Երևան
12 °C
Դեռևս 2019 թվականի մարտին Ուլուդաղի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության մասին խոսելիս ընդգծել է, որ այդ երկրի տնտեսությունը ռեցեսիա է ապրում, և եթե ռեֆորմներ չարվեն, ապա ճգնաժամը կխորանա:
Աճեմօղլուն նշել է, որ թեև սովորաբար ռեցեսիայի ժամանակ ռեֆորմներ չեն իրականացվում, սակայն Թուրքիան այլ ելք չունի:
«Մակրոտնտեսական քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականությունը, բարեփոխումները կարգավորելը անխուսափելի են: Բնականաբար քայլեր չձեռնարկելու, ռեֆորմներ չանելու դեպքում ճգնաժամը կխորանա»,- ասել է Աճեմօղլուն՝ ավելացնելով, որ առաջիկա տարիներին Թուրքիայի տնտեսությունը աճ չի գրանցի։
Աճեմօղլուն կարծիք է հայտնել, որ առանց օտար կապիտալի ներհոսքի Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի դժվարությամբ կվերականգնվի ու ավելացրել. «Օտար կապիտալի ներհոսքի համար պետք են այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն դատարանների անկախությանը, անորոշության վերացմանը, դրամավարկային քաղաքականության ռացիոնալացմանը»,- գրում է ermenihaber.am-ը։
Համավարակի գլոբալ ճգնաժամի ալիքը, ինչպես նաև համավարակից առաջ սկսված տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հետզհետե նոր տնտեսական խնդիրներ են առաջացնում, որը տարածաշրջանում նույնպես անհետևանք չի մնա։
Հայաստանի արտաքին առևտրում Թուրքիան զգալի տեղ ունի, ուստի կարելի է ենթադրել, որ Թուրքիայի տնտեսական անկումը կարող է ազդել նաև հայկական տնտեսական որոշ ուղղությունների վրա։
«Թուրքիան վերջին տարիներին տնտեսական և ֆինանսական խնդիրներ ունի, դա հայտնի փաստ է, որը բազմիցս քննարկվել է: Եվ Թուրքիայում արդեն իսկ առկա տնտեսական խնդիրներն էլ ավելի են խորանում կորոնավիրուսի ստեղծած սոցիալական և տնտեսական բացասական ազդեցության հետևանքով: Իհարկե, ստեղծված իրավիճակը թուրքական տնտեսության որոշ ճյուղերի համար կարող է նաև դրական ազդեցություն ունենալ, ինչպես օրինակ՝ բժշկական ուղղվածության արտադրությունն է, սակայն հստակ է՝ համաճարակի ընդհանուր ազդեցությունը բացասական է և վաղ թե ուշ այն արտացոլվելու է ամենատարբեր ոլորտների վրա: Իհարկե, համավարակի ամենացավոտ հարվածը, թերևս, Թուրքիայի տնտեսության կարևոր ճյուղերից զբոսաշրջությանն է ուղղված, որն առավել արագ և շոշափելի զգաց այն:
Թուրքական տնտեսությունն ամրության պաշարներ ունի, սակայն ստեղծված իրավիճակն ու ժամանակը դեմ են աշխատում: Եվս մեկ խնդիր է այն, որ Թուրքիայում կան միլիոնավոր փախստականներ, հիմնականում Սիրիայից, որոնք խիստ խոցելի են համավարակի պայմաններում՝ հաշվի առնելով նաև նրանց բնակվելու պայմանները: Հետևաբար, Թուրքիան և այդ երկրի նախագահ Էրդողանը լուրջ մարտահրավերների առջև են կանգնած: Եվ, համավարակի տարածման ժամանակահատվածը համընկնում է Թուրքիայի վերջին տասնամյակների ամենաբարդ շրջաններից մեկի հետ, երբ երկրում կա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական խորացող լարվածություն»,- մեր զրույցում ասում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։
- Պարոն Պետրոսյան, Հայաստանը և Թուրքիան, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ, համավարակի ճգնաժամի հետևանքով տնտեսության ուղղությամբ ի՞նչ կորուստներ կունենան։ Որքանո՞վ է ՀՀ-ի համար Թուրքիան կարևոր տնտեսական առումով։
- Իրականում, Հայաստանն ու Թուրքիան, չունենալով դիվանագիտական հարաբերություններ, ունեն համեմատաբար ակտիվ տնտեսական հարաբերություններ, որոնք տարիներ շարունակ աճ են գրանցել: Թուրքիան վերջին շրջանում երրորդն է Ռուսաստանից և Չինաստանից հետո դեպի Հայաստան ապրանքաշրջանառության ծավալներով: Ցավոք, նույնը չի կարելի ասել Հայաստանից Թուրքիա ապրանքաշրջանառության մասին: Այնուամենայնիվ, Թուրքիայից Հայաստան ներկրվում է արտադրական հումք, շինանյութ, տարատիպ տեխնիկա, տեքստիլ արտադրանք, ինչը, որքան էլ զարմանալի թվա, կարևոր է Հայաստանի տնտեսության աշխատանքի և զարգացման համար: Հետևաբար, Թուրքիայում տնտեսական խոր և լուրջ ցնցումները, որոնք կարող են բերել արտադրական խնդիրների, կարող է ազդել նաև հայաստանյան տնտեսության վրա: Իհարկե, նման ազդեցության պրոֆեսիոնալ վերլուծություններ պետք է սպասել համապատասխան մասնագետների կողմից: Ինքս, չլինելով տնտեսագետ և լինելով թուրքագետ, ներկայացնում եմ ընդհանուր պատկերը՝ ինձ հասանելի գործիքներով և իմ մասնագիտական գիտելիքների հիման վրա:
- Համավարակը մեր տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ է արձանագրելու։
- Մերձավոր Արևելքը COVID-19-ից առավել տուժած (ու դեռևս տուժող) տարածաշրջաններից պետք է համարել: COVID-19-ի կարճաժամկետ բացասական ազդեցությունները տեսնում ենք փակ սահմանների, տնտեսական ակտիվության անկման տեսքով, սակայն երկարաժամկետ ազդեցությունը նույնպես խիստ կարևոր է, և ներկայում բարդ է ասել, թե նախ որքան կտևի ճգնաժամի այս փուլը և առավել ևս՝ որքան կլինի նախկին «նորմալին» վերադարձն ու համաճարակի հետևանքների վերացումը: Ընդ որում, մարդկային կյանքերը, որոնք խլում է վտանգավոր այս հիվանդությունը, ցավոք, անվերականգնելի է: Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակ էին դեռ համաճարակից շատ տարիներ առաջ, բայց այն է՛լ ավելի ամուր է փակվում այս իրավիճակում: Այս պահին, թերևս, տարածաշրջանի համար հնարավորության ժամանակ է՝ բարձրացնելու փոխօգնության մակարդակը, քանի որ կորոնավիրուսին հետաքրքիր չեն քաղաքականությունը, փակ սահմանները, ազգությունները: Ասել է թե՝ կորոնավիրուսը թշնամի է բոլորին և առնվազն հումանիտար մակարդակում համագործակցությունը տրամաբանական կդիտարկվի մեր տարածաշրջանում:
- Ասում են՝ Թուրքիայում համավարակից հետո ալիքն ավելի կոշտ է լինելու։ Այս համատեքստում դուք ի՞նչ եք կանխատեսում, վերականգնման ընթացքը Թուրքիայի դեպքում որքա՞ն ժամանակ կպահանջի։ Այստեղ արտագնա աշխատանքի եկած մեր հայրենակիցների մնալը որքանո՞վ է ճիշտ։
- Իհարկե, սա խնդիր է: Խնդիր է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև աշխարհի այլ երկրներում ժամանակավոր բնակվող և աշխատող ՀՀ քաղաքացիների համար: Թուրքիայի դեպքում իրավիճակն ավելի բարդ է՝ հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնույթն ու մեր հայրենակիցների, կարելի է ասել, ի սկզբանե անորոշ ներկայությունն այդ երկրում: Այն, որ հաճախ խոսվում է ոչ միայն COVID-19-ի ստեղծած առողջապահական, այլ հետզհետե ավելի խորացող տնտեսական և սոցիալական խնդիրների մասին, առավել ակնհայտ է դառնում այս օրինակով: Ընդ որում, այս ամենն առավել առարկայական և արագ են զգում խոցելի խմբերը, որոնց շարքին պիտի դասել նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին և պահել ուշադրության կենտրոնում:
***
Ըստ տնտեսագետ Արամ Աշուղյանի՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամը կանդրադառնա նաև Հայաստանի վրա, սակայն դա կարող է մեզ օգնել, որ մենք անցնենք այլ շուկաների․օրինակ՝ ավելի ակտիվ աշխատենք Իրանի հետ։ «Բնականաբար Թուրքիան կարևոր առևտրային սուբյեկտ է մեզ համար, սակայն այն թշնամի երկիր է։ Ենթագիտակցորեն Թուրքիայի հետ առևտրին կողմ չեմ, բայց բիզնեսը ազգություն չի ճանաչում»,- ընդգծում է տնտեսագետը։
Իրականում ի՞նչ պատկեր ունի Թուրքիայի հետ մեր առևտուրը։ Թուրքիայից Հայաստան կոշիկ ներմուծող գործարար Իրինա Արզումանովան մեզ հետ զրույցում անդրադարձավ կորոնավիրուսի առաջացրած դժվարություններին սեփական բիզնեսի օրինակով, ինչպես նաև հայ-թուրքական առևտրին։ Իրինան 12 տարի ապրել է Ստամբուլում՝ աշխատելով կոշիկի արտադրության և մեծածախ առևտրի ոլորտում։ 2016 թվականին նա տեղափոխվել է Հայաստան և հիմնել իր փոքրիկ բիզնեսը՝«Պեգասուս» կոշիկի խանութը։
«Երկու ամիս է չենք աշխատում, բեռնափոխադրումները չեն աշխատում, Թուրքիայից ապրանք չի ներմուծվում։ Վաճառք չունենք, և ձմեռային ամբողջ տեսականին մնաց։ Փոխարենը՝ շուտով խանութը կբացվի, սակայն նոր տեսականի չունենք, ինչպես նաև չունենք այն ձեռք բերելու գումարը։ Եվ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն ակնհայտ է ինչպես մեր, այնպես էլ թուրքական շուկայի վրա »,- ասում է Իրինան։
- Համավարակից դուրս, հայ-թուրքական առևտուրն ինչպիսի՞ պատկեր ունի։
- Թուրքիայից Հայաստան տարատեսակ ապրանքներ են ներմուծվում՝ սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ, կոշիկ և այլն։ Ի սկզբանե արժե նշել, որ Թուրքիայում գների թանկացումը ազդում է մեր շուկայի գների վրա՝ դժվարացնելով վաճառքը։ Թուրքիայից է ներմուծվում նաև տեղական արտադրանքի հումքը․ կոշիկի դեպքում՝ կաշի, կտոր, մեխ, սոսինձ: Երբեմն խանութ եկած «ազգասեր» հաճախորդները հրաժարվում են թուրքական արտադրանքից՝ վա՛յ, չէ՛, չենք ուզում թուրքականը։ Ներքուստ վստահ եմ, որ նրանք ռուսերեն կրկնօրինակմամբ թուրքական սերիալների մոլի երկրպագուներ են (հաճախ տեղյակ չեն, որ թուրքական սերիալ են նախընտրում)։ Եվ ցավոք պիտակավորում են ոչ միայն կոշիկը՝ made in Turkey, այլև՝ Թուրքիայից եկած հային։
- Դուք կոշիկ եք ներմուծում Թուրքիայից Հայաստան, իսկ երբևէ մտածե՞լ եք սեփական արտադրանքը ստեղծելու ուղղությամբ։
- Կոշիկի արտադրության ոլորտում սեփական արտադրանքը ստեղծելու մասին երկար եմ մտածել, սակայն հեշտ չէ․ շատ բան է պետք, որը դեռ Հայաստանը չունի։ Օրինակ՝ Թուրքիայից Հայաստան կաշվի 5 տեսակ են ներմուծում, մինչդեռ դրանք Թուրքիայում 100-ից ավելին են։ Նորմալ կոշիկի արտադրություն ստեղծելու համար պետք է ունենալ անհրաժեշտ հումք և արհեստավարժ մասնագետներ։ Լավ առևտրի համար էլ՝ բարձր սպասարկում․այս առումով Թուրքիայից շատ հետ ենք, թուրքերը առևտրի ոլորտում ամեն առումով ճկուն են։ Ավելին՝ Թուրքիայում տնօրենն ու աշխատողը միմյանցից չեն տարբերվում․աշխատանքը հավասարաչափ է արվում, ինչը չես կարող ասել Հայաստանի մասին։ Թուրքական օրինակը մեջբերելիս հաճախ եմ քննադատության արժանանում․հաջող առևտուր ծավալող երկրների օրինակները մեր աչքի առաջ ունենալով՝ պետք է անընդհատ զարգանալ։ Երբ Հայաստանում Թուրքիա, թուրք, թուրքական բառերը միայն 1915 թվականի պահանջատիրական գիտակցությամբ են ընկալվում, Թուրքիան ոչ թե գործընկեր, այլ թշնամի է ընկալվում։ Մինչդեռ նրանց հետ աշխատելիս՝ երբեք իմ ինքնությունը Թուրքիայում չեմ թաքցրել, բացահայտ ասում էի, որ հայ եմ, իսկ նրանք հարգալից էին վերաբերվում հայի հետ։
Լիլիթ Պողոսյան,
Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՖրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ
Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր
ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան
Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը
Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում
Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք
Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու
Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է
Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ
Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում
ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT