Ինձ հայ եմ զգում և հայի նման եմ մտածում․ Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է հավաքականի վերջին հանդիպումներին և առաջիկա ծրագրերին։

- Պարոն Կապառոս, մարզչական հսկայական փորձ ունեք, Ձեր կարիերայի ընթացքում բազմաթիվ հաղթանակներ եք տարել: Այդուհանդերձ, անձամբ սպասո՞ւմ էիք այսքան հաջող մեկնարկ Հայաստանի ազգային հավաքականի ղեկին՝ առաջին տեղ Ազգերի լիգայի մրցաշարի մեր խմբում և 3 անընդմեջ հաղթանակ ընտրական փուլում:

- Առաջին բառերը, որ հասցեագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ հաջողվեց: Հենց դրա շնորհիվ շատ բաների հասանք։ Մենք չպետք է մեր առջև երկարաժամկետ հեռանկարներ և նպատակներ դնեինք, այլ անհրաժեշտ էր շարժվել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։ Մեզ անհրաժեշտ էր նաև թիմային ուժեղ մենթալիտետ ձևավորել։ Այդ ընթացքում մենք պետք է ճանաչեինք ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ ծանոթանային մեր գաղափարներին։ Եվ կարծում եմ՝ մենք կարողանում ենք իրականացնել  մեր նպատակները, չնայած որ առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է լինենք հավաքական, սակայն հավաքականի ներքո պետք է ներկայանանք՝ որպես իսկական թիմ։

- Այդուհանդերձ, հատկապես ինչի՞ հաշվին հաջողվեց տանել 5 անընդմեջ հաղթանակ և չպարտվել 8 անընդմեջ խաղում:

- Շնորհիվ այս մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը։

- Ի՞նչ կասեք ՀՖՖ ազգային հավաքական համագործակցության մասին:

- Մարզչական շտաբի, ՀՖՖ նախագահի և աշխատակազմի միջև համագործակցությունը շատ թափանցիկ է, ճկուն և ֆունդամենտալ նշանակություն ունի։ Բոլորս միևնույն նպատակն ենք հետապնդում։ Արդյունքները միշտ էլ կախված են նախագահից և իր՝ ղեկավար մարմին կազմող աշխատակիցներից։ Նրանք են անձնակազմի ընտրություն կատարում, և այդ մարդիկ այնուհետև պետք է կազմեն իրենց աշխատանքային խմբերը։ Հիանալի հարաբերություններ ունենք ղեկավարության հետ, միևնույն նպատակներն ենք հետապնդում և ունենք միատեսակ մտածելակերպ։ Այս ամենի շնորհիվ մենք կարող ենք լավատես լինել՝ կապված հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հետ։

- Ձեզ խանգարու՞մ է լեզվական խոչընդոտը՝ այն, որ Դուք չեք խոսում հայերեն, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը՝ իսպաներեն, և մինչ օրս ի՞նչ հայկական բառեր եք հասցրել սովորել։

- Հայերեն բառե՞ր (ծիծաղում է)։ «Հանգիստ», «լավա», «արագ» և մի քանի այլ բառ։ Խոստովանեմ ազնվորեն՝ ի սկզբանե կարծում էի, որ կլինեն դժվարություններ՝ կապված լեզվական խոչընդոտի հետ, սակայն սխալվեցի: Այստեղ կա ոչ վերբալ հաղորդակցություն, երբ մարդիկ պարզապես նայում են միմյանց աչքերի մեջ և գրկախառնվում են։ Սա հաճախ շատ ավելի մեծ ուժ ունի, շատ ավելի ազնիվ ու անկեղծ է, քան խոսքերը, որոնք կարող ես հասցեագրել կոլեկտիվին։ 

- Շատ մարզիչներ ունենում են սխեմաներ, որոնց մեջ տեղավորում են ֆուտբոլիստներին: Ինչպիսին է Ձե՞ր մոտեցումը: Դուք նույնպես Ձեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին տեղավորում եք այն սխեմայի մեջ, որը նախընտրում եք, թե՞ հակառակը՝ ընտրում եք սխեման՝ ելնելով Ձեր ֆուտբոլիստների կարողություններից:

- Այստեղ երկու տարբեր բան կա։ Առաջինը, դու գալիս ու ընդունում ես մի թիմ, օրինակ, ազգային հավաքականը, և պետք է ադապտացվես նրան։ Պանդեմիայի պայմաններում տանը փակված լինելով՝ հավաքականի բազմաթիվ հանդիպումներ ենք ուսումնասիրել Բերեզովսկու, Չախալյանի, Լուսիանո Մարտինի և Արա Արոյանի հետ։ Ամեն օր գրեթե 24 ժամ աշխատում էինք՝ դիտելով թիմի խաղը։ Բոլոր ֆուտբոլիստներին վերլուծել ենք անհատապես։ Աստիճանաբար հասկանում էինք ֆուտբոլիստների առանձնահատկությունները և մեր պահանջները։ Բացի այդ, այս թիմային մենթալիտետով և ֆուտբոլիստների վստահությամբ աշխատանքի նկատմամբ մենք պետք է ինտենսիվ խաղ ցուցադրող և ագրեսիվ պրեսինգ կիրառող թիմ լինենք, ինչպես նաև պետք է գործենք բարձր արագություններով, օգտագործենք ազատ գոտիներն ու դավանենք ուղղահայաց ֆուտբոլ։ Սա այն է, ինչին ձգտում ենք հավաքականում

- Այդ դեպքում՝ ինչո՞վ է պայմանավորված տարիների ընթացքում արմատացած 4-2-3-1-ից 4-4-2-ի անցումը՝ Հենրիխ Մխիթարյանի, Արշակ Կորյանի կամ այլ ընդգծված 10 համարի բացակայությա՞մբ, թե՞ ֆուտբոլիստների այսպիսի ընտրությամբ սա, միևնույնն է, տակտիկական ամենահարմար դասավորությունն է:

- Ազգային հավաքականը չի կարող կախվածության մեջ լինել մեկ կամ երկու ֆուտբոլիստից և ադապտացվել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խոսել ենք թիմի հետ ի սկզբանե՝ պետք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք և քաղենք առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնությանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայաց ֆուտբոլ և պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանավորված լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի և վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպե է տևում, և դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարությունդ։ Ինքներս պետք է լավ իմանանք մեր ռազմավարությունն ու մոտեցումները, իսկ մարդիկ պետք է ճանաչեն մեզ մեր ինքնության շնորհիվ։     

- Հունիսին հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում. Առաջին մրցակիցն աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան է, երկրորդը՝ Եվրոպայի ուժեղագույն թիմերից Շվեդիան: Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր ուժեղ թիմերի դեմ խաղալն ընկերական խաղերում: Արդյո՞ք դա հենց Ձեր պահանջն է եղել և ի՞նչ եք պատրաստվում փորձարկել այդ խաղերում:

- Առաջին՝ ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ։ Եվ մենք պետք է քաջ գիտակցենք դա։ Երբ հավաքականի մարզաշապիկն ես կրում, ընկերական խաղ գոյություն չունի, քանի որ թիկունքում ողջ երկիրն է և պետք է նվաճել մարզասերի վստահությունը։ Այս առումով մենք պետք է միայն ավելի ուժեղացնենք մեր խաղային գաղափարները։ Պատրաստվում ենք անել դա այնպիսի հավաքականների հետ պայքարում, ինչպիսիք են Խորվաթիայի և Շվեդիայի ընտրանիները։ Հնարավոր է՝ մեզ որևէ ֆուտբոլիստ միանա, բայց պնդում եմ՝ մենք պետք է միայն ուժեղացնենք և կատարելագործենք մեր ռազմավարությունը։ Այդ իսկ պատճառով էլ չկան ընկերական խաղեր, և հենց այս մենթալիտետով պետք է մոտենանք առաջիկա երկու հանդիպումներին։

- Դուք հայտնի եք, որպես երիտասարդ տաղանդներ բացահայտող մարզիչ: Շարունակելո՞ւ եք ներգրավել այլ երիտասարդների առաջիկա խաղերին և արդյո՞ք կարող եք հիմա անուններ տալ:

- Ես ոչ մի անուն չեմ տա։ Շանսեր կտանք այս կամ այն ֆուտբոլիստին՝ համաձայն մեր մտահղացումների, եթե նպատակահարմար համարենք։ Եթե ֆուտբոլիստը երիտասարդ է կամ տարեց է, դա չի նշանակում, որ նա հավաքականում հանդես գալու իրավունք ունի։ Խաղում են այն ֆուտբոլիստները, որոնք տվյալ պահին համապատասխան մարզավիճակում են։ Ինքս երբեք չեմ վարանել երիտասարդ ֆուտբոլիստին նորամուտը նշելու հնարավորություն տալու հարցում։ Եթե տեսնենք, որ այս կամ այն ֆուտբոլիստը տաղանդավոր է և կարող է օգտակար լինել թիմին, ապա կմտածենք և որոշում կկայացնենք։ Սակայն առաջիկա երկու հանդիպումներին ճնշող մեծամասնությամբ կհրավիրվեն նրանք, ովքեր հանդես են եկել վերջին խաղերում։ 

- Ազգերի Լիգայում 6-ից 5 խաղերում խաղադաշտ դուրս բերեցիք Վահան Բիչախչյանին: Վերջին խաղերում նա ընդամենը 1 րոպե անցկացրեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Այս անգամ դաշտ դուրս եկան այլ ֆուտբոլիստներ։ Օրինակ՝ Ժիրայր Շաղոյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Լավ և կարևոր է, երբ թիմումդ մրցակցություն կա։ Սա ավելի է ուժեղացնում հավաքականը։ Մենք շատ գոհ ենք Վահանից։ Ինքն էլ պետք է հասկանա, որ հարկավոր է քրտնաջան աշխատել։ Վահանն այն խաղացողն է, որ կստանա իր շանսերը, սակայն նորից ասեմ, որ հայտնվել են նաև այլ ֆուտբոլիստներ։ Ես՝ որպես ամենամեծ պատասխանատվություն կրող անձնավորություն, համարել եմ, որ այդ հանդիպումներում դաշտ պետք է դուրս գան ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ։ 

- ԲԿՄԱ-ի կազմավորումը ՀՖՖ գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Ի՞նչ կարող եք ասել այդ նախագծի մասին և համարո՞ւմ եք, որ Ժիրայր Շաղոյանի հայտնվելն ազգային հավաքականում արդեն իսկ վկայում է, որ այն սկսել է տալ իր առաջին պտուղները:

- Իհարկե։ Այդ թիմի տղաներին ընտրել են, և նրանք իրենց տրամադրության տակ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դաշտեր, մարզիչներ, ֆուտբոլի ակադեմիան։ Եվ այս տղաները պետք է կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում աճեն, բայց դա տեղի կունենա այն դեպքում, եթե նրանք խաղային պրակտիկա ունենան Պրեմիեր լիգայում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս տղաները ծառայությունից հետո, երբ վերադառնան իրենց ակումբներ, չունենան խաղային պրակտիկա։ Ինչպես ես եմ ասում, կա ոչ միայն կրթական ձախողում, այլ նաև՝ մարզական։ Այնպես որ տղաները պետք է հանդես գան երկրի ամենաուժեղ առաջնությունում, ուր նրանց առջև շատ բարձր պահանջներ կդրվեն։ Հենց դա էլ կնպաստի նրանց աճին։    

- Մշտապես հետևում եք Հայաստանի առաջնությանը և այն մարզիչներից եք, որոնք առանց վարանելու նաև ֆուտբոլիստներ են հրավիրում ներքին առաջնությունից: Ի՞նչ կարծիքի եք մեր առաջնության ընդհանուր մակարդակի մասին և ինչի՞ հաշվին այն կարող է քայլ առաջ կատարել:

- Այստեղ երկու տարբերությունների մասին կխոսեի։ Երբ նոր էինք եկել Հայաստան, սկսեցինք դիտել ազգային առաջնության խաղերը։ Պարզվեց, որ կան թիմեր, որոնց կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ հանդես չէր գալիս։ Հարց էի տալիս ինքս ինձ՝ ինչպե՞ս խաղացողների ընտրություն կատարել։ Իրավիճակը փոխեց ՀՖՖ-ի նախագահը՝ կանոնակարգի մեջ մտցնելով խաղադաշտում նվազագույնը երկու հայ ֆուտբոլիստի առկայության պարտադիր կետը։ Այժմ այլ իրավիճակ է, և երբ դիտում ենք առաջնության հանդիպումները, նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստ ենք տեսնում թիմերի կազմերում։ Սա կարևոր քայլ է։ Իհարկե, ես կուզեի, որ յուրաքանչյուր թիմում երեք հայ ֆուտբոլիստ պարտադիր դուրս գար խաղադաշտ։ Օրինակ՝ շատ կուզեի, որ Հայաստանի Գավաթի հանդիպումներում ավելի շատ քանակությամբ հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս գար։ Ես չեմ ասում՝ թիմերը 100%-ով հայերից բաղկացած լինեին այս մրցաշարում, բայց գոնե չորս-հինգ ֆուտբոլիստի առկայությունը պարտադիր լիներ։ Բնականաբար, ես իմ շահերն եմ սպասարկում՝ որպես հավաքականի մարզիչ։ 

- Արդյո՞ք դիտակետում կան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող  երիտասարդ կենտրոնական պաշտպաններ՝ հատկապես հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը չի մասնակցելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը:

- Իհարկե, մենք հետևում ենք երիտասարդ կենտրոնական պաշտպանների ելույթներին։ Հնարավոր է, որ այս ընկերական խաղերում որևէ մեկին հրավիրենք։

- Առհասարակ, ինչպե՞ս եք փորձելու լուծել 3 առաջատար ֆուտբոլիստների բացակայության հարցը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:

- Մենք նույնիսկ չպետք է խոսենք այս իրավիճակի մասին։ Պետք է վստահենք մեր ուժերին, ընդունենք մարտահրավերը և վստահ եմ՝ ֆուտբոլիստները, որոնք դաշտ դուրս կգան, 100% նվիրվածությամբ կխաղան։ Իսկ երբ վերջանա այդ հանդիպումը, կմտածենք մյուսի մասին։ Այժմ իմաստ չունի խոսել այդ մասին։ Ինչպես նշեցի, մեր թիմը չպետք է կախվածության մեջ լինի առանձին ֆուտբոլիստներից։

- Այդ խաղում, հնարավոր է, խաղադաշտ վերադառնա Գևորգ Ղազարյանը: Վերջին 3 խաղերին նա չկարողացավ օգնել թիմին խաղադաշտում, բայց նրա ներկայությունը կարևոր էր հոգեբանական առումով: Ինչպե՞ս եք գնահատում նրա դերը թիմում:

- Դեռ կտեսնենք՝ որքանով Գևորգը պատրաստ կլինի։ Նա պետք է խաղային պրակտիկա ունենա իր թիմում և համապատասխան խաղամակարդակ ցուցադրի։ Այլ հարց է, թե ինչ նշանակություն ունի նրա ներկայությունը թիմում։ Գևորգն առաջատարի որակներով է առանձնանում, լիովին ինտեգրված է թիմում։ Մենք շատ լավ շփում ունենք միմյանց հետ։ Նրա՝ խաղադաշտ դուրս գալը կախված կլինի այդ պահին նրա մարզավիճակից: Իսկապես, Գևորգը շատ կարևոր դերակատարություն ունի թիմում։

- Հստակ երևում են, թե ովքեր են առաջատարները խաղադաշտում, իսկ ովքե՞ր են եղանակ ստեղծում հանդերձարանում, ոգևորում թիմին, կամ ապահովում բարձր տրամադրություն:

- Առաջատարությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Ոմանք կարող են ավելի լռակյաց և ինտրովերտ լինել, բայց դաշտում իրենց տաղանդի, կարողությունների և վարքագծի շնորհիվ շահում են թիմակիցների և մարզչական շտաբի վստահությունը։ Եվ կան այլ տիպի խաղացողներ՝ նրանք շատ ավելի բաց են, ավելի էքստրավերտ և կենսուրախ։ Բայց կոլեկտիվում պետք է լինեն բոլոր տիպի մարդիկ։ Ես պնդում եմ, որ մենք շատ լավ կոլեկտիվ ունենք՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, ակադեմիայի և ՀՖՖ-ի աշխատակիցները։ Մենք մեկ ընտանիքի պես ենք, և դա մեծ ուրախություն է պարգևում բոլորիս։ Այս ամենը պետք է պահպանենք։ Իսկ ֆուտբոլիստները, որոնք չեն ադապտացվի այս ամենին, չեն կարող հրավիրել հավաքական։ Այլապես դա կնշանակի, որ կոտրում ենք մեր իսկ գաղափարները։ Մենթալիտետը, որն ունես դաշտից դուրս, այնուհետև իր արտացոլանքն է գտնում խաղադաշտում։ 

- Ֆուտբոլիստները սովորաբար սնահավատ են լինում, իսկ Դուք որևէ ֆուտբոլային սնահավատություն ունե՞ք:

- Իհարկե, ունեմ։ Դրանք նույնիսկ մի քանիսն են, բայց չեմ բացահայտի, թե որոնք են։ Քանի որ դրանք հաճախ կորցնում են ազդեցությունը բացահայտվելուց հետո (ծիծաղում է)։

- Վերջին հաղթանակներից հետո Հայաստանում վերածվել եք հերոսի, որից սպասելիքներն անչափ մեծ են: Կա տեսանյութ, թե ինչպես են Ձեզ մեծարում Երևանի ռեստորաններից մեկում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի երևույթներին, արդյո՞ք դա Ձեզ դուր է գալիս և որքանո՞վ եք հարմարվել Երևանյան կյանքին:

- Երևանում ինձ շատ լավ եմ զգում՝ ինչպես իմ տանը։ Նույնը կարող եմ ընտանիքիս անդամների մասին ասել։ Եվ դրա համար շնորհակալ եմ Հայաստանին, ինչպես նաև ՀՖՖ նախագահին, ով հավատաց մեզ։ Առաջին իսկ զրույցի ժամանակ համակրանք զգացինք միմյանց հանդեպ։ Սակայն «հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ։ Մենք բոլորս ենք հասել նրան, ինչին հասել ենք։ Այնպես որ, հերոսներ են ֆուտբոլիստները, ողջ մարզչական շտաբը, մեր բոլոր երկրպագուները։ Ես միշտ ասում եմ, որ գոլը չի խփում այն ֆուտբոլիստը, որը վերջին հարվածն է կատարում դարպասին։ Դարպասի գրավումը մեծ աշխատանքի պտուղ է։ Գոլը խփվում է նրա շնորհիվ, ով կազմակերպում է թիմի մեկնումն ու տեղաշարժը, ինչպես նաև ֆիզիոթերապևտների, խոհանոցի աշխատակիցների և այլն։ Հենց այստեղից էլ սկսվում է գոլի հասունացումը։ Ցավոք, չեմ կարող բոլորին անհատապես շնորհակալություն հայտնել, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ մարդկանց առջև։ Ինձ ևս հայ եմ զգում և հայի նման եմ մտածում: Սրտանց եմ ասում այս խոսքերը։ 

- Իսպանիայում մարզել եք թիմեր, որոնք ունեն կատաղի երկրպագուներ: Ինչ կարծիքի եք մեր երկրպագուների մասին՝ դատելով այն խաղերից, որոնք նրանք ներկա են եղել:

- Հուզական շատ մեծ նշանակություն ունեն մարզասերները։ Նրանք շատ էին ոգեշնչում տղաներին։ Նրանք այս մրցաշարում երեք հանդիպում էին անցկացնում մեկ մրցափուլում, և հենց մարզասերներն են, որոնք հոգնածության և ծանր պահերին ֆուտբոլիստներին թթվածին և շունչ են հաղորդում։ Ցավոք, մարզասերների քանակը սահմանափակ էր հայտնի պատճառներով, բայց վստահ եմ, որ տղաների փողոցներում ողջունում և ոգեշնչում են։ Մենք շատ ենք զգում մեր մարզասերների պահանջը, նրանք մեզ շատ են օգնում։ Եվ սա էլ ավելի է ավելացնում քո պատասխանատվության զգացումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1475 դիտում

Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել

Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել

Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6-8000 դրամ․ գործը դատարանում է

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 21-ին

Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել

ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան

Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է

Պատուհանի ճաղավանդակները պոկելով՝ մտել են տուն, գողացել՝ 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ

«Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի

Վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլի ապագան պայծառ է. ՖԻՖԱ-ի նախագահը հանդիպել է Արմեն Մելիքբեկյանի հետ

Հայտնաբերել է տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ՝ գնացքի գծերի վրա. ողբերգական վթար Արմավիրում

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել 78 միավոր հրետանային համակարգ, ընթանում են բանակցություններ. IDRW

Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը

Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը

«Խարդախ եմ, դիմեք ոստիկանություն՝ կունենաք խնդիրներ». 330.000 դրամ է փոխանցել վարորդականի համար և կորցրել այն

Նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել եզրափակչի ուղեգիր

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Կոբախիձեի թեկնածությունը

3 ամիս աշխատավարձ չեն ստացել. «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղը չեղարկվել է

Առաջիկա օրերին 6-10 աստիճանով ցրտելու է

Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն

Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել է 2022-ին, 2 տարի անց՝ հայտնվել Տավուշում

Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցված Սուրբ պատարագին

Ադրբեջանի և Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում

Փրկարարներն արգելափակված ձիուն դուրս են բերել փոսից

Ալեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ

Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ