Երևան
12 °C
Շարքային Մուշեղ Վարդանյան, կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյան, կապիտան Հրաչ Մակարյան. Երեւանի Էրեբունի վարչական շրջանի միեւնույն (Ջրաշեն) թաղամասում ապրող այս երեք երիտասարդները հերոսացան ու անմահացան Արցախյան 44-օրյա պատերազմում: Նրանց անունները այսուհետ կմեկտեղվեն Ջրաշենի իրենց հարազատ դպրոցի բակում կանգնեցված խաչքարին:
Մայիսի 8-ին խաչքարի բացման եւ խնկարկման հանդիասավոր արարողությանը ներկա էին հերոսների ծնողները, ուսուցիչներն ու հարազատները: Դպրոցի սաները նաեւ փոքրիկ միջոցառում էին կազմակերպել, մեծից փոքր, արցունքներն աչքերին, եկել էին՝ եւս մեկ անգամ խոնարհվելու իրենց սիրելի հերոսների առջեւ: Արարողությունից հետո սեւազգեստ մայրերը, հպարտության ու ցավի արցունքները կուլ տալով, շտապեցին որդիներին այցի (գերեզմաններ)՝ կիսվելու վերջին մի քանի ժամում կատարվածի մասին:
Հրաչը զոհվեց, 7 ամիս անց առաջնեկը ծնվեց
28-ամյա Հրաչ Մակարյանի հարազատները նրան պատմելու անչափ կարեւոր ու լուսավոր մի լուր ունեին. ծնվել է Հրաչի առաջնեկը:
Լուսանկարում փոքրիկ Սոֆին է՝ Արցախյան պատերազմի մասնակից Հրաչի դուստրը
Ամիսներ շարունակ անհետ կորած որդուն փնտրած, ապա նրա մահվան լուրը լսած ընտանիքը Սոֆիի ծննդյան օրն առաջին անգամ կարծես նոր շունչ էր ստացել: Հրաչից հետո առաջին անգամ տանն ուրախության եռուզեռ էր, շնորհավորանքներ էին ստանում, անգամ՝ ժպտում: Հրաչի նորածին դստեր ծնունդով սփոփվող հարազատները պատմեցին, որ երբ պատերազմը սկսվեց, Հրաչն ընդամենը երկու ամիս է, ինչ ամուսնացել էր: Կամավորագրվեց ու հոկտեմբերի 4-ին մեկնեց մարտի դաշտ:
Առաջնեկի գոյության մասին Հրաչն իր ծննդյան օրն էր իմացել՝ սեպտեմբերի 21-ին: «Ծնունդի օրը կինն անակնկալ էր պատրաստել, որ այդ ձեւով հայտներ որդուս հայր դառնալու լուրը: Տոնական սեղանի շուրջ էինք հավաքվել, երբ փոքր տղաս ծրարով ինչ-որ բան բերեց, տվեց նրան: Հրաչս կարդաց, ու զգում ենք՝ անհանգիստ է, նստած տեղը ուրախ շարժումներ է անում, ժպտում ու կրկնում՝ լավն էր, լավն էր...»,- հիշեց Հրաչի մայրը՝ Նելլի Մակարյանը: Նա նաեւ մտաբերեց, թե այդ օրը որդին ինչ էր կատակով ասել կնոջը. «Այս ծնունդիս անակնկալը շա՜տ լավն էր, մյուսին էդ ի՜նչ պիտի անես, որ սրանից լավը լինի: Մյուս ծնունդ որդիս չունեցավ...»:
Հերոսի մորը խնդրեցինք պատմել, թե երբ ու ինչպես են իմացել որդու մասին վատ լուրը (եթե ծանր է, կարող ենք չխոսել): «Բթացել եմ արդեն, արցունք էլ չունեմ, կխոսեմ»,- ասաց նա:
Հրաչի մայրն է՝ Նելլի Մակարյանը
Ցույց տալով որդու նկարները՝ Նելլի Մակարյանը կանգ առավ պատերազմի օրերին արված լուսանկարի վրա, որտեղ Հրաչը մարտական ընկերների հետ է: Հրաչի վերջին լուսանկարներից էր դա, ռազմաճակատ մեկնելու առաջին օրն էին նկարվել: «Այս խմբից միայն մեկ հոգի է ողջ մնացել, երկուսն էլ համարվում են անհետ կորած, բայց իրենց լուսանկարներն էլ ադրբեջանական կայքերում որպես մահացած են ներկայացված եղել, հարազատներն են տեսել»,- ասաց նա:
Նելլի Մակարյանի խոսքով՝ լուսանկարում երեւացող տղաների ընտանիքների հետ հարազատի պես են դարձել. ամիսներ շարունակ հույսով փնտրել են իրենց որդիներին, միասին հազար ու մի դուռ թակել, միասին ԴՆԹ անալիզների պատասխանների սպասել, «աչքալուսանք» տվել, երբ հայտնաբերված աճյունների մեջ ոչ ոքի հարազատը չի եղել:
«Հրաչը գրադի մասնագետ էր, որպես կապիտան էր գնացել, բայց իրենց մոտ միայն ավտոմատներ են եղել ու 1937 թվի պուշկեք: Շատ ահավոր բառդակ է եղել, հրամանատարները՝ դիտակետերում պախկված, իրենք էլ՝ առանց կասկա, առանց ժիլետ, առանց զենք...»,- ասաց Նելլի Մակարյանն ու վրա բերեց՝ որդու քառասունքը համընկավ հարսանիքի օրվա հետ, Տրնդեզի օրը՝ 7-ն էր, կրակը գերեզմաններում են վառել:
Հրաչի հորաքույրերն էլ էին իրենց տանը, գնացել էին խաչքարի բացմանը, ապա՝ այցելել եղբոր ընտանիքին: «Օրերով, թե դրական կողմերը պատմենք, երեւի չհերիքի: Ի՜նչ ասեմ, երանի նրան, որ չէր ճանաչում»,- ասաց Հրաչի հորաքույրներից մեկը: Մյուսն էլ պատմեց, որ եթե իրենց որդիներին կամ եղբոր մյուս տղաներին անուններով են կանչել, ապա Հրաչի դեպքում առանց «ս» մասնիկի երբեք չեն արտաբերել: «Հրաչս շատ համբերատար ու հավասարակշռված էր: Ուր գնում էինք, ասում էինք՝ թող Հրաչը տանի: Ինքն էլ ասում էր՝ հա՜, լավ եք սովորել, գիտեք՝ ես համբերատար եմ, ուզում եք իմ հետ գնալ: Մի բան էլ, որ խնդրեինք, իրեն նեղություն կտար, բայց կաներ»,- պատմեցին հորաքույրները:
Հրաչ Խաչիկի Մակարյանը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 21-ին: Տան ավագ որդին էր, ունի 2 եղբայր։ Հրաչը ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինական բաժինը, որից հետո սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2013 թվականին ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հրաչը նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակից էր: Նա զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին: Բայց ընտանիքն ամիսներ շարունակ ոչ մի տեղեկություն չի ունեցել: Ռազմաճակատ է մեկնել հոկտեմբերի 5-ին: Վերջին անգամ տնեցիները հետը խոսել են հոկտեմբերի 13-ի առավոտյան ու դրանից հետո կապը կորցրել են:
Որոնել են ուր ասես: Մայրը մինչեւ վերջին օրը հավատացել է, որ որդին ողջ է: «Ինչ սուտ ասես, այդ ընթացքում լսեցինք, բունկերում է, խմբով անտառներում են: Հետո, երբ արդեն էդ կասկածներն էլ ցրվեցին, մտածում էինք՝ գերի է: Վախենում էի, բայց ասում էի՝ գոնե ողջ կլինի, գոնե կշնչի: Ինքը էնքան լավն էր, մտածում էի՝ նույնիսկ թուրքը իրեն վնաս չի տա, բայց...»: Փետրվարի 4-ին ԴՆԹ պատասխան են ստացել. զոհվածների թվում է նաեւ Հրաչը:
Հարազատների տեղեկություններով՝ Հրաչը զոհվել է հոկտեմբերի 14-ին:
20-ամյակին սպասել են՝ ժամը 12-ը գա, որ գնան գերեզմաններ՝ որդու ծնունդը շնորհավորելու
Ժամկետային զինծառայող Հարություն Նիկոլյանը տան միակ արու զավակն էր: Ապրիլի 29-ին Հարութի ծննդյան օրն էր: Ծնողները որդու 20-ամյակին սպասել են, որ ժամը 12-ը դառնա, ու գնացել են գերեզմաններ՝ ծնունդը շնորհավորելու:
Հարեւանները պատմեցին, որ Հարութի ծնողները օրերով գերեզմաններից տուն չեն գնում: Իսկ մայրը, լացը կոկորդում պահած, ասաց. «Եթե չգնամ, չեմ դիմանա»: Վերջինիս խոսքով՝ տանն ամբողջ օրը արցունքն աչքերին է, բայց հենց գնում է որդու մոտ, լրիվ ուրիշ մարդ է դառնում, հոգին հանգստանում է:
«Սկզբի ամիսներին ամուսինս մենակ էր գնում, ինձ չէր տանում, բայց հիմա էլ չեմ համոզվում, միասին ենք գնում: Գիշերները ինձ էլ է տանում, գնում, բարի գիշեր ենք ասում Հարութիս: Սկզբում քրոջս որդին էլ էր շատ գնում: Մի անգամ կանգնած տեղն ընկավ, կարծես մեկը հրեր մեջքից: Այդ օրը եկել էր տուն, քնել ու երազ տեսել: Երազին Հարութս ասել է՝ ինչի եք էդքան գալիս, կանգնում, բրդում եմ էլ՝ չեք գնում: Բայց, մեկ է, եթե մի օր չեմ գնում, կարծես մե՜ծ բան կորցրած լինեմ»,- պատմեց Հարութի մայրը՝ Գայանե Նիկոլյանը:
Հարութի մայրն է՝ Գայանե Նիկոլյանը
Հարութի կորուստը, տանը նրա բացակայությունը ժամանակի հետ մոր համար ավելի անտանելի են դառնում. «Ասում էին՝ կհամակերպվես, բայց էս ցավի հետ համակերպվել հնարավոր չէ, օր օրի Հարութիս կարոտն ավելի է ինձ խեղդում, զարմանում եմ՝ ինչպես եմ ապրելու ուժ գտնում»:
Նրա խոսքով՝ բարեկամները, հարազատները հորդորում են որդի ունենալ, բայց եթե մի օր որոշի կրկին մայրանալ, վստահ է՝ Հարութ չի ծնվելու: «Իմ Հարութն ուրիշ էր: Եթե Աստված կամենա, եթե ինքը (Հարութը) ուզի, կլինի, բայց իր նման չի լինի, ոչ էլ Հարութի տեղը կլցնի: Որ հանկարծ զանգած էր լինում, ու լսած չէի լինում, հետ էի զանգում, ասում էր՝ մայր իմ անուշ ու անգի՜ն, ինչի՞ չէիր պատասխանում: Սոված լիներ, թե ծարավ, ոչ մի բան չէր ասում, պատերազմի 38 օրվա մեջ անընդհատ կրկնում էր՝ «սաղ տոչնի ա»»,- հիշում է մայրը:
Հարութը 1 տարի 4 ամիս ծառայեց Հայոց բանակում. հուլիսին պիտի զորացրվեր:
Հարություն Արմենի Նիկոլյանը մահացու վիրավորում է ստացել Կարմիր Շուկայի հատվածում: 38 օր հայրենիքի համար անձնուրաց պայքար մղելով՝ զոհվել: Հարութ Նիկոլյանը ծնվել է 2001թ.-ի ապրիլի 29-ին:
Շենգավիթում ճանապարհեցինք, ու վերջացավ ամեն ինչ. Մուշեղն ընդամենը 2 ամսվա ծառայող էր
Ժամկետային զինծառայող Մուշեղ Վարդանյանը զորակոչվել էր բանակ 2020 թվականի հուլիսի 28-ին: Երկու ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց:
Կորոնավիրուսի պատճառով հարազատները Մուշեղին բանակ զորակոչելուց հետո չեն տեսել, անգամ երդմնակալության արարողությանը չեն մասնակցել: «Շենգավիթում ճամփու դրեցինք, ու վերջացավ ամեն ինչ»,- ասաց մայրը:
«Քաշի հետ խնդիր ուներ. բոյի համեմատ թեթեւ էր: Ասում էի՝ Մուշ ջան, բանակ չես գնա: Ջղայնանում էր, ասում՝ մամա, մյուս անգամ չասես նման բան, ես գնալու եմ: Կորոնավիրուսի պատճառով «Վերջին զանգ» էլ չունեցան, ասում էր՝ իզուր էլ ես շուտ բանակ չգնացի: Հետո, որ արդեն ծառայում էր, մի օր զանգեց, ասում է՝ մա՛մ, հիշում ես՝ մի տղա ունեիր, մի օր տարար Շենգավիթ, բաց թողեցիր, ո՛չ պրիսյագիս եկար, ո՛չ տեսակցության: Նեղվում էի, ասում՝ Մուշ, մի ասա, բայց փաստն այն էր, որ էդ երեխեքն իրոք ոչ մի բան չտեսան»,- արցունքները սրբելով՝ պատմում է Մուշեղի մայրն ու ցույց տալիս որդու՝ զինվորական համազգեստով միակ լուսանկարը:
Պատերազմի առաջին օրվանից Մուշեղն արդեն դիրքերում է եղել: Սկզբի օրերին հարազատներից թաքուն է պահել այդ փաստը: Ավելի ուշ ծառայակից եւ իրենց ծանոթ տղաների միջոցով են հարազատներն իմացել: Մոր խոսքով՝ գրեթե ամեն օր կապի մեջ են եղել, որդին պատասխանել է հեռախոսին ու գոնե մեկ բառով ասել, որ ամեն ինչ լավ է:
«Էն սկզբի օրերին, երբ շատ անհանգիստ էի, ինձ ասում էր՝ մամ, էդ ֆեյսբուքները քիչ մտի, լուրեր էլ մի նայի, դու ինձ լսի, ամեն ինչ լավ է: Ինձ հանգստացնում էր, ջղայնանում, որ առանց հաց ուտելու չմնամ: Ասում էր՝ մենք ստեղ գիտե՜ս ինչեր ենք ուտում, այնինչ հետո ենք լսել, որ օրերով կիսասոված են եղել»- պատմեց մայրը՝ Լուսինեն:
Մուշեղի մայրն է՝ Լուսինեն
Մուշեղն իր փրկված ծառայակից ընկերների մոտ տպավորվել է ժպիտով. «Ընկերը պատմում է, որ պատերազմի ծանր օրերին ծառայակից ընկերներից մեկն ասել է՝ գնամ, Մուշոյի ժպիտը տեսնեմ, մի քանի րոպե մոռանամ՝ որտեղ ենք գտնվում»:
Մուշեղը տան կրտսերն էր: Ավագ եղբայրը՝ Հրայրը, ոչ մի կերպ չի կարողանում միակ եղբոր ու հարազատ հոգու կորուստը հաղթահարել: «Ավելի շատ Մուշեղն էր ինձ մեծ ախպեր: Իմ փրկիչն էր, եթե գիշերը ուշ ժամի տունը չէի մնում, ասում էի՝ դուռը չփակես, տնեցիք էլ, որ հարցնեն, կասես՝ արդեն հասնում է: Մեկ-մեկ ժամ էր պահում, ջղայնանում, ասում էր՝ հենց հիմա արի, թե չէ փակում եմ դռները»,- հիշեց եղբայրը:
Հրայրի մոտ Մուշեղի պատմածներից ամենաշատը տպավորվել է այն, որ երբ եղբայրը, փորձելով սառնասիրտ երեւալ, ասել է՝ ամեն առավոտ սուրճ խմելիս մի հոգի պակասում է. «Ասում էր՝ մի հոգի էլ «տուն գնաց», դե իրենց մոտ էդպես էին ասում զոհված ընկերների մասին»:
Մուշեղն ապագա ճարտարապետ էր: Վարդանյանների տունը ողողված է տղայի նկարած կտավներով, փորագրություններով ու տարբեր ձեռագործ աշխատանքներով:
Մուշեղը նաեւ տնային գործերում է շատ ակտիվ եղել: Շատ ծառեր է տնկել, հարազատներն ասում են՝ այս տարի ոչ մի ծառ չի ծաղկել: «Սիրում էր միրգը ծառից քաղել ու ուտել: Խնձորի, բալի, սալորի ծառեր ունենք, որ ծառից միշտ ինքը միրգ էր քաղում, ուտում, այս տարի չորացան, անգամ ծառերն էլ բերք չտվեցին»,- ասաց Մուշեղի մայրը:
Մուշեղ Մհերի Վարդանյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 1-ին: Զոհվել է հոկտեմբերի 19-ին Կարմիր շուկայի հատվածում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են հարկային պարտավորություններից. կան կալանավորվածներ
Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին. ինչ է քննարկվել. տեսանյութ
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 10-ին
Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահի հետ. տեսանյութ
Գյումրիում կառավարումը տապալեցին, քաղաքը անտեր թողեցին, հիմա կոչ են անում. Չախոյանը՝ Բալասանյանի մասին
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետ
Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է՝ ՀՀ իրավական համակարգերը ճշգրիտ աշխատում են. Բաղդասարյան
Խզվել են բոլոր կապերը. Աննա Դովլաթյանը խոսել է իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին
ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են 2 երկրի ազատազրկված անձանց փոխանցումները, հանձնումները և վտարումները
Քանի շուն է քնեցվել, ստերջացվել և պատվաստվել Գյումրիում. վերջին օրերի աշխատանքի ամփոփում
4509 քաղաքացի հետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում Աստրիդ Շոմեյքերը Հայաստանում հանդիպումներ է ունեցել
Ջրի հոսքից պատռված Սևերսկի-Բուլվարային շրջանցիկ ճանապարհը վերականգնվում է. Մինասյանը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է ամբողջ մարտ ամսվա եղանակային կանխատեսումը
Հայտնի է՝ երբ կնշվի Սուրբ Զատիկը
Սիրիայի ժամանակավոր նախագահը խոստացել է հետաքննել Լաթաքիայում բռնությունները և պատժել մեղավորներին
Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար. ՆԳՆ
Մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները
Որոշ մարզերում՝ +22, +24. ջերմաստիճանը կբարձրանա ևս 5-8 աստիճանով
Պիրունչիկն ու Գալյանը քննարկել են քրեական գործերով իրավական օգնության առկա համագործակցության մանրամասները
Միմյանց բախված մեքենաներից մեկը կոտրել է բաժանարար գոտու 2 ծառ և հայտնվել հանդիպակաց հատվածում. կան տուժածներ
Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգված է. տեսանյութ
30 տարվա թալանից փող ստացածները որոշել են թալանածը ման գալ կոշիկներիս մեջ. Սիմոնյանը հայտնել է դրանց արժեքը
Երևանում ավտոմեքենա է այրվել
«Կինոյի պես». Իվետա Մուկուչյանն ու Արկադի Դումիկյանը զուգերգ են ներկայացրել. տեսանյութ
SMS հաղորդագրությամբ կեղծիք է տարածվում, տվյալներ փոխանցել պետք չէ. լուսանկար
Կողմերը պետք է գան համաձայնության. Ամատունին՝ ԼՂ-ում մահացած կնոջ դիակը ՀՀ տեղափոխելու մասին
3 օրում ՀՀ տարածքում գրանցված ավտոպատահարների հետևանքով զոհվել է 4, վիրավորում ստացել՝ 50 մարդ
Առանց փաստաթղթերի 2 հրացան, փամփուշտներ և կրակված արտույտներ. Թալինում ապօրինի որս է հայտնաբերվել
Զելենսկին Բայդենի օրոք ԱՄՆ-ից գումարներ էր վերցնում այնքան հեշտությամբ, որքան երեխայի ձեռքից՝ կոնֆետը. Թրամփ
Առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները, որտեղից դուրս եկել, ընտրարշավ են իրականացնում. Փաշինյան
Այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը ԼՂ-ի հայերի էթնիկ զտումներն արդարացնելու նպատակ ունի. Ինյարիտու
Երևանի 33-ամյա բնակչուհու կրծկալի միջից թմրանյութ է հայտնաբերվել
Հայաստանի ատոմային էլեկտրակայանից գողություն են արել․ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս
ԱԱԾ սպա Արամ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, դուք չեք ասի, թե ձեզ ինչի համար են իշխանության բերել, ես կասեմ. վարչապետ
Որոշ ուժեր ձեր կողմից պատվիրակված մանդատը ծառայեցրել են անձնական շահերին, մերը համայնքինն է․ Գյուլնազարյան
Ծառայել գյումրեցուն և ոչ թե սեփական շահերին, զարգացնել քաղաքը և ոչ թե հարստահարել. Սարիկ Մինասյան
Ով է փոխարինելու Թրյուդոյին. հայտնի է, թե ով է Կանադայի նոր վարչապետը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT