Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում, որում հանդես է եկել ելույթով: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Նախ մեկ րոպե լռությամբ և խոնարհումով մեր բոլոր հերոսների, մեր բոլոր նահատակների, մեր բոլոր զոհված զինվորների, սպաների հիշատակին հարգանքի տուրք մատուցենք:
Որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ իմ հրամանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին. զբաղվում եք ձեր գործով՝ Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: Սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը:
Հաջորդը՝ ի՞նչ է տեղի ունեցել այսօր: Այո՛, մեր բանակին, մեր Զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ։ Եվ այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում:
Բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր բանակը մեր բանակն է, մեր սիրելի, մեր կողմից պաշտելի: Եվ ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունն ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո: Ես ուզում եմ էլի ասել, իմ ասելիքն իրենց մեկն է՝ պարոնա՜յք, զբաղվում եք Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Դուք պիտի իրականացնեք ձեր գործը: Բանակը չի կարող հետ նայել, բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ։ Բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը:
Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, գործում է ընդդեմ պետության, գործում է ընդդեմ օրինականության, գործում է ընդդեմ Հայաստանի անվտանգության: Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը՝ հենց հիմա վերադարձեք և ապահովեք երկրի անվտանգությունը: Սա է մեր հստակ պահանջը:
Բայց ես ուզում եմ նորից խոսել և հիշեցնել՝ ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել 2018 թվականից հետո Կառավարություն և Զինված ուժեր հարաբերություններում: Մեր կառավարությունը ոչ մի բան չի խնայել Զինված ուժերի համար: Մեկ տարվա ընթացքում՝ 2019 թվականին, մենք 50 մլրդ դրամով ավելացրել ենք ռազմական ծախսերը, պաշտպանական բյուջեն: Մենք ավելացրել ենք բոլոր սպաների, բոլոր շարքայինների, բոլոր պայմանագրայինների աշխատավարձերը: Եվ մենք դա արել ենք, որպեսզի ասենք, որ մենք բարձր ենք գնահատում մեր բանակի ծառայությունը, որ նրանք ունեն մեր ժողովրդի առաջ:
Բայց, այո՛, պետք է չթաքցնել, որ, ցավոք սրտի, բանակում այն իշխանությունը, որը երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռևս ունի մի քանի կամակատարներ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, և այդ կամակատարները պետք է հեռանան։ Անմիջապես: Ի՞նչ է տեղի ունեցել. նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ: Իսկ ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում: Նրանք ձեզ են փաստացի ուզում մեղադրել դավաճանության մեջ: Ահա ես տեսնում եմ առաջին շարքում զոհված զինծառայողներ հարազատների…։ Չեմ ուզում քաղաքականացնել:
Հիմա ասեմ՝ որն է դավաճանությունը. 17 կուսակցություն կոչված ֆորմատի, այսպես կոչված, վարչապետի թեկնածուն ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությունը վերցրեք: Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ: Սա է տեղի ունեցել:
Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ ոչ մի րոպե: Ինչո՞ւ է այսօր այստեղ ժողովուրդը կանգնած։ Որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները, այդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը: Այդ ո՞ւմ մասին են խոսում, այդ ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում:
Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն դնել ուրիշի վրա: Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն ասում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնվել է - դրանից առաջ էլ է ասել - 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ խոստովանում եք հրապարակային, որ այդ պայմաններն ընդունել եք և համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ: Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը, մենք բերել ենք, գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ՝ այս կետին ենք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեինք, մեզ էլ ասեիք՝ գնացեք, այդ թուղթն ստորագրեք:
Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, և մենք հենվել ենք մեր բանակի վրա, մենք հավատացել ենք մեր բանակին: Մենք այսօր էլ ենք հավատում մեր բանակին, և համոզված եմ՝ սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները թույլ չեն տա, ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ:
Եվ իրավիճակի հանգուցալուծման մասին։ Ես ի՞նչ եմ մտածում՝ ի վերջո, ժողովուրդը, մենք բոլորս, այո՜, եկեք խոստովանենք՝ հետպատերազմական սթրեսի մեջ ենք, և ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից: Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության և ժողովրդի կողմից:
Բայց, գիտեք ինչ, ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, օրինակ՝ ձեզ մոտ հարց կծագի. ես պատերազմից հետո չե՞մ մտածել, որ պետք է հրաժարական տամ: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ մտածել եմ, շատ եմ մտածել: Բայց ես մի բան եմ ասել՝ ես իմ կամքով, ինքնակամ չէ, որ դարձել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ Հայաստանի Հանրապետության վարչապետ, և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի:
Եվ մենք որոշեցինք, որ առաջարկենք խորհրդարանական ուժերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչի՞ համար էինք դա ուզում անել։ Ուզում էինք, որպեսզի ժողովուրդը, ի վերջո, կրկին վերահաստատի իր իշխանությունը՝ ոչ թե ինձ կամ մեզ ընտրելով, ում ուզում է ինքն ընտրի, դրանով վերահաստատի իր իշխանությունը: Բայց 17 ուժերը և խորհրդարանական ուժերը մերժեցին մեր այդ առաջարկը՝ ասելով, որ, ո՛չ, ժողովուրդը պետք է չորոշի, պետք է 17 կուսակցությունները կամ էլիտայի ներկայացուցիչները հավաքվեն և ժողովրդի փոխարեն որոշեն՝ ով պետք է լինի վարչապետ: Մենք ասացինք, որ դա թույլ չենք տալու:
Մենք կարող էին, այո՛, որոշել միանձնյա և գնալ ընտրություններ անելու։ Բայց այդ քաղաքական ուժերն ասում էին՝ ինչ լավ է ընտրություններ են անում, 2000 ընտրական տեղամաս, այդ ընտրական տեղամասերում, այսպես ասած, կներեք արտահայտությանս, դեբոշներ կանենք, առիթից կօգտվենք, ինչքան կարողանանք։ Այսինքն՝ մենք ուզում էինք, որ այդ ընտրությունները լինեն, դառնան կայունության հիմք, որ փակենք այս թեման: Ուղարկում եք ինձ, ժողովուրդ ջան՝ ուղարկեք, չեք ուղարկում՝ մի ուղարկեք, բայց լուծենք այս հարցը: Ով վեր է կենում՝ հրաժարական է պահանջում: Նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն էլ իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի:
Ժողովուրդ, օրումեջ լուրեր են տարածում ամսի 9-ից, հիշո՞ւմ եք՝ վարչապետը փախչում է, վարչապետի ընտանիքը փախել է, վարչապետն ինքնաթիռը պատրաստել է, որ փախնի: Այսօր իմ ընտանիքի բոլոր անդամները, փոքրերից՝ Արփիից ու Շուշանից բացի, մյուսներն այստեղ են: Մենք չենք պատրաստվում, նույնիսկ ասում եմ, եթե ամենադաժան վճիռը մեր նկատմամբ կայացնեք, դուք դրա իրավունքն ունեք: Այնպես չէ, որ մենք չենք սխալվել, բայց իմ ամենամեծ սխալը եղել է այն, որ … Այո՛, ճիշտ եք ասում:
Բայց ես ուզում եմ բացատրել նաև՝ ինչո՞ւ է այդպես եղել։ Ոչ թե այն պատճառով, որ անխելք ենք եղել: Ժողովուրդ, երբ այս հրապարակում մենք հեղափոխություն ենք արել, ասել ենք, որ դա պետք է լինի սիրո և համերաշխության հեղափոխություն: Բայց այդպես ենք ասել, և ասել ենք, որ բոլորը շանս պետք է ունենան։ Ոչ մեկի նկատմամբ վենդետա մենք չենք արել, բայց ով ինչպես կարողացել է, մեզ թիկունքից խփել է՝ դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով որտեղ կարողացել է, մեզ խփել է: Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորի պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այս շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը:
Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար։ Նրանք երազել են պարտության համար, որովհետև նրանք մտքում արդեն պարտվել էին, նրանք թղթի վրա արդեն պարտվել էին։ Դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ և ասում էին՝ այս հողերը ծախած են, ամբողջը պայմանավորված է, ինչո՞ւ եք կռվում, անիմաստ է կռիվը, փախեք, գլուխներդ ազատեք այստեղից: Այդ փախնողները եկան հրապարակ և գրոհեցին կառավարության շենքը: Այս է ճշմարտությունը, ժողովուրդ: Բայց իմ առաջարկն էլի ուժի մեջ է մնում՝ հիմա, խորհրդարանական ընտրությունների հետ կապված, էլի խորհրդարանական ուժերին ասում եմ և բոլոր ուժերին եմ ասում՝ եկեք իրար հետ օրը, ժամը որոշենք: Լավ, եկեք կոնսուլտացիաներ սկսենք այդ թեմայով։
Բայց հաջորդ քայլը՝ Զինված ուժերի հետ կապված այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Ես այսօր Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և ասել եմ, որ, իմ կարծիքով, ինքը պարզապես իմ ներկայացրած որոշումը պետք է ստորագրի: Եթե Հանրապետության նախագահը միջնորդությունը չի ստորագրում, այսինքն ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է:
Եվ երկրորդ ընտրությունը հետևյալն է՝ Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել: Օնիկ Գասպարյանը ինքը թող ուղղակի դիմում գրի և հրաժարական տա գնա։ Այս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, Օնիկ ջան:
Հետևյալն է. Զինված ուժերը, նաև այն մարդիկ, ովքեր ստորագրել են հայտարարությունը, զբաղվում են Հայաստանի սահմանների, մեր հայրենիքի սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը, կամ ինքն ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին, որովհետև ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ։ Ես թույլ չեմ տա դա: Եվ քաղաքական ուժերը գալիս են խորհրդակցությունների, պետք է խորհրդակցություններ անել: (Հավաքի մասնակիցներն արձագանքում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությանը)։
Այսինքն՝ դե՞մ եք ընտրություններին ժողովուրդ։ Հիմա այս հարցն ինչպե՞ս լուծենք՝ ուրիշ հրապարակում էլ մեր եղբայրները պահանջում են հրաժարական։ Դե կամ իրենք պետք է մեզ համոզեն կամ մենք՝ իրենց։ Ուրիշ ճանապարհ չկա: Այդ էլ ասեմ՝ մենք Հայաստանում թշնամի, հակառակորդ չունենք, եկեք սա պայմանավորվենք: Բոլորը մեր եղբայրներն են ու քույրերն են, չի լինելու։ Ոմանք ուզում են բախում հրահրել, չի լինելու ոչ մի բախում, չի լինելու: Ես այն հրապարակում հավաքված ժողովրդի ցավը տանեմ՝ ձեր ցավն էլ տանեմ, իրենց ցավն էլ տանեմ, իրենք, ոչինչ, թող ինձ համարեն դավաճան։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ժողովրդի կամքը պետք է կատարվի, իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ։ Արտահերթ, հերթական՝ դա արդեն իրար հետ կորոշենք:
Հիմա այսօրվա ասելիքս՝ այստեղից ուզում էի նաև ձեր անունից տայի այդ հրամանը. առաջինը՝ Զինված ուժեր, զինվորներ, սպաներ, գեներալներ, խնդրում եմ, հրամայում եմ, պահանջում եմ, ակնկալում եմ՝ զբաղվեք ձեր ծառայությամբ։ Այս կողմի վրա չնայեք հանկարծ։ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ ես որոշում եմ կայացրել, և որոշումը պետք է կյանքի կոչվի։ Ուրիշ տարբերակ չկա:
Հաջորդը՝ ես բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել բոլոր ակցիաները, դադարեցնել անհնազանդության բոլոր դրսևորումները: Եկեք սկսենք խոսակցություն: Հիմա ես, ճիշտն ասած, ձեր անունից ուզում էի արտահերթ ընտրությունների առաջարկը թարմացնել, շատ լավ, որովհետև այդպես չի լինի՝ շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք, քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք ուղղակի օրենքով:
Հետևյալն ենք պայմանավորվում, ուրեմն արտահերթ ընտրությունների թեման ձեր կոչով հանում ենք, և ես ակնկալում եմ, էլի եմ ասում՝ կամ Հանրապետության նախագահն ստորագրի Գլխավոր շտաբի պետի ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը հայտարարի իր հրաժարականի մասին, բանակն իր գործերով անցնի, և քաղաքական ուժերի հետ, նույնիսկ ամենասուր քննադատության ենթարկող քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում՝ իհարկե, հաշվի առնելով ձեր կարծիքը: Դուք չթողեցիք ես նախադասությունն ավարտեմ։ Չթողեցիք՝ չթողեցիք, չեմ ավարտում։ Եվ, հետևաբար, մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունը է, որ մենք ժողովրդի իշխանությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, և, այո՛, թավիշին վերջ է դրվելու:
Ես գիտեի, որ դուք ամենաշատն այդ էիք ուզում լսել, գիտեի։ Բայց ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել։ Դա նշանակում է օրինականության հաստատում, օրինականության լիարժեք հաստատում: Եվ այսօր ժողովուրդն ինչո՞ւ է հավաքվել։ Որովհետև ժողովուրդը գիտի, որ այս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը, Զինված ուժերը և ժողովրդին թալանածներն են: Այսօր իրենք էլ գիտեն, որ դա է հիմնական ժողովրդի պահանջը, ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող: Մենք մեր ձեռքերը կկտրենք, ժողովրդի կոպեկը չենք գողանա, ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա:
Ուրեմն՝ վերջ թավիշին։ Հիմա այս ակցիան շարունակում ենք հետևյալ կերպ. մենք իրար հետ քաղաքով երթի ենք գնում և վճռականություն ենք ի ցույց դնում: Նախ, մենք մեր բանակի կողքին կանգնած ենք, և բանակն էլ մեր կողքին է կանգնած: Երկրորդ, ժողովուրդը գիտի՝ մենք ինչու ենք պարտվել, և ժողովուրդն այսօր մեկ ակնկալիք ունի։ Ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել, որ անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին, վերջ թավիշին, չենք անում։ Բայց այսօրվա մեր ակցիան եկավ-հասավ այդտեղ։ Ուրեմն հիմա վերջ թավիշին, այսօրվանից՝ վերջ թավիշին:
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ: Դուխով: Վերջ թավիշին: Ժողովրդին թալանածներն այլևս վերադառնալու ճանապարհ և հնարավորություն չունեն: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Եվ փառք մեր ընկած զինվորներին։ Մեր խոնարհումը բոլոր ընտանիքների առաջ։ Հույս ունեմ՝ նրանք մեզ կներեն։ Բայց որպեսզի նրանք մեզ ներեն, նրանք ուզում են, որ Հայաստանը լինի այնպիսի հայրենիք, որ մեր երեխաների, զավակների արյունը իզուր չհամարվի, և մենք պարտավոր ենք այդ պատգամը կատարել:
Եվ, ուրեմն,
կեցցե՜ ազատությունը,
կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՜ Արցախը,
կեցցե՜նք մենք և մեր երեխաները, որ պիտի ապրենք հզոր, ուժեղ, դուխով, հպարտ Հայաստանում:
Շնորհակալ եմ»:
Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT