքում, (2012 թ.) Թադեւոսյանը գյուղապետ է ընտրվել: Հովտաշատի ձկնաբուծարանի աշխատանքին զուգահեռ Ջոնիկ Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ ստեղծել են մի շարք այլ ընկերություններ («Մխչյան ֆիշ ֆուդ», «Մխչյան ֆիշ» եւ այլն), բոլոր տեղերում հանդիսանալով հավասար բաժնետերեր: Բացի այս հավասար բաժնեմասային ընկերություններից, ըստ Թադեւոսյանի, ինքն ու Ջոնիկ Աբրահամյանն այլ տարածքներում էլ են ձկան բիզնեսով զբաղվել, ինչին, ըստ նրա, Ծառուկյանը խանդով է վերաբերվել: «Ինձ հոպարի տղա էին ասում…կանչեցին Ծառուկյանի այգի: Ծառուկյանն ինձ հետ զրուցեց, թե դուք իրավունք չունեք, բիզնեսի օրենքներով էդպիսի բան գոյություն չունի, որ եթե մենք երկուսով ձուկ ենք պահում, դու էլ առանձին ձուկ պահես: Դե, ասում եմ, դուք դեռ ձուկ չէիք պահում, այդ տնտեսությունը գոյություն է ունեցել, այնպես չէ, որ ես էս տնտեսությունը ձեռք եմ բերել ձեզ հետ ծանոթանալուց հետո: …Ասեց՝ բա, տենց բան չի կարա լինի… Մի 15 րոպե հետո Ջոնիկին կանչեց, բա, դու շատ բան չխոսես, ես իրենց հետ հարցեր ունեմ: Նույն պատմությունը, ինչ իմ հետ էր խոսում, նույնը նրա հետ իմ ներկայությամբ է խոսել. ասում էր՝ ես ձեր տեղը փող եմ դրել, էս եմ արել, էն եմ արել, դուք ինչ իրավունք ունեք, դրել եք, թազա լճեր եք սարքում… Մի խոսքով, Ջոնիկին ասեց՝ պիտի դուրս գաք խաղի միջից, սարքել եք, գնացեք ձեր համար ձեր գործողություններով զբաղվեք: Ջոնիկը համաձայնեց. ես չգիտեմ, պայմանավորված են եղել, թե չէ, հեշտությամբ համաձայնեց, որ՝ այո՛, ես դուրս կգամ: Բաժնեմասը գնեց մեր համատեղ ընկերությունը՝ «Էկոֆիշ թրեյդը»: Ծառուկյանն իր գրպանից ո՛չ իմ ներկայությամբ, ո՛չ էլ փաստաթղթերով գումար չի տվել Ջոնիկին»,- շարունակեց պատմել գյուղապետը՝ հավելելով, թե Ջոնիկ Աբրահամյանից հետո հասել է նաեւ իրենից ազատվելու հերթը: Առաջարկել են բաժնետոմսերը դարձնել 50/50, այսինքն՝ նաեւ  Աբրահամյանի մասն իրենց անվան վրա գրանցել:

«Ասացի՝ դե, հիմա ինչ կարամ անեմ, ենթադրենք՝ առյուծների ձեռքն եմ ընկել, ոչ էն ա՝ հրաժարվես, ոչ էն ա՝ չհրաժարվես: Համաձայնեցի, ասացի՝ բերեք անենք 50/50, խնդիր չկա: Մեր ներքին աուդիտով մենք այս տնտեսությունը գնահատեցինք մոտ 1 միլիոն դոլարի կարգի գումար՝ ձկով եւ իր շինություններով, ինքն էլ դրա դիմաց ներդրում կատարեց, որ էս տնտեսությունը, այսինքն՝ մենք շարունակենք մեր աշխատանքները»,- բացատրեց Հովիկ Թադեւոսյանը: Այնուհետեւ, ըստ նրա՝ Ծառուկյանն իր ղեկավարած «Մուլտի գրուպի» աշխատակիցներին ուղարկել է՝ ընկերությունում աուդիտ անելու եւ պայման է դրել, որ մինչեւ աուդիտը «պիտի էդ ամբողջ ունեցվածքը ձեւակերպվի» Սեդրակ Առուստամյանի անունով: 

Երբ Թադեւոսյանն ընդդիմացել է, Ծառուկյանը, նրա խոսքով, այսպես է հիմնավորել իր պնդումը. «Ես խնամուս ձեռքից խլել եմ բաժնեմասը, հիմա որ դու իմ անունով չձեւակերպես, ես իմ խնամիների հետ խնդիրներ կունենամ: Այսինքն, որ իբր քո ձեռքից էլ եմ խլում»:

Թադեւոսյանն ասել է, որ համաձայն չէ. «Ասեց՝ (Ծառուկյանը-խմբ.) ամեն ինչ կանեմ: Մի բան չես ունենա, քարը քարի վրա չեմ թողնի: Դա Ծառուկյանի ամենահզոր ու անպատժելի ժամանակաշրջանն էր՝ 2016 թվականին: Երեւի ավելի լավ գիտեք, թե ինչ կապ կար իշխանությունների հետ, Ծառուկյանն ինչ առավելություն ուներ մնացած բոլոր բիզնեսմենների հետ, ինչ կարար աներ, ինչ չէր կարա: Ստիպողաբար, ոտի վրա, լճերում փաստաթուղթը բերեցին ստորագրելու: Բա, ես 2 ամիս հետո էտի հետ կվերադարձնեմ, ես շան տղա չեմ, Ծառուկյանն իր խոսքի տերն ա, իրա խոսքը գործ ա, հոպարի տղա, դու պրոբլեմ չունես եւ այլն, մի վախեցի, բան չկա»,- Թադեւոսյանին սպառնացել-համոզել է Գագիկ Ծառուկյանը:

Ո՛չ 2 ամիս հետո, ո՛չ էլ տարիներ անց, սակայն, բաժնետոմսերը չեն վերադարձվել Թադեւոսյանին: «Էն աստիճանի հասավ, որ կասկածեցի՝ սրանք քայլ են ուզում անել: Գնացի «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրենի մոտ, ասացի՝ կա՛մ բերում եք իմ բաժնեմասը մի շաբաթվա ընթացքում տալիս եք ինձ, կա՛մ ես ձեր դեմ պատերազմ եմ հայտարարում»,- իր վստահեցմամբ՝ 2019-ի տարեվերջին Սեդրակ Առուստամյանին ասել է Թադեւոսյանը: Ի պատասխան՝ «Մուլտի գրուպի» տնօրենը նկատել է, թե Ծառուկյանը խնդիր ունի, պետք է հանդիպեն՝ խոսեն: Թեեւ, ըստ Հովտաշատի գյուղապետի, ինքը համաձայնել է հանդիպել, սակայն Ծառուկյանի հետ հանդիպումը ձգձգվել է.

«Վերջը դեկտեմբերի 10-ին (2019 թ.)՝ ծննդյանս օրը, ինձ ասացին, որ Ծառուկյանը քեզ ա սպասում կազինոյում (Շանգրիլա): Գնացի, հաց էր դրած, նստեցինք, ահագին մարդիկ կային, որոնց ճանաչում էի, հյուրասիրեցին…Հետո Ծառուկյանը՝ բա, առանձնանանք: 5 մետր էն կողմ գնացինք՝ բա ինչ կա: Ասեցի՝ Ծառուկյան ջան, սենց-սենց, չեմ ուզում աշխատեմ ձեզ հետ, ուզում եմ բաժանվեմ: Բա ո՞նց, ես քո հույսով եմ էդ ամեն ինչն արել, ոնց ես ինձանից բաժանվում: Ասի՝ չեմ հասցնում, ի վիճակի չեմ: Բա, տենց բան չկա: Ասի՝ իմ բաժնեմասը 4 տարի ա՝ ինձ չեք տալիս, խաբում եք, էսօր-էգուց եք գցում: Բա էդ ա, ուզում ես՝ ուզի, չես ուզում… կա՛մ դու իմ հետ պիտի աշխատես, կա՛մ դու ըտեղ ոչ մի բան չունես: Սաղ մեր անունով ա: Ասի՝ Ծառուկյան ջան, եթե տենց ա, ուրեմն ես գնացի: Ասեց՝ դավայ, դե ս….եղի, գնա, բան չկա»,- պատմեց գյուղապետը:

Հաջորդ օրը, ըստ գյուղապետի, «Մուլտի գրուպի» ներկայացուցիչները գնացել են ձկնաբուծարան: Թադեւոսյանը ոչ ոքի թույլ չի տվել որեւէ գործողություն իրականացնել՝ ասելով, որ «Մուլտի գրուպը» որեւէ կապ չունի այդտեղ գործող «Էկոֆիշ թրեյդ» կամ «Ռապս» ընկերությունների հետ: Այդ օրվանից սկսած՝ հակասությունն էլ ավելի է սրվել. Թադեւոսյանի պնդմամբ՝ Ծառուկյանի ներկայացուցիչներն իրեն թույլ չեն տվել ջրից հանել նույնիսկ այն տարածքի ձկներին, որը պատկանում է իր որդուն: Հակառակը, նրա փոխանցմամբ, ձկներին դիտմամբ կերակրում են եւ տանում դեպի իրենց կողմ:

Թե ինչ ելք կունենա այս պատմությունը, կորոշեն իրավապահները՝ իրականացվող քննության ընթացքում: Իսկ քննության պահանջ իրավապահներին ներկայացրել են երկու կողմերն էլ: Հովիկ Թադեւոսյանից հետաքրքրվեցինք՝ կարողանալո՞ւ եք ապացուցել, որ այդ ամենը ձեզ է պատկանել եւ ապօրինի խլվել է: «Եթե ես լինեի իրավապահ մարմինը, ես կապացուցեի»: Հարցին՝ չի՞ վախենում արդյոք՝ Թադեւոսյանը պատասխանեց. «Վախենալ ումի՞ց, Ծառուկյանի՞ց, ոնց որ Ծառուկյանն ա մեզանից վախենում: …Մենք էնքան մեծ բան ենք կորցրել, որ մեր վախն անցել ա»:

Սեդրակ Առուստամյանը երեկ չպատասխանեց մեր հարցերին: Նրա գրասենյակից մեզ ասացին, որ տեղում չէ, իսկ հեռախոսին Առուստամյանը չպատասխանեց:

Մենք զրուցեցինք վերը նշված ձկնաբուծարանները ներառող ընկերությունը՝ «Ռապս» ՍՊԸ-ն, 2019-ի դեկտեմբերի 12-ից ղեկավարող Արայիկ Քեսոյանի հետ, որը  ոստիկանների մասնակցությամբ ինչ-որ գործողությունների էր մասնակցում:

- Պարո՛ն Քեսոյան, ի՞նչ գործի շրջանակներում էիք ոստիկանություն հրավիրվել:

- Մենք մեր սեփական տարածքի մեջ, որի տնօրենը ես եմ, առօրյա աշխատանքային գործունեություն էինք անում, համայնքի ղեկավարը եկավ, համագյուղացիների հետ, խոչընդոտեցին, չթողեցին, որ մեր գործողությունն անենք: Այսինքն՝ չթողեցին, որ մենք մեր սեփական ձկները լճերից տեղափոխություն անենք: Դրանից հետո ահազանգ է եղել ոստիկանություն… Ինձ հրավիրեցին ոստիկանություն՝ հաղորդման հիման վրա:

- Հովիկ Թադեւոսյանը պնդում է, որ այդ ձկնաբուծարանն իրեն է պատկանել, տարիների ընթացքում խարդախությամբ Գագիկ Ծառուկյանն իրենով է արել այն:

- Խնդրում եմ Հովիկ Թադեւոսյանին հարցրեք, թող որոշի՝ ինքը համայնքի ղեկավար է, պաշտոնատար անձ է, ձկնաբույծ է, խոզաբույծ է, թե գոմի դիրեկտոր: Թող ինքը էդ հարցերին պատասխանի, հետո որոշի՝ ինչ ունի, ինչ չունի: Սեփականատերը Սեդրակ Առուստամյանն է, իսկ Գագիկ Ծառուկյանը, որ ասում եք՝ ընդհանրապես կապ չունի, 100 տոկոսանոց բաժնետերն Առուստամյանն է, որն ինձ նշանակել է տնօրեն:

- Նա պնդում է, որ 2010-ից մինչեւ վերջերս տեղի ունեցած գործընթացի ընթացքում Գագիկ Ծառուկյանն իրենից խլել է…

- Սուտ է ասում, երեւակայությունների գիրկն է ինքն ընկել:

- Երբվանի՞ց են այդ տարածքները պատկանում Առուստամյանին:

- Չգիտեմ, ես նոր եմ նշանակվել, ես գիտեմ, որ 2015-16 թվականներից Սեդրակ Առուստամյանն է սեփականատերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17106 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ