Երևան
12 °C
30 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Հայոց բանակն այսօր 30 տարեկան է։
Բանակի ստեղծման օրվա առթիվ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է գնդապետ, «Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հետ։
Մենք չգիտեինք, թե ինչ է նահանջը. 2020-ի պարտությունը խոր ուսումնասիրության կարիք ունի
Հայաստանի պատմության մեջ ինձ համար Բանակի օրն այն է, երբ Արցախյան առաջին մարտերի համար սկսեցինք կազմավորել ջոկատներ։ Մինչև Հատուկ գնդի ձևավորումը՝ մենք էինք որոշում, թե որ ուղղությամբ գնայինք։ Հիմնականում հեռուստատեսությամբ կամ լուրերով, երբ ինչ-որ ինֆորմացիա էինք ունենում, շարժվում էինք այդ ուղղությամբ։ Շատ ժամանակ ոչ լեգալ էինք տեղափոխվում, օրինակ՝ երբ օգնություն էին ուղարկում որևէ կողմ, ասենք՝ ալյուրի պարկեր, այդպես մենք էլ տեղաշարժվում էինք։
Այսօր տոնում ենք բանակի ստեղծման 30 տարին։ Բանակի ու հաղթանակի նկատմամբ նույն էներգիան ու հավատը հիմա էլ կա, ինչպես Արցախյան շարժման ժամանակ էր՝ չնայած որոշ ուժեր դա ցանկանում են կոտրել։ Այդ էներգիան մեր տարածքները կրկին հետ բերելու երաշխիքն է։ Ճակատագրի բերումով ես մասնակցել եմ և՛ Արցախյան մարտերին, և՛ Ապրիլյան քառօրյա պատերազմին, և՛ 44-օրյա պատերազմին։ Ադրբեջանի հետ մենք երբեք հավասար զինվածության մակարդակ չենք ունեցել։ Միշտ հետ ենք եղել նրանցից՝ և՛ մարդկային ուժով, և՛ զենք-զինամթերքով։ Բայց մեր և նրանց տարբերությունը հետևյալումն է․ նրանք միշտ ապավինել են ուրիշներին, իսկ մենք՝ մեր սեփական ուժերին։ Դրա համար էլ մեր բանակի ստեղծման գործընթացը դժվարություններով է եղել ուղեկցված՝ մեր մի շարք ընկերների կյանքերի հաշվին։
Ծառայության մեջ կա երեք հրաման՝ հարձակում, պաշտպանություն ու նահանջ։ Մենք չգիտեինք, թե ինչ է նահանջը։ Մերը հարձակվելն ու պաշտպանվելն էր։ Դրա համար էլ մենք կարողացանք արձանագրել հաղթանակ։ Վերջին՝ 2020 թվականի պարտության պատճառների համար պետք է խորքային ուսումնասիրություն լինի։ Մենք երբեք այսքան մոտ չէինք եղել հաղթանակին, ինչպես այս անգամ, ուղղակի մեզ կամք էր պետք՝ սկսածն ավարտին հասցնելու համար։ Այո՛, կար կամքի բացակայություն, պետք է բացահայտել՝ ի՞նչն էր դրա պատճառը։ Ինչպես է լինում, որ մի հատվածում հաղթանակ է լինում, մի հատվածում՝ ոչ։ Նույն զինվորը չէ՞ ամեն տեղ, նույն կամավորն ու զենքերը չե՞ն։ Այս դեպքում պետք է նայել՝ ռազմական ի՞նչ գործողություններ են կատարվել ամեն մի ուղղությամբ, ձախողումն էլ մեր մեջ պետք է փնտրենք, ոչ թե ասենք՝ Ադրբեջանը ուժեղ էր։
Հրամանատարական կազմի թերացումից է եկել պարտությունը։ Այն հատվածում, որտեղ ես եղել եմ, իմ մարտական ընկերներն էին, մենք մի բառից իրար հասկանում էինք, ես գիտեի՝ որ ստորաբաժանումն ինչի՞ է ընդունակ, ում ուժն ինչպե՞ս պետք է օգտագործել։ Զինվորն ինքը կատարող է: Այո՛, խուճապ եղել է, բայց հրամանատարն էլ այնպես պետք է աներ, որ այդ խուճապը չխանգարեր։
Իշխանատենչությունն այսօր մեզ խանգարում է. պետք է դուրս գանք մեր «ես»-ից
Տարածքները հետ բերել հնարավոր է, եթե մենք թողնենք ներքին քաղաքական խաղերը։ Իշխանատենչությունն այսօր մեզ խանգարում է։ Նայում եմ, թե ինչ է կատարվում խորհրդարանում․․․. այնտեղի մթնոլորտը տարածվում է մեր ազգաբնակչության վրա։ Որքան վատ, այնքան լավ քաղաքականությունը, որը վարում է ընդդիմությունը, սխալ է։ Ընդդիմությունը պետք է ուղղորդի իշխանությանը ճիշտ աշխատել։
Մենք ոչ թե ճանապարհները պետք է գնանք քանդենք, այլ պետք է միասին կառուցենք։ Ընդդիմությունը պետք է օգնի իշխանությանը, որպեսզի րոպե առաջ կարողանանք մեր մեջքն ուղղել, բանակը հասցնել այն մակարդակին, որ ունակ լինի կրկին կերտել հաղթանակներ։ Նոր զենք-զինամթերքի ձեռքբերումը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք. մենք հարձակվողական դիրքերում այլևս պետք է հանդես գանք։ 20 տարի ներդրում չենք արել բանակի վրա։ Ասում են՝ իշխանությունը չփոխվեր, այսպես չէր լինի։ Այո՛, չէր լինի, միանգամից ամբողջ երկիրը կկորցնեինք։
26 տարի Ադրբեջանն ապրել է նույն վիճակով, ինչ հիմա՝ մենք։ Նրանք այդ ընթացքում համբերատար զինվել են։ Հիմա էլ մեր նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրում։ Տեսնում են, որ ՀՀ-ի ներսում ոչ կայուն վիճակ է, նրանք էլ գնում են սահմաններում սադրանքների։ Եթե մեր ներսում չլինեին այս խժդժանքները, մենք հիմա վաղուց գերիների հարցերն էլ էինք լուծել, սադրանքներին էլ էինք պատասխանել։ Ադրբեջանը տեսնում է՝ իրենց կողմից մի քայլ, ու ընդդիմությունը Հայաստանում խաղեր է սկսում խաղալ։
Կայուն վիճակում միայն մենք կկարողանանք մեր կորցրածը հետ բերել։ Սպարապետն ասում էր՝ եկեք էս մի կռիվն անենք-վերջացնենք, չհոգնենք։ Մենք հոգնեցինք, չհասկացանք հաղթանակի արժեքը։ Այս պարտությունը մեզ համար դաս պետք է լինի, պետք է դուրս գանք մեր «ես»-ից, դեմքով նայենք մեր ազգային արժեքներին։ Ամեն մեկս մեզ հայրենիքի զինվոր պետք է զգանք, ոչ թե որևէ անձի կամ քաղաքական թիմի զինվոր, կապ չունի՝ տղամարդ, թե կին։ Հայրենիքի սերը կենացով չեն ցույց տալիս, «Եռաբլուր»-ում ցավը ցույց տալով՝ չեն սիրում հայրենիքը, պետք է դուրս գանք այդ կսկիծից։
«Եռաբլուր»-ը մեզ համար միշտ եղել է խոնարհման ու ուխտի տեղ, պետք է երդվենք այդ տղերքին, որ նրանց գործը շարունակելու ենք, ամեն թափած արյան պատասխանը տալու ենք, դա պետք է լինի մեզ առաջ տանողը, մենք պետք է հպարտ լինենք, իսկ կսկիծով ու ցավով ապրելը մեզ հաղթանակի չի տանի։
Նախարարները փոխվում են՝ ըստ անհրաժեշտության
Ասում են՝ պաշտպանության նախարարներն անընդհատ փոխվում են, դա սխալ է։ Ասեմ՝ աննպատակ ոչ մի փոփոխություն չի արվում։ Փոփոխությունները խորքային խնդիրներ ունեն, ցանկություն կա գնալու դեպի լավը։ Սուրեն Պապիկյանի զինվորական չլինելուց են խոսում։ Ես եղել եմ բանակի ակունքներում, կարող եմ ասել՝ սպարապետն էլ զինվորական չէր։ Ինքն օժտված էր հզոր արժեքներով՝ լսելու հատկություն ուներ, կարողանում էր կոլեգիալ որոշումներ կայացնել, վերջնական որոշողը միշտ ինքն էր, իր հետևից էլ կարողանում էր մարդկանց տանել։ Դրանք այն արժեքներն են, որոնց առկայության դեպքում քաղաքական և ռազմական օղակներում ունենում ես հաջողություններ։ Ես այդ բնավորությունը տեսել եմ Սուրեն Պապիկյանի մեջ։ Նա միշտ պատրաստակամ է լսելու, խորհելու։
18 տարեկան զինվորը չպետք է լինի սահմանին. ո՞վ է ասել
Ես 18 տարեկան «ծեր» մարդ էլ եմ տեսել, 50 տարեկան «երիտասարդ» էլ։ Այստեղ տարիքի մասին չպետք է խոսել։ Այո՛, սահմանին կանգնելու համար առողջություն է պետք։ Պատերազմի ժամանակ պետք է առաջնահերթություն տալ փորձին։ Այս պատերազմին ինձ հետ եկել էր 80 հոգի։ Այդ 80 հոգուց 60 հոգուն ես կարողացա ինձ հետ բարձրացնել սահման, մյուս 20-ի մեջ կային մարդիկ, որոնք ունեին այս կամ այն առողջական խնդիրը։ Բայց այդ 20-նն էլ ներքևում իր գործառույթն էր կատարում։ Նրանք խրամատներ էին փորում, պատգարակներ էին տեղափոխում, ամեն մեկը մի բան անում էր։ Ամեն մարդ իր հնարավորության չափով սահմանում անելիք ունի միանշանակ։
Երեք պատերազմներին մասնակցած զինվորը
Ասեմ ձեզ՝ ես միշտ իմացել եմ, որ չեմ զոհվելու։ Ես միշտ գիտեի՝ իմ մեկ րոպե ուշանալն ինչ-որ մարդու կյանքի հետ է կապ ունենալու։ Ես իրավունք չեմ ունեցել ուշանալու։ Երբ հասել եմ մարտի դաշտ, հասկացել եմ, որ, այո՛, թեկուզ կես ժամ ուշանայի, դա խնդիր էր լինելու։ Դեպք է եղել, գնացել եմ, արդեն որոշակի տարածքներ է հակառակորդը գրաված եղել։ Մտածել եմ, այո՛, որ չուշանայի․․․
Ես միշտ զգացել եմ, որ սահմանին պետք եմ ու անելիք ունեմ։ Մենք՝ ճակատագրի բերումով ողջ մնացածներս, առաքելություն ունենք։ Քաղաքական տարբեր պիտակներով փորձում են հունից հանել, բայց ինձ չեն կարող։ Ես հայրենիքի զինվոր եմ, քաղաքականության մեջ էլ եմ հայրենիքի զինվոր։ 89 թվերին, երբ նոր ջոկատներ էին ձևավորվում, ես այդ ժամանակ քաղաքական պայքարի մեջ էի, բայց ժամանակի ընթացքում, մանավանդ Բաքվի դեպքերից հետո, այս քաղաքական հարթակին զուգահեռ պետք է ձևավորվեր նաև ռազմական հարթակ։
Երբ ոտնձգություններ էին արդեն կատարվում Հայաստանի սահմանում, մենք ջոկատներով սկսեցինք գնալ Կապանի ու Շամշադինի ուղղությամբ։ Տեղեր կային՝ մեզ լավ չէին ընդունում, ասում էին՝ մենք թուրքերի հետ եղբայրներ ենք։ Հետ էինք գնում, հետո մեզ ասում էին՝ եկեք, հասեք։ Լավ գիտեինք՝ դրանք հարևան չեն կարող լինեն։
Ես հասկանում էի, որ քաղաքական ասպարեզում ինձ ավելի շատ մարդ կկարողանա փոխարինել, քան կռվում։ Իսկ հետո, երբ զոհվում էր որևէ մի մարտական ընկեր, ուխտ էի տալիս շարունակել նրա գործը։ Այդ ծանրությունը ավելանում է, նվիրվածությունն ու վրեժը միախառնվել են իրար։ Երբ գնում եմ «Եռաբլուր», տղերքի շիրիմների մոտ ինձ հարց եմ տալիս՝ իրենք ինձ ներե՞լ են։ Ես գնում եմ ու ասում՝ տղերք, ես մինչև վերջ, քանի շնչում եմ, հավատարիմ եմ մեր ուխտին։ Մենք չգիտեինք, թե որ մեկս կզոհվեր։
Եթե ողջ եմ, ուրեմն առաքելություն ունեմ։ Ես չեմ սպասում, որ ինձ հրավիրեն սահման, ես գնում եմ, քանի որ ի վիճակի եմ ու պարտավոր։ Իշխանասարի ուղղությամբ երբ գործողություններ եղան, ես միանգամից շարժվեցի Սիսիան, քանի որ ես զինվոր եմ։ Ես միշտ պատրաստ եմ ծառայելու, ես ապրում եմ դրանով։ Մենք կռվում ենք ու զոհվում հանուն արժանապատվության՝ մեր կանանց, երեխաների, երկրի։ Բոլորս պետք է զինվորի նման սիրենք հայրենիքը, դա է միակ ճիշտը։
Զոհված զինվորները՝ օրինակ պայքարի ու հաղթանակի
Մենք այսքան զոհ տվեցինք, ճանաչեցինք մեր հերոսներին։ Ցավով եմ ասում, բայց սա էլ է դաստիարակության ձև, երբ դու օրինակ ես ունենում քո առջև։ Երիտասարդներն այս պատերազմի հերոսական դրվագները պետք է վերցնեն օրինակ, բայց միայն թե ոչ վախը կամ պարտության սինդրոմը։ Մեր հերոսների կերպարը պահելը պետք է մեր սերունդների դաստիարակության մի մասը դառնա։ Պատերազմը չպետք է տանի վախի կամ բանակից խուսափելու, այլ հակառակը՝ հերոսանալու։ Հերոսանալու ձգտում ունենալը չի նշանակում անպայման զոհվել։ Վախն ավելի շատ մահ է, նույնիսկ կենդանության ժամանակ։ Մենք մեր երգերում էլ ենք դրա մասին բարձրաձայնում՝ «վախկոտն ամեն օր է մեռնում»։ Հերոսները չեն մեռնում։
Երբ մարզպետ եղած ժամանակ մասնակցում էի զոհված զինվորներին նվիրված միջոցառումներին, դրանք ողբի էին նմանվում։ Ես իմ ելույթներով ու զրույցներով դպրոցի տնօրեններին կոչ էի անում միջոցառումներն անցկացնել հերոսներին վայել կեցվածքով։ Դրանք պետք է լինեն մեծարման երեկոներ, ունենան դաստիարակչական բնույթ, ոչ թե ողբի ու լացի երեկո։ Դրանից հետո ես ականատես էի լինում լրիվ այլ երեկոների․ երեխաների երգերը խրոխտ էին, չէին ուղեկցվում լացով։ Ես Ամանորին դիրքերում էի՝ Ջերմուկում։ Հեռուստատեսությամբ փոխանակ մեր դիրքերում ծառայող զինվորներին ցույց տային, ցույց էին տալիս «Եռաբլուր»-ը։ Ոգեղենը սպանում են, թարմացնում զոհված զինվորների ծնողների վերքերը։ Պանթեոնը երբեք չպետք է դառնա քաղաքական ամբիոն։ Դա սրբավայր է, այնտեղ զգույշ պետք է քայլես ու խոսես։
Վերջին ճակատամարտում՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք
Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր զինվորներին, սպաներին, ֆիդային ընկերներին։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր վերջնական հաղթանակին, որը երաշխիքն է լինելու մեր հարատև խաղաղության։ Այս ժամանակավոր հրադադարով ու վերջին պարտությամբ մենք չպետք է կոտրվենք, այլ վեր հառնենք, պատրաստվենք վճռորոշ ճակատամարտում հաղթանակի։ Դրանից մեկ բան է կախված լինելու՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք։ Ու ես վստահ եմ, որ մենք հետևություններ արել ենք ու հստակ պատասխան ենք տալու հակառակորդին։
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT