Հույս ունեմ, Ռուսաստանի անհանգստությունը կարտահայտվի նաեւ գործով՝ հարված Ադրբեջան բերված վարձկանների ճամբարին. քաղաքագետ

Ռուսաստանը սկսել է հասկանալ Ադրբեջանում ահաբեկիչ վարձկանների տեղակայման վտանգը, մտահոգված է այդ փաստով, եւ հույս կա, որ մտահոգությունը կարտահայտվի կոնկրետ գործով՝ այն է՝ ահաբեկիչների ճամբարին հարվածով: ՀԺ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Այն, որ Ռուսաստանը սկսել է մտահոգվել մեր տարածաշրջան վարձկանների մուտքով, հասկանալի էր Արցախում պատերազմի սկզբից ի վեր: Վերջին օրերին, սակայն, պատոնական Կրեմլը սկսեց այդ մասին խոսել ավելի հասցեական: Մասնավորապես, նոյեմբերի 3-ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իրենց մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը։ Լավրովն անգամ ասաց, որ ըստ առկա տվյալների, հակամարտության մեջ ներգրավված վարձկանների թիվը մոտենում է երկու հազարի:

Սրան կոշտ արձագանքեց Ադրբեջանի նախագահը՝ նկատելով, թե ՌԴ-ն պետք է պահպանի չեզոքությունը, չօգնի Հայաստանին:

Նոյեմբերի 5-ին թեմային անդրադարձավ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի իրականացվում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում, որոնց ձեռքերը մինչեւ արմունկներն արյունոտ են. «Խոսքը ծայրահեղ տրամադրված վարձկանների մասին է։ Նրանք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը։ Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ մտահոգություններ չառաջացնել, քանի որ հեռանկարում իրավիճակի նման զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ այժմ արդեն Անդրկովկասում»։

Երեկ էլ վերը նշված հայտարարությունները վերահաստատեց Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ընդգծելով, որ ինքն ունի  հստակ ու ճշգրիտ տվյալներ Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին. «Դրանք ճշգրիտ տվյալներ են, որոնք Ռուսաստանի հետախուզությունը ստացել է մի շարք աղբյուրներց, այդ թվում՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքի գործընկերներից», - մանրամասնում էր Նարիշկինը։ Վերջինս միաժամանակ ընդգծում էր, որ մարտական գործողություններին մասնակցում է նաեւ թուրքական հետախուզությունը։

Թեմայի շուրջ Ստեփան Գրիգորյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.  

- Պարոն Գրիգորյան, համաձա՞յն եք, որ Ռուսաստանը Ադրբեջանի կողմից Ղարաբաղ բերված վարձկանների մասին սկսել է հասցեական խոսել: Ինչո՞վ է պայմանավորված հռետորաբանության այդ փոփոխությունը:

- Ռուսաստանի քաղաքականությունը բավական բարդ է: Եթե մենք նայենք Արցախի հարցի կոնտեքստով՝ Ռուսաստանը հստակ ասում է, որ 5 շրջան պետք է հանձնենք: Չեմ կարծում, որ դա մեզ համար բարենպաստ դիրքորոշում է: Մյուս կողմից Պուտինը ասաց, որ Սումգայիթում ջարդեր են եղել, Արցախում հայերը միշտ ապրել են եւ այլն: Ուրեմն Արցախի հարցով Ռուսաստանի քաղաքականությունը կայուն չի: Բայց եթե խոսում ենք ահաբեկչության դեմ պայքարի մասին, եթե խոսում ենք Սիրիայից տեղափոխվող վարձկանների մասին, որոնք հիմա տեղակայվում են Ադրբեջանում, այդ կոնտեքստով ավելի հստակ ուրվագծվում է ՌԴ դիրքորոշումը: Ինչո՞ւմ է փոփոխության պատճառը: Իրենք սկսեցին հասկանալ, որ դա վտանգավոր է նաեւ Ռուսաստանի համար:

- Այսինքն այդ հասցեականությունը պայմանավորում եք ոչ թե նրանով, որ սկսել են ավելի շատ մտահոգվել Հայաստանի կամ Արցախի համար, այլ որ Ռուսաստանի համար էլ վտանգներ կան:

- Միանշանակ: Ի վերջո Լավրովը հայտարարեց, որ մոտ 2000 վարձկան է բերվել: Դա նշանակում է, որ լուրջ են մոտենում:

- Արձանագրելը՝ արձանագրեցին: Իսկ մեզ համար դա ինչո՞վ է կարեւոր:

- Արձանագրումը մեզ համար, կարծում եմ, արդեն ձեռնտու է: Հիմա կոնկրետ քայլերի կանցնեն, թե ոչ, ես դժվարանում եմ ասել: Ես նկատում եմ, որ Ռուսաստանը այս անգամ Արցախյան պատերազմի եւ ահաբեկչական խմբերի հետ կապված շատ դանդաղաշարժ է: Շատ դանդաղ են հասկանում, որ վտանգը լուրջ է: Վտանգը լուրջ է այնքանով, որ այդ վարձկանների մի մասը կարող են մուտք գործել Ռուսաստան: Ինչպես հայտնի է, նրանց տալիս են ադրբեջանական, թուրքական անձնագրեր: Իսկ Ադրբեջանի անձնագրով Ռուսատան մտնելը շատ հեշտ է, քանի որ այդ երկրները վիզային սահմանափակում չունեն:

- Այդ պարագայում Ռուսաստանի դանդաղկոտությունը ինչո՞վ եք պայմանավորում:

- Իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ դանդաղկոտությունը կապված է նրա հետ, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ տարբեր հարցերում ընդհանուր շահեր ունի: Նրանց միջեւ հակասություններ, իհարկե, կան, բայց նաեւ շահեր կան: Այդ շահերը խանգարում են, որ արագ շարժվեն: Ռուսաստանը գիտի, որ մեզ աջակցելը կբերի Թուրքիայի ցավոտ ռեակցիային: Բայց ես հուսով եմ՝ Ռուսաստանը կհասկանա, որ եթե չաջակցի մեզ, կկորցնի Հարավային Կովկասը: Եթե նման ծանրագույն շրջանում մեզ չեն աջակցում, պարզ է՝ կորցնում են դիրքերը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հարավային Կովկասում: Դա մենք պետք է հասցնենք Ռուսաստանին:

- ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այցը Ռուսաստան այս կոնտեքստում կարո՞ղ է տեղավորվել:

- Ճիշտ է ինտենսիվ կապի մեջ լինել Ռուսաաստանի քաղաքական էլիտայի հետ: Ի՞նչ է նշանակում Հայատանի ԱԺ փոխխոսնակի այցը Ռուսաստան. պարզ է՝ դա քաղաքական այցելություն է եւ հանդիպումները կլինեն առաջին հերթին Պետդումայի շրջանակներում, նաեւ իշխող ուժի հետ: Դա իր մեջ պարունակելու է երկու բաղադրիչներ՝ Արցախի բաղադրիչը եւ ահաբեկիչների դեմ պայքարի ու Թուրքիայի ներգրավման բաղադրիչը: Այո, առանձին դեպքերում մենք քննադատում ենք, առանձին դեպքերում գոհ ենք, բայց պետք է կապը միշտ լինի: Կարեւոր է, որ քաղաքական էլիտայի մոտ ձեւավորվի կարծիք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Նրանք պետք է հասկանան, որ տարածաշրջանը փոխվում է, կան վարձկաններ, խմբավորումներ, սա շատ լուրջ փոփոխություն է: Ուրիշ իրավիճակ է, որ տարածաշրջանում կար հակամարտություն, որը փորձում էինք կարգավորել խաղաղ ճանապարհով, եւ ուրիշ է իրավիճակը, երբ տարածաշրջան է մտնում նոր գործոն՝ ահաբեկչություն: Եվ ինչն է ավելի վատ, որ այդ ահաբեկչական խմբերի մեջ կրոնական ծայրահեղական խմբեր կլինեն: Կասկած չկա, որ կան, ու դա այլ խնդիրների առաջ է կանգնեցնում այս տարածաշրջանին: Դա կբերի ահաբեկչական ակտերի՝ այդ թվումն ուղղված ե՛ւ Ռուսաստանի դեմ, ե՛ւ Իրանի դեմ:

- Եթե խոսենք ահաբեկիչների առկայության մասին արձանագրումից գործի անցնելու մասին՝ ի՞նչ կարող է անել Ռուսաստանը կամ կանի՞ որեւէ բան:

- Ես, անկեղծ ասած, հույս եմ փայփայում, որ Ռուսաստանի անհանգստությունը կարտահայտվի նաեւ կոնկրետ գործերով: Հասկանում եք ինչի մասին եմ խոսում՝ հարվածներ այդ վարձկանների ճամբարներին: Ո՞նց է Սիրիայում Ռուսաստանը հարվածում: Եվ հենց այս գործողություններից անհանգստությունն է, որ ստիպեց Ալիեւին այդքան կոշտ արձագանքել Լավրովի հայտարարությանը, ասել, թե Ռուսաստանը պետք է իր տեղը իմանա, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ուրեմն միջնորդ է, միջնորդը պետք է չեզոք լինի եւ այլն: Միանշանակ երեւում է, որ սա Ադրբեջանի համար շատ ցավոտ տեղ է: Ես հուսով եմ, որ Ռուսաստանը կշարժվի: Մենք պետք է ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ՝ այդ թվում ե՛ւ պաշտոնական Երեւանը, ե՛ւ փորձագետները: Ռուսաստանի հասարակությանը, ղեկավարությանը պետք է հասցնել, որ որ դա կարեւոր հարց է նաեւ իրենց համար: Էդ վարձկանները ո՞ւր են գնալու, պարզ է, կգնան դեպի հյուսիս, էլ ո՞ւր, գնալու տեղը ո՞րն է: Դա շանս է տալիս, որ Ռուսաստանը մի քիչ ավելի ակտիվ կմիջամտի այդ պրոցեսի մեջ՝ ոչ թե Արցախում խաղաղություն հաստատելու առումով, այլ ահաբեկիչների ճամբարների վրա հարվածելու: Միջազգային նորմերով դա թույլատրված է: Այդ ահաբեկիչների մասին հիմա խոսում են ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ ֆրանսիան: Այնպես չի, որ մենակ Ռուսաստանն է խոսում: Դա նշանակում է, որ լեգիտիմ իրավունք կստանա Ռուսաստանը, եթե հարվածի էդ ճամբարներին:

- Պարոն Գրիգորյան, կա կարծիք, որ Սիրիայի դեպքում դա հաջողվեց, քանի որ Սիրիան միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ է, դիմեց Ռուսաստանին, ՌԴ-ն էլ դիմեց ՄԱԿ-ին՝ ստացավ այդպիսի իրավունք, որ հարվածի: Արցախի դեպքում  նման իրավունք կստանա՞:

- Այստեղ պետք է աշխատեցնենք այլ մեխանիզմ. դա կոչվում է 15 կիլոմետրանոց գոտի: Դուք գիտեք, Թուրքիան ՄԱԿ-ում ստացավ իրավունք՝ Իրաքի հյուսիսում պարբերաբար ռազմական գործողություն ծավալելու քրդական բանվորական կուսակցության դեմ: Պարբերաբար Թուրքիան մտնում է հյուսիս, պայքար է տանում, դուրս է գալիս, քանի որ կարողացավ ապացուցել աշխարհին, որ իբր այդ քրդերը ծայրահեղական խմբեր են: Հիմա քանի որ Արցախյան պատերազմը Հայաստանի սահմանի մոտ տեղի ունեցող պրոցես է, Հայաստանը Ռուսաստանի հետ համապատասխան պայմանանգրեր ունի, ուստի Հայաստանը Ռուսաստանի հետ միասին կարող է միջազգային հանրությանը դիմել ու իրավունք ստանալ՝ պատժելու այդ խմբերին: Այսինքն մտնել այդ 15 կիլոմետրանոց գոտի, ոչնչացնել այդ խմբերին ու նորից դուրս գալ: Այդ խմբերը անպայման կգնան Ադրբեջանի հյուսիս, ուրեմն Ռուսաստանն էլ իրավունք կունենա մտնելու այնտեղ: Դրա համար նորմեր կան. եթե Ադրբեջանը այդ խմբերի դեմ չի պայքարում, Հայաստանն ու Ռուսաստանը ունեն պայմանագրային հիմքեր՝ հակաահաբեկչական գործունեություն ծավալելու, կարող են դիմել ՄԱԿ ու գործողություններ ծավալել: Ավելին ձեզ ասեմ, Իրանը եւս կարող է նման գործողություն իրականացնել, քանի որ սահմանամերձ է այդ խմբերին: Բայց այստեղ ինչ-որ պրոցեդուրաներ կան, չեմ ասում խախտենք ՄԱԿ-ի պրոցեդուրաները:

-  Այդ ահաբեկիչներին հարվածելուց ի՞նչ վնաս կկրի Ադրբեջանը, պատերազմի ելքի վրա ի՞նչ ազդեցություն կունենա դա:

- Լրջագույն ազդեցություն ու առաջին հերթին իմիջային: Հիմա կստացվի, որ եթե Ռուսաստանը դնում է խնդիր, որ Ադրբեջանում կան ահաբեկիչներ, ավտոմատ կերպով դա հարվածում է այդ երկրի իմիջին: Ազդեցությունը կարող է լինել նաեւ զուտ ռազմական առումով. եթե բանը հասնի գործողությանը, պարզ է՝ կոչնչացվեն այդ խմբերը, որոնք կարող էին գնալ դեպի Արցախի սահման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4501 դիտում

Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի

Կառավարման ակադեմիա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բաքվին զայրացրել է Փաշինյանի խոսքերը մեկնաբանելիս Զախարովայի կողմից Հեյդար Ալիևի անունը շեշտելը

Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Կոլումբիայում ավելի քան 100 զինծառայող տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան վիրավորներ

Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը

Ընդդիմության մեջ ուժեղ փոխհրաձգություն է. կեղտոտ խաղ է տեղի ունենում. ում են ուզում դարձնել վարչապետ

AI Սամոյի ֆեյքերն են՝ նույնաբովանդակ մեկնաբանություններով, նույն քանակությամբ փոխադարձ լայքերով. Հարությունյան

Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

Գողերն ու կողոպտիչները հավաքվել են, իրենց էլիտա են կոչում. թող ցեղով-տեղով հելնեն գնան Ղարաբաղ. տեսանյութ

Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 3 մարդատար մեքենա և կցորդով բեռնատար. կան տուժածներ

Թրամփը խոսել է Իրանի «գլխավոր մարդու» հետ բանակցությունների մասին, Իրանը հակադարձել՝ բանակցություն չի եղել

Տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու ոստիկանության բաժիններ է տարվել 167 անձ. ՆԳՆ

Հրավիրում ենք «Վարչաբենդի» երկրորդ պարահրապարակին. մենք նվագում ենք, դուք՝ պարում. Փաշինյան

ՓԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ է եղել. նա ձերբակալվել է

Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները, ՀՀ-ԵՄ ծրագրերը

ՔՊ-ն Տեղեկատվական համակարգերի կառավարման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել

«Բուշեր» ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ. Պեսկով

Անցած շաբաթ պարեկները հայտնաբերել են 410 ոչ սթափ վարորդ. տեսանյութ

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը. քաղաքի լույսերը 1 ժամով կանջատվեն

Արձագանքի ամենաճիշտ պահն է, որ ժողովուրդը տեր կանգնի իր խաղաղությանը. վարչապետը խոսել է առաջնորդության մասին

ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ՝ որակավորման առաջնության

Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հնդկաձավար

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց

TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Սարալանջի պողոտան 90 օրով փակ կլինի

5 օրով հետաձգել եմ Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Թրամփ

Խոշոր ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. կան տուժածներ

Ամիօ բանկը TOON Expo-ում՝ բացառիկ հիփոթեքային առաջարկներով

Մոջթաբա Խամենեին վիրավորում է ստացել, նա մեկուսացված է. WP

«Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել. նախարարն անդրադարձել է տեղի ունեցածին

Առանձնակի դաժանությամբ սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Գալյանը՝ ծեծից մահացած երեխայի մասին

Որոշ քաղաքական դիակներ ակտիվացել ու ասում են՝ գնացեք արկածախնդրության հետևից ու մատաղ արեք երկիրը. Կոնջորյան

Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումը կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը

«Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի ընտրություններին, պատերազմ կլինի» հայտարարությունը քաղաքական է. Գալյան

Ապօրինի շրջանառությունից հանվել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր. կա կալանավորված

Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն արվում է Ռուսաստանից. «ԵՄ» բառը լսում, «խրտնում» են. Միրզոյան